Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Ի պատասխան ֆեյսբուքյան որոշ օգտատերերի բողոքների

Հանձնաժողով ներկայացված, Հանձնաժողովի պաշտոնական ֆեյսբուքյան էջում հնչեցված և թեժ գծի միջոցով բարձրացված մի շարք հարցերի լուծման ուղղությամբ կատարվում են աշխատանքներ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառում իրականացվող աշխատանքներն ուղղված են գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների բացահայտմանը, առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գների մոնիթորինգների իրականացմանը, անբարեխիղճ մրցակցության դեպքերի բացահայտմանը, հանրության կողմից ներկայացված տեղեկատվությունների վերլուծությանը:

Ամենօրյա կտրվածքով իրականացվում են դիտանցումներ Ստեփանակերտ քաղաքում գործող խոշոր առևտրային օբյեկտներում իրացվող մի շարք լայն սպառման ապրանքատեսակների իրացման գների համեմատական վերլուծություններ, ինչը հնարավորություն է ստեղծում պարզելու գների դինամիկան և վերահսկելու ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից հնարավոր խախտումները:
Ուսումնասիրության արդյունքները ներկայացվում են ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտներին՝ առաջարկելով վերանայել իրացման գները, ինչպես նաև անց են կացվում բացատրական աշխատանքներ տնտեսավարողների հետ անբարեխիղճ վարքագիծը բացառելու ուղղությամբ:
Տնտեսական մրցակցության պաշտպանությանն առնչվող հարցերի, անբարեխիղճ մրցակցության դրսևորման վերաբերյալ գրավոր հաղորդում կարող են ներկայացնել այն անձինք, ովքեր հիմնավոր ապացույցներ կտրամադրեն Հանձնաժողովին տվյալ բողոքի վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելու անհրաժեշտությամբ:

Հանձնաժողովը կեղծ և անհիմն տեղեկատվություն չի հրապարակում, և վերապահված լիազորություններով հնարավոր չէ զսպել գնաճի դինամիկան:
Հանձնաժողովը իրավասու է կիրառելու պատասխանատվության միջոցներ միայն այն տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ, որոնք դրսևորում են անբարեխիղճ մրցակցության վարքագիծ:
Հ.Գ.
Ս. թ. դեկտեմբերի 17-ին ֆեյսբուքյան օգտատերը / անունը չենք շահարկում/ գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ Հանձնաժողովի և ԱԱԾ ուշադրությունը հրավիրելու Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակով պայմանավորված, մի շարք ապրանքատեսակների, այդ թվում՝ դեղամիջոցների և այլ ապրանքների գների անհիմն բարձրացման վերաբերյալ:

Հանձնաժողովը ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառման մեկնաբանություններին մասնակցած անձանց հետ կապ է հաստատել և խնդրո հարցի վերաբերյալ կատարվելիք ուսումնասիրություններից հետո,  կտրամադրի հավելյալ տեղեկատվություն:

Հանձնաժողովը ստեղծված իրավիճակում ակնկալում է Ձեր ըմբռնումը, հորդորում խնդիրների բախվելիս զերծ մնալ ոչ կոռեկտ պահելաձևից և ուղղակի տեղեկացնել Հանձնաժողովին:

Last modified onՇաբաթ, 17 Դեկտեմբերի 2022 16:30