Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

ՀՀ տնտեսական աճի վրա ազդող արտաքին գործոնները: Էկզոգեն աճի մոդելը

ԾՈՎԻՆԱՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոն
ՍԱՍՈՒՆ ՄԻՆԱՍՅԱՆ
ՀՊՏՀ «Տնտեսության կարգավորում և միջազգային տնտեսական հարաբերություններ» ֆակուլտետ
 
Տնտեսական աճի ապահովումը
յուրաքանչյուր երկրի համար տնտեսական և քաղաքական նպատակ է: Ցանկացած երկրի տնտեսական համակարգ միշտ էլ ենթարկվում է արտաքին և ներքին գործոնների ազդեցությանը: Տնտեսական աճի վրա ազդող գործոնների, դրանց ներգործությունների մասին ունեցած պատկերացումները և գիտելիքները հնարավորություն են տալիս ստեղծելու առավել կայուն հիմքեր տնտեսական աճի բարձր տեմպերի ապահովման համար: Համաշխարհային տնտեսության զարգացմանը զուգընթաց մեծանում է մեր երկրի կախվածությունը արտաքին աշխարհից, կարևորվում է տնտեսական աճի նոր աղբյուրների բացահայտումը, ուստի հրատապ է դառնում բոլոր այն արտաքին գործոնների և ազդակների պարզումը, որոնք էականորեն ազդում են տնտեսական աճի վրա: Արտաքին գործոնների խթանմամբ և շրջանակների ընդլայնմամբ տնտեսական աճի ապահովման անհրաժեշտությունը հրատապ է դարձնում նաև դրանց ազդեցության հիմնախնդիրների ուսումնասիրությունը, որով էլ պայմանավորված է սույն հոդվածի արդիականությունը:
 
Հիմնաբառեր. տնտեսական աճ, արտաքին գործոն, տնտեսական աճի մոդել, Սոլոուի տնտեսական աճի մոդել, տնտեսական աճի խթանում, էկզոգեն աճի մոդել, համաշխարհային տնտեսություն, արտաքին առևտուր, օտարերկրյա ուղղակի ներդրումներ, ինստիտուտներ, ինստիտուցիոնալ փոփոխություններ 
 
Տնտեսական աճը և դրա վրա ազդող գործոնները մշտապես գտնվել են տնտեսագետների ուշադրության կենտրոնում, քանի որ տնտեսական աճը, վերջիվերջո, փոխկապված է տնտեսական բոլոր երևույթների հետ: Այս փոխկապվածությունը արտահայտվում է նրանով, որ վերջիններիս նպատակը, լայն իմաստով, երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ապահովումն է: Ուստի տնտեսական աճը, որպես հասարակական վերարտադրության ընդլայնման և բնակչության կենսամակարդակի բարձրացման կարևոր նախապայման, դիտարկվում է որպես յուրաքանչյուր պետության տնտեսական քաղաքականության ռազմավարական նպատակ:
Անընդհատ աճ գրանցող տնտեսությունն ի վիճակի է բավարարելու նոր ձևավորվող պահանջմունքները և լուծելու սոցիալ-տնտեսական հիմնահարցերը ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում: Իրական եկամուտների աճը ընդլայնում է մարդկանց` ապրանքներից և ծառայություններից օգտվելու հնարավորությունները, ինչպես նաև սպառման մակարդակը:
Համաշխարհային տնտեսության շարժունությունը, տնտեսական տատանումների հաճախացումը, ճգնաժամային սպասումները տարեցտարի ավելի են դժվարացնում տնտեսական քաղաքականության արդյունավետ միջոցառումների իրականացման գործընթացի բնույթը: Համաշխարհային տնտեսությունում վերափոխումները ձևակերպում են աշխարհի երկրների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման օրակարգը` պահանջելով փոփոխվող պայմաններում երկրի կարողությունների և հնարավորությունների հստակ գնահատում, ռեսուրսների նպատակային արդյունավետ օգտագործում ու արդյունքին կողմնորոշված կառավարում, արտաքին գործոնների բացահայտում և խթանում, դրանց ազդեցության գնահատում տնտեսական աճի վրա և այլն:
Թեև Հայաստանի տնտեսությունն անկախությունից ի վեր բավական փոփոխություններ է կրել, այն ներկայումս կանգնած է հիմնովին վերափոխման բարդ մարտահրավերների առջև: ՀՀ-ում իրականացված տնտեսական քաղաքականության գործադրման արդյունքում դեռևս չեն հաղթահարվել արդեն երկու տասնամյակի վերափոխումային գործընթացներին հատուկ այնպիսի մարտահրավերներ, ինչպիսիք են բնակչության ցածր կենսամակարդակը, եկամուտների բևեռացումը, ստվերային տնտեսության մեծացումը, գործազրկությունը, մենաշնորհը, կոռուպցիոն ռիսկերը, բնակչության միգրացիան և այլն: Այս խնդիրներն ավելի բարդացան 2008 թվականի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո, որի հետևանքով 2009 թ. ՀՀ տնտեսական աճը` դոլարային արտահայտությամբ, նվազեց 14.1%-ով, իսկ համաշխարհային տնտեսության աճը` 1.7%-ով:
Հայաստանի և համաշխարհային տնտեսական աճի տեմպերը 2008-2018 թթ. ներկայացված են գծապատկերում.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ճգնաժամը մեկ անգամ ևս ցույց տվեց Հայաստանի` համաշխարհային տնտեսությունից անխուսափելի կախվածությունը (գծապատկեր 2):
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Տնտեսական աճի վերաբերյալ ստեղծվել են բազմաթիվ տեսություններ, որոնց հիմնահարցը աշխարհի երկրների տնտեսական զարգացման և բնակչության եկամուտների տարբերության պատճառների բացահայտումն է։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տնտեսական աճի և դրա վրա ազդող գործոնների նկատմամբ տնտեսագետների հետաքրքրությունը մեծացավ, ինչը նպաստեց տնտեսական աճը տարբեր տեսանկյուններից քննարկող բազմազան տեսությունների ու մոդելների մշակմանը: Տնտեսական աճի տեսություններից հատուկ ուշադրություն է գրավում Սոլոուի տնտեսական աճի մոդելը, որը նորդասական աճի մոդելի վառ օրինակ է: Դա մշակել են ամերիկացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռոբերտ Սոլոուն և ավստրալիացի տնտեսագետ Թրևոր Սվենը 1956 թ. լույս տեսած «Ներդրում տնտեսական աճի տեսության մեջ» աշխատությունում: Ըստ Սոլոուի մոդելի` միակ ճանապարհը, որը կապահովի անընդմեջ աճող կենսամակարդակ կամ արագ տնտեսական աճ, տեխնոլոգիական առաջադիմությունն է: Այնուհետև Սոլոուն (1956) տվեց մոդելի երկու կարևոր ենթադրությունները.
1. Զարգացող շուկայական տնտեսություններն ընդունակ են աճելու ավելի արագ, քան զարգացած տնտեսությունները:
2. Տեխնոլոգիական առաջընթացը երկարաժամկետ տնտեսական աճի հիմնարար որոշիչն է:
Ժամանակակից տնտեսագիտության մեջ առաջադրվել են աճի բազմաթիվ մոդելներ, որոնց հիմնական ուղղվածությունը երկրում տնտեսական աճն ապահովող աղբյուրների բացահայտումն է և դրա վրա տարբեր արտաքին և ներքին գործոնների ազդեցության գնահատումը: Չնայած տնտեսական մոդելների բազմազանությանը, սույն աշխատանքի նպատակներից ելնելով, ուշադրության ենք առել նորագույն մոդելներից մեկը` աճի արտածին կամ էկզոգեն մոդելը (Exogenous Growth Model), քանի որ, կարծում ենք, այս մոդելն ավելի նպատակահարմար է մեր թեմային` արտաքին գործոնների դիտարկման տեսանկյունից, չնայած կա նաև ներծին կամ էնդոգեն մոդել (Endogenous Growth Model), որը նույնպես կարևոր ենթադրություններ է ձևավորում: Աճի այս երկու մոդելները` էկզոգեն և էնդոգեն, նորդասական ժամանակակից մոդելներ են համարվում:
Բազմաթիվ տնտեսագետներ կարծում են, թե Սոլոուի մոդելը, ըստ էության, էկզոգեն մոդել է, որում արտաքին գործոններ են տեխնոլոգիական առաջընթացը, բնակչության աճի տեմպը և խնայողության նորմը: Ամերիկացի տնտեսագետ Լանտ Պրիտչետն (2006) ասում է. «Սոլոուի մոդելը չի ենթադրել, թե տեխնոլոգիական առաջընթացը արտածին է, այն է` որոշված է մոդելից դուրս, անկախ: Ավելին, այն արեց ենթադրություններ, որոնք անհրաժեշտ էին դինամիկ հավասարակշռությամբ տնտեսության մոդել մշակելու համար, բացեց ճանապարհ, որով երկարաժամկետում տնտեսությունը կհանդարտվի: Սակայն մոդելը պետք է տեխնոլոգիական առաջընթացը դիտարկեր որպես արտաքին գործոն»: Այնուամենայնիվ, Սոլոուի մոդելի արտածին լինելու տեսակետը դեռևս վիճելի է: Բեն Բերնանկին (2002) կարծում է, թե, Սոլոուի մոդելի տեսանկյունից, տնտեսական աճը էկզոգեն չէ:
Տնտեսական աճի մոդելները տարբերվում են ինչպես իրենց գնահատականներով, ենթադրություններով և առաջարկություններով, այնպես էլ նրանով, թե ինչպես են դասակարգում տնտեսական աճի գործոնները: Գծապատկեր 2-ում ներկայացված է տնտեսական աճի վրա ազդող գործոնների ամփոփ դասակարգումը, սակայն սույն աշխատության շրջանակներում շեշտը հիմնականում դրվել է արտաքին գործոնների վրա:
Տնտեսական աճը կրում է ոչ միայն տնտեսական, այլ նաև ոչ տնտեսական բնույթի գործոնների ներգործությունը: Հարկ է նշել, որ այս երկու խումբ գործոնները տնտեսական աճի վրա կարող են ունենալ և՛ դրական, և՛ բացասական ազդեցություն: Ելնելով սույն հոդվածի նպատակներից` առավել ուշադրության ենք առել արտաքին գործոնները, որոնցից կարելի է առանձնացնել արտաքին առևտուրը, օտարերկրյա ներդրումները, այդ թվում` օտարերկրյա ուղղակի ներդրումները (ՕՈՒՆ), աշխատուժի միջազգային միգրացիան, ազգային արժույթի փոխարժեքը, ինտեգրման գործընթացները, արտերկրից ստացվող դրամական փոխանցումները (տրանսֆերտները), փոխատվական կապիտալի հոսքերը և այլն:
Տնտեսական աճի էկզոգեն մոդելը, ըստ էության, արտաքին գործոններից բխող տնտեսական աճի մոդել է: Էկզոգեն մոդելին անդրադարձել են բազմաթիվ տնտեսագետներ, սակայն միշտ չէ, որ նրանք նախապատվություն են տվել մոդելին: Տնտեսագետներ Քինգը և Ռոբսոնը (1992) պնդում են, որ էկզոգեն աճի մոդելը չի տալիս որևէ վերլուծական գործիք, որով կառավարության քաղաքականությունը կազդի տնտեսական աճի վրա: Նրանք նշում են, որ «առանց տնտեսական աճի մոդելի, կառավարության քաղաքականությունը, լավագույն դեպքում, կմոլորվի, իսկ վատագույն դեպքում` կլինի անարդյունավետ»: Ռոմերի (1989) կարծիքով` «արտածին տեխնոլոգիական փոփոխություններով մոդելի դեպքում երբեք էլ նշանակություն չի ունեցել` ինչ է արել կառավարությունը»: Մենք նույնպես համամիտ ենք Ռոմերի կարծիքին, քանի որ տեխնոլոգիական առաջընթացը եթե, ըստ մոդելի, արտաքին գործոն է, ապա այն չի կարող կրել կառավարության քաղաքականության ազդեցությունը:
Էկզոգեն մոդելի մասին խոսել են բազմաթիվ աճի տեսաբաններ, և դեռևս 1960-ական թվականներից կատարվել են վերլուծություններ, բացահայտվել են նորանոր արտաքին գործոններ, տնտեսաչափական մոդելների օգնությամբ գնահատվել է այդ գործոնների ազդեցությունը իրական ՀՆԱ աճի կամ տնտեսական աճի վրա:
Ամենաթարմ վերլուծությունը, որ կատարվել է էկզոգեն մոդելի արդիականությունը ստուգելու նպատակով, իրականացվել է 2016 թվականին Ի. Շապիրովի կողմից: Նա որոշել և վերլուծել է այն գործոնները, որոնք ազդել են ԵՄ Արևելյան գործընկերության (EU’s Eastern Partnership) երկրների տնտեսական աճերի, ավելի որոշակի` մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ աճի վրա` դիտարկվող ժամանակահատվածն ընդունելով 2000-2015 թվականները: Հայաստանի Հանրապետությունը, իհարկե, ԵՄ Արևելյան գործընկերության երկրների շարքում է, և, հետևաբար, այս ինտեգրմամբ պայմանավորված, տնտեսական աճի ապահովման տեսանկյունից կարևորվում է արտաքին գործոնների ազդեցության գնահատումը: Վերոնշյալ վերլուծության մեջ հեղինակը ներկայացրել է արտաքին և ներքին գործոնների իր դասակարգումը, ըստ որի տնտեսական աճի արտածին մոդելի արտաքին գործոններ են երկրի աշխարհագրական դիրքը, ինստիտուտները, ժողովրդագրական միտումները, սոցիալ-մշակութային և քաղաքական գործոնները, առևտրի բացությունը (արտահանումը), ՕՈՒՆ-ի ներհոսքը և այլն: Այդ գործոնների` տնտեսական աճի կամ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ աճի հետ կոռելյացիայի արդյունքները վերոնշյալ երկրներում (այդ թվում` ՀՀ-ում) արտացոլված են աղյուսակում.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ըստ աղյուսակ 1-ի արդյունքների` հեղինակը նկատեց էական և ուժեղ հարաբերակցություն կամ կոռելյացիա գրեթե բոլոր փոփոխականների հետ` բացառությամբ տնտեսական քաղաքականության և մակրոտնտեսական միջավայրի փոփոխականների (գնաճ): Մեզ հետաքրքրող արտաքին գործոնները, այս դեպքում` օտարերկրյա ուղղակի ներդրումները և արտահանումը, ցույց են տվել հետևյալ արդյունքները. ՕՈՒՆ-ի ներհոսքը ՀՀ տնտեսական աճի հետ ունի դրական, սակայն թույլ կոռելյացիա (0,184), իսկ արտահանումը` թույլ բացասական կոռելյացիա (-0,423): Օրինակ` համեմատության  համար նշենք, որ Վրաստանում ՕՈՒՆ-տնտեսական աճ կոռելյացիան 0,030 է, սակայն արտահանման դեպքում բավականին ուժեղ է (0,802)` համեմատած Հայաստանի հետ:
Սույն աշխատանքի նպատակներից ելնելով` կարևորել ենք նաև ինստիտուցիոնալ ոլորտի արդյունքները Հայաստանի համար: Շապիրովը որպես ինստիտուցիոնալ գործոններ է դիտարկել կառավարության արդյունավետությունը, օրենքի գերակայությունը և կոռուպցիայի վերահսկումը: 
Նշվածներից կառավարության արդյունավետությունն ու կոռուպցիայի վերահսկումը ՀՀ-ում ցույց են տվել միջին դրական կոռելյացիա տնտեսական աճի հետ, սակայն այստեղից երևում է, որ Հայաստանը դեռևս կարիք ունի ինստիտուցիոնալ բարեփոխումների` ի տարբերություն հարևան երկրների` Ադրբեջանի և Վրաստանի, որոնք ունեն ուժեղ դրական կոռելյացիա, օրինակ` կառավարության արդյունավետության և տնտեսական աճի միջև:
Դատելով Վրաստանի ինստիտուցիոնալ գործոնների ցույց տված արդյունքներից` կարելի է փաստել վերջինիս ինստիտուտների արդյունավետության բարձր մակարդակը:
Մեր կարծիքով` թեև ինստիտուցիոնալ գործոնները, որպես ոչ տնտեսական գործոն, ուղղակիորեն չեն ներառվում արտաքին գործոնների դասակարգման մեջ, այնուամենայնիվ, կարևորելով յուրաքանչյուր արտաքին գործոնի դերը երկարաժամկետ տնտեսական աճի ապահովման գործում, համարում ենք, որ ինստիտուտներն ուղղակիորեն կապված են բոլոր արտաքին գործոնների հետ, քանի որ, ի վերջո, արտաքին գործոնները ածանցվում են բարենպաստ ինստիտուցիոնալ միջավայրից: Ուստի առաջարկում ենք ինստիտուտները դիտարկել որպես տնտեսական աճը պայմանավորող անկախ գործոն: Ըստ այդմ` բարենպաստ ինստիտուցիոնալ փոփոխությունների միջոցով կարելի է խթանել ՀՀ տնտեսական աճը և դրա վրա ազդող արտաքին գործոնները:
Այսպիսով` տնտեսական աճի էկզոգեն մոդելի գնահատմամբ կարելի է արձանագրել Հայաստանի համար արտաքին գործոնների խթանման անհրաժեշտության հանգամանքը: Չնայած, ըստ մոդելի գնահատման արդյունքների, որոշ ներքին գործոններ ցույց են տվել ուժեղ կոռելյացիաներ ՀՀ տնտեսական աճի հետ, այնուամենայնիվ, պետք է փաստել, որ տնտեսական աճի խթանման ապահովման համար անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել արտաքին գործոններին: