Log in
updated 6:27 AM MSK, Aug 3, 2022

ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի իրավասությունները հեռուստատեսության և ռադիոյի բնագավառում

Հեռուստատեսության և ռադիոյի բնագավառում Հանձնաժողովն իրականացնում է.

● Լիցենզավորման մրցույթների անցկացում: Հանձնաժողովը սահմանում է հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և պայմանները, իրականացնում է եթերային հաճախությունների հրապարակային և մրցութային հատկացումը ու ապահովում է մրցույթների արդյունքների մասին ամբողջական տեղեկատվության հրապարակումը: ● Ազատ հաճախությունների մրցույթ: Հանձնաժողովը ըստ անհրաժեշտության, բայց տարին առնվազն մեկ անգամ, հրապարակում է հաճախությունների ամբողջական ցանկը և հայտարարում ազատ (չզբաղեցված) հաճախությունների մրցույթ: Բոլոր ազատ հաճախությունների միաժամանակյա մրցույթը պարտադիր չէ: ● Առանց մրցույթի հաճախության հատկացում: Հանձնաժողովը առանց մրցույթի հատկացնում է հաճախություններ Հանրային հեռուստատեսության, Հանրային ռադիոյի և միջպետական պայմանագրերով հեռուստառադիոծրագրերի հեռարձակման համար՝ նախապես համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հետ: ● Հսկողության իրականացում: Հանձնաժողովը հսկում է օրենսդրության պահանջների և արտոնագրում նշված պայմանների կատարումը: Նշվածի համար Հանձնաժողովը սահմանում է հեռուստառադիոհաղորդումների հաշվառման մատյանի վարման կարգը, ընտրանքային սկզբունքով իրականացնում է հեռուստառադիոընկերությունների կողմից հեռարձակվող ծրագրերի ուղղակի դիտարկումներ յուրաքանչյուր հեռուստառադիոընկերության համար ամսվա ընթացքում առնվազն հինգ օր: Դիտարկման արդյունքները համադրվում են հեռուստառադիոընկերությունների կողմից ներկայացվող հաշվառման մատյանների տվյալների հետ: Հեռուստառադիոհաղորդումների հաշվառման տվյալների հիման վրա Հանձնաժողովը վերահսկում է հեռուստառադիոընկերությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրության և լիցենզիայի պայմաններին: ● Կոդավորված հաղորդումների հեռարձակում: Համապատասխան դիմումի հիման վրա Հանձնաժողովը թույլատրում է հեռուստառադիոընկերությունների կողմից կոդավորված հաղորդումների հեռարձակումը: ● Տեղեկատվության ձեռքբերում: Անհրաժեշտության դեպքում պահանջում և ստանում է հեռուստառադիոհաղորդումների տեսագրություններ և ձայնագրություններ, որոնց օգտագործման միջոցով պարզում է դրանց համապատասխանությունը գործող օրենսդրությանը: ● Լիցենզիայի գործողության կասեցումը կամ դադարեցում: Հանձնաժողովը օրենսդրության խախտման դեպքերում իր որոշմամբ կասեցնում է հեռուստառադիոընկերության տվյալ հաղորդաշարի գործունեությունը՝ մինչև նշված խախտումների վերացումը կամ դատարանի համապատասխան որոշում կայացնելը: ● Օրենսդրական նախագծերի մշակում: Հանձնաժողովը կարող է ներգրավվել հեռուստատեսության և ռադիոյի բնագավառին առնչվող օրենսդրական նախագծերի և հեռուստառադիոհաղորդումների պատրաստման տեխնիկական չափանիշների, տեխնիկական միջոցների ստանդարտների մշակմանը: ● Առանց արտոնագրման հեռուստառադիոհաղորդումների իրականացում: Օրենսդրությամբ սահմանված դեպքերում Հանձնաժողովը տալիս է գրավոր թույլտվություն՝ առանց արտոնագրման (լիցենզավորման) հեռուստառադիոհաղորդումներ իրականացնելու համար: ● Պատասխանատվության ենթարկում: Օրենքի դրույթների, Հանձնաժողովի որոշումների և բնագավառը կարգավորող այլ իրավական ակտերի, ինչպես նաև արտոնագրի (լիցենզիայի) պայմանները չկատարելու կամ խախտելու դեպքում Հանձնաժողովն այդ մասին գրավոր նախազգուշացնում է տվյալ հեռուստառադիոընկերությանը (հեռուստաընկերությանը կամ ռադիոընկերությանը), որը պարտավոր է ողջամիտ ժամկետում կատարել ներկայացվող պահանջները: Գրավոր նախազգուշացումում ներկայացվող պահանջները չկատարելու դեպքում Հանձնաժողովն իրավասու է` տվյալ հեռուստառադիոընկերության նկատմամբ կիրառել վարչական տույժ` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով կամ իր որոշմամբ կասեցնել տվյալ հեռուստառադիոընկերության կամ նրա հաղորդաշարի գործունեությունը` մինչև նշված խախտումների վերացումը կամ դատարանի կողմից համապատասխան որոշման կամ վճռի օրինական ուժի մեջ մտնելը: