Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Կյանքի որակը բնութագրող բաղադրյալ ցուցանիշների անհրաժեշտությունը և հաշվարկման կարգը

ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՀՊՏՀ տնտեսագիտության տեսության ամբիոն
 
ԳԱԳԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետ
 
Սույն հոդվածի շրջանակներում նպատակ է
դրվել կյանքի որակը բնութագրող ցուցանիշների համակարգում հիմնավորելու բաղադրյալ ցուցանիշների կիրառության անհրաժեշտությունը ՀՀ-ում սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակը իրապես  գնահատելու և արդյունավետ ծրագրեր մշակելու տեսանկյունից: Նշված նպատակին հասնելու համար կյանքի որակը ուսումնասիրվել է իր դրսևորման երեք մակարդակներում (մակրո, միկրո, մեզո)` յուրաքանչյուրն իր հերթին բաժանելով գերակա ոլորտների: Բոլոր ոլորտների համար առանձնացվել են ցուցանիշների խմբեր, որոնց նկատմամբ էլ ներկայացվել է բաղադրյալ ցուցանիշների հաշվարկման կարգը: Հոդվածում քննարկվում է համապարփակ բաղադրյալ ցուցանիշի կառուցման մեթոդաբանությունը:
 
Հիմնաբառեր. կյանքի որակ, մարդկային զարգացման համաթիվ, բաղադրյալ ցուցանիշ, ենթացուցանիշներ, կյանքի ոլորտ, կյանքի որակի գնահատման ժամանակացույց, սուբյեկտի գնահատում
Ներկայումս գոյություն ունեն կյանքի որակը բնութագրող բազում ցուցանիշներ, որոնք, ըստ էության, ներկայացնում են կյանքի որակի ոլորտներն արտահայտող ենթացուցանիշներ: Դրանցից յուրաքանչյուրը, առանձին վերցրած, միայն մասնակիորեն է բնութագրում կյանքի որակը: Եվ հենց այս պարագայում է առաջանում բաղադրյալ ցուցանիշի կիրառման անհրաժեշտությունը, որը, փաստացիորեն, կյանքի որակի տարբեր ոլորտները բնութագրող ցուցանիշների միավորումն է մեկ ցուցանիշի մեջ: Կյանքի որակի հայեցակարգի և դրա բնութագրիչների ընկալման առանցքային հիմնաքարն այն է, որ որակի չափման բոլոր ցուցանիշները, այսպես կոչված, մոտարկումներ են, անուղղակի բնութագրիչներ այն իրական իրավիճակի, որի մասին դատողություններ կատարելու փորձ է արվում: Եթե որակը հնարավոր լիներ քանակական գնահատման ենթարկել, ապա կդադարեր որակ լինելուց:
Հանրային քաղաքականության մշակման յուրաքանչյուր ասպարեզ և բնակչությանը ծառայություններ մատուցող յուրաքանչյուր բնագավառ այսօր առաջնորդվում են կենսամակարդակի բարելավման գերնպատակով: Այս իմաստով, տնտեսական, սոցիալական, մշակութային և քաղաքական հարթություններում կյանքի որակը ծառայությունների մատուցման ցանկալի հետևանքը կամ արդյունքն է` արտահայտված կրթության, առողջապահության, սոցիալական ծառայությունների, ինչպես նաև բոլոր մակարդակներում պետական գործընկերային քաղաքականության ուղղություններով:
Մարդկային զարգացման համաթվի (ՄԶՀ)կիրառությունն այն առաջին քայլն էր, որով փորձ արվեց գնահատելու «կարողությունները» կամ «դրական ազատությունները»: Դա «ցույց է տալիս, թե դեռ որքան երկիրը պետք է ջանա որոշակի նախասահմանված թիրախներին կամ նպատակներին հասնելու համար, ասենք, օրինակ` կյանքի միջին տևողության 85 տարի, ամենքի համար կրթության մատչելիություն, եկամտի արժանավայել մակարդակ և այլն»: Երեք ցուցանիշներից յուրաքանչյուրում` երկարակեցություն, կրթության մակարդակ, եկամուտ, ՄԶՀ-ն ներառում է յուրաքանչյուր երկրում առկա և թիրախային մակարդակների միջև հեռավորությունը: Ուրեմն, դա իրականում կորուստների կամ վնասների համակարգային ցուցանիշ է, որի դեպքում 1 արժեքը ներկայացնում է լիարժեք ձեռքբերումը, իսկ 0-ն` լիակատար կորուստը: Բացի միջերկրային համեմատություններ կատարելու հնարավորությունից, ՄԶՀ-ն նաև կարելի է կիրառել ներերկրյա տարածաշրջանային կամ խմբային համեմատությունների նպատակով: Փ. Դասգուպտան(1993) ինքնակառավարման ու ազատությունների սկզբունքի շրջանակներում առաջարկում է ՄԶՀ-ի մեջ որոշակի լրացում ներմուծել, ինչը թույլ կտա մարդկային զարգացման տեսաբանների թեզերի հետ առավել մոտարկել: Նա առաջարկում է ներմուծել ինքնակառավարմանը քաղաքացիների մասնակցության հնարավորության չափի և քաղաքացիական ազատությունների մատչելիության ու կիրառելիության գնահատականներ կամ, այլ կերպ ասած, «բացասական ազատություններ»: Մեկ այլ վտանգ կապված է այն հանգամանքի հետ, որ մարդկային զարգացման մոտեցման չափազանց պարզեցված տարբերակը կարող է դառնալ բարեկեցիկ հասարակության նմանակումը: Յուրաքանչյուր նոր ծառայություն որպես կյանքի որակի բարելավում դիտարկելը պարզապես կլինի մի շարք տեսաբանների գաղափարների աղավաղում: Ա. Սենը (1993), օրինակ, ընդգծում է, որ «գործողությունը» (ինքնուրույն գործելու կարողություն) համարում է նույնքան կարևոր, որքան «բարեկեցությունը»: Այն կառավարությունը, որն ուղղակիորեն տրամադրում է իր քաղաքացիներին այն ամենը, ինչն անհրաժեշտ է լավ կյանքի համար, կարող է պարզապես թերարժևորել պատասխանատվության և նախաձեռնողականության զարգացումը, որոնք «գործողության» առանցքային տարրերն են:
Ընդհանրապես կյանքի որակի գնահատման գործում անհատական արժեքների դերը մեծապես արժևորող հետազոտողները համակարծիք են`  կյանքի որակի տիրույթները պետք է կշռվեն այնպես, որ արտացոլվի յուրաքանչյուր անհատի` տվյալ ոլորտը կարևորելը: Մասնավորապես` Ֆելսն ու Պերին պնդում են, որ արժեքների վրա հիմնված կշիռները պետք է կիրառվեն և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ գնահատումների դեպքում, մինչդեռ Կումինսն այն տեսակետն է առաջ քաշում, որ միայն սուբյեկտիվ գնահատականներն է նպատակահարմար կշռել անհատական կարևորության սանդղակով, իսկ օբյեկտիվ գնահատականներն, ըստ էության, պետք է լինեն բարեկեցության նորմատիվ ցուցանիշները, այսինքն` ընտրված լինեն հասարակության համար ներկայացուցչական նորմերից: Այս տեսակետից շատ կարևոր և, թերևս, առավել հետաքրքիր է նորմերով չափված օբյեկտիվ ցուցանիշների ու արժեքներով կշռված սուբյեկտիվ գնահատականների համեմատությունը, քան դրանք մեկ ցուցանիշում ներառելը: Այս իմաստով, բավական հետաքրքիր մոտեցում է, այսպես կոչված, «ճեղքվածքի» վերլուծությունը, այսինքն` երբ հաշվարկվում է անհատների կամ հասարակության գնահատականների` սուբյեկտիվ բարեկեցության և որևէ ընտրված չափանիշի, օրինակ` աղքատության մակարդակ, մարդկային զարգացման ցուցանիշ և այլն, միջև տարբերությունը:
Կյանքի որակի հետազոտության տեսակետից, հատկապես, եթե խոսքը սուբյեկտիվ բարեկեցության չափման մասին է, ոլորտի ականավոր ներկայացուցիչներն այն կարծիքին են, որ կյանքի որակի առանցքային ոլորտներն ու դրանց, ինչպես նաև առանձին բնութագրիչների կշիռները պետք է անհրաժեշտաբար տրվեն հենց անհատի արժևորմամբ:
Անհատական կյանքի որակի գնահատման ժամանակացույց: Սա հարցվող արժեքային համակարգի և նախընտրությունների վրա հիմնված կշռման մեթոդ է, որը ներառում է երեք փուլ: Առաջինը, այսպես կոչված, կիսակառուցվածքավորված հարցազրույցն է, որի ժամանակ հարցվողներին խնդրվում է մտածել իրենց կյանքի մասին ու առանձնացնել հինգ ոլորտ (դոմեն` տիրույթ), որոնք նրա կյանքի որակի առումով առավելագույն կարևորություն ունեն: Երկրորդ փուլում հարցվողը գնահատում է յուրաքանչյուր առանձնացված ոլորտը 0-100 մմ ուղղահայաց անալոգային սանդղակի վրա, որի երկու ծայրամասերն են «լավագույն հնարավոր» և «վատագույն հնարավոր» տարբերակները: Սրանք, փաստորեն, խարիսխներ են, որոնց նպատակը հարցվողին յուրաքանչյուր ոլորտում իր կարգավիճակի գնահատման ասպարեզում որոշակի ազատության աստիճանով օժտելն է: Ըստ էության, այս մոտեցումը չի կենտրոնանում գնահատման որոշակի չափորոշիչների վրա, ինչպիսիք են, ասենք` ֆունկցիոնալ կարգավիճակը կամ բավարարվածությունը, այլ անհատն ինքն է որոշում, թե ինչ չափորոշիչ կիրառի ոլորտի գնահատման համար: Երրորդ փուլում քանակապես գնահատվում է յուրաքանչյուր ոլորտի հարաբերական կարևորությունը կամ կշիռը: Մեթոդի նախասկզբնական տարբերակում այս տեխնիկան հայտնի էր որպես դատողության վերլուծություն: Վերջինս թույլ է տալիս քանակապես հաշվարկել ընդհանուր դատողության վրա ազդող տարբեր գործոններ: Դատողության վերլուծությունը պահանջում է, որ յուրաքանչյուր անհատ իր իսկ տեսանկյունից գնահատի կյանքի հիպոթետիկ 30 սցենար, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է հինգ ուղղահայաց սյուներից` կրկին «լավագույն հնարավորից» մինչև «վատագույն հնարավոր» մասշտաբով: Սյուների արժեքները տարբերվում են սցենարից սցենար` ձևավորվելով պատահական վերաբաշխումների արդյունքում, ինչը թույլ է տալիս ունենալ տեղափոխումների առավելագույն քանակ: Հարցվողները դատողություններ են կատարում նմուշային սցենարների վերաբերյալ, որոնք ներկայացված են կայուն հերթականությամբ: Միակ վարիացիան յուրաքանչյուր սյունակի անվանման համար առաջին փուլում հարցվողների կողմից ընտրված ոլորտների կիրառությունն է: Դատողությունները կատարվում են «վատագույն կյանքի պատկերացումից» մինչև «լավագույն կյանքի պատկերացում» երկու ծայրամասերում: 30 սցենարներից 10-ը կրկնություններ են, ինչը թույլ է տալիս գնահատել դատողությունների համապատասխանությունը: Դատողությունների վերլուծության մեթոդաբանության ժամանակ սա ընդունված ընթացակարգ է: Այնուհետև դատողությունները բազմակի ռեգրեսիոն վերլուծության միջոցով ձևավորում են 5 հարաբերական կշիռներ, որոնց գումարը 100 է: Կշիռները ցույց են տալիս հարցվողի կյանքի որակի համար յուրաքանչյուր ոլորտի հարաբերական կարևորությունը: Սա կարող է բազմապատկվել յուրաքանչյուր ոլորտի կարևորության աստիճանի միավորով, և հանրագումարը կներկայացնի ամբողջական կյանքի որակի ցուցանիշը, որը կարող է լինել 0-100 միջակայքում:
Հիմք ընդունելով կյանքի որակի բնագավառում առկա համաշխարհային տեսական ու գործնական փորձը և առաջնորդվելով դրա հնարավոր առավելագույն ընդգրկմամբ ու տեղային առանձնահատկությունների հետ համադրման սկզբունքով` տրվել են կյանքի որակի հետևյալ աշխատանքային սահմանումները.
- Անհատի մակարդակ. «Կյանքի որակը տվյալ պահի դրությամբ անհատի ուղղակի և անուղղակի կենսամիջավայրերի համատեքստում որոշակի ֆունկցիոնալության և անհատի արժեհամակարգով ու ընկալումներով պայմանավորված գիտակցված բավարարվածության աստիճանն է»:
- Բնակչության մակարդակ. «Կյանքի որակը տվյալ պահի դրությամբ երկրի օրենսդրական, քաղաքական և ինստիտուցիոնալ միջավայրի համատեքստում, հասարակության որոշակի ֆունկցիոնալության և հասարակական արժեքներով ու ընկալումներով պայմանավորված, երկրում ապրելու բավարարվածության աստիճանն է»:
Նշված սահմանումները հիմք ընդունելով` Հայաստանում կյանքի որակի հետազոտության շրջանակը ենթադրում է հետազոտության հիմնարար  սկզբունքների, հայեցակարգային մոդելի, կյանքի որակի մակարդակների մշակում ու սահմանում: Ընդ որում, պետք է ընդգծել, որ, ընդհանուր առմամբ, նշված հիմնահարցերի վերաբերյալ ազգային շրջանակի մշակումը գերազանցապես հիմնվել է կյանքի որակի` Ֆելսի և Պերիի, Շելոկի, Կումինսի մոդելների վրա` հայաստանյան իրականության և առանձնահատկությունների հետ հնարավորինս ներդաշնակեցմամբ ու լրամշակմամբ: Այսպես` կյանքի որակի գնահատման ազգային շրջանակի երեք հիմնարար սկզբունքներն են.
- կյանքի որակի համակողմանի ցուցանիշ ստանալու նպատակով բոլոր մակարդակներում և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ տեսանկյունների ներառում գնահատման համակարգում,
- գնահատման ժամանակ օբյեկտիվ և սուբյեկտիվ ցուցանիշների ներկայացում առանձին խմբերով,
- կյանքից բավարարվածության` որպես սուբյեկտիվ կյանքի որակի դիտարկում, ընդ որում, դրա գնահատում` ըստ անհատների զգացական-ճանաչողական ընկալումների:
Հայաստանի Հանրապետությունում կյանքի որակի համակողմանի գնահատման նպատակով տվյալ հետազոտությունը շեշտադրում է կյանքի որակի բաղադրյալ ցուցանիշի կառուցման գաղափարը, որը թույլ կտա անհատի կյանքի տարբեր միջավայրերն ու դրանց գնահատման տարբեր տեսանկյուններն արդյունավետորեն միավորել մեկ ցուցանիշում: Մասնավորապես` վերջինս ենթադրում է եռամակարդակ և բազմաչափ կյանքի որակի գնահատականի կառուցում: Ըստ էության, բնակչության կյանքի որակի մակարդակ-ների համալիրում ամենաստորին կառուցվածքային միավորը միկրոհամակարգն է: Սա նաև այն եզրափակիչ օղակն է, որի միջոցով անհատի կյանքի առանցքային ոլորտների ու ցուցանիշների` տարբեր մակարդակների միջև փոխանցման, քանակական ու որակական ձևափոխումների արդյունքում արտածվում է անհատի կյանքի որակը` միջնորդավորված և գնահատված սուբյեկտիվ ընկալումների ու արժեհամակարգի դիտանկյունից: Հետազոտությունն ընդգրկում է Հայաստանում մշտական բնակվող անհատի կյանքի հետևյալ երեք մակարդակների ուսումնասիրություն` մակրոմակարդակ, էկզո-մեզոմակարդակ, միկրոմակարդակ:
Կյանքի որակի բաղադրյալ ցուցանիշի կառուցումն ու գնահատումըԲաղադրյալ ցուցանիշներ են ձևավորվում, երբ առանձին ցուցանիշներ հաշվարկվում են մեկ ցուցանիշի մեջ` հիմքում ունենալով նախապես մշակված հայեցակարգ: Բաղադրյալ ցուցանիշների օգնությամբ հնարավոր է պարբերական ուսումնասիրությունների միջոցով որոշակի երևույթների կամ փաստերի փոփոխության վարքագծի մշտադիտարկում իրականացնել: Բաղադրյալ ցուցանիշները սովորաբար չափում են բազմաչափ հայեցակարգեր, որոնք այլ կերպ հնարավոր չէ արտահայտել միայն մեկ ցուցանիշի միջոցով:
Դրանց բնորոշ օրինակ է հենց կյանքի որակի ցուցանիշը:
Կյանքի որակի չափման կամ գնահատման ժամանակ անհրաժեշտ է  հաշվի առնել երեք կարևորագույն գործոններ.
- մակարդակները և ոլորտները, որոնք ներկայացնում են կյանքը,
- չափորոշիչները, որոնք պետք է օգտագործվեն կյանքի տարբեր  ոլորտներ գնահատելու համար, 
- կշիռները, որոնք պետք է կիրառվեն տարբեր ոլորտների նկատմամբ` դրանց կարևորության աստիճանը մատնանշելու համար:
Կյանքի որակի բաղադրյալ ու բազմաչափ ցուցանիշի կառուցվածքում ներառվում են երկու ենթացուցանիշներ, որոնք համախմբում են կյանքի որակի հետազոտության երեք մակարդակները: Դրանցից յուրաքանչյուրն ունի գնահատման ուրույն մեթոդ: Երկու ենթացուցանիշներն են երկրի մակարդակը, որը ներկայացվում է մակրոմակարդակի ենթացուցանիշով, և անհատի մակարդակը, որը չափվում է էկզո- մեզո- ու միկրոմակարդակների ենթացուցանիշներով: Երկրի ու անհատի մակարդակները կազմավորում են կյանքի որակի բաղադրյալ ցուցանիշի 100 տոկոսը: Այժմ անդրադառնանք դրանց առանձին-առանձին:
Մակրոմակարդակի ենթացուցանիշ: Ինչպես արդեն ընդգծվել է, սա կյանքի որակի վերին հարթությունն է, որն իր հերթին կազմված է երկու բաղադրիչից` իրավիճակի օբյեկտիվ գնահատականից ու Հայաստանում ապրելու սուբյեկտիվ բավարարվածությունից, ինչը, ըստ էության, առաջինի հայելային արտացոլումն է հասարակության բարեկեցության զգացողության տեսակետից: Երկու բաղադրիչները կազմավորում են մակրոմակարդակի ենթացուցանիշի 100 տոկոսը: Օբյեկտիվ գնահատականի չափման տեղեկատվական հիմք են Ազգային վիճակագրական ծառայության, Համաշխարհային բանկի, Համաշխարհային տնտեսական ֆորումի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Հերիթեյջ հիմնադրամի պաշտոնական տվյալները, գնահատականներն ու վարկանիշները:
Օբյեկտիվ գնահատականում ներառվել է հասարակության կյանքի չորս կարևորագույն ոլորտ, որոնցից յուրաքանչյուրը գնահատվում է համապատասխան ցուցանիշների միջոցով: Օբյեկտիվ գնահատականի չափումը կատարվում է արժեքների ու կշիռների միջոցով, որոնք ստացվում են փորձագիտական հարցումների օգնությամբ: Ցուցանիշների արժեքը կազմված է փորձագետի կողմից կյանքի որակի տեսակետից տվյալ ցուցանիշին տրված կարևորության աստիճանից, որը գնահատվում է 1-4 սանդղակով, և փաստացի ցուցանիշին տրված գնահատականից` 1-7 սանդղակով: Բացի ցուցանիշների գնահատումից, փորձագիտական հարցումների միջոցով պարզվում է նաև յուրաքանչյուր ենթաոլորտի իրավիճակի գնահատականը, կարևորությունը տվյալ ոլորտում (դասակարգելով ըստ կարևորության), ինչպես նաև յուրաքանչյուր ոլորտի կարևորությունը կյանքի որակի համատեքստում (դասակարգվում է ըստ առաջնահերթության): Արդյունքում ձևավորվում է օբյեկտիվ գնահատականի միջին կշռված արժեքը, ինչը, ըստ էության, ամփոփում է մակրոմիջավայրը կազմող ընտրված ոլորտների, ենթաոլորտների ու համապատասխան ցուցանիշների կարևորությունը և փաստացի իրավիճակի գնահատումը Հայաստանում անհատի ու հասարակության կյանքի որակի ձևավորման տեսակետից: Հայաստանում ապրելու սուբյեկտիվ բավարարվածության չափման տեղեկատվական աղբյուր են բնակչության շրջանում կատարված ներկայացուցչական ընտրանքով հարցումների արդյունքները:
Դրանց միջոցով, ի լրումն այլ մակարդակների, ոլորտների ու հարցերի (էկզոմեզո-և միկրոմակարդակներին առնչվող), տրվում են հարցեր այն առնչությամբ, թե որքանով է հարցվողը բավարարված Հայաստանում մակրոմիջավայրը ձևավորող տարբեր երևույթներից ու իրողություններից` գնահատված 1-4 սանդղակով: Ընդհանուր գնահատականը ձևավորվում է որպես հարցվողների բոլոր պատասխանների միջին արժեքների միջին: 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Էկզո-մեզոմակարդակի ենթացուցանիշ: Այս մակարդակի ենթացուցանիշը կառուցվում է բնակչության հարցումների արդյունքում ստացված տեղեկատվության հիման վրա և առավելապես օբյեկտիվ բնույթ է կրում, այսինքն` ուսումնասիրում է անհատի կյանքի որակի վրա ուղղակիորեն (տնային տնտեսություն) և անուղղակիորեն (համայնք) ներգործող միջավայրերի փաստացի պայմանները: Էկզո-մեզոմակարդակի ենթացուցանիշի արժեքն առանձին ոլորտների կշռված հանրագումարն է, իսկ վերջիններիս արժեքը ձևավորվում է որպես յուրաքանչյուր ոլորտում ընդգրկված համապատասխան ցուցանիշների կշռված արժեքների հանրագումար: Ոլորտը կազմող ենթաոլորտների` հարցվողների կողմից ըստ կարևորության դասակարգման արդյունքում որոշվում է տվյալ ոլորտի միջին կշիռը ենթացուցանիշում: 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Կյանքի որակի էկզո-մեզոմակարդակի ենթացուցանիշի առանձին բաղադրիչների հաշվարկի ժամանակ ողջ ընտրանքի համար կատարվում է ըստ հարցվողների միջինացում կամ ագրեգացում, ինչը թույլ կտա հետագայում, ըստ տարիների, առանձին ցուցանիշների միտումներ ուրվագծել:
Միկրոմակարդակի գնահատման եղանակ: Միկրոմակարդակի ենթացուցանիշը գնահատում է անհատի` կյանքից բավարարվածությունը:
Բավարարվածության գնահատման եղանակներն են`
- Բավարարվածություն կյանքի սանդղակից կամ ժամանակացույցից (ծնված օրվանից ի վեր` ընդհանուր կյանքի գնահատական կամ համընդգրկուն գնահատական),
- Բավարարվածություն կյանքի ոլորտներից (ժամանակի որոշակի պահի):
Ներկայացնենք նաև սուբյեկտիվ բարեկեցության գնահատականը.
Ժամանակի գործոն: Հաշվի առնելով բավարարվածության գնահատման վերոնշյալ մոտեցումները և բուն հետազոտության նպատակները` որպես ժամանակի պահ ընտրվել է հարցումների անցկացման պահը, իսկ վերլուծությունը հիմնված է որոշակի պահի դրությամբ ստացված արդյունքների վրա: Այս իմաստով, կյանքի որակի ցուցանիշում միկրոմակարդակի ենթացուցանիշի գնահատականը ենթադրում է անհատի կյանքի ոլորտներից բավարարվածության չափումը:
Կյանքի ոլորտներ: Ըստ մի շարք ուսումնասիրությունների` հետազոտողների10 կողմից առաջարկվում է կյանքի ոլորտների հետևյալ հիմնական ցանկը. կենցաղային պայմաններ (բնակարան, դրա վիճակը, կահավորում), սնունդ/սնուցում, ընտանիք (հարաբերություններ, փոխըմբռնում, շփում), ընկերներ/բարեկամներ (փոխվստահություն, շփում, փոխաջակցություն), ձեռքբերումներ, նյութական ապահովվածություն, հանգիստ/ժամանց, ֆիզիկական  առողջություն, հոգևոր ոլորտ, քաղաքացիական ազատություն, աշխատանք, ուսում/կրթություն:
Հիմնական սկզբունք: Ամեն ոլորտում կիրառվում են այնպիսի չափանիշներ, որոնց միջոցով հնարավոր է լավագույնս ներկայացնել և գնահատել տվյալ բնագավառը: Այնինչ, քանի որ անհատն է որոշում տվյալ չափանիշի կարևորությունը, ապա հարցվողը նաև գնահատում է յուրաքանչյուր ոլորտի համար ընտրված չափանիշի կարևորության աստիճանը: Հարցվողի կյանքի որակի տեսանկյունից կարևոր համարվող չափանիշները կներառվեն կյանքի որակի տվյալ ոլորտի գնահատականում: Մյուս կողմից` տվյալ ոլորտից
բավարարվածության միավորը հաշվարկելիս կներառվեն միայն անհատի (հարցվողի) կողմից կարևորված ցուցանիշները: Հետևապես` որպես տվյալ ոլորտի գնահատական հանդես է գալիս կարևոր համարվող ցուցանիշների միջինն անհատի (հարցվողի) մակարդակով, իսկ որպես ոլորտի ընդհանուր միավոր` բոլոր հարցվողների միջինը:
1. Կյանքի որակի միկրոմակարդակի ենթացուցանիշ: Հաշվարկի քայլերն են.
ցուցանիշի միավորի հաշվարկման ժամանակ միայն անհատների (հարցվողների) կողմից կյանքի որակի տեսակետից ամենակարևոր համարվող ոլորտներն են հաշվի առնվում (ամենակարևոր մի քանի ոլորտ, որոնց քանակը որոշվում է հետազոտության միջոցով և կարող է տարեցտարի փոփոխության ենթարկվել),
- յուրաքանչյուր ոլորտի կշիռ է համարվում տվյալ ոլորտն ամենակարևորը համարող հարցվողների ճշգրտված տոկոսն ընդհանուրի մեջ,
- ընտրված ամենակարևոր համարվող ոլորտների կշռված արժեքների/միավորների հանրագումարը համարվում է ցուցանիշի միավոր,
- ցուցանիշի միավորը բերվում է 0-1 սանդղակի` այլ ցուցանիշների հետ համադրելիությունը պահպանելու նպատակով:
2. Բավարարվածություն կյանքի բոլոր ոլորտներից: Սա յուրաքանչյուր հարցվողի` կյանքի ոլորտների բավարարվածության միավորների միջինն է:
Այստեղ ոլորտների քանակը կարող է տարբեր լինել յուրաքանչյուր հարցվողի համար, քանի որ, եթե յուրաքանչյուր ոլորտում հարցվողը նշած լինի, որ տվյալ ոլորտի ցուցանիշներն իր համար կարևոր չեն, ապա այդ ոլորտը բացառվում է հաշվարկից: Ուսանող համարվող հարցվողների համար կա լրացուցիչ մեկ ոլորտ: Աշխատանքի ոլորտը գնահատվում է միայն աշխատողների համար: Միավորը բերվում է 0-1 սանդղակի` համադրելիությունն այլ ցուցանիշների հետ պահպանելու նպատակով:
3. Սուբյեկտիվ բարեկեցություն: Թեպետ Բրունին և Պորտան (2007) առաջարկում են ներառել կյանքի համընդգրկուն գնահատականը սուբյեկտիվ բարեկեցության գնահատականի մեջ, հետազոտության նպատակներից ելնելով և ժամանակային համապատասխանություն ապահովելու համար հետազոտության մեջ կիրառվող սուբյեկտիվ բարեկեցության գնահատականը ներառում է հետևյալ բաղադրիչները`
- Հույզեր (դրական և բացասական). բաղկացած է 2 խմբից: Յուրաքանչյուր խմբի միավորը տվյալ խմբում ներառված հույզերի միջինն է, իսկ որպես անհատի հույզերի միավոր` այդ 2 խմբի միավորների միջինը:
- Բավարարվածություն կյանքի բոլոր ոլորտներից. յուրաքանչյուր հարցվողի կյանքի ոլորտների բավարարվածության միավորների միջինն է:
Սուբյեկտիվ բարեկեցության միավորը յուրաքանչյուր հարցվողի կյանքի ոլորտներից բավարարվածության միավորների միջինի և նույն հարցվողի հույզերի միջին միավորի հանրագումարների միջինն է: Միավորը բերվում է 0-1 սանդղակի` այլ ցուցանիշների հետ համադրելիություն ապահովելու նպատակով: 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
4. Բավարարվածություն կյանքի սանդղակից: Բոլոր հարցվողների գնահատականների միջինների միջինն է, իսկ միավորը բերվում է 0-1 սանդղակի` այլ ցուցանիշների հետ համադրելիություն ապահովելու նպատակով:
Կատարելով վերը նշված բոլոր հարցումները, հաշվարկելով բոլոր ցուցանիշները, ենթացուցանիշները և դրանց բաղադրիչները, միավորելով ստացված բոլոր արդյունքները` կստանանք կյանքի որակի համապարփակ բնութագրիչ` բաղադրյալ ցուցանիշ: 
Տնտեսագիտական այնպիսի հասկացությունների հաշվարկը, ինչպիսիք են կենսամակարդակը, կյանքի որակը, հանրային ծառայությունների արդյունավետությունը և հասարակական բարիքի սպառման մակարդակը, հնարավոր չէ կատարել միօրինակ մոտեցումներով` օգտվելով միայն քանակական, թվաբանական բնութագրիչներից և վիճակագրական տվյալներից: Նման հասկացությունների ճշգրիտ բնութագրման համար անհրաժեշտ է կառուցել ցուցանիշների այնպիսի համակարգ, որը բաղկացած լինի ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ ցուցանիշներից, ինչպես վիճակագրական, այնպես էլ սոցհարցման տվյալներից, ինչպես տնտեսական, քաղաքական այնպես էլ սոցիալական և հոգեբանական պահանջմունքների բավարարման աստիճանից:
Վերլուծության ընթացքում պարզ դարձավ, որ մեկ ցուցանիշի օգնությամբ հնարավոր չէ ճշգրիտ բնութագրել կյանքի որակը: Անհրաժեշտ է կյանքի որակ արտահայտող ոլորտներից յուրաքանչյուրի համար հաշվարկել համապատասխան ցուցանիշներ (ենթացուցանիշներ)` դրանք միավորելով մեկ համապարփակ ցուցանիշում, որը մենք անվանեցինք կյանքի որակի բաղադրյալ ցուցանիշ:
Պարզվեց նաև, որ եթե մենք փորձենք կյանքի որակի բնութագիր տալ, օգտվելով այնպիսի ցուցանիշներից, ինչպիսիք են Ջինիի գործակիցը, բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն, դրամական եկամուտների բաշխումն ըստ քվանտիլային կամ դեցիլային խմբերի, նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը և նմանատիպ այլ` ոչ բաղադրյալ ցուցանիշներ, ապա մեր ստացած տվյալները, ճիշտ է, կբնութագրեն կյանքի որակը, սակայն չեն լինի համապարփակ և համընդգրկուն: Բաղադրյալ ցուցանիշը թույլ է տալիս անհատի կյանքի տարբեր միջավայրերը և դրանց գնահատման տարբեր մակարդակներն ու տեսանկյուններն արդյունավետորեն միավորել մեկ ցուցանիշում: Բաղադրյալ ցուցանիշների միջոցով հնարավոր է պարբերական ուսումնասիրություններով որոշակի երևույթների կամ փաստերի փոփոխության վարքագծի մշտադիտարկում իրականացնել: Հանրային քաղաքականության մշակման, վերանայման ու վերլուծության տեսակետից նման ցուցանիշներն այն արդյունավետ գործիքն են, որոնց միջոցով ուրվագծվում են միտումներն ու շեշտադրվում առանցքային հիմնահարցերը` այդպիսով կանխորոշելով քաղաքականության առաջնահերթությունները:
Ինչ վերաբերում է ՀՀ-ում կյանքի որակի գնահատման բաղադրյալ ցուցանիշների կիրառմանը, առաջարկում ենք օգտագործել բազմազանեցված/փոփոխված ցուցանիշներ` ելնելով երկրի ներդաշնակ զարգացման և ներառական տնտեսական աճի գնահատման անհրաժեշտությունից: Առաջարկում ենք բաղադրյալ ցուցանիշները բաժանել 4 խմբի`
1. Տնտեսական ոլորտը բնութագրող. հաշվարկվում է` ելնելով մակրո-, մեզո- և միկրոմակարդակներում տնտեսական ցուցանիշներից:
2. Սոցիալական ոլորտը բնութագրող, որը հաշվարկվում է վերը նշված եռամակարդակ բաժանման սոցիալական ցուցանիշների հիման վրա:
3. Քաղաքական/քաղաքացիական ոլորտը բնութագրող. հաշվարկվում է մակրոմակարդակի` ֆիզիկական ոլորտ և ինստիտուտներ, կայունություն և քաղաքացիական, էկզո-մեզոմակարդակի` շրջակա միջավայր, միկրոմակարդակի` հարաբերություններ և ձեռքբերումներ, քաղաքացիական ազատության ցուցանիշների հիման վրա:
4. Համապարփակ. վերը նշված ցուցանիշների կշռված միջին թվաբանական (կշիռները որոշվում են հարցումների ժամանակ բնակչության` յուրաքանչյուր ոլորտին տրված տեսակարար կշիռների հիման վրա):
Տվյալ ցուցանիշները հնարավորություն են ընձեռում կյանքի որակի վերլուծության ժամանակ գնահատելու համապատասխան ոլորտի ազդեցության չափը վերջնական արդյունքի վրա և սոցիալ-տնտեսական քաղաքականության մշակման համար որպես տեղեկատվական աղբյուր և չափանիշ են ծառայում: