Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Հայաստանի Հանրապետության զարգացման միտումները ԵԱՏՄ շարունակական ինտեգրման պայմաններում

ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Այսօր արդեն վստահաբար կարելի է ասել,
որ եվրասիական համագործակցությունը մեր ներկան է: 2018 թ. Հայաստանում ապրանքների ընդհանուր շրջանառության ծավալը կազմել է 7.3 մլրդ ԱՄՆ դոլար, որից 2.4 միլիարդը արտահանման ծավալն էր և 4.9 միլիարդը` ներկրման: Արտաքին ապրանքաշրջանառության ամենամեծ տոկոսը Եվրասիական տնտեսական միության երկրներում է` 1 մլրդ 989 մլն ԱՄՆ դոլար կամ 28.2%: ԵԱՏՄ ինտեգրման պարագայում աճում է Հայաստանի` կարևոր տրանսպորտային և տարանցիկ հանգույց դառնալու հավանականությունը: ԵԱՏՄ բոլոր երկրները շահագրգռված են, որ լինեն երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտային միջանցքներ, նաև` էլեկտրացանցեր դեպի Հարավային Ասիա և Մերձավոր Արևելք: Ուստի մեր ջանքերի և հնարավորությունների համադրումը պետք է արդյունավետության առավելագույն մակարդակ ապահովի մեր երկրների տնտեսությունների իրական ոլորտների զարգացման, լոգիստիկ և տրանսպորտային դժվարությունների հաղթահարման, անվտանգության համակարգերի կայունության բարձրացման համար:
 
Հիմնաբառեր. Եվրասիական տնտեսական միություն, ինտեգրում, համաձայնագրեր, ազատ առևտուր, միասնական տնտեսական տարածք
 
 
 
Ժամանակակից ինտեգրացիոն գործընթացների դերն ու նշանակությունն անհրաժեշտ է գնահատել ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական, սոցիալական, էկոլոգիական տեսանկյուններից, չպետք է թերագնահատել նաև պատմամշակութային բաղադրիչի դերը: Այսօր արդեն վստահաբար կարելի է ասել, որ եվրասիական համագործակցությունը մեր ներկան է, բայց և միաժամանակ պետք է շատ ջանք գործադրել, որպեսզի այդ ներկան դառնա արժանապատիվ ապագա:
Հասկանալի է, որ յուրաքանչյուր երկրի խորհրդարանն ու կուսակցությունները պետք է գլխավորապես ծառայեն իրենց երկրի ազգային-պետական շահերին, և դա բնական է: Հարցը միայն այն է, թե ինչպես կարելի է այդ գործընթացն արդյունավետ կերպով համատեղել Եվրասիական տնտեսական միության երկրների ընդհանուր սոցիալ-տնտեսական շահերի հետ:
Այսօրվա արագ փոփոխվող աշխարհում միջազգային քաղաքական համակարգն ավելի բազմաբևեռ և մրցակցային է դառնում: Տնտեսական շուկաներում ավելի հաճախ գերակայում է ոչ թե ապրանքների և ծառայությունների պահանջարկը, որը բավարարվում է, այլ` գիտելիքի: Խոշոր ֆինանսական կառույցներն ու բանկերն այլևս ներդրումներ չեն կատարում հին տեխնոլոգիաներում (որոնց կյանքի տևողությունը 5-7 տարի է), այլ ֆինանսավորում են արհեստական ինտելեկտն ու թվայնացումը, որոնք չորրորդ արդյունաբե-
րական հեղափոխության հիմքում են: Վերջինիս արդյունքներով պետք է հիմնվեն նաև ՀԱՊԿ անդամ պետությունների և այլ երկրների անվտանգության համակարգերը:
2018 թ. Հայաստանում ապրանքների ընդհանուր շրջանառության ծավալը կազմել է 7.3 մլրդ ԱՄՆ դոլար, որից 2.4 միլիարդը արտահանման ծավալն էր և 4.9 միլիարդը` ներկրման:
Արտաքին ապրանքաշրջանառության ամենամեծ տոկոսը Եվրասիական տնտեսական միության երկրներում է` 1 մլրդ 989 մլն ԱՄՆ դոլար կամ 28.2%, որից Ռուսաստանի բաժինը կազմում է 1 մլրդ 924 մլն, Բելառուսինը` 50 մլն, Ղազախստանինը` 13 մլն, իսկ Ղրղզստանինը` 1.2 մլրդ ԱՄՆ դոլար:
Համեմատության համար ասենք, որ 2018 թ. Եվրամիության հետ Հայաստանի ընդհանուր ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 1 մլրդ 830 մլն ԱՄՆ դոլար կամ 24.8%:
2018 թ. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ապրանքների փոխադարձ առևտրի ծավալն աճել է 9.2%-ով: Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 3,1%-ով: Աճն ավելի նշանակալից էր, քան մեկ տարի առաջ` 2.6%:
Փոխադարձ առևտրի ցուցանիշի աճի առաջատար երկրներն են Հայաստանը (+20,7%), Ղազախստանը (+12%): Կարևոր է նշել, որ աճում են միջանկյալ արտադրանքի առևտրի ծավալները, ինչն արտացոլում է հինգ երկրների համագործակցային կապերն ու արտադրությունների փոխլրացումը: Այսպես, մշակող արդյունաբերության մեջ համագործակցային առաքումներն աճել են 30%-ով:
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու 4-ամյա պատմության արդյունքում անդամ պետությունների հետ փոխադարձ առևտրի ծավալն աճել է: Եթե 2014 թ. Հայաստանի ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ կազմել է 1 մլրդ 400 մլն ԱՄՆ դոլար, Բելառուսի հետ` 40 մլն, Ղազախստանի հետ` 7.5 մլն, ընդամենը` մոտավորապես 1.5 մլրդ, ապա 2018 թ. այդ թիվը մոտեցել է 2 միլիարդին:
Նշանակալից տնտեսական զարգացման համար արտադրանքի արտահանման և համախառն ներքին արդյունքի հարաբերակցությունը պետք է հասնի 50%-ի: Ընդ որում, արտահանման մեջ պետք է գերակշռի պատրաստի արտադրանքը, հակառակ դեպքում նշանակալից առաջընթաց, հատկապես` փոքր տնտեսությամբ երկրներում, չի լինի, քանի որ նմանօրինակ երկրների ներքին շուկան խիստ սահմանափակ է: 2017 թ. այդ ցուցանիշը Հայաստանում կազմել է 38.1%:
Հարկ է ընդգծել, որ Հայաստանից պատրաստի արտադրանք հիմնականում արտահանվում է Եվրասիական տնտեսական միության երկրներ, մասնավորապես` Ռուսաստան: Հայաստան կատարվող փոխանցումների ավելի քան 63%-ը Ռուսաստանից է: Գազի 90%-ը, Հայաստանի ատոմակայանի վառելիքի 100%-ը ներկրվում են Ռուսաստանից: Հայաստանի տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների շուրջ 50%-ը ռուսական ներդրումներն են:
Այդ իսկ պատճառով, մեր կուսակցությունների օրակարգի ամենաարդիական թեմաներից մեկը պետք է դառնա Եվրասիական տնտեսական միության թվային հարթակը:
Եթե սա կատարյալ տնտեսական միություն է, ապա քաղաքացիների, ապրանքների և ծառայությունների, նաև` ֆինանսական ռեսուրսների շարժը պետք է նույն տեմպն ունենա և կարգավորվի միութենական համաձայնագրով: Այսպես, Հայաստանի, Բելառուսի և միության այլ անդամ պետությունների սուբյեկտները պետք է անմիջական կերպով ազատորեն մասնակցեն պետական գնումների մրցույթներին:
Եթե մենք Եվրասիական տնտեսական միություն ենք, ապա դա նշանակում է ընդհանուր, հետո նաև` միասնական շուկա, էներգետիկ, ֆինանսական շուկա:
Հիմա, իհարկե, մենք չենք խոսում գազի և նավթամթերքի միասնական գների մասին, բայց դրանք պետք է համապատասխանեցվեն` հաշվի առնելով տրանսակցիոն ծախսերը, նաև` տեղափոխությունը, հարկերը, տարանցիկ փոխադրումը և այլն: Սա մեր օրակարգի արխիվային հարցերից մեկն է:
Եվս մեկ խնդիր, որը կարևոր նշանակություն ունի մեր հանրապետության համար և կարող է լուծում ստանալ Եվրասիական տնտեսական միության տնտեսական կոլեգիայում: 2020 թ. հունվարի 1-ին Հայաստան ավտոմեքենաների ներկրման տարանցիկ սակագների ժամկետն ավարտվում է, ինչի հետևանքով գները կաճեն 4-4.5 անգամ: Դա չի կարող դրական ազդեցություն ունենալ մեր հանրապետության սոցիալական վիճակի վրա:
Եվրասիական տնտեսական միության ներկայիս գերակայություններից է  եվրասիական ապրանքանիշի ստեղծումը: Դրա հիմքում պետք է դրվի աշխատանքի գրագետ միջազգային բաժանումը, նաև` սոցիալականացումն ու համագործակցությունը:
Մեր կարծիքով` շատ կարճ ժամանակում անհրաժեշտ է վերացնել բջջային օպերատորների ռոումինգի ծառայությունը. Եվրասիական տնտեսական միության երկրներում հեռահաղորդակցման պայմանները պետք է նույնը լինեն:
Օրակարգային է նաև մասնակից երկրների գործարարների միջև ԱԱՀ-ի վերադարձման գործընթացների կազմակերպման պարզեցումը: Այսօր արտահանող երկրի տնտեսավարող սուբյեկտը չի կարողանում ստանալ ԱԱՀ-ի գումարը: Քանի դեռ ապրանքը չի վաճառվել տվյալ երկրում, ԱԱՀ չի վճարվում և չի ուղարկվում վճարումը հավաստող փաստաթուղթը: Այս հարցի լուծման համար կարելի է օգտագործել Հայաստանի փորձը, որովհետև մեր երկրում արդեն երկար տարիներ է, ինչ գործում է հարկային փաստաթղթերի էլեկտրոնային շրջանառության e-invoice համակարգը:
Հաջորդ կարևոր օրակարգային հարցը պարենային անվտանգության վկայագրերի փոխճանաչման համակարգի ներդրումն է, ինչը կարագացնի գյուղատնտեսական արտադրանքի և սննդամթերքի շրջանառության ծավալների աճը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում:
Եվս մեկ կարևոր խնդիր` Եվրասիական տնտեսական միության գործընկերների տարածքային ընդլայնումը: Շարունակվում են բանակցությունները Հնդկաստանի, Եգիպտոսի, Սերբիայի, Իսրայելի և Սինգապուրի հետ:
2019 թ. շարունակվում են ԵԱՏՄ պետությունների ինտեգրման խորացման գործընթացները: 2018 թ. ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 12,8%-ով, արտահանումը միության երկրներից Վիետնամ աճել է 19,6%-ով: 2018 թ. հաջողվել է ընդունել ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգը, որի մշակումը սկսվել էր դեռևս 2010 թ., և որը հնարավոր կդարձնի ԵԱՏՄ-ում շրջանառվելիք ալկոհոլի ազատ տեղափոխումը:
2018 թ. դեկտեմբերին ԵԱՏՄ պետությունների ղեկավարները հաստատեցին գազի և նավթամթերքի միասնական շուկայի ստեղծման ծրագրերը:
Մինչև 2019-ի տարեվերջ ԵԱՏՄ երկրները կմիասնականացնեն գազի ստանդարտները (բաղադրությունը, կալորիական արժեքը մեկ խորանարդ մետրի համար և այլն) և կմշակեն բորսայում գազի վաճառքի միասնական կարգ, մինչև 2020 թ. ավարտը պատրաստ կլինեն գազի ապրանքային բորսաները, նաև հավասարապես մատչելի կդառնան գազի փոխանցման համակարգերը:
Իսկ 2025 թ. հունվարի 1-ից ԵԱՏՄ երկրները անարգել կկարողանան բորսային սկզբունքով միմյանցից գազ գնել և միմյանց գազ վաճառել շուկայական գներով:
Վերջերս մեր հանրապետության խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի պայմանագիրը: Խոսքն ավելի քան 850 անուն արտադրանքների մասին է, այսինքն` 200 մլն շրջանառությամբ շուկան ընդլայնվել է:
Վավերացվել է նաև ՉԺՀ-ի հետ առևտրի պայմանագիրը, ինչը է՛լ ավելի զգալի կերպով կնպաստի ԵԱՏՄ գոտու ընդլայնմանը:
Համաշխարհային տարածքների գլոբալացման գործընթացում չափազանց մեծ է մեր քաղաքական ուժերի գործունեության դերը ժամանակակից  տնտեսական-քաղաքական համակարգերի արարման և կառուցման գործում, բայց մենք ազնվորեն գիտակցում ենք, որ այդ ընթացքում պահպանում ենք յուրաքանչյուր ազգի մտածողության փիլիսոփայությունը և ինքնության դրսևորումը, որովհետև տաղանդը միայն գիտելիքի գնահատումն ու տեղեկատվության կենտրոնացումը չէ, այն նաև ստեղծագործելն է, կատարելության հասնելու ջանքերը:
Այսպիսով, մեր ջանքերի և հնարավորությունների համադրումը պետք է արդյունավետության առավելագույն մակարդակ ապահովի մեր երկրների տնտեսությունների իրական ոլորտների զարգացման, լոգիստիկ և տրանսպորտային դժվարությունների հաղթահարման, անվտանգության համակարգերի կայունության բարձրացման համար:
Հայաստանը կարող է կամուրջ դառնալ մի կողմից` Իրանի և Մերձավոր Արևելքի երկրների, մյուս կողմից` ԵԱՏՄ երկրների միջև: Այդ նպատակին հասնելու համար մեր երկիրը շարունակում է իրականացնել Հյուսիս-հարավ նախագծեր Իրանի սահմանից մինչև Վրաստանի սահման` հաշվի առնելով սահմանամերձ Բավրայից մինչև Բաթումի և Փոթի արագընթաց ճանապարհի կառուցումը:
Երկարաժամկետ հեռանկարում եվրասիական ինտեգրման գործընթացների մասնակցությունը կպայմանավորի հետևյալը.
1. Հանքային ապրանքների գների հավասարեցում ԵԱՏՄ-ում և ինտեգրման դեպքում արտահանման տուրքերի վերացում, ինչը ակնհայտորեն կնպաստի ՀՆԱ-ի աճին և արտահանմանը:
2. Մատչելի էներգետիկ աղբյուրների, նախևառաջ` բնական գազի հասանելիություն, ինչը թույլ կտա առավել սեղմ ժամկետներում ապահովել աճի ներուժը և նշանակալից մրցակցային առավելություններ կտա:
Համաձայն ԵԱՏՄ համաձայնագրի 4-րդ հոդվածի` կուտակային ազդեցության հաշվառմամբ ռազմավարական օբյեկտների արդիականացումն ու համագործակցությունը ոչ միայն ուղղակիորեն կնպաստեն ՀՆԱ-ի աճին, այլև զգալիորեն կբարձրացնեն բնակչության զբաղվածությունը: Մեր արտադրանքի ազատ մուտքը ԵԱՏՄ ընդհանուր շուկա պետք է նպաստի հզորությունների օպտիմալ ներբեռնմանը:
Միաժամանակ, հայկական ընկերությունների համար հնարավորություն է բացվում` ԵԱՏՄ ողջ տարածքում մասնակցելու պետական գնումների մրցույթներին:
ԵԱՏՄ ինտեգրման պարագայում աճում է Հայաստանի` կարևոր տրանսպորտային և տարանցիկ հանգույց դառնալու հավանականությունը: ԵԱՏՄ բոլոր երկրները շահագրգռված են, որպեսզի լինեն երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտային միջանցքներ, նաև` էլեկտրացանցեր դեպի Հարավային Ասիա և Մերձավոր Արևելք:
Տարեցտարի ողջ աշխարհում ավելանում է աշխատանքային միգրանտների թիվը ոչ միայն Հայաստանից և հետխորհրդային երկրներից, այլև բոլոր մյուս երկրներից: Միջազգային միգրանտների թիվը, որն այժմ 200 մլն է, կարող է կրկնապատկվել և ըստ կանխատեսումների` 2050 թ. հասնել 400 միլիոնի: Միգրացիայի միջազգային կազմակերպությունը վերջերս հրապարակել է միգրացիայի գլոբալ միտումների մասին ակնարկ: Կազմակերպության փաստաթուղթը կանխատեսում է, որ 2020 թ. բարձրագույն կրթությամբ աշխատուժի հնարավոր պակաս կզգացվի (38-40 մլն): Բարձր որակավորում ունեցող աշխատողների պահանջարկի և առաջարկի միջև ճեղքը, նրանց գնահատմամբ, հավասար կլինի 16-18 միլիոնի: Ցածր որակավորմամբ մասնագետների ավելցուկը կկազմի 32-35 մլն զարգացած երկրներում և 58 մլն` Հնդկաստանում և այլ զարգացող երկրներում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանից աշխատանքային միգրանտները հարաբերականորեն բարձր որակավորում ունեն, սպասվում է, որ նրանց թիվը նույնպես կաճի` միջազգային տնտեսության հիմնական միտումներին համապատասխան:
Նշենք, որ ամեն տարի միջին հաշվով 200 հազ. հայ միգրանտներ սեզոնային աշխատանքի նպատակով մեկնում են Ռուսաստանի Դաշնություն, նրանցից 30-40 հազարը` անվերադարձ: Նրանք էլ, 2 միլիոնանոց հայկական Սփյուռքի պես, դրամական փոխանցումներ են կատարում Հայաստան` այդպիսով կայուն եկամուտ ապահովելով երկրի բնակչության շուրջ 20%-ին, ինչը զգալի ներդրում է երկրի տնտեսության համար: Հայաստանի արդյունաբերության հեռանկարային զարգացման ուղղություն է ռազմարդյունաբերական համալիրը, ինչի հետ կապված` այժմ ՀՀ Կառավարությունը ձևավորում է Բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերական համալիրի նախարարություն:
Տեղեկատվական տեխնոլոգիաների աճն այդ ոլորտում կազմում է տարեկան 20-22%, այդտեղ գործում են շուրջ 900 ձեռնարկություններ և ստարտափներ: Ընդունվում է նոր օրենսդրություն, որը պետք է խթանի համաշխարհային մակարդակի տեղեկատվական տեխնոլոգիաների խոշորագույն ընկերությունների դուստր ձեռնարկությունների հիմնումը: Սա մեր տնտեսության զարգացման ամենահեռանկարային ուղղությունն է:
ԵԱՏՄ երկրները պետք է միասին զարգացնեն գիտության վերջին նվաճումներին համահունչ տնտեսության ոլորտներ: Եվրասիական տարածքում պետք է զարգանա գիտական և գիտաարդյունաբերական գործունեությունը:
Զարգացման եվրասիական բանկը պետք է ֆինանսավորի ժամանակակից ուղղվածության գիտական գործունեություն, գիտական ոլորտներ: