Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Բլոկչեյն տեխնոլոգիայի կիրառությունը ֆինանսական համակարգերում

ԳՈՌ ՉԱՏԻՆՅԱՆ
ՄՀԵՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետ
 
 
Տեխնոլոգիական փոփոխությունները
կանխորոշում են անհատների և հասարակությունների կենսակերպը հաջորդող տասնամյակների կամ երբեմն դարերի համար: Այդպիսի տեխնոլոգիաներից է բլոկչեյնը: Հոդվածում քննարկվում են ֆինանսական համակարգերում բլոկչեյնի կիրառություններին ու աճող դերին վերաբերող հարցեր: Մասնավորապես` անդրադարձ է կատարվում բանկային համակարգի վրա այդ տեխնոլոգիայի ազդեցությամբ հնարավոր վերափոխումներին: Այդ համատեքստում դիտարկվում են նաև Հայաստանի ֆինանսական համակարգի հնարավորությունները և մարտահրավերները բլոկչեյն տեխնոլոգիայի հետագա զարգացմամբ:
 
Հիմնաբառեր. տեխնոլոգիական փոփոխություն, բլոկչեյն, բիթքոին, նոդ, մայնինգ, տարածված գրանցամատյան, ֆինանսական համակարգ, բանկային համակարգ 
Համաշխարհային ֆինանսական համակարգում օրական կատարվում են տրիլիոնավոր ԱՄՆ դոլարների հասնող համախառն շրջանառությամբ գործարքներ միլիարդավոր մարդկանց միջև: Այդ գործարքները, բացառությամբ կանխիկ գումարով կատարվողների, տեղի են ունենում կենտրոնացված ֆինանսական հաստատությունների` բանկերի (կենտրոնական, առևտրային, ներդրումային և այլ), պետական մարմինների և մի շարք մասնագիտացած մասնակիցների անմիջական ներգրավվածությամբ: Նշված հաստատությունները հանդես են գալիս որպես վստահելի միջնորդներ գործարքների կողմերի միջև: Նրանց առաքելությունն է ապահովել գործարքների օրինականությունը, համոզվել խաբեությունների բացակայության մեջ և, ընդհանրապես, ապահովել գործարքների կնքման ոչ կանխիկ ձևերի նկատմամբ վստահելիության պատշաճ մակարդակ: Գործնականում որոշ չափի խաբեությունները և անօրինական գործարքները դառնում են վիճակագրորեն ընդունելի, իսկ 2008-ի տնտեսական ճգնաժամի ժամանակ պարզ դարձավ, որ ֆինանսական շուկայի միջնորդները երբեմն կարող են անպատասխանատու կերպով առաջացնել տնտեսական ճգնաժամեր և դրանցից որոշ ժամանակ անց նույնկերպ շարունակել իրենց գործունեությունը գրեթե անփոփոխ մնացած կարգավորումների դաշտում: Ճգնաժամերի մեծ մասի պատճառը, ըստ որոշ դիտարկումների, հանգում է լճացման շրջանում շահութաբերություն որոնելուն: Մեկ այլ կարևոր հանգամանք է այն, որ միջնորդավորված գործարքներում վճարումներն անվերադարձելի չեն, ինչի պատճառով գործարք կնքողների կողմից միմյանց մասին մեծածավալ տեղեկատվության տրամադրման օբյեկտիվ պահանջ է առաջանում: Դա էլ, իր հերթին, զսպող հանգամանք է դառնում այն անձանց համար, որոնք չեն ցանկանում անկանխիկ գործարքներ կատարելիս իրենց անձնական տվյալները տրամադրել մի շարք պետական և մասնավոր հաստատությունների:
Միջնորդ հաստատությունների մեկ այլ կարևոր առաքելություն է ոչ կանխիկ գործարքներում կրկնակի ծախսումները կանխելը։ Բանն այն է, որ տեսականորեն բոլոր վճարահաշվարկային համակարգերի միջոցով (Visa, MasterCard, PayPal և այլն) հնարավոր է ծախսել միևնույն գումարը մի քանի գործարքում. դա այն ժամանակ, երբ այդ գործարքն անցնում է հաստատման փուլ: Այս խնդիրը լուծվում է, երբ կա վստահելի միջնորդ:
Բլոկչեյն (անգլ.` block chain, հայերեն` բլոկ-շղթա) տեխնոլոգիայի միջոցով կարելի է լուծել մի շարք խնդիրներ` ինչպես վերը նշված, այնպես էլ հաջորդիվ քննարկվող:
Բլոկչեյնի մասին առաջին անգամ խոսվել է 2008 թ. Սատոշի Նակամոտո անունով հանդես եկող անձի (անձանց) հրապարակած աշխատանքում:
Բլոկչեյնի կիրառմամբ աշխատող Bitcoin-ը (ներկայումս տարածված վճարահաշվարկային համակարգ է) նա նկարագրում է որպես «գործարք կնքող երկու կողմերի միջև անկանխիկ դրամաշրջանառության ապահովման միջոց` առանց ֆինանսական միջնորդ հաստատությունների ներգրավման»:
Ավելի ընդհանրական` բլոկչեյնը կամ տարածված գրանցամատյանի (distributed ledger) տեխնոլոգիան արձանագրություն է, որի միջոցով հնարավոր է դառնում տեղեկատվության փոխանակումն ուղղակիորեն` առանց միջնորդների գործակցող երկու կողմերի միջև: Համակարգի բոլոր մասնակիցներն անանուն կերպով են մասնակցում գործարքներին, և յուրաքանչյուր գործարք ավելացվում է անընդհատ թարմացվող և բոլոր նոդերին տարածվող գործարքների շղթային: Այսպիսով` ակնկալվում է, որ բլոկչեյնի ի հայտ գալով և դրա ներուժի բացահայտմամբ խիստ փոփոխվելու են մի շարք բնագավառներ, այդ թվում` բիզնես մոդելներ, վճարահաշվարկային համակարգեր, ֆինանսական շուկայի մասնագիտացված մասնակիցների (նաև բանկերի) գործառույթներ, հաշվապահության, աուդիտի իրականացման գործընթացներ և այլ տնտեսական ու ոչ տնտեսական բնագավառներ: Հետևաբար` հարցն այն չէ` արդյո՞ք բլոկչեյնի ներուժը կկիրառվի, այլ այն, թե երբ և որ ոլորտներում հատկապես:
Բլոկչեյնի առաջին կիրառությունը տեղի է ունեցել բիթքոինի (bitcoin) ստեղծմամբ: Բիթքոինը կրիպտոարժույթ է, էլեկտրոնային փողերի ձև: Առաջին հերթին կարևոր է հասկանալ, թե ինչ սուբյեկտներ են մասնակցում բլոկչեյնի կիրառությունում, մասնավորապես` բիթքոինի դեպքում: Գործարք կատարելու համար պետք է օգտագործել ուղարկող կողմի հանրային (public) և անձնական (private) բանալիները, իսկ ստացողի դեպքում միայն հանրային բանալին: Արդեն քննարկված կրկնակի ծախսման խնդիրը լուծվում է նոդերի օգնությամբ: Ըստ էության, կրկնակի ծախսումը կանխվում է կենտրոնացված մարմնի կողմից, քանի որ վերջինս ունի բոլոր գործարքների և հաշիվների շարժերի գրանցամատյան: Այդ միջնորդներին այս համակարգում փոխարինում են բոլոր ցանկացողները (նոդերը), որոնք պատրաստ են պահպանել և տարածել գործառնությունների անընդհատ թարմացվող գրանցամատյանը կամ դրա մի մասը: Գործնականում բիթքոինի յուրաքանչյուր իրազեկված տնօրինող պահում է բլոկչեյնի շղթայի բոլոր գործարքները` իր շահերը հարկ եղած դեպքում պաշտպանելու համար:
Գոյություն ունի նոդերի ապակենտրոնացված համակարգ, որտեղ որոշ նոդեր, պահելով ամբողջ բլոկչեյնը (բլոկ-շղթան), կատարում են մի գործառույթ, որը ստացել է մայնինգ (mining) անվանումը: Նոդերը պահում են լիարժեք ցուցակը կամ ամբողջ բլոկչեյնը, որպեսզի տարածեն և օգտագործեն` պարզելու համար հնարավոր խարդախությունները, ստուգելով մայներների տրամադրած տեղեկատվությունը: Մայներները, իրենց հերթին, կա՛մ պահելով ամբողջ բլոկչեյնը, կա՛մ էլ ունենալով վստահված նոդ, զբաղվում են նոր կատարված գործարքների հաստատմամբ: Այդ գործընթացը պահանջում է հաշվողական մեծ հզորություն և էլեկտրաէներգիա, քանի որ խոսքը վերաբերում է մաթեմատիկական ծածկագրման սկզբունքով ստացված տեղեկատվությունը ստանդարտ, վերջնական տեսքի բերելուն, «հաշ»-ը (hash) գեներացնելուն: Մայներների կատարած աշխատանքը փոխհատուցվում է միջնորդավճարներով: «Հաշ»-ի միջոցով նոր գործարքը կապվում է բոլոր նախորդ գործարքների հետ, հետևաբար` բացառում խաբեությունները:
Բացի նրանից, որ «հաշավորումը» կեղծիքներից խուսափելու միջոց է, գործընթացի ռեսուրսատար լինելը նաև հնարավորինս նվազեցնում է այն բանի հավանականությունը, որ մի քանի հզոր մայներներ կարող են զբաղվել նշանակալի թվով գործարքների հաստատումով` ներազդելով ամբողջ համակարգի վրա: Դեռևս 2014 թ. հաշվարկվել էր, որ կեղծ բլոկ ստեղծելու համար անհրաժեշտ է այդ ժամանակվա ամենահզոր գերհամակարգչի` չինական Tianhe-2-ի հզորության շուրջ 51500-ապատիկ հաշվողական հզորությունը: Գծապատկեր 1-ում ներկայացված է յուրաքանչյուր օրում ստեղծված բլոկի կախվածությունը նախորդից և բոլորի կախվածությունը սկզբնական բլոկից: 
 
 
 
 
 
 
 
 
 
«Nonce»-ը և յուրաքանչյուր այլ տեղեկատվություն փոփոխելու դեպքում կփոխվի «հաշ»-ը, և պարզ կդառնա, որ կատարվել է փոփոխություն: TX1,TX2…TXn-ը վերաբերում են n-րդ գործարքին: «Ժամանակի նշումը» (timestamp) առնչվում է ժամանակին, քանզի բլոկչեյնը լրացվում է ժամանակագրության սկզբունքով: Ի հավելումն դրա, բլոկչեյնի` տեսականորեն հնարավոր միակ սողանցքը համարվում է 50% և ավելի նոդերի կազմակերպված աշխատանքը համակարգի դեմ: Այդ առումով, Սատոշի Նակամոտոն նշում է. «Համակարգը ապահով է այնքան ժամանակ, քանի դեռ ազնիվ նոդերը միասնաբար կառավարում են ավելի շատ հաշվողական հզորություն, քան միմյանց հետ աշխատող նոդերի խումբը»:
Բիթքոինի մայնինգի 6 քայլերը, որոնք նշված են Ս․Նակամոտոյի աշխատանքում, ուրվագծում են համակարգի անխափան աշխատանքի սկզբունքները․
- նոր գործարքները տարածվում են բոլոր նոդերի վրա,
- յուրաքանչյուր նոդ նոր գործարքները հավաքում է բլոկի մեջ,
- յուրաքանչյուր նոդ ջանում է խրթին աշխատանքի (մայնինգի) հաստատում փնտրել իր բլոկի համար,
- երբ նոդը գտնում է աշխատանքի (մայնինգի) հաստատումը, դա տարածում է բլոկի բոլոր այլ նոդերի վրա,
- նոդն ընդունում է բլոկը միայն այն դեպքում, երբ բոլոր գործարքները վավեր են և դեռ ծախսված չեն,
- նոդերն արտահայտում են իրենց համաձայնությունը բլոկի վերաբերյալ` աշխատելով հաջորդ բլոկի վրա, օգտագործելով վավեր բլոկի «հաշը» որպես նախորդող «հաշ»:
Հատկանշական է, որ այն մայներները, որոնք աշխատել են ինչ-որ մի բլոկի ստեղծման ուղղությամբ, սակայն չեն հասցրել գտնել համապատասխան «հաշ»-ը, դրա դիմաց պարգևավճար չեն ստանա: Այդ իսկ պատճառով բիթքոինի մայնինգը ստացել է «մրցակցային հաշվապահություն» անունը:
Օրինակ` բիթքոինի շրջանառության վերջին 1 տարում կատարված մայնինգից եկամուտները կազմել են շուրջ 2.3 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ էլեկտրաէներգիայի օրական սպառումը միջինում` 128,521 Մգ/ժ: Այդ ցուցանիշը մոտ է Իրաքի էլեկտրաէներգիայի սպառմանը, իսկ աշխարհի մասշտաբով սպառում է արտադրված էլեկտրաէներգիայի 0,21%-ը:
Քրոսբին և այլք առանձնացնում են բլոկչեյնի ֆինանսական և ոչ ֆինանսական կիրառությունները, որոնցից ֆինանսականները ներկայացված են աղյուսակ 1-ում.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Վերոնշյալների հիմքում կարելի է առանձնացնել երեք հիմնական կիրառություններ` կրիպտոարժույթներ, սմարթ գործարքներ և նախնական մետաղադրամի առաջարկներ:
Կրիպտոարժույթների ի հայտ գալը բլոկչեյն տեխնոլոգիայի առաջացման հիմքը դարձավ: Անշուշտ, պետք չէ նույնացնել բլոկչեյնը և կրիպտոարժույթները, քանի որ բլոկչեյնը շատ ավելի լայն կիրառության  հնարավորություն ունի, բայց և պետք է ընդունել, որ հենց դրանց միջոցով հետաքրքրություն առաջացավ բլոկչեյնի նկատմամբ: Առաջին և ամենահայտնի կրիպտոարժույթը, ինչպես արդեն նշվեց, բիթքոինն է: Գոյություն ունեն մի շարք այլ կրիպտոարժույթներ, որոնք հայտնի են ալտքոին անվանումով: Դրանցից ենԷքս-ԱՌ-Փին, Իթերիումը, Ռիպպլը, Լայթքոինը և Ստելարը: Ալտքոինները թեև ունեն որոշակի տարբերություններ, սակայն օգտագործում են նույն գաղափարը և սկզբնական կոդը, ինչ բիթքոինի դեպքում է, հասանելի են համացանցում:
Հատկանշական է, որ այս արժույթները կառուցված են փոխադարձ վստահության հիման վրա: Այսինքն` եթե մի օր բոլոր օգտատերերը կամ նրանց զգալի մասը որոշեն ձերբազատվել բիթքոինից (կամ այլտքոիններից), ապա չի լինի որևէ երրորդ կողմ, որը ապահովի դրանց փոխարկելիությունը և արժեքը: Այդ երրորդ կողմի դերը, սովորաբար, ստանձնում է արժույթը թողարկող երկրի կենտրոնական բանկը, որից ազատվելու համար էլ ստեղծվել էին կրիպտոարժույթները: Չնայած այսպիսի ռիսկերին` բիթքոինի նկատմամբ պահանջարկը շարունակում է պահպանվել:
Խոշորագույն ֆոնդային բորսաներից մեկը` NASDAQ-ը, հայտարարել էր, որ 2018-ից կիրականացնի բիթքոինի ֆյուչերսային պայմանագրերի կնքում11, որը հնարավորություն կտա բիթքոինի փոխարժեքի կանխատեսումով «խաղադրույքներ» կատարելու: Փաստորեն, չունենալով որևէ բիթքոին, հնարավորություն է ստեղծվում` օգտվելու դրա գնային տատանումներից:
Որոշ մասնագետների կարծիքով նմանատիպ գործիքների առկայությունն էր հենց առաջացրել 2008-ի ճգնաժամը, և շատերը կարծում են, որ բիթքոինի` որպես ֆինանսական գործիքի ուժեղացումը հղի է ֆինանսական աշխարհը ցնցելու ռիսկերով: Իհարկե, կարելի է վիճարկել բիթքոինի ռիսկայնությունը, բայց այն, որ բիթքոինի արժեքը զգալի տատանումներ է ունենում և կարճաժամկետ ու երկարաժամկետ հատվածներում վստահություն չի ներշնչում, անկասկած է (գծապատկեր 2):
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Կրիպտոարժույթներից բացի, բլոկչեյնի մեկ այլ շատ կարևոր կիրառություն են սմարթ գործարքները: Սմարթ գործարքը համաձայնագիր է երկու կողմի միջև` բլոկչեյնում պահվող: Դա հնարավորություն է տալիս փոխանակելու ակտիվներ` առանց երրորդ կողմի իմացության: Այս ընդհանուր կիրառությամբ հնարավոր է դառնում հեղափոխել իրավական ողջ համակարգը` ազատվելով կենտրոնացված նոտարներից և, ըստ էության, «նոտար դարձնել» ողջ հանրությանը: Սմարթ գործարքների միջոցով կարող են շրջանառվել ֆյուչերսային, ֆորվարդային համաձայնագրեր, արժեթղթեր, պարտատոմսեր և բոլոր այն ֆինանսական գործիքները, որոնք պահանջում են վստահելի միջնորդ` գործարքներն օրինական և լեգիտիմ դարձնելու համար:
Վերոնշյալ սկզբունքով արդեն աշխատում են մի շարք կազմակերպություններ արժեթղթերի շուկայում` NASDAQ private equity, Medici, Blockstream, Coinsetter, ապահովագրության ոլորտում` Everledger, նոտարականում` Stampery, Viacoin, Ascribe և այլն:
Ուշագրավ կիրառություն է նաև նախնական հրապարակային առաջարկին (IPO) փոխարինող նախնական մետաղադրամի առաջարկը (ICO): Երբ ինչ-որ մի կազմակերպություն մի նոր ապրանք կամ ծառայություն է ստեղծում, ICO-ի օգնությամբ կարողանում է ձեռք բերել առաջնային ներդրողներ: Ներդրումների դիմաց տվյալ կազմակերպությունը ներդրողներին է տրամադրում «տոկեններ»: Տոկենները կրիպտոգրաֆիկ պաշտպանություն ունեցող թվային ակտիվներ են: Կախված ձեռնարկության գործունեության   հաջողությունից` տոկենները փոխարկվում են կրիպտոարժույթների` առաջարկ-պահանջարկի միջոցով որոշված շուկայական գնով: Նախնական մետաղադրամի առաջարկների տարածմամբ ՀՀ-ում հնարավոր կլինի ֆինանսավորել հայկական ստարտափները համաշխարհային կապիտալով, ինչը, իր հերթին, կմեղմի ՀՀ-ում գործող վենչուրային կապիտալի պակասի խնդիրը և կդառնա տնտեսական աճի կարևոր ռեսուրս։
Բլոկչեյնի զարգացման փուլերը հաճախ նմանեցվում են համացանցի զարգացման փուլերին: Մասնավորապես` ընդունված է, որ բլոկչեյնն անցնում է երեք փուլով և հինգ ենթափուլով`
1. Նախնական մշակման փուլ.
1.1. տեխնոլոգիայի հետազոտում ու հայտնաբերում,
1.2. տեխնոլոգիայի նախատիպերի մշակում:
2. Ստանդարտացման փուլ.
2.1. բիզնեսի նախատիպի մշակում,
2.2. բիզնես նորամուծության առաջարկ, տեխնոլոգիական ստանդարտացում:
3. Արժեքի ստեղծման փուլ.
1.1. բիզնես արժեքի առաջացում:
Փաստորեն, բլոկչեյնը 2016 թ. 2.1 ենթափուլում էր, իսկ արդեն այսօր, կարելի է ասել, որոշ կիրառություններում (օրինակ` կրիպտոարժույթներում) անցել է բոլոր փուլերը, սակայն, ընդհանուր առմամբ, դեռևս գտնվում է վերը նշված ենթափուլում: Դա կարելի է հիմնավորել նրանով, որ առ այսօր բլոկչեյնի կիրառությունների մեծ մասը գտնվում է նախատիպային մշակման փուլում: Այս հանգամանքը կարելի է հիմնավորել նրանով, որ առկա է զգալի հակազդեցություն առանց միջնորդների համակարգերի ներդրման հարցում:
Որոշ դեպքերում բլոկչեյնի ֆինանսավորմամբ պետք է զբաղվեն այն ինստիտուտները (օրինակ`   կառավարությունները, բանկերը և այլն), որոնց գոյության նախկին կացութաձևերը հարցականի տակ են հենց այս տեխնոլոգիայի կիրառման հեռանկարի առումով: Այնուհանդերձ, բլոկչեյնի հետազոտմամբ, նոր կիրառությունների որոնմամբ զբաղվող կազմակերպությունները կարող են միլիարդավոր դոլարների կապիտալ ձեռք բերել շատ կարճ ժամանակում, ինչպես համացանցի առաջացման շրջանում էր, եթե, իհարկե, բլոկչեյնի կիրառումը հանգեցնի երկարաժամկետ դրական` բիզնես արժեքի ստեղծմանը:
Այս տեսանկյունից կարևոր է հասկանալ, թե որ ոլորտների վրա որքան ազդեցություն կունենա այս տեխնոլոգիան: Deloitte-ը որպես 2 առանցքային ազդեցությունների չափորոշիչ է սահմանել ազդեցությունը ծախսերի ու եկամուտների, տրանսֆորմատիվ ազդեցությունը` յուրաքանչյուր ոլորտի վրա:
Այս համատեքստում տրանսֆորմատիվ ասելով նկատի ունենք այն, թե ինչպես է բիզնեսը կառավարվելու կամ տվյալ հաստատությունում (կորպորատիվ) ռազմավարությունն ինչպես է փոխվելու. գործնականում խոսքը վերաբերում է կորպորատիվ մշակույթի և բիզնես ռազմավարությունների մշակման և իրականացման մոտեցումների փոփոխությանը: 
Այսպիսով` բլոկչեյն տեխնոլոգիայի ազդեցությունը, ըստ երկու չափորոշիչների, ամենամեծն է լինելու ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպությունների, ինչպես նաև լոգիստիկայի, ապահովագրության, առողջապահության և հանրային կառավարման ոլորտների վրա:
Հարկ է նշել, որ ֆինանսական ոլորտի կազմակերպությունների համար գումարների «նստեցման» կարգավորումը բլոկչեյնով նշանակալի խնայողություն կլինի և՛ ծախսերի, և՛ ժամանակի առումներով: Ներկայում դա աշխատատար գործընթաց է բանկերի համար` հաճախ 3 օր պահանջող: Բլոկչեյնի գործող համակարգերով այդ գործընթացը կարող է 10 րոպե տևել, իսկ արդեն փորձարկվող, կատարելագործված համակարգերով` գրեթե ակնթարթային: Այստեղից էլ ակնհայտ է վերլուծությամբ ստացված գնահատականի երկրորդ մասը, ըստ որի ֆինանսական հաստատություններում փոխակերպման ազդեցությունը զգալի կլինի: Իհարկե, որոշ հաստիքներ կփոփոխվեն, որոշները առհասարակ կկրճատվեն, սակայն, միաժամանակ, կտնտեսվեն հսկայական միջոցներ, գործարքների կնքման և փողի տեղաշարժի արդյունքում վերջինս մեկուսացված չի լինի հաշիվներից օրերով այլ հաշիվներ անցնելու ժամանակ. կներդրվի տնտեսության մեջ ակնթարթորեն` ապահովելով շոշափելի տնտեսական և փողի բազմապատկիչ էֆեկտ:
Ի հավելումն դրա, հանրային ֆինանսների կարգավորման, հաշվետվության և կառավարման  տեսանկյունից, բլոկչեյնի կիրառությունը գրեթե անսահմանափակ է: Ըստ էության, բյուջեի կատարման գործընթացի չորս հիմնական փուլերից երկուսում (բյուջեի կատարման և կատարման  հաշվետվությունների կազմման)  բլոկչեյնը կարող է ամբողջությամբ փոխարինել գործող համակարգին: Մնացած երկու` կազմման և կատարման արդյունքների գնահատման փուլերում կարող է որպես վստահելի տեղեկատվական ռեսուրս ծառայել ֆինանսական հոսքերի մանրակրկիտ մշտադիտարկման տեսանկյունից:
Բլոկչեյնի կիրառման մեկ այլ հեռանկար քննարկվել է Սթիվ Հաքլի և Մարտին Ուայթի կողմից: Այս հեռանկարի հիմնական գաղափարն այն է, որ բլոկչեյնի հիմնական կիրառությունները դիտվում են ոչ թե որպես ազատական շուկայի կարգավորման գործիքներ, այլ որպես սոցիալիզմի համակարգում կիրառելի` հասարակական սեփականության և աշխատանքի արդյունքի կառավարման գործիք: Ապակենտրոնացված արժույթի շրջանառությունը, պայմանագրերի վավերացումը այստեղ դիտարկվում են որպես ոչ աստիճանակարգային կառավարմանն անցման նախադրյալ: Ինչպես Կ. Մարքսն էր կարծում, թե սոցիալիզմը գործող կապիտալիզմի բնական աճն է , այնպես էլ հնարավոր է համարվում օգտագործել բլոկչեյնը ապակենտրոնացված տնտեսություն կազմակերպելու և անարխիզմի կամ ուտոպիական սոցիալիզմի գաղափարներն իրականացնելու համար: Այդպես, օրինակ, առաջարկվում է բլոկչեյնի միջոցով գործող կրիպտոարժույթների ներդրմամբ փոխել կապիտալիզմի խիստ դրամական հասարակարգի արժեքային համակարգը: Կ. Մարքսն առաջարկում էր ազատվել փողից և արժեչափի գործառույթը վերագրել աշխատանքային սերտիֆիկատներին (վկայականներին):
Համաձայն այդ վկայականների` պարզ կդառնար, թե ով ինչքան ժամանակ է ծախսել արտադրությունում: Ապրանքներ գնելիս յուրաքանչյուր ապրանքի արժեքը կորոշվեր ըստ արտադրությունում դրա վրա ծախսված ժամերի: Այս կարևոր հարցում էլ հենց կարող է օգտագործվել բլոկչեյնի ներուժը: Այսպես` եթե կիրառենք Կ․Մարքսի մեթոդով արժեքի որոշման սկզբունքը` ծախսված ժամանակի փոխարեն օգտագործելով ծախսված էլեկտրաէներգիայի չափը որպես արժեքի չափման միջոց, ապա կարող ենք նաև, օրինակ, բիթքոինի արժեքը կապել դրա վրա ծախսված էլեկտրաէներգիայի հետ: Արդեն ունենալով այդ ցուցանիշը` կարող ենք, օրինակ, հաշվարկել էլեկտրական մեքենայի լիցքավորման գումարն ըստ բիթքոինների: Փաստորեն, բիթքոին ստանալու վրա ծախսված էլեկտրաէներգիան կարող է կիրառվել որպես արժեչափման միջոց սոցիալիստական հասարակարգերում և, առհասարակ, յուրաքանչյուր ոչ դրամական տնտեսությունում:
Մեկ այլ զարգացման հեռանկար, որը շատերի կարծիքով արդեն փաստ է, վերաբերում է անօրինական դրամաշրջանառության կազմակերպմանը` թմրանյութերի ու զենքի առք ու վաճառքին, թրաֆիքինգի դրամաշրջանառությանը: Բանն այն է, որ բլոկչեյնի նման տեխնոլոգիան կատարելապես համապատասխանում է անօրինական գործարքների կնքման տրամաբանությանը,
քանի որ չկա կենտրոնացված մարմին, որը կհսկի, թե որ գործարքը ինչ նպատակով է կատարվում: Ըստ էության, անօրինական տարրերը նույնիսկ կարող են չօգտվել հայտնի կրիպտոարժույթներից, այլ հնարավորություն ունեն ստեղծելու իրենցը` անօրինական շրջանառության համար: Այս հեռանկարը կարող է ճակատագրական դեր խաղալ բլոկչեյնի համբավի, հետևապես նաև տեխնոլոգիայի ապագայի առումով:
Բլոկչեյնի տեխնոլոգիան նոր հնարավորություն է ստեղծում ՀՀ-ի համար համաշխարհային զարգացումներում, որը կարող է հաջողությամբ պսակվել ներգրավվելու տեսանկյունից: Ավելի մանրամասն այս հնարավորությունը ուսումնասիրելու համար անդրադառնանք Շվեյցարիայի փորձին և Deloitte-ի կանխորոշած կարևոր գործոններին:
Deloitte-ի զեկույցում խոսվում է Շվեյցարիայի` բլոկչեյնի համաշխարհային կենտրոն դառնալու հեռանկարի մասին` այդ նկատառումով շեշտադրելով ամենաբարենպաստ միջավայրի ստեղծումը ստարտափների իրագործման և նորարարությունների ներդրման համար: Այստեղ առանձնացվում են շվեյցարական էկոհամակարգի 6 հիմնական տարրեր, որոնց միջոցով երկիրը կարող է դառնալ մրցունակ նոր առաջացող ոլորտում: Դրանք են` 
1. ֆինանսական տեխնոլոգիաների զարգացած ենթակառուցվածք ունենալը,
2. տեղեկատվության պաշտպանության և անվտանգության բարձր մակարդակը,
3. նորաստեղծական կենտրոն լինելը,
4. գիտական հանգույց համարվելը,
5. տնտեսական բարեկեցության և կենսամակարդակի բարձր աստիճանը,
6. իրավական և կարգավորման կայացած ու ժամանակակից համակարգ ունենալը:
Կարելի է համարել, որ ՀՀ-ն միայն մասամբ բավարարում է 2-րդ պահանջը, իսկ մնացած գործոնների առումով կայացած չէ: ՀՀ-ում կենսամակարդակը ցածր է, համալսարանական կրթության որակը վիճարկելի է, վենչուրային կապիտալի հասանելիությունը` խիստ անբավարար (հաշվի առնելով նաև այն, որ չկա կայացած արժեթղթերի շուկա), բացակայում են մտավոր սեփականության պաշտպանության հուսալի մեխանիզմները և այլն:
Առաջին հերթին անհրաժեշտ է պարզեցնել օրենսդրական դաշտը` ընդլայնելով ֆինանսական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունների ազատությունները:
ՀՀ-ում բլոկչեյն տեխնոլոգիայի զարգացման առավելություններից են տեղեկատվության պաշտպանվածությունն ու էլեկտրաէներգիայի բավարար առաջարկի առկայությունը: Առաջինի մասին կարելի նշել միայն, որ մի շարք ընկերություններ ունեն ՀՀ-ում գործող ֆրիլանսերներ կամ համագործակցող ընկերություններ հենց կիբեռանվտանգության ապահովման բնագավառում:
Իսկ էլեկտրաէներգիան, ինչպես արդեն նշվել է, բավական մեծ նշանակություն ունի մեծածավալ բլոկչեյն համակարգերի ներդրման գործում:
ՀՀ-ն կարող է առաջիններից մեկը լինել հանրային ֆինանսներում բլոկչեյնի կիրառման հարցում, քանի որ այս տեխնոլոգիան խոստանում է վերացնել կոռուպցիոն ռիսկերը և բոլոր գործառնությունները  թափանցիկ դարձնել օգտատերերի համար:
Հուսադրող է, որ 2018 թվականից սկսեցին ի հայտ գալ բիթքոինի մայնինգով զանգվածաբար զբաղվող կազմակերպություններ, սակայն կարևոր է նշել, որ դա հավելյալ արժեքի ստեղծմանը չի նպաստում, քանզի միայն տեխնիկական ծառայություն է: Ուստի հարկավոր է ոչ թե կենտրոնանալ բիթքոինի կամ այլ կրիպտոարժույթի միջոցով կարճաժամկետ միջոցներ ձեռք բերելու, այլ բլոկչեյնի ամբողջ ներուժը որոշակի ուղղություններով բացահայտելու վրա:
Այնուհանդերձ, նշված բոլոր խնդիրները կարող են լուծվել նպատակասլաց քաղաքականության իրականացման պարագայում: Այն առավելությունները, որոնք Շվեյցարիան դարձրին բլոկչեյնի տեխնոլոգիայի զարգացման ամենահրապուրիչ վայրերից մեկը, կարող են որպես մարտահրավերներ ու հնարավորություններ հանդես գալ Հայաստանի համար: