Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Տնտեսական անվտանգության ապահովման խնդիրները և երկրի ռազմական արդյունաբերությունը

ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
Հետազոտության առարկան Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին
տնտեսական անվտանգությունն է, տարածաշրջանում ռազմական գործողությունների սպառնալիքները և դրանց վնասազերծումը: Ռազմական ու տնտեսական անվտանգությունը Հայաստանի և Արցախի արտաքին ու ներքին քաղաքականության գերակայությունն է, հետևաբար` կայուն զարգացման և առաջընթացի միակ երաշխիքը: Այս համատեքստում ռազմարդյունաբերական համալիրի ստեղծման և զարգացման անհրաժեշտությունը, որը ենթադրում է ռազմական արդյունաբերության փոխակերպում տնտեսության առաջատար կապի մեջ, օբյեկտիվորեն ավելի է կարևորվում:
Հիմնաբառեր. տնտեսական անվտանգություն, սպառնալիքներ, ռազմական արդյունաբերություն, տեխնոլոգիական ներուժ, բարձր տեխնոլոգիաներ
Հայաստանի Հանրապետության առջև ծառացած ներքին և արտաքին տնտեսական սպառնալիքներն ու հիմնախնդիրները, հակառակորդի կողմից Արցախյան հակամարտության լուծման նկատմամբ «պատերազմի հարացույցի» վրա հիմնված առերևույթ մոտեցումը (քսենոֆոբիայի տարածում, սպառազինությունների մրցավազք, հիմնականում հարձակողական բնույթի զինատեսակների ձեռք բերում, շփման գծում լարվածության պահպանում, «ապրիլյան» էսկալացիա և այլն), տարածաշրջանում ռազմական գործողությունների ծավալման սպառնալիքների առկայությունն ու դրանց ավելացումը ռազմական և տնտեսական անվտանգության մակարդակի անընդհատ ու հետևողական բարձրացման ազդակ են: Այսօր ՀՀ-ի և Արցախի առջև ծառացած թիվ մեկ խնդիրն անվտանգությունն է, որի ապահովումը առաջընթացի և կայուն զարգացման միակ գրավականն է: Այս համատեքստում օբյեկտիվորեն բազմակի մեծանում է ռազմարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) կայացման ու զարգացման անհրաժեշտությունը և ենթադրում է ռազմական արդյունաբերության վերածում տնտեսության առաջատար ոլորտի:
Հարկ է նշել, որ ռազմական անվտանգության բավարար մակարդակի բացակայության դեպքում խոսք չի կարող լինել տնտեսական անվտանգության (ՏԱ) մասին, քանի որ նման պայմաններում արդեն շոշափվում է «լինելչլինելու» հարցը: Անժխտելի է այն փաստը, որ անգամ ներկայիս «դեմոկրատական» աշխարհում ՌԱՀ-ը իրական և հաճախ գերիշխող քաղաքական գործիք է: 
ՀՀ ՌԱՀ-ի ընդհանուր բնութագիրը 
Մինչ անկախությունը Հայաստանում չկար ռազմական նախանշանակման որևէ վերջնական սերիական արտադրություն: ՀԽՍՀ ռազմական ոլորտում կատարվող աշխատանքները միայն գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական բնույթի էին, իսկ ռազմական տեխնիկայի և սպառազինության նորոգման աշխատանքներ ընդհանրապես չէին կատարվում: Արդյունաբերության 97%-ն աշխատում էր ներմուծվող հումքով և կիսապատրաստուկներով:
Այս ամենի հետ մեկտեղ, նորանկախ Հայաստանը ստացավ էներգետիկ ճգնաժամ, շրջափակում, զգալի կորուստներ կրեց տնտեսական վերափոխումների հետևանքով: Չկշռադատված վաուչերային սեփականաշնորհումը փոշիացրեց պետական կապիտալը և չձևավորեց արդյունավետ նոր սեփականատերերի բավարար շերտ: Մեծ կորուստներ կրեց հատկապես գիտական ներուժը, տնտեսության բարձր տեխնոլոգիական ոլորտի, մասնավորապես` մեքենաշինության, ռադիոէլեկտրոնիկայի, քիմիայի և այլ ճյուղերի զարգացման տեմպերն էապես դանդաղեցին: Իհարկե, այս բազայի վրա  ռազմարդյունաբերության ստեղծման և զարգացման գործընթացը չէր կարող դյուրին լինել:
Ազատամարտի տարիներին ՌԱՀ-ի նպատակներին տրամադրվող գումարները կազմում էին ՀՆԱ-ի շուրջ մեկ երրորդ մասը: Այս թիվն այժմ կազմում է ՀՆԱ-ի 7-9%-ը, որը նախկինում եղածի շուրջ 40%-ի չափով է: ՀՀ
ՌԱՀ-ի կազմակերպություններին բնորոշ է կախվածությունը օտարերկրյա մատակարարներից   (հիմնականում` ՌԴ-ից):
ՀՀ ՏԱ մի շարք հիմնախնդիրներ 
Տնտեսական սպառնալիքների բացահայտումը և դրանց վնասազերծմանն ուղղված միջոցառումների մշակումն ու իրականացումը երկրի ՏԱ ապահովման համար ունեն առաջնահերթ նշանակություն:
ՀՀ տնտեսության իրավիճակի վերլուծությունները թույլ են տալիս եզրակացնել, որ մեր երկրի տնտեսական անվտանգությանն առնչվող ներքին հիմնական սպառնալիքներն են.
- տնտեսության կառուցվածքային ձևախախտման ուժեղացումը,
- հայրենական արտադրանքի մրցունակության ցածր մակարդակը,
- սպառման և արտադրության միջև անհավասարակշռությունը,
- գիտատեխնիկական կարողության քայքայումը,
- երկրի վճարունակության անկումը,
- տնտեսության տարբեր ճյուղերում մենաշնորհների առկայությունը,
- մարզերի զարգացման անհամաչափության խորացումը,
- աղքատությունն ու բնակչության մեծ մասի անվճարունակությունը,
- հասարակության գույքային անհավասարության և շերտավորման ուժեղացումը և այլն:
Արտաքին սպառնալիքների թվին կարելի է դասել.
- երկրի վերածումն այս կամ այն զարգացած պետության կցորդի,
- տրանսպորտային շրջափակումը,
- ներմուծումից կախվածության ուժեղացումը,
- արտաքին պարտքի ավելացումը,
- արտարժույթի արտահոսքը երկրից,
- տնտեսության դոլարացման բարձր մակարդակը և այլն:
Ներքին և արտաքին սպառնալիքների համադրումը վկայում է, որ հանրապետության համար առավել վտանգավոր են ներքին սպառնալիքները:
Արտաքին սպառնալիքների մի շարք աղբյուրներ  (օրինակ` արտաքին պարտքի շեշտակի ավելացում, արտերկրի հետ առևտրի շրջանառության սահմանափակ ծավալներ և այլն) բխում են ներքին պատճառներից. տնտեսության ցածր արդյունավետություն, վերամշակող ճյուղերի ցածր մրցունակություն և հարակից գործոններ:
Տնտեսական սպառնալիքները ներթափանցել են տնտեսության գրեթե բոլոր բնագավառները և բացասական ազդեցություն են թողնում մարդու կենսագործունեության տարբեր ոլորտների վրա, խոչընդոտում են բնականոն զարգացումը, խարխլում կայունությունը, ի վերջո, քայքայում են ազգային անվտանգության հիմքերը: Հատկապես ազատամարտի տարիներին տեղ գտած մի շարք բացասական երևույթներ ու միտումներ` ավելի սահմանափակ ազդեցությամբ, իրենց իներցիոն շարունակությունն ունեն նաև այսօր:
ՏԱ ապահովման տեսանկյունից առավել խոցելի են գնահատվում երկրի սոցիալական համակարգը և գիտությունը: Պատերազմական գործողությունների վերսկսման պարագայում հիշյալ հիմնախնդիրները էլ ավելի են սրվում, և առանձնակի կարևորություն են ստանում ՌԱՀ-ի և ՏԱ համակարգի փոխազդեցությունները:
Փոխազդեցություններ 
Թերևս անհերքելի է այն, որ խաղաղ պայմանների համար մշակված տնտեսական զարգացման ցանկացած մոդել չի կարող ինտեգրվել պատերազմի տնտեսությանը: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ժամանակ առ ժամանակ հակասություններ են ի հայտ գալիս, որոնց հանգուցալուծումը անխուսափելիորեն պահանջում է ռազմական ուժի կիրառում: Նույնը պահանջվում է նաև պետության տնտեսական անվտանգությունն ապահովելու համար, հետևաբար ազատական տնտեսությունն ու պատերազմն անհամատեղելի ինստիտուտներ են: Սա, իր հերթին, նշանակում է, որ պատերազմի սպառնալիքի պայմաններում ապրող հասարակությունը պետք է մշակի և կիրառի զարգացման որակապես նոր մոդել, նոր ռազմավարություն և հայեցակարգ:
Այս պայմաններում առաջացող կարևոր հիմնահարցերից մեկն այն է, թե ինչպես կարելի է համապատասխանություն սահմանել ռազմաքաղաքական նպատակների և տնտեսական հնարավորությունների միջև, որն իր հերթին պահանջում է հաշվի առնել պատերազմի և տնտեսության հնարավոր փոխազդեցություները: Ու թեև այս առումով ուսանելի է բազմաթիվ երկրների, մասնավորապես` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իսրայելի, ՌԴ կուտակած փորձը, մեր համոզմամբ, յուրաքանչյուր երկիր պետք է հաշվի առնի խնդիրն արդյունավետ հանգուցալուծելու սեփական հնարավորությունները: Արժանահիշատակ է հատկապես Իսրայելի օրինակը, որը ոչ միայն Պաղեստինի, այլև Իրանի և այլ երկրների հետ լարված հարաբերությունների պայմաններում միշտ չէ, որ հաշվի է առնում ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի դիրքորոշումները: Կիրառելով ոչ թե խաղաղ, այլ պատերազմական պայմաններին առավել համահունչ տնտեսական զարգացման մոդել և ամեն գնով զարկ տալով ՌԱՀ-ի զարգացմանը, Իսրայելն այսօր հնարավոր պատերազմի մրցունակությունն ապահովում է նաև ՌԱՀ-ի հենքի վրա ձևավորված արտահանման ծավալների ավելացման և դրանից ստացված շահույթների հաշվին: Ավելին, ռազմական տեխնիկայի վաճառքն ու այդ ասպարեզում ծավալվող համագործակցությունն առաջնահերթություն են ոչ միայն արտաքին տնտեսական, այլև արտաքին քաղաքական հարաբերություններում:
Ելնելով տնտեսական անվտանգության նկատառումներից` ՀՀ ՌԱՀ-ի զարգացումը, բացի ռազմական անվտանգության ապահովման գործում իր կարևոր դերից, մեր համոզմամբ, պետք է նաև հանգի ներքոհիշյալ մի շարք հիմնախնդիրների լուծմանը:
«Ուղեղների արտահոսքի» գործընթացի արգելակում 
Անկախության առաջին տարիներից «ուղեղների արտահոսքը» հանրապետությունից ոչ միայն չի հաջողվել դանդաղեցնել, այլ նաև այդ միտումը գնալով էլ ավելի ուժեղացավ: Այս ցավալի երևույթը, բնականաբար, միայն հայկական ֆենոմեն չէ, սակայն որոշ երկրներում այս վնասը փոխհատուցվում է այլ երկրներից ժամանող մասնագետների հաշվին: Այդպիսի երկրներից է, օրինակ, Ռուսաստանը: Իսկ Հայաստանում հիշյալ միտումը միակողմանի երթևեկությամբ փողոցի է նմանվում. անգամ ավելորդ է խոսել այն գրավչության մասին, որով կարող է պայմանավորված լինել արտերկրի մասնագետի հետաքրքրությունը Հայաստանում: Նման միտումներն իրենց որոշակի ազդեցությունն են թողնում տնտեսության և ՌԱՀ-ի մրցունակության ու զարգացման վրա: «Ուղեղների արտահոսքը» դառնում է տնտեսական անվտանգության առումով լրջագույն սպառնալիք: Ազգային անվտանգության առումով` նույնպես:
Պետք է նշել, որ այս խնդրի վերաբերյալ ոչ մի հատուկ ուսումնասիրություն չկա: «Ուղեղների արտահոսքի» մասշտաբները պատկերացնելու համար բավական է նշել, որ Հայաստանից հեռացած 700 հազար մարդկանց 30%-ը ուներ բարձրագույն կրթություն, 16%-ը` միջին մասնագիտական կրթություն և 33%-ը` միջնակարգ կրթություն: Հեռացած մասնագետների մեծ մասը հումանիտար և տեխնիկական, ինչպես նաև բնական գիտությունների մասնագետներ են: Միայն 1991-1997 թթ. ընթացքում երկիրը լքել է այդ բնագավառների մասնագետների մոտավորապես 1/3-ը: Հայաստանից հեռացել են այն մասնագետները, որոնք արտադրում էին խորհրդային ռազմարդյունաբերության էլեկտրոնիկայի 2/3-ը:
Այլ բնագավառների մասնագետները նույնպես հեռացել են հանրապետությունից, բայց` ավելի քիչ թվով: Որպես կանոն, հեռանում են այն մասնագետները, որոնք կա՛մ իրենց երկրում պահանջարկ չունեն, կա՛մ էլ փնտրում են աշխատանքի ավելի լավ պայմաններ: Այս առումով այսօր Հայաստանը քիչ բան կարող է առաջարկել իր գիտնականներին և մասնագետներին:
Արտաքուստ թվում է, թե ակադեմիական ինստիտուտներից արտասահման մեկնողների թիվն այնքան էլ մեծ չէ. որոշ հաշվարկներով` Հայաստանի ԳԱԱ գիտաշխատողների ընդհանուր թվի 5-6 տոկոսը: Սակայն անտեսվում է, որ մեկնում է ազգային գիտության առավել տաղանդավոր ու եռանդուն մասը, հատկապես` երիտասարդ, ինչպես նաև միջին տարիքի այն գիտաշխատողները, որոնք ակնառու հաջողությունների են հասել իրենց բնագավառներում: Փաստն այն է, որ հանրապետությունից մեկնում են, նախևառաջ, ինքնատիպ գաղափարների, հետազոտական նախագծերի ու մեթոդիկաների հեղինակները:
Առանձնանում են նաև նրանք, ովքեր այս կամ այն պատճառով ի վիճակի չեն մեկնելու արտասահման, սակայն հեշտությամբ հեռանում են գիտական ասպարեզից` նախընտրելով աշխատանքի անցնել մասնավոր ձեռնարկատիրական ոլորտում: Նման դիրքորոշման հետևանքով երեկվա երիտասարդ գիտաշխատողների ճնշող մեծամասնությունը կորցրել է իր մասնագիտական ունակություններն ու գիտելիքները: Այս հարցերը, սակայն, լուրջ սոցիոլոգիական հետազոտությունների առարկա դեռ չեն դարձել:
Հայրենի գիտության, մտավոր ներուժի պահպանման հիմնահարցերը, կարծում ենք, կարելի է հատուկ միջոցներով զգալիորեն մեղմել: Մեր համոզմամբ` անհրաժեշտ է, նախ, համակարգված բնույթ հաղորդել գիտության և տեխնոլոգիաների զարգացմանը: Հայաստանում անհրաժեշտ է մասնավոր ձեռներեցներին, ֆիրմաներին (հատկապես` արտասահմանյան) թույլ տալ, որպեսզի նրանք հարկման ենթակա եկամտից մասհանեն այն ներդրումները, որոնք կուղղվեն գիտական ծրագրերի ֆինանսավորմանը: Ամենաբազմազան հարկային արտոնություններ պետք է տալ այն ֆիրմաներին, որոնք գործնական օժանդակություն կցուցաբերեն հայրենի գիտությանը:
Նշանակալի քայլ կարելի է համարել 2011 թ. ապրիլին ՀՀ նախագահի կողմից երկրի գործարարների հետ հանդիպման ժամանակ տեխնոլոգիական նորամուծությունները առաջին պլան մղելու առաջարկը և արտոնյալ պայմաններ տրամադրելու խոստումը բոլոր այն ընկերություններին, որոնք կստեղծեն նոր ապրանքներ ու ծառայություններ, որոնք, իրենց հերթին, մրցունակ կլինեն թե՛ ներքին, և թե՛ արտաքին շուկաներում: Նորարարական և բարձրտեխնոլոգիական հենքի վրա մշակված ծրագրերի դիմաց պետությունը առաջին հերթին խոստանում է բավական ծանրակշիռ հարկային արտոնություններ (3-4 տարով ազատել շահութահարկից, հետաձգել ավելացված արժեքի հարկի վճարումը և այլն) Գիտական և տեխնոլոգիական ներուժի զարգացում Սպառազինությունների և ռազմական տեխնիկայի արտադրության գիտատարությունը, վերջինիս բարձր արժեքը և գինը, ինչպես նաև շահագործման և գործածության ապահովման մեծ ծախսերը էլ ավելի են սահմանափակում տնտեսության հնարավորությունները` ժամանակակից պահանջներին համապատասխան միջոցների մատակարարմամբ ապահովելու երկրի զինված ուժերի մարտունակությունը:
Ժամանակակից աշխարհում գիտելիքն ու դրա նպատակային օգտագործումը նույնքան կարևոր են, որքան և զենքը: Ինտելեկտուալ ռեսուրսները կարող են ոչ միայն լրացնել զարգացող երկրներից պահանջվող նյութական միջոցների բացը, այլև հակամարտության պայմաններում շահեկան դիրք ապահովել դրանց համար: Հատուկ ուշադրություն է դարձվում առավել տեխնոլոգիական սպառազինությունների մշակմանը, որոնք հնարավորություն են ընձեռում` մարդկային ռեսուրսների նվազագույն օգտագործմամբ արդյունավետորեն դիմագրավելու թշնամուն:
Ինչպես հայտնի է, Հայաստանը միշտ աչքի է ընկել ստեղծագործական մտքով ու մտավոր ներուժով և այդ ոլորտի ցուցանիշներով նախկին ԽՍՀՄում դասվել է առաջինների շարքին, ինչի մասին վկայում է վիճակագրությունը: Այսպես` մեր երկրի հեղինակները 1980-1990 թթ. ընթացքում Գյուտերի արտոնագրային փորձաքննության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտ են ներկայացրել գյուտի շուրջ 10000 հայտ, որից շուրջ 6000-ը ճանաչվել է: Այդ ժամանակահատվածում հայաստանյան գյուտերի տարեկան միջին թիվը բնակչության 100 հազար մարդու հաշվով կազմել է 17, իսկ հազար գիտաշխատողի հաշվով` 27 գյուտ: Հարկ է նշել, որ ներկայումս գիտությանն ուղղվող ծախսերը կազմում են ՀՆԱ-ի 0.3%-ը, որը աճի միտում չի ունենա մինչև 2025 թվականը: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ եթե գիտության համար կատարված ծախսերը չեն գերազանցում ՀՆԱ-ի 2%-ը, ապա հասարակությունը մեծապես տուժում է գիտության նվաճումները տնտեսության մեջ չներդնելու պատճառով:
Այնուամենայնիվ, վերոհիշյալ թվերը վկայում են, որ Հայաստանն ունի ստեղծագործական որոշակի ներուժ, որի ազդեցությունը հանրապետության տնտեսության վրա, իրավիճակի պատճառով, աննշան է: Սակայն միջազգային փորձը ցույց է տալիս, որ մտավոր սեփականության օբյեկտներն անհրաժեշտ է դասել երկրի թե՛ ներքին, թե՛ արտաքին տնտեսական գործունեության ոլորտում չիրացվող հնարավորությունների թվին: Մտավոր արժեքները շուկայում հանդես են գալիս որոշակի ապրանքների ձևով, որոնք, արտաքուստ նյութական չլինելով, մնացած բոլոր հատկանիշներով լիովին համապատասխանում են «ապրանք» հասկացությանը: Միջազգային շուկայում այդ ապրանքի համար մղվում է եռանդուն և կոշտ պայքար, և այդ ոլորտի զարգացման հարցերը չափազանց արդիական են:
Ներմուծումից կախվածության թուլացում, արտահանման խթանում ՌԱՀ-ը կարող է ոչ միայն ձևավորել իր նյութատեխնիկական և գիտատեխնիկական բազան, այլև, բացի սպառազինություններից, տնտեսությանն  առաջարկել այսպես կոչված «երկակի նշանակության» ապրանքներ և ծառայություններ, որոնց մի մասը կարող է ներառվել նաև արտահանման հոդվածների շարքում` սկսած էլեկտրոնային սարքերից, սննդի և թեթև արդյունաբերության արտադրանքի որոշ տեսակներից մինչև տեղեկատվական և
հաղորդակցության, բարձր տեխնոլոգիաներ, էներգետիկ սարքեր, սարքաշինություն, ճարտարագիտության տարբեր ճյուղեր և այլն:
Հայաստանի պարագայում, մասնավորապես, ակնհայտ է, որ գնի բարձր կամ ցածր մակարդակը չի կարող արդարացնել սպառազինության որևէ տեսակի կամ բաղադրիչի կախվածությունն արտերկրից, եթե դրա համարժեքը հնարավոր է արտադրել տեղում: Խոսքը վերաբերում է ինչպես անօդաչու սարքերին, այնպես էլ` փամփուշտներին և զինամթերքի այլ տեսակներին:
Հայրենական արտադրանքի մրցունակության մակարդակի բարձրացում Ներկայիս հակամարտությունն իրականում տեղափոխվել է ռազմատնտեսական ոլորտ և շոշափում է հակամարտող կողմերի ազգային տնտեսությունների մրցունակության և մարտունակության մակարդակները:
Ռազմարդյունաբերական համալիրի մրցունակությունը պայմանավորված է առավել արդիական տեխնոլոգիաների կիրառման հնարավորությամբ` սպառազինության որակով և վերջինիս ապահովման համար առկա ֆինանսական միջոցներով (ի տարբերություն քաղաքացիական պայմաններում գործածվող «գին» բաղադրիչի): Ավելի լայն առումով, ռազմարդյունաբերական համալիրի մրցունակությունը կախված է ազգային տնտեսության մրցունակության մակարդակից, ինչը որոշիչ է ոչ միայն զենքի, զինամթերքի, զինված հակամարտության պայմաններում կիրառվող տեխնիկական միջոցների արտադրության, այլև տրանսպորտի և հաղորդակցությունների աշխատանքի կազմակերպման, մատակարարման համակարգերի, զինված ուժերի գործողություններում անհրաժեշտ ենթակառուցվածքների կատարելագործման, ՌԱՀ-ի ձեռնարկությունների աշխատանքի արտադրողականության և մասնագիտական պատրաստվածության մակարդակի համար: Ընդսմին, գնալով կրճատվում են ռազմական տեխնիկայի հերթական սերնդի ժամկետները, ինչը լուրջ մարտահրավերների առջև է կանգնեցնում մեր երկրի ՌԱՀ-ը:
Խորհրդային Հայաստանում ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի, միջուկային ֆիզիկայի, էլեկտրոնիկայի, ռադիոէլեկտրոնիկայի, հաշվիչ տեխնիկայի, ճշգրիտ մեքենաշինության, տիեզերական հետազոտությունների և այլ բնագավառներում տպավորիչ առաջընթացը հիմնականում պայմանավորված էր ՌԱՀ-ի մրցունակության բարձրացման և մարդկային կապիտալի արժևորման գործոններով: Դրա արդյունքն էին Հաշվիչ մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (Մերգելյանի ինստիտուտ), «Լիզին», «Բազալտ», «Մարս» և այլ գործարանների` ինչպես ՌԱՀ-ի ուղղվածության, այնպես էլ քաղաքացիական նշանակության խիստ պահանջարկված և կիրառական բնույթի ձեռքբերումները: Ավելին, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար կարևորագույն ռեսուրսի առկայությունն ու տվյալ ոլորտը զարգացնելու` աշխատուժի աճող զանգվածի հակվածությունը այսօր նույնպես խարսխված են նախկին հանրակարգի օրոք վերելք արձանագրած ոլորտի որոշակի ավանդույթների և հիշյալ փոխազդեցության վրա:
Ներդրումային և նորամուծական աշխուժության աճ, առկա ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացում 
Բուն պատերազմական գործողություններում կարևորվում է երկրի մարդկային, հանքահումքային, ֆինանսական և արտադրական ռեսուրսների  ներգրավումը, իսկ սպառազինությունների արդյունաբերության մեջ վճռորոշ է դառնում գիտատեխնիկական առաջընթացի ձեռքբերումների կիրառումը:
Նոր տեխնիկական միջոցների ներդրման անհրաժեշտ նախապայմաններից մեկը փորձանմուշից դեպի սերիական արտադրությանն անցումն է, որն ամբողջովին պայմանավորված է երկրի տնտեսական հնարավորություններով: Իսկ վերջինս, իր հերթին, կապված է համապատասխան տեխնոլոգիաների իրացման համար պահանջվող որոշակի ծախսերի հետ: Կասկածից վեր է, որ երկրի մարտունակության մակարդակը պայմանավորված է մարդկային, հանքահումքային, ֆինանսական և արտադրական ռեսուրսների ներգրավմամբ և դրանց արդյունավետ օգտագործմամբ: Մասնավորապես, ՌԱՀ-ի համակարգում կարևորվում է մարդկային կապիտալի նկատմամբ ինչպես նյութական, այնպես էլ բարոյական խթանների հստակ մեխանիզմների կիրառումը:
Ակներև է, որ պատերազմը բերում է ոչ միայն մարդկային զոհեր, տնտեսական, սոցիալական և այլ բնույթի աղետներ ու ավերածություններ, այլև ի սկզբանե ի չիք է դարձնում ազատական տնտեսությունը և դրան առնչվող ցանկացած օրինաչափություն: Այն պետության բացարձակ կարգավորում և վերահսկողություն է պահանջում բոլոր ոլորտներում:
Հայաստանի տնտեսության զարգացումն ու բնակչության բարեկեցության բարձրացումը խարսխված են մի կողմից` տնտեսության մրցունակության, իսկ մյուս կողմից` տնտեսական անվտանգության բավարար մակարդակի ապահովման վրա: Այս տեսանկյունից` ՌԱՀ-ի զարգացումը կարող է նպաստել մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև տնտեսական սպառնալիքների չեզոքացմանը:
Ներկայումս տնտեսության հետագա զարգացումը պահանջում է պետության դերի վերարժևորում, կառավարման արդյունավետության շեշտակի բարձրացում, մրցակցային առավելությունների իրատեսական գնահատում, ռեսուրսների նպատակային օգտագործում:
Անհրաժեշտ է ռազմարդյունաբերական համալիրի համար հստակ թիրախներ, նպատակներ սահմանել, գիտությանն ուղղվող ծախսերն ավելացնել և դարձնել ավելի արդյունավետ: Այս ամենը կնպաստի ոչ միայն պաշտպանունակության ամրապնդմանը, այլև տնտեսության զարգացմանը: Ռազմարդյունաբերական համալիրը ոչ միայն պաշտպանության, անվտանգության, այլև տնտեսության զարգացման կարևոր լոկոմոտիվներից մեկն է, եթե ոչ` ամենակարևորը:
Այս ամենը պահանջում է, որպես անհետաձգելի հրամայական, պատերազմական իրավիճակում ազգային տնտեսության կառավարման նոր մոդելի մշակում: Կառավարության լիազորությունները և գործառույթները (գներ, աշխատավարձեր, ռեսուրսների տեղաբաշխում) անհրաժեշտ է զուգորդել ռազմական արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների աճին նպաստող` մասնավոր ձեռնարկատիրական գործունեության նախաձեռնությունների խթանման կառավարման նոր մեթոդների կիրառման հետ:
Խորհրդարանական կառավարման պայմաններում պետության օրենսդիր մարմնից պահանջվում է իրավիճակին համարժեք օրենքների մշակում և ընդունում: Մասնավորապես կարևորվում են «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքի մշակումը, ՌԱՀ-ի զարգացմանը միտված հարկային և մաքսային օրենսգրքերում համապատասխան լրամշակումները, ինչպես նաև «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններն ու նոր օրենքների ընդունումը:
Ռազմատնտեսական անվտանգության ապահովման նպատակով կարևոր է դիտարկել հետևյալ սցենարը. գիտատար արդյունաբերության տարբեր ոլորտների արտադրանքով և ծառայություններով Հայաստանը հավակնում է իր կարևոր տեղը գտնել դաշնակից երկրների ռազմարդյունաբերական համալիրներում: Նման սցենարն իրատեսական է ներկայանում մասնավորապես այն առումով, որ Հայաստանն անառարկելի մրցակցային առավելություն ունի տեղեկատվական տեխնոլոգիաների` ռազմարդյունաբերական համալիրի ծրագրային ապահովման ոլորտում: Հիշեցնենք, որ Ռուսաստանը մեծ վնասներ կրեց հատկապես այս հարցում, երբ Արևմուտքի կողմից կիրառվեցին տնտեսական և տեխնիկական պատժամիջոցներ: Սա նշանակում է, որ Հայաստանն իր ռազմարդյունաբերական համալիրի մրցունակ ապրանքներով ու ծառայություններով ոչ միայն կարող է գտնել իր որմնախորշը արտերկրի, հատկապես` ռազմավարական դաշնակիցների շուկաներում, այլև որոշակի կախվածություն ձևավորել հայրենական արտադրությունից:
Դաշնակից երկրների հետ նման սցենարի իրագործումը առաջնահերթ նշանակություն է ստանում Հայաստանի, Սփյուռքի և ռազմավարական գործընկերների աջակցությամբ ու համագործակցությամբ, ինչը թույլ կտա հանրապետության ՌԱՀ-ի մրցունակության բարձրացումը և ռեսուրսային բազայի զարգացումը հասցնել որակապես նոր, ավելի բարձր մակարդակի:
 
 
 
 
: