Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

ՀՀ-ում էկոլոգիական ռիսկերի ապահովագրության համակարգի ներդրմանը նպաստող պայմանների վերլուծությունը

ԳԱՅԱՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՊՏՀ բանկային գործի և ապահովագրության ամբիոն
 
Հայաստանի Հանրապետությունն
աչքի է ընկնում բարձր սեյսմակտիվությամբ, ինչն իր հերթին նշանակում է երկրաշարժերի և աղետների տեղի ունենալու բարձր հավանականություն: Նման իրավիճակում պետությունը պետք է միշտ պատրաստ լինի աղետային ռիսկերի ճշգրիտ և ժամանակին կառավարմանը: Դա նշանակում է ռիսկի գնահատում, նվազեցում և կանխարգելում: Նման միջոցառումների իրականացմանը պետությունը պետք է թե՛ ֆինանսապես, թե՛ օրենսդրորեն մշտապես պատրաստ լինի: Հոդվածում բացահայտվել է, թե Հայաստանի Հանրապետությունը որքանով է պատրաստ աղետային ռիսկերի կառավարմանը կամ նման համակարգի մշակմանը և ներդրմանը: Հիմնախնդիրը դիտարկվել է ապահովագրության տեսանկյունից:
Ճշտվել է, թե արդյոք ՀՀ-ում կան էկոլոգիական ռիսկերի ապահովագրության համակարգի ներդրմանը նպաստող գործոններ և պայմաններ: Այս առումով, ուսումնասիրվել են ոչ միայն էկոլոգիական ռիսկերի կառավարմանը և ապահովագրությանը վերաբերող օրենքները և օրենսդրական ակտերը, այլև այն ծրագրերն ու նախագծերը, որոնք նպաստում են նման համակարգի մշակմանը:
Հիմնաբառեր` սեյսմակտիվություն, աղետային ռիսկեր, էկոլոգիական ռիսկեր, կառավարում, ապահովագրություն
Բնական աղետները բոլոր ժամանակներում էլ ահռելի վտանգ են ներկայացրել Երկիր մոլորակի և նրա բնակչության համար: Դրանցից, թերևս, երկրաշարժերն են հասցնում ամենախոշորածավալ ավերածությունները:
Դիտելով UNESCO-ի մշակած «Գլոբալ սեյսմիկ վտանգների քարտեզը»` կտեսնենք, որ աշխարհի ցամաքային տարածքի կեսից ավելին գտնվում է սեյսմակտիվ գոտում, իսկ դրա գերակշիռ մասը` շատ բարձր վտանգի գոտում: Նշված գոտում են Կանադան, Չիլին, Մեքսիկան, Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը, Իրանը, Ղազախստանը, Հնդկաստանը, Ճապոնիան, Ֆիլիպինները, Ինդոնեզիան, ինչպես նաև Հայաստանը:
Տեղակայված լինելով Ալպհիմալայան գոտում` Հայաստանի տարածքը գործնականում 100%-ով գտնվում է սեյսմակտիվ տարածաշրջանում: Համաձայն «Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման» 1999 թ. ընդունված համալիր ծրագրի` ՀՀ-ում տարբեր աղետներից ավելի մեծ վնաս են հասցրել ուժեղ երկրաշարժերը, որոնց տեսակարար կշիռը ընդհանուր աղետների մեջ 94% է, մնացած մասը կազմել են սելավները` 3.15%, տրանսպորտային պատահարները` 1.5%, սողանքները և փլուզումները` 1.2%, ջրհեղեղները` 0.15%: Նույն ծրագրի շրջանակներում ներկայացված են ՀՀ սեյսմիկ շրջանացման և սեյսմիկ ռիսկի քարտեզները, որոնց համաձայն առավել սեյսմավտանգ են Երևանը, Գյումրին, Վանաձորը, Կամոն, Իջևանը, Կապանը: Երկրաշարժերի ուժգնությունը (M) հասնում է 7.1-ի (գործիքային ժամանակաշրջան) և ≥ 7.5-ի, օջախների միջին խորությունը 10 կմ է, բոլոր օջախները տարածականորեն կապված են մինչև 1 սմ/տարի միջին տեղաշարժով ակտիվ խզվածքների հետ, ավերիչ երկրաշարժերի տևողությունն անբարենպաստ գրունտային պայմանների դեպքում կարող է հասնել մինչև 1 րոպեի, M ≥ 5.5 երկրաշարժերի կրկնման միջին պարբերականությունը 3040 տարի է: Համաձայն «Հայաստանի Հանրապետությունում սեյսմիկ ռիսկի գնահատման և կառավարման պլանավորման ծրագրի»` 4 ամբողջ երկրի տարածքում տեղի են ունեցել Սպիտակի հայտնի երկրաշարժը (1988 թ., որը 25,000 մարդու մահվան և 19,000 մարդու մարմնական վնասվածքների պատճառ դարձավ` լրջորեն ավերելով 517,000 բնակարան և երկրի հյուսիսային մասերին հասցնելով 1520 միլիարդ ԱՄՆ դոլարի տնտեսական վնաս) և այլ երկրաշարժեր: Դրանցից խոշորագույններն են 1679 թ. հունիսի 4-ին Գառնիի երկրաշարժը (M=7.0), որի ժամանակ զոհվել է 1228 մարդ, Երևան քաղաքի մոտ 1937 թ. հունվարի 7-ին M=5.2 ուժգնությամբ երկրաշարժը: Այնուամենայնիվ, վերջին 300 տարիների ընթացքում Երևանում տեղի չի ունեցել մարդկային զոհերով աղետաբեր երկրաշարժ:
Երկրում հեղեղումները նույնպես լուրջ վնաս են հասցնում: Օրինակ` 2010 թ. հեղեղման հետևանքով 10 մլն ԱՄՆ դոլարի վնաս հասցվեց: Հայաստանը ենթակա է նաև խոշոր արդյունաբերական և տրանսպորտային աղետների, ինչպիսիք են քիմիական և ճառագայթային աղետները: Այսպես` Մեծամորի ատոմային էլեկտրակայանը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում և Երևանից, որտեղ բնակվում է երկրի բնակչության մեկ երրորդը, ընդամենը 28 կիլոմետր հեռավորության վրա է:
Ինչպես տեսնում ենք, էկոլոգիական ռիսկերի հետևանքը կարող է ավերիչ լինել Հայաստանի Հանրապետության համար` պատճառելով թե՛ մարդկային զոհեր, թե՛ կործանարար վտանգ հասցնելով ամբողջ տնտեսությանը: Նման ռիսկերի սխալ և ոչ ժամանակին կառավարումը կարող է հանգեցնել այնպիսի հետևանքների, որոնք հաղթահարելու համար բավական երկար ժամանակ կպահանջվի: Համապատասխան միջոցառումների ժամանակին մշակումը համարվում է էկոլոգիական ռիսկերի կառավարման նախապայման: Ռիսկերի նվազեցման միջոցառումներից մեկը ապահովագրությունն է:
Ներկայացնենք, թե ՀՀ-ում էկոլոգիական ռիսկերի կառավարումը և ապահովագրությունը ինչպիսի մակարդակում են:
Օրենսդրական դաշտ: Դեռևս 20 տարի առաջ 1999 թ., Հայաստանի Հանրապետության Կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրի մասին» որոշումը, 6 որտեղ, որպես հիմնական նպատակ, սեյսմիկ վտանգի կանխատեսումն է, սեյսմիկ ռիսկի գնահատումը և դրա նվազեցումը: Սեյսմիկ ռիսկերի նվազեցման կետում, բացի մի շարք միջոցառումներից, ուշադրություն է դարձված ապահովագրությանը: Որոշման մեջ նշված է նաև, որ ծրագրի ընդունումը կնպաստի ապահովագրության զարգացմանը` շեշտադրելով երկրաշարժերի դեպքում ապահովագրության համակարգի հիմքի ստեղծման անհրաժեշտությունը գործող օրենսդրական ակտերի կատարելագործման և նոր օրենքների, օրենսդրական ու նորմատիվ ակտերի մշակման, տեղեկատվության բազայի և ապահովագրության վերահսկման կազմակերպման, բաժնետիրական ապահովագրական ընկերությունների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծման միջոցով: Որպես ծրագրի գործարկման արդյունք` նախատեսվում է աղետներից ապահովագրության կառուցվածքի ստեղծում, որի ժամկետային մանրամասները ներկայացված են նույն ծրագրի կատարման ժամանակացույցում: Ծրագրի ընդունումից մոտ 20 տարի է անցել, սակայն ՀՀ-ում աղետներից ապահովագրության լիարժեք համակարգ այդպես էլ չի ստեղծվել:
2001 թ. ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում ապահովագրական համակարգի և ապահովագրական շուկայի զարգացմանն ուղղված համալիր միջոցառումների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշումը, որտեղ, որպես գերակայություն, այլ ուղղությունների հետ մեկտեղ սահմանվել է նաև մեծ և առավել վտանգավոր ռիսկերից (հրդեհ, բնական աղետներ, սեյսմիկ, ատոմային և էկոլոգիական ռիսկեր) ապահովագրական պաշտպանության համակարգի ձևավորումը: Որոշումն ընդգրկում էր նաև էկոլոգիական և սեյսմիկ ռիսկերի ապահովագրության ներդրումը: Որոշման ընդունումից արդեն անցել է 17 տարի, սակայն էկոլոգիական ռիսկերի պարտադիր ապահովագրության համակարգի ներդրման վերաբերյալ գործնական միջոցառումներ այդպես էլ չեն անցկացվել:
Տեղին է նշել, որ 2008 թ. Համաշխարհային բանկի (ՀԲ) բարձրաստիճան պատվիրակության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կայուն զարգացման վարչության տնօրեն Փիթեր Թոմսոնը կարևորել է ՀՀ-ում աղետների ապահովագրության համակարգի ներդրումը: Նա նշել է. «….բացի ներդրումային ծրագրերից, ՀԲ-ն կարող է նաև աջակցություն ցուցաբերել հետագայում տարածաշրջանային ապահովագրական համակարգի ստեղծման ուղղությամբ: Այստեղ ևս ՀԲ-ն կցուցաբերի համընդգրկուն մոտեցում. ապահովագրական սխեմաներ կմշակվեն, օրինակ, որոշակի բնական աղետներից (ջրհեղեղ, կարկուտ) տուժած մշակաբույսերի, բերքի համար: Մյուս ուղղությունը, որը ներառված է ՀԲ աշխատանքներում, շենքերի ամրացումն է և շինարարական չափորոշիչների մշակումը, որը հնարավորություն է տալիս մեղմելու երկրաշարժի հետևանքները»:
2011 թ. «Էկոլոգիական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագծի հայեցակարգային մոտեցումներին հավանություն տալու մասին փաստաթղթի հավելվածում նշվում է, որ Հայաստանում, բացի մի շարք հիմնահարցերից, չկարգավորված է մնում էկոլոգիական ապահովագրության հիմնախնդիրը: Շրջակա միջավայրի պահպանման արդյունավետ մակարդակ ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական և տնտեսական գործիքների շարքում շեշտադրվում է բնապահպանական ապահովագրությունը, իսկ օրենքի մշակման հիմնական ուղղությունների մեջ առանձնացվում է նաև բնապահպանական ռիսկերի ապահովագրման անհրաժեշտության սահմանումը: 2019 թ. դրությամբ օրենքը դեռևս նախագծի կարգավիճակում է, իսկ ապահովագրության վերաբերյալ կետեր ներկայացված չեն: 2014 թ. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի11 6-րդ հոդվածի առաջին կետում նշված է, որ գնահատման նպատակն է շրջակա միջավայրի ու մարդու առողջության վրա հիմնադրութային փաստաթղթի և նախատեսվող գործունեության իրականացման արդյունքում հնարավոր վնասակար ազդեցությունների կանխատեսումը, կանխարգելումը, նվազեցումը կամ բացառումը: Սակայն, որպես նպատակ սահմանելով նվազեցումը, օրենքը ոչինչ չի նշում, օրինակ` էկոլոգիական ռիսկերի ապահովագրության` որպես ռիսկի նվազեցման առաջնային և հիմնական գործիքի մասին:
Անդրադառնանք ապահովագրության ոլորտում էկոլոգիական ռիսկերի կարգավորման օրենսդրական դաշտին: Ապահովագրությունը ՀՀ-ում կարգավորվում է «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» 2007 թ. ընդունված օրենքին համապատասխան: Որպես այդպիսին` ապահովագրության առանձին տեսակների վերաբերյալ առանձին օրենքներ կամ օրենսդրական ակտեր մշակված չեն, բացառությամբ ԱՊՊԱ պարտադիր ապահովագրատեսակի: «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» 2007 թ. ընդունված օրենքի 7-րդ հոդվածում պարզապես առանձնացված է «Հրդեհից և բնական աղետներից ապահովագրություն» դասը: Բացակայում է նաև առանձին խոշոր ապահովագրության դասերի գծով նորմատիվների (ընդհանուր կապիտալի նվազագույն չափ, երբ ընկերությունն իր վրա է վերցնում անհամեմատ խոշոր ռիսկ, մեկ ստանձնած ռիսկի առավելագույն չափի նորմատիվ և այլն) սահմանումը, ինչը ևս նվազեցնում է խոշոր բնական աղետների ապահովագրության հնարավորությունները: Փաստորեն, ՀՀ ապահովագրական օրենսդրական դաշտը էկոլոգիական ռիսկերի կարգավորման առումով լիարժեք չէ:
Հետազոտություններ և վերլուծություններ: Էկոլոգիական ռիսկերի ապահովագրության վերաբերյալ քիչ չեն նաև վերլուծությունները և հետազոտությունները: Մասնավորապես` «Կլիմայի փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային քաղաքականության վերլուծություն» 2016 թ. նախագծում առաջարկվում է էկոլոգիական ռիսկերը կառավարել երկու եղանակով` 
1. էկոհամակարգային ծառայությունների հետ կապված տնտեսական գործիքներով, 
2. այլ նորարարական ֆինանսատնտեսական գործիքներով:
Վերջինների թվում առաջարկվում է ներառել էկոլոգիական ապահովագրությունը, էկոլոգիական աուդիտը, ինչպես նաև հարկային և բանկային արտոնությունները, որոնք ևս դիտարկվում են նորարարական ֆինանսատնտեսական մեխանիզմների համակարգում: Բացի այդ, միջազգային պրակտիկայում  հաջողությամբ կիրառվում են տարբեր գործիքների հիբրիդներ (օրինակ` էկոլոգիական ապահովագրության պոլիսի առկայության դեպքում տնտեսավարողներին հարկային կամ բանկային արտոնությունների տրամադրում):
«Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարությանը և դրա իրականացման գործողությունների ծրագրին հավանություն տալու մասին» 2017 թ. նախագծի 5-ի գլխի 18-րդ կետում նշվում է, որ աղետներից ապահովագրական համակարգի գործունեությունը արդյունավետ չէ, ինչը թուլացնում է աղետների ռիսկի կառավարման ֆինանսական գործընթացների ճկունությունը` հիմնական ծանրաբեռնվածությունը թողնելով պետական և համայնքային բյուջեների վրա, հանգեցնում է ֆինանսական կարողությունների նվազեցմանը և բնակչության ու տարածքների խոցելիության մեծացմանը:
Նախագծում առաջարկվում է աղետներից ապահովագրման արդիական համակարգի ներդրումը` որպես ծրագրի կատարողներ սահմանելով ՀՀ ԱԻՆ-ը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը, գյուղատնտեսության նախարարությանը, ֆինանսների նախարարությանը, ՀԲ-ին (համաձայնությամբ), միջազգային կազմակերպություններին (համաձայնությամբ), ապահովագրական ընկերություններին (համաձայնությամբ), կատարման ժամկետը սահմանվել է մինչև 2020 թ., իսկ ֆինանսական ապահովումը իրականացվելու է միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից:
Ծրագրեր: Հայաստանի Հանրապետությունը էկոլոգիական ռիսկերի կառավարման նպատակով ֆինանսավորում է ստանում միջազգային կառույցներից: Դրանցից մեկը Համաշխարհային բանկի կողմից մեր երկրին 2015 թ. տրված ֆինանսավորումն էր: Ծրագրի տևողությունը 2.5 տարի էր, ֆինանսավորումը` 1.75 մլն դոլար: Հիմնական գործընկերներն են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը, քաղաքաշինության նախարարությունը, կրթության և գիտության նախարարությունը, ֆինանսների նախարարությունը, համապատասխան պետական մարմինները, Երևանի քաղաքապետարանը և այլ մարզեր ու համայնքներ: Ցանկալի կլիներ, որ ծրագրին որպես գործընկեր մասնակցեր նաև ԿԲ-ն: Վերջինիս միջոցով հնարավորություն կընձեռվեր կյանքի կոչելու ապահովագրության բնագավառում արդեն 20 տարի շոշափվող` աղետներից ապահովագրության կառուցվածքի ստեղծման նախագիծը:
Ինչ վերաբերում է աղետային ռիսկերի ֆինանսավորմանը, ապա «Քաղաքացիական պաշտպանության մասին» 2002 թ. ընդունված ՀՀ օրենքի 8-րդ գլխի 22-րդ հոդվածի համաձայն` պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները քաղաքացիական պաշտպանության միջոցառումների նյութատեխնիկական ապահովումն ու ֆինանսավորումն իրականացնում են, համապատասխանաբար՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների միջոցների հաշվին: «Պետական բյուջեի մասին» 2018 թ. ՀՀ օրենքի15 մեջ ծախսային հոդվածներում, մասնավորապես` «Հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն» հոդվածում առանձնացված է միայն փրկարար ծառայությունների բաժինը և ոչ մի մանրամասնում չկա աղետների առաջացման դեպքում փոխհատուցումների մասին: Արտակարգ իրավիճակների նախարարության 2018 թ. բյուջեում նշված է «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» տողը, որի մեջ ներառվում է «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» կետը, որը կրկին չի մանրամասնում աղետների առաջացման դեպքում փոխհատուցումը: Մինչդեռ, օրինակ` Ճապոնիայի պետական բյուջեում որոշակի հոդվածով հստակ առանձնացված են «Աղետներից վերականգնման, աղետների կանխարգելման և նվազեցման ծրագրերը» իրենց համապատասխան ենթակետերով: Բացի այդ, երկրաշարժերի առաջացման վտանգավոր գոտիներում գտնվող մի շարք երկրների պետական բյուջեներում առանձնացված է սեյսմիկ ռիսկերի ֆինանսավորման բաժինը: Մասնավորապես` Կանադայում, համաձայն «2017 թ. պետական բյուջեի պլանի», առանձնացված է «Կանաչ ենթակառուցվածք» բաժինը, որում ընդգրկված է «Աղետների նվազեցման» մասին հոդվածը: Նախատեսված է այդ ուղղությամբ հատկացնել 45 մլն դոլար 2018-2019 թթ. համար, իսկ 2021-2022 թթ. հասցնել 200 մլն դոլարի: Մինչդեռ, օրինակ` Ադրբեջանի 2017 թ. պետական բյուջեի ծախսային հոդվածներում չկա նշում աղետների ռիսկերի ֆինանսավորման վերաբերյալ, 17 չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը ևս գտնվում է վտանգավոր սեյսմակտիվ գոտում:
«Քաղաքացիական պաշտպանության մասին» 2002 թ. ընդունված ՀՀ օրենքի 6-րդ գլխի 16 հոդվածի բ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իրավունք ունեն ստանալու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման հետևանքով կրած վնասների փոխհատուցում, սակայն կարգը մանրամասնած չէ, ինչն էլ հոդվածի կետը դարձնում է անհասկանալի:
Աղետային ռիսկերի ֆինանսավորման մի մասը կատարվում է ապահովագրության մեխանիզմի միջոցով: Սակայն հրդեհներից և աղետներից ապահովագրությունը 2017 թ. կազմել է երկրի ապահովագրական բիզնեսի` ստացված ապահովագրավճարների միայն 8%-ը` հանգեցնելով աղետների ռիսկի փոխանցման մեխանիզմների շատ սահմանափակ օգտագործման:
Ամփոփելով վերոնշյալը` կարող ենք եզրակացնել.
1. Էկոլոգիական ռիսկերի ապահովագրության վերաբերյալ մեխանիզմների ներդրումը ՀՀ-ում առաջնահերթ նպատակներից է եղել դեռևս 1990-ական թվականներից: Էկոլոգիական ռիսկերի ապահովագրության կառուցվածքի ստեղծման առաջնահերթությունն ունի օրենքի ուժ, սակայն գործնական բնույթի միջոցառումներ այդպես էլ մինչ այժմ չեն իրականացվել:
2. Էկոլոգիական ռիսկերի ապահովագրության որոշ սխեմաներ միայն նախագծի կարգավիճակում են:
3. Էկոլոգիական ռիսկերի պատճառով առաջացած հնարավոր հետևանքների վերացման ֆինանսավորումը հստակ ձևակերպված չէ ո՛չ օրենսդրորեն, ո՛չ պետական բյուջեում` որոշակի հոդվածով:
4. Էկոլոգիական ռիսկերի նվազեցման ծրագրերում ապահովագրական ընկերությունները առանձնացված չեն որպես առաջնային կատարողներ:
5. Էկոլոգիական ռիսկերի հետևանքների վերացման ֆինանսավորման գործընթացում ապահովագրական ընկերությունների մասնաբաժինը չնչին է, բացի այդ, կարգավորված չէ էկոլոգիական ռիսկերի ապահովագրության գործընթացը առանձին օրենքով կամ օրենսդրական ակտերով:
Փաստորեն, ապահովագրական ընկերությունները էկոլոգիական ռիսկերի ֆինանսավորման գործընթացում, ինչպես նաև ֆինանսավորման տարաբնույթ ծրագրերում ընդգրկված են, շեշտադրված է նաև ապահովագրության առաջնահերթությունը օրենսդրորեն: Այսպիսով` ՀՀ-ում էկոլոգիական ռիսկերի ապահովագրության մեծածավալ կառուցվածքի ստեղծման բոլոր նախադրյալները կան: