Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

ՀԲ. Հայաստանը կլիմայի փոփոխության ռիսկի տեսանկյունից՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի չորրորդ ամենախոցելի երկիրն է

Կլիմայի փոփոխության նկատմամբ խիստ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը և անտառներից ածխածնի կրճատմանը՝ նվազեցնելով վառելափայտի պահանջարկը և ներդնելով կենսակայուն և անտառների կառավարման՝ կլիմային հարմարեցված հմտություններ։
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փոխանցմամբ, այս աշխատանքները նախատեսվում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) անտառաբուծության ծրագրի միջոցով, որը Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից ֆինանսավորվող առաջին լայնածավալ ծրագիրն է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում:
Ծրագրի նպատակն է 2.5 տոկոսով ընդլայնել անտառային տարածքները, առնվազն 30 տոկոսով կրճատել գյուղաբնակ համայնքների վառելափայտի պահանջարկը, նպաստել կայուն և կլիմային հարմարեցված անտառկառավարմանը և ապահովել տեխնոլոգիաների փոխանցումը գյուղական համայնքներին, մասնավոր հատվածին ու պետական մարմիններին՝ անտառ-էներգիա փոխկապակցված մոտեցման համատեքստում: Կանաչ կլիմայի հիմնադրամի ութամյա ծրագիրը, որի ընդհանուր բյուջեն 18.7 միլիոն ԱՄՆ դոլար է, կխարսխվի Հայաստանի կառավարության, Ավստրիական զարգացման գործակալության, Բոլցանո ինքնավար նահանգի, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի և ՊԳԿ-ի տրամադրած ֆինանսավորման և տեխնիկական հմտությունների վրա։ 
Համաշխարհային բանկի տվյալներով, Հայաստանը կլիմայի փոփոխության ռիսկի տեսանկյունից՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի չորրորդ ամենախոցելի երկիրն է։ Երկրի ներկա կլիմայական միտումները և կանխատեսումները վկայում են, որ հետագայում օդի միջին ջերմաստիճանի բարձրացում, տեղումների և գետահոսքերի նվազում և  ձյան ծածկույթի կրճատում է սպասվում: Բնակչությունը մեծապես կախված է վառելափայտից, որի հետևանքով կլիմայի փոփոխության նկատմամբ զգայուն անտառները է՛լ ավելի մեծ սթրեսի են ենթարկվում։
Կազմակերպության փոխանցմամբ, ծրագրի թիրախային տարածքներ են ընտրվել Հայաստանի հյուսիսում՝ Լոռու մարզը և հարավում՝ Սյունիքի մարզը։ Այս երկու մարզերն ընտրվել են՝ ելնելով անտառների տեսակից, բնակչության խտությունից և աղքատության մակարդակից, նրանց՝ կլիմայի փոփոխության ազդեցության ենթարկվելու աստիճանից, ինչպես նաև կարևոր անտառային էկոհամակարգերի վրա ունեցած ազդեցությունից։ Կենսապահովման միջոցների բազմազանեցման և անտառների կառավարմանն ավելի ակտիվ մասնակցության շնորհիվ ավելի քան 377,000 մարդ (ընդհանուր բնակչության 12 տոկոսը) ծրագրի ուղղակի շահառու կդառնա:
Կանաչ կլիմայի հիմնադրամի ներդրումների արդյունքում ակնկալվում է, որ անտառ-էներգիա փոխկապակցված մոտեցման շնորհիվ 20 տարվա ընթացքում շուրջ 20 միլիոն տոննա ածխածնի երկօքսիդ մթնոլորտ չի արտանետվի։
 
Նյութի աղբյուրը՝   https://www.panorama.am/am/news/
 
Last modified onՉորեքշաբթի, 16 Օգոստոսի 2023 17:58