Log in
updated 6:27 AM MSK, Aug 3, 2022

ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի իրավասությունները էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում

Կարգավորվող ոլորտներում կարգավորումը

հանդիսանում է պետական քաղաքականության մի մաս: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ օրենքներով սահմանված իր իրավունքների և պարտականությունների իրականացմամբ, նպատակ ունի հավասարակշռել սպառողների և էլեկտրոնային հաղորդակցության, հեռուստատեսության և ռադիոյի, փոստային կապի ոլորտներում կարգավորվող գործունեություն իրականացնող անձանց շահերը, կարգավորվող անձանց համար ստեղծել գործունեության միատեսակ պայմաններ, նպաստել մրցակցային շուկաների ձևավորմանն ու զարգացմանը և խթանել ռեսուրսների արդյունավետ օգտագործումը: էլեկտրոնային հաղորդակցության, հեռուստատեսության և ռադիոյի ու փոստային կապի բնագավառներում ծագող հարաբերությունները կարգավորվում են «Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին», «Փոստային կապի մասին», «Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքներով և այլ իրավական ակտերով: Էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում Հանձնաժողովն իրականացնում է. ● Մրցակցության ապահովում: Հանձնաժողովը հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների և ցանցերի ոլորտում ապահովում է մատուցված ծառայությունների, դրանց հարակից ենթակառուցվածքների ընտրության, գների և որակի առավել օգտավետությունը վերջնական օգտագործողների համար, բացառելով էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման և ցանցի ոլորտում մրցակցության որևէ աղավաղումը, խրախուսելով արդյունավետ ներդրումները ենթակառուցվածքներում և խթանելով նորարարությունը, ինչպես նաև խրախուսելով ռադիոհաճախականությունների տիրույթի, արբանյակային ուղեծրի հատվածների և համարային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը` ապահովելով դրանց արդյունավետ կառավարումը: ● Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի և ծառայությունների կարգավորում: Հանձնաժողովը դասակարգում է ծառայությունները և ենթակառուցվածքները, ամրագրում է չափանիշներ և ընթացակարգեր ցանցի և ծառայություններ մատուցողի լիցենզիաների, համարի և կոդերի զբաղեցման, հաճախականության օգտագործման թույլտվությունների համար դիմելու, դրանց տրամադրման, փոփոխման, կասեցման, դադարեցման համար և այլն: ●Լիցենզիաների և թույլտվությունների տրամադրում: Ներկայացված համապատասխան հայտերի հիման վրա Հանձնաժողովը տրամադրում է «Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքին համապատասխան բարդ և պարզ ընթացակարգով տրամադրվող լիցենզիաներ կամ ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություններ: ● Սահմանափակ ռեսուրսների տնօրինում: Իրավասու մարմնի հետ խորհրդակցելուց հետո Կարգավորողը սահմանում է ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրման կարգը, որում սահմանվում են ռադիոհաճախականությունների հատկացման մեթոդները և դիմողներին ներկայացվող տեխնիկական պահանջները: Հայտատուներին ռադիոհաճախականությունները հատկացվում են Կարգավորողին ԼՂՀ-ում ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովի կողմից տրամադրված ռադիոհաճախականությունների տիրույթից: ● Վճարների չափերի ներկայացում և հաշվարկի իրականացում: Ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման (թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, փոփոխման, վերաձևակերպման) և ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարների չափերը սահմանվում են յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքի առանձին հավելվածով` Կարգավորողի ներկայացմամբ: Հիմք ընդունելով սահմանված դրույքաչափերը՝ Հանձնաժողովը իրականացնում է ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման և օգտագործման վճարների հաշվարկը և իրականացնում հսկողությունը հաշվարկված վճարների նկատմամբ: ● Սիրողական ռադիոյի դաշտի կարգավորում: Իրավասու մարմնի հետ խորհրդակցելուց հետո Կարգավորողը հրապարակում է սիրողական ռադիոյի տարբեր տեսակի թույլտվությունները դասակարգող և նման թույլտվություններ ունենալու համար անհրաժեշտ որակավորման չափանիշները սահմանող կանոններ և որակավորման չափանիշներին համապատասխանությունն ստուգելու ընթացակարգեր, ինչպես նաև սիրողական ռադիոկայանների գրանցման, տեղադրման և օգտագործման կանոնները` գործառնական թույլտվությունների տրամադրման համար: ● Հաշվետվությունների ներկայացում: Հանձնաժողովը սահմանում է գործունեության որակի որոշակի չափանիշներ և հաշվետվություն ներկայացնելու պահանջներ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի օպերատորների և ծառայություն մատուցողների համար: Ներկայացված հաշվետվությունների տվյալները ամփոփվում են և հիմք են հանդիսանում Հանձնաժողովի կողմից ընդունվող որոշումներում: ● Սակագների կարգավորում: Հանձնաժողովը սահմանում է ծառայությունների մատուցման մեջ գերիշխողների կողմից մատուցվող` կարգավորման ենթակա հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների սակագները և կարգավորում դրանք: ● Փոխկապակցում: Հանձնաժողովը ընդունում է գերիշխող օպերատորների կողմից ներկայացվող փոխկապակցման օրինակելի առաջարկները, որոնք կարող են գործողության մեջ մտնել միայն Հանձնաժողովի կողմից հաստատվելուց հետո: ● Վերահսկողություն: Սեփական նախաձեռնությամբ կամ շահառու կողմերի խնդրանքով Հանձնաժողովը իրականացնում է ստուգումներ և աուդիտ` օրենսդրության և լիցենզիայի պահանջների կատարումը երաշխավորելու նպատակով: ● Տեղեկատվության ձեռքբերում: Հանձնաժողովը իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվությունը պետական մարմիններից և տնտեսավարող սուբյեկտներից ձեռք է բերում օրենքներով և ենթաօրենսդրական ակտերով սահմանված պահանջների հիման վրա: ●Պատժամիջոցների կիրառում: Օրենքի դրույթները կամ լիցենզիայի կամ թույլտվության պայմանները կամ Կարգավորողի ընդունած իրավական ակտերը (ներառյալ` կանոնները և կանոնակարգերը) խախտելու համար Հանձնաժողովը կարող է կիրառել պատժամիջոցներ, այդ թվում` տույժեր և տուգանքներ, իսկ համապատասխան դեպքերում` լիցենզիայի կամ թույլտվության փոփոխում, կասեցում կամ դատարան ներկայացնել դադարեցման դիմում: ●Վեճերի լուծում: Հանձնաժողովը կարող է միջամտել և լուծել վեճեր գերիշխող օպերատորի և ցանկացած այլ օպերատորի, ծառայություններ մատուցողի և վերջնական օգտագործողի, ինչպես նաև ծառայությունների մատուցման մեջ գերիշխողի և վերջնական օգտագործողի միջև՝ օրենքով իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում: Կարգավորողը կարող է կազմակերպել վեճերի լուծման գործընթացը գործարար շրջանառության խելամիտ և պատշաճ սովորույթներին, ինչպես նաև արդարադատության սկզբունքներին համապատասխան: Կարգավորողն իր հայեցողությամբ կազմակերպում է իր աշխատանքները` պարտականությունների իր շրջանակների համար սահմանելով առաջնահերթությունները և բաշխելով ռեսուրսները: ● Աջակցություն իրավասու մարմնին: Հանձնաժողովը կարող է աջակցել իրավասու մարմնին միջազգային կազմակերպություններում և ստանդարտներ սահմանող մարմիններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ներկայացնելու գործում: ●Դադարեցման հրահանգի արձակումը: Իրավասու մարմնի կողմից ռադիոհաճախականությունների տիրույթի առանց թույլտվության օգտագործման կամ ոչ պատշաճ օգտագործման վերաբերյալ տեղեկություններ ստանալու դեպքում՝ Հանձնաժողովը իրավասու է արձակել դադարեցման հրահանգ, կասեցնել կամ դադարեցնել թույլտվությունը և (կամ) նշանակել տույժեր: ●Ուսումնասիրություններ: Հանձնաժողովը իրավասու է անցկացնել ուսումնասիրություններ և հետազոտություններ, որի համար կարող է լիազորել իր որևէ ներկայացուցչի՝ մուտք գործելու այն շենքերը կամ շինությունները, որոնք օգտագործվում են հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման նպատակով: ● Վարչական վարույթ: Հանձնաժողովը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին համապատասխան իրավասու է նախաձեռնել վարչական վարույթ լիցենզավորված անձի նկատմամբ օրենսդրության դրույթների չկատարման համար: