Logo
Print this page

ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրներն ու դրանց լուծմանը նպաստող ժամանակակից գործոնները

ՄԻԽԱՅԻԼ ԹԱՎԱԴՅԱՆ
ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետ 
 
Հոդվածում քննարկվում են ներկա փուլում ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման
հիմնախնդիրները և  դրանց լուծմանը նպաստող ժամանակակից գործոնները: Մասնավորապես, արդի դարաշրջանում աշխարհի բոլոր երկրներում էլ մեծացել են տնտեսական զարգացման գործընթացների սոցիալական տեսանկյունների ուսումնասիրությունները: Քանի որ ՀՀ-ն համաշխարհային տնտեսության բաղկացուցիչ տարրերից մեկն է, ուստի գլոբալացման պայմաններում տեղի ունեցող վերափոխումները վերաբերում են նաև մեր երկրին: Տնտեսական համընդհանրացման սոցիալական հետևանքների ուսումնասիրությունները հրատապ են նաև ՀՀ պարագայում: Կարևոր նշանակություն են ստանում ֆինանսատնտեսական ճգնաժամերի, ներդրումների, «կապիտալի փախուստի», արտագաղթի, մրցունակության, նորամուծական զարգացումների վերլուծությունները:
 
Հիմնաբառեր. սոցիալ-տնտեսական զարգացում, օտարերկրյա ուղղակի ներդրումներ, մրցունակություն, մարդկային կապիտալ, նորամուծություն, համախառն կուտակում 
 
 
Արդի պայմաններում ցանկացած երկրի բուն նպատակը սոցիալապես կայուն տնտեսական աճի ապահովումն է, որն էլ ենթադրում է կառուցվածքային խոր վերափոխումներ: Փորձը ցույց է տալիս, որ սկզբնական շրջանում նշված գործընթացն ուղեկցվում է տնտեսական աճի տեմպերի դանդաղեցմամբ: Դրա վառ ապացույցն են անցյալ դարի 70-ական թթ. արևմտյան մի շարք երկրներում տեղի ունեցած համանման երևույթները: Դա բացատրվում է հետևյալ հանգամանքներով. գոյություն ունեցող տնտեսական ենթակա ռուցվածքների` առաջադրված տնտեսական խնդիրների լուծմանն անհամապատասխանությունը, ռեսուրսների սղությունը, նոր տեխնոլոգիաների օգտագործման անբավարար մակարդակը և այլն:
Պակաս դերակատարում չեն ունեցել նաև տնտեսական ու քաղաքական ռիսկերը` կապված էներգակիրների գների փոփոխությունների հետ: Ընդհանրապես, շուկայական տնտեսությանն անցման պայմաններում անխուսափելի են դառնում արմատական փոփոխությունները: Պետք է նշել, որ նոր տնտեսակարգի մարտահրավերների հաղթահարումը տարբեր երկրներում տարբեր տևողությամբ է կատարվում: Պատահական չէ, որ խորքային փոփոխություններ վերապրող հասարակությունը կայունացման կարիք է ունենում:
Ավելին, ազգային համաձայնության ձևավորումը բավականին տևական ժամանակ է պահանջում` անգամ տասնամյակներ: Բացի այդ, եթե երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար ճիշտ ուղղություն է ընտրված, ապա դա կնպաստի տնտեսական, մշակութային, սոցիալական զարգացած հասարակարգի ձևավորմանը:
Ներկայումս սոցիալ-տնտեսական զարգացման վրա ազդող գործոններից են գերտերությունների միջև ընթացող մրցակցային գործընթացները: Դա իր անմիջական հետևանքներն է ունենում նաև ՀՀ տնտեսության վրա: Հայտնի է, որ մրցակցությունը շուկայական տնտեսության կարևորագույն հատկանիշներից է: Իրականում դա դրսևորվում է տնտեսավարող սուբյեկտների միջև ընթացող պայքարով, որի հետևանքով յուրաքանչյուրի գործողությունն ուղղված է լինում ապրանքաշրջանառության պայմանների ներգործությանը: Յուրաքանչյուր մրցակից, օգտագործելով տարբեր տիպի անբարեխիղճ մեթոդներ, ձգտում է դաշտն ազատել մրցակիցներից: Ժամանակակից տնտեսագիտության տարբեր ուղղությունների ներկայացուցիչներ նշել են, որ մրցակցությունը ծնում է մենաշնորհներ: Այս իմաստով, գլխավոր շարժիչ ուժը դառնում է պարզ և կայուն տնտեսական հեռանկարներին ձգտելը, որի շնորհիվ էլ տնտեսական գործունեության համար կայուն հիմքեր են ձևավորվում: Նման ձևերով են ստեղծվել այն շուկայական կառուցվածքները, որոնք այժմ գերակշռում են առաջատար երկրների տնտեսություններում: Շուկայական այդ կառուցվածքին անցնելը արևմտյան երկրներից դարեր է պահանջել, որի ընթացքում մանրազնին մշակվել են համապատասխան տնտեսավարման կանոններ: Բացի դրանից, այս կամ այն շուկայի մենաշնորհային բնույթը որոշող քանակական չափորոշիչներից զատ, որոշվել են նաև, այսպես կոչված, ձեռնարկատիրական մենաշնորհները, երբ մեկ կամ մի քանի ֆիրմաներ շուկայում գերիշխող դիրք էին գրավում: Այսպիսով, մի կողմից` առկա են  բազմաթիվ ձևեր և եղանակներ ֆիրմաների կողմից մրցակցությունը սահմանափակելու համար, որոնք ձևականորեն մենաշնորհներ չեն, մյուս կողմից`  ֆիրմաները ձևական մենաշնորհներ են` հաշվի առնելով դրանց չափերն ու  շուկայի տիրապետման աստիճանը: Դրանք այնպիսի գնային քաղաքականություն են վարում, որն ապահովում է բավարար եկամուտներ, հետևաբար` արտացոլում է դրանց երկարաժամկետ շահերը` շուկային տիրապետելու իմաստով: Յուրաքանչյուր պետություն պետք է նպաստավոր պայմաններ ստեղծի ազատ մրցակցության համար, քանի որ մակրոմակարդակում մրցակցությունը գների և ծախսերի նվազեցման խթաններից է: Սակայն պետք է նշել, որ եթե հասարակության հիմնական զանգվածն օժտված չէ մրցակցային հարաբերությունների սոցիալական հոգեբանությամբ, ապա, վերափոխումները բավական դանդաղ կընթանան: Մյուս կողմից` եթե անգամ մրցակցային հարաբերություններն ավանդական են, ապա, միևնույն է, մրցակցությունն, ինչպես նաև դրա դերը երկրի տնտեսության զարգացման գործում սահմանափակ բնույթ է կրում:
Ակնհայտ է, որ շուկայական տնտեսության պայմաններում մրցակցային պայքարը տարբեր սուբյեկտների կողմից տարվում է տարբեր մակարդակներում: Ապրանքների մրցապայքարն այնպիսի նպատակներ է հետապնդում, որոնք տարբերվում են մրցակցող ֆիրմաների նպատակներից: Ի դեպ, երկրները միմյանց հետ մրցակցում են յուրահատուկ ձևերով. դրանց նպատակներն ու մեթոդները բացահայտ տարբերվում են ինչպես ապրանքային,  այնպես էլ ֆիրմաների մրցակցությունից: Հետևաբար, մի կողմից` մրցակցության յուրաքանչյուր մակարդակում լուծվում են տարբեր խնդիրներ, մյուս  կողմից` մրցակցության տարբեր մակարդակներն իրար հետ սերտ կապի մեջ  են: Վերոնշյալից կարելի է եզրակացնել, որ ապրանքների մրցակցությունը  սովորաբար լուծում է կարճաժամկետ խնդիրներ` դրանց անմիջական վաճառքի միջոցով, իսկ ֆիրմայի մրցակցությունը` միջին և երկարաժամկետ  խնդիրներ, որոնք կապված են ներդրումային ռեսուրսների ներգրավման  հետ: Ինչ վերաբերում է տարբեր երկրների միջև ընթացող մրցակցությանը, ապա դա լուծում է երկարաժամկետ, պատմական խնդիրներ, որով ապահովվում է ազգի գոյատևումն ու զարգացումը, սոցիոմշակութային արժեքների ստեղծումը: Այսպիսով` մրցակցային հարաբերությունների իրավական նորմերի ստեղծումը ենթադրում է մակրոմակարդակում առավելության ձեռքբերում: Այժմ տարածված է այն տեսակետը, որ երկրի մրցունակությունը ձևավորվում է որպես ապրանքների, ֆիրմաների մրցունակության ամբողջություն: Սակայն իրականում ապրանքների և ֆիրմաների մրցունակությունը ձևավորվում է ազգային արժեքների համակարգի և պատմական հենքի վրա:
Դրա շնորհիվ էլ ստեղծվում են ազգային տնտեսության կառուցվածքը, տնտեսավարման վարքագիծը, տնտեսության մասնագիտացումը և այլն: Մրցակցող սուբյեկտների նպատակները ձևավորվում են մի շարք գործոնների առկայության պայմաններում: Դրանցից կարևոր են ռեսուրսները, գործառնականը (առկա ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը) և ծրագրառազմավարականը: Առաջին երկուսը սերտորեն փոխկապված են, քանի որ ռեսուրսների առկայությունը միաժամանակ պահանջում է նաև դրանց արդյունավետ օգտագործում: Օրինակ` հիմնական արտադրական ֆոնդերի և որակյալ աշխատուժի առկայությունը հնարավորություն է տալիս ձեռնարկություններին ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու: Ինչ վերաբերում է երրորդ գործոնին, ապա այն հատուկ կարգավիճակ է ձեռք բերում, քանի որ ներկայիս մրցապայքարը բոլոր մակարդակներում վեր է ածվում ռազմավարական պայքարի, իսկ ռազմավարական բաղադրիչը մրցունակության կարևորագույն բնութագրիչն է:
Այսպիսով` մրցակցությունը գործառնական առավելությունների միայն մի մասն է: Դա լոկ սոցիալ-հոգեբանական խթանների ակտիվացման յուրահատուկ մեթոդ է, որը կապված է տնտեսական ոլորտում մրցակցության կազմակերպման հետ և նպաստում է ծախսերի ու գների իջեցմանը: Արդյունքում` բարձրանում է արտադրանքի մրցունակությունը: Տնտեսական մրցակցության վրա ազդող գործոնների բազմազանությունը կարելի է դասակարգել արտածին (որոնք որոշում են զարգացման համընդգրկուն միտումները), ինչպես նաև ներծին (որոնք արտացոլում են այս կամ այն տնտեսական համակարգի ազգային առանձնահատկությունները) տեսակների: Գաղտնիք չէ, որ ազգային տնտեսական համակարգերը փոխադարձ կապերի մեջ են համաշխարհային տնտեսական համակարգի հետ:
Եթե, օրինակ, հայաստանյան որևէ արտադրություն գործում է միայն հայրենական շուկայում և մոտ ապագայում մտադրություն չունի կատարելու միջազգային գործարքներ, այնուամենայնիվ, պետք է ուշադրություն դարձնի միջազգային մրցունակության մակարդակին, թեկուզ այն տեսանկյունից, որ երկրի ներսում կան գործող կամ էլ հայաստանյան ներքին շուկա ներթափանցելու ձգտում ունեցող արտասահմանյան ֆիրմաներ:
Փորձը ցույց է տալիս, որ համընդհանրացման պայմաններում ՀՀ տնտեսական համակարգի մրցունակության աստիճանի բարձրացումն անհնարին է առանց օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) ներգրավման ակտիվացման: Դրանով կլուծվի ոչ միայն հայրենական ներդրումային ռեսուրսների պակասուրդի խնդիրը, այլ նաև կապահովվի օտարերկրյա ժամանակակից տեխնոլոգիաների և սարքավորումների կիրառումը, արտադրության կառավարման և կազմակերպման առաջավոր մեթոդների ու ձևերի ներդրումը: Ներդրումային գործունեության խթանումն ու ներդրումային ակտիվության ապահովումը ցանկացած երկրի տնտեսության զարգացման ուղղություններից են: Ավելին, ներդրումային միջավայրի բարելավումը որպես հիմք է ծառայում ամենից առաջ սոցիալ-տնտեսական զարգացման համար: Այս համատեքստում նպատակահարմար է ընտրել և ուսումնասիրել ներդրումային գործունեության ակտիվացման իրական գործիքակազմերը:
Ներդրումային գործունեության ակտիվացման ցուցանիշներից է ՕՈՒՆ-ի ծավալը, որն արտացոլում է ներդրումային շուկայի բացությունը և ներդրումային միջավայրի գրավչությունը: ՀՀ վերոգրյալ ցուցանիշները ներկայացված են աղյուսակ 1-ում: 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Աղյուսակի տվյալներից պարզվում է, որ ՕՈՒՆ-ի զուտ հոսքերը վերջինտարիներին նվազել են, բայց դրանց տեսակարար կշիռը ակնառու փոփոխությունների չի ենթարկվել: Այդուհանդերձ, դրանք էականորեն նպաստում  են կենսամակարդակի բարձրացմանը: Բացի դրանից, վերլուծություններից պարզվում է, որ օտարերկրյա կապիտալով աշխատող ձեռնարկությունների  մրցակցային առավելություններից է ակտիվ ռազմավարության առկայությունը. այդ թվում` մարքեթինգային ոլորտը, ազգային, օտարերկրյա ֆինանսական ռեսուրսների, արդյունավետ կառավարման մեխանիզմների հասանելիությունը և այլն: Տեղին է նշել, որ նման ձեռնարկությունները նպաստում են  շուկայական ավանդույթների ձևավորման, տարածման և ձեռներեցության  կանոնների արմատավորման գործընթացներին: Մասնավորապես, խոսքը
վերաբերում է փոխհարաբերությունների այնպիսի նորմերի ձևավորմանն ու ամրապնդմանը, ինչպիսիք են գործավարության մեջ ազնվությունն ու կարգապահությունը, պայմանագրային պարտավորությունների կատարումը, ֆիրմայի հեղինակության բարձրացումը և այլն: Սակայն պետք է նշել, որ ՕՈՒՆ-ի դինամիկ հոսքը մեքենայաբար զբաղվածության աճ չի կարող ապահովել: Շատ հաճախ այն հակառակ արդյունք է ունենում, քանի որ, որպես  կանոն, օտարերկրյա կապիտալով ֆիրմաներում բավականին խնայողաբար
և արդյունավետ են օգտագործում աշխատանքային ռեսուրսները:
Զբաղվածության մակարդակի նվազեցումը փոխհատուցվում է զբաղվածների որակավորման և նրանց աշխատանքի արտադրողականության  բարձրացմամբ: Այսպիսով` ՕՈՒՆ-ի շնորհիվ մեծանում է ֆիրմայի ներդրումային ակտիվությունը, աճում են շահույթի արտադրական վերաներդրման  ծավալները: Նման տնտեսավարող սուբյեկտների կարևոր բնութագրիչներից  է արտաքին շուկաներում գործարքների ակտիվության բարձր մակարդակը:
Այսպես` օտարերկրյա կապիտալով գործող ֆիրմաների արտահանման  կողմնորոշվածությանը նպաստում են արտադրված արդյունքների բարձր  որակը և մրցունակությունը, մարքեթինգային առաջավոր մեթոդների կիրառումը և այլն: Գաղտնիք չէ, որ ներդրումային գործընթացների ակտիվացմանը մեծապես նպաստում է ՕՈՒՆ-ի ռիսկի ապահովագրման համակարգի ձևավորումը: Ներկա պայմաններում զարգացող երկրները ձգտում են մեծացնել ՕՈՒՆ-ի հոսքերը: Այդ նպատակով դիմում են մոնետարիստական քաղաքականության գործիքակազմի օգնությանը, սակայն վերջինս 20-րդ դարի ընթացքում անընդհատ փոփոխությունների է ենթարկվել: Ըստ որոշ տնտեսագետների` գործազրկության և սղաճի մակարդակների նվազումները երկու կարևոր, սակայն միմյանց հակասող երկարաժամկետ տնտեսական նպատակներ են: Զբաղվածության մակարդակի բարձրացման հիմնական եղանակը նոր աշխատատեղերի ստեղծումն է տնտեսական աճի բարձր տեմպերի պայմաններում, սակայն տնտեսական աճի բարձր տեմպերը կարող են առաջ բերել սղաճի բարձր տեմպեր:
ՕՈՒՆ-ի ներգրավման վրա ազդող գործոնները բազմազան են` սղաճի մակարդակը, աշխատողների որակավորումը, մրցակցությունը, քաղաքական կայունությունը, մակրոտնտեսական միջավայրի կայունությունը, սեփականության իրավունքի պաշտպանության համակարգը, շուկայի բացությունը, դրա ընդլայնման ներուժը և այլն: Վերոգրյալ գործոնները կարելի է դասակարգել արտաքին և ներքին խմբերի:
Արտաքին գործոնների շարքին է դասվում համաշխարհային տնտեսության ընդհանուր վիճակը, որն արտացոլում է այս կամ այն երկրում ներդրումների այլընտրանքային ծախսերը, մասնավորապես` մակրոտնտեսական ընդհանուր պայմանները, տոկոսադրույքները, արտարժույթի փոխանակային արժեքը: Եթե արժույթի փոխարժեքը ցածր է, ապա ՕՈՒՆ-ի հոսքերը դեպի որոշակի երկիր մեծանում են, քանի որ ֆիրմաները տեղական շուկաներից արտադրության գործոններ կարող են ձեռք բերել հարաբերականորեն էժան գներով: Բացի այդ, եթե ներդրում կատարող ֆիրման արտադրված արտադրանքը վերաարտահանում է ներքին շուկա, ապա բարձր գներով վաճառում է այն` մեծացնելով շահույթը: Այսպիսով` ազգային արժույթի թուլացումը խթանում է ՕՈՒՆ-ի ներհոսքը, եթե, իհարկե, կապիտալի շարժունությունը բացարձակ չէ: Սղաճի տեմպերի կարգավորման քաղաքականությունը կարելի է դիտարկել որպես ՕՈՒՆ-ի ներգրավման ներքին բաղադրիչ, որը կապված է տվյալ երկրում վարվող դրամավարկային քաղաքականության հետ: Այս ամենի հետևանքով նվազում է սղաճի տեմպը, և մակրոտնտեսական միջավայրն ավելի կայուն է դառնում: Սղաճի տեմպերի կարգավորման քաղաքականությունը միաժամանակ միավորում է մի քանի գործոններ, որոնք տեսականորեն դրական ազդեցություն են ունենում ՕՈՒՆ-ի ներհոսքի վրա:
Հաճախ մասնագետները հայտարարում են, որ ՀՀ զարգացման միակ ճիշտ ուղին նորամուծական մոդելների կիրառումն է: Մասնավորապես, նոր տեխնոլոգիաների և բարդ գիտատար արտադրությունների ստեղծման ու իրացման բարձր տեմպերը պետք է հիմնված լինեն զարգացած գիտական համալիրների վրա: Սակայն, մեր կարծիքով, այդ ամենով հանդերձ` բացառապես կարևոր է նորամուծական շահադրդումը, որը հնարավորություն կտա արձագանքելու շուկայում ձևավորված պահանջմունքներին: Դա ապահովվում է ոչ միայն նոր տեխնոլոգիաներով և յուրացման հնարավորություններով, այլ նաև դրանց անընդհատ կատարելագործմամբ: Տնտեսությունը կարող է նորամուծական լինել, եթե դրա բոլոր ոլորտներում տիրապետող է կոշտ մրցակցությանը դիմակայումը, նոր շուկաների հայտնաբերումն ու յուրացումը: Բացի նոր տեխնոլոգիաների յուրացումից, տնտեսությունը կարող է լինել նաև տարբերակված, ճկուն արտադրությամբ: Անկասկած, այս ամենը կախված է նաև մրցակցային իրավիճակից: Փորձը ցույց է տալիս, որ նորամուծությունն իրեն արդարացնում է, եթե թողարկվող արտադրանքի սպառումը ներքին շուկայում անընդհատ աճում է: Կան մի շարք երկրներ, որոնք գիտության բնագավառում առաջատար չեն համարվում, բայց նորամուծությունների ոլորտում բավական մեծ հաջողությունների են հասել. օրինակ` Բելգիան, Նիդեռլանդները, Ֆինլանդիան, Իսպանիան, Հարավային Կորեան, Թայվանը, Մալայզիան, որոնք ունեն համաշխարհային տնտեսությանն ինտեգրման բարձր տեմպեր: Շատ հաճախ դրանք իրենց աճի և որակի տեսակետից գերազանցում են մեծ գիտական ներուժ ունեցող երկրներին, մասնավորապես` ԱՄՆ-ին, Անգլիային, Գերմանիային և այլն: 
Որոշ դեպքերում, նորամուծական մոդելների կիրառման իմաստով, առանձին երկրներ ձգտում են ընդօրինակել զարգացած երկրների փորձը` առանց հաշվի առնելու ազգային առանձնահատկություններն ու շուկայական բարեփոխումների ավարտման աստիճանը: Ուստի կարելի է եզրակացնել, որ սոցիալ-տնտեսական զարգացման երկարաժամկետ նորամուծական ուղղությունների սկզբունքներն ու մեխանիզմները պետք է գիտականորեն հիմնավորված լինեն ու արտացոլեն երկրի ազգային շահերը: Ազգային տնտեսության զարգացման հիմնախնդիրները սերտորեն կապված են խորքային վերափոխումների հետ, որոնց արդյունքում տնտեսական համակարգն արմատապես նորացվում է: Նման երևույթները բնորոշ են աշխարհի բոլոր երկրներին, այդ թվում` ՀՀ-ին, բայց յուրաքանչյուր երկրում յուրովի են լուծվում առաջադրված խնդիրները: Որպես կանոն, բոլորի համար ընդհանուրն այն է, որ առաջացած հիմնախնդիրներն ունենում են սուր բնույթ և լուծում են պահանջում: Այս առումով, ՀՀ-ն չի կարող բացառություն կազմել: Պետք է ստեղծել զարգացման մի այնպիսի մոդել, որը կնպաստի մեր երկրի առաջընթացին:
Զարգացման արդի փուլի առանձնահատկություններից է նաև այն, որ ամբողջ աշխարհում տնտեսական կյանքն աստիճանաբար ավելի է քաղաքականացվում: Դրա վառ ապացույցն է այն, որ շուկաներն ավելի ներազդվում են քաղաքական, քան տնտեսական գործընթացներից: Այլ կերպ ասած` քաղաքական գործոնն աստիճանաբար ավելի է միջամտում տնտեսական քաղաքականությանը, և կարող ենք նշել, որ ինչ-որ առումներով էլ խանգարում է շուկայական մրցակցությանը. օրինակ` ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի կողմից զանազան պատժամիջոցների կիրառումը ՌԴ-ի, ԻԻՀ-ի կամ այլ երկրի նկատմամբ: Վերջին հաշվով, դա կհանգեցնի անհամաչափ զարգացման, հետևաբար` կխոչընդոտի տնտեսական աճին:
ՀՀ-ում 2017-ին իրականացված ներդրումային ծրագրերն ունեցել են ֆինանսավորման տարբեր աղբյուրներ` պետական, վարկային և դրամաշնորհային, ինչպես նաև մասնավոր, պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ` 856.5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով: Դրանց բաշխումն ըստ ֆինանսավորման աղբյուրների կարելի է ցույց տալ գծապատկերի միջոցով. 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սոցիալ-տնտեսական կայուն զարգացումը սերտորեն կապված է արտադրության գործոնների` հատկապես աշխատանքի և կապիտալի արտադրողականության բարձրացման հետ: Բնական է, որ դրա համար ներդրումներ են անհրաժեշտ` պետական և մասնավոր, ներքին և արտաքին: Դրանք պետք է դառնան տնտեսական աճի ապահովման հիմնական գրավականը: Ընդ որում, սրանք առավել կարևոր են, քան սպառման և արտահանման պահանջարկի աճն է: Այս տեսակետից կարևորվում են ներքին մասնավոր միջոցները, հետևաբար` անհրաժեշտ է ձեռնարկել այնպիսի միջոցառումներ, որոնք, խնայողությունների հետ միասին, կնպաստեն դրանք ներդրումների վերածելու գործընթացներին: Փորձը ցույց է տալիս, որ վերջին տարիներին բոլոր զարգացած երկրներում կայուն ձևով խնայողությունները գերազանցում են ներդրումները11: Այդ միտումը նկատվում է նաև հետխորհրդային երկրներում, ինչի մասին են վկայում նաև ներքոնշյալ աղյուսակում արտացոլված ԱՊՀ երկրների համախառն կուտակման և համախառն խնայողությունների վերաբերյալ ցուցանիշները: 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար կարևոր է բյուջետային քաղաքականությունը: Բյուջետային ծախսերի օպտիմալացումը ենթադրում է ցածր արդյունավետությամբ ծախսերի կրճատմամբ և եկամուտների հնարավորություններից ելնելով` ավելացնել առավել արդյունավետություն ապահովող ծախսերը, որոնք ուղղված կլինեն ՀՀ տնտեսության զարգացմանը: Առաջին հերթին նկատի են առնվում մարդկային կապիտալում կատարվող ներդրումները: Մարդկային կապիտալը, եթե աշխատանքի շուկայի կողմից առավելագույնս պահանջված է, օգտագործվում է ամբողջությամբ: 
Սակայն շատ հաճախ դժգոհություններ են արտահայտվում, որ աշխատանքի շուկայում չկան այս կամ այն մասնագիտությամբ որակյալ աշխատողներ: Առաջին հայացքից թվում է, թե դա առաջարկի հիմնախնդիր է և պետք է լուծվի լրացուցիչ կադրերի պատրաստման միջոցով, սակայն երևույթն իրականում այլ բացատրություն ունի: Գաղտնիք չէ, որ տնտեսության իրական հատվածում ինչ-որ պատճառներով շարունակում են գործել ցածր արդյունավետությամբ ֆիրմաներ: Ինչ խոսք, դրանք կարող են պետության համար մեծ նշանակություն ունենալ: Այս ֆիրմաները ստիպված են ցածր աշխատավարձ վճարել, որի պատճառով էլ կորցնում են իրենց որակյալ կադրերին:
Որպես հետևանք` բարձրաձայնում են մասնագետների պակասի մասին: Նման իրավիճակներում խնդիրը վերաբերում է աշխատանքի սահմանափակ պահանջարկին: Փաստորեն, մարդկային կապիտալին առավելություն է տրվում պահանջարկի անտեսման պայմաններում, ինչն այնքան էլ ռացիոնալ չէ: Հայտնի է, որ աշխատանքի նկատմամբ պահանջարկն ածանցվում է այդ աշխատանքով արտադրվող արդյունքների նկատմամբ պահանջարկից: Բացի դրանից, աշխատանքի պահանջարկը կախված է շուկայի
զարգացման մակարդակից. ոչ հաջողակ գործարար միջավայրում նոր ֆիրմաներ չեն ստեղծվում, իսկ գործողները չեն ընդլայնվում, բարդ արտադրանքներ չեն արտադրում: Այս ամբողջը պայմանավորում է տնտեսության պարզունակ կառուցվածքը, չեն օգտագործվում ժամանակակից բարդ ու գիտատար սարքավորումներ, տեխնոլոգիաներ: Արդյունքում` աշխատանքի պահանջարկի կառուցվածքում գերիշխող են դառնում ցածր որակավորում ունեցող աշխատողները: Եթե աշխատանքի շուկայում առաջարկը գերազանցում է պահանջարկը, ապա մարդկային կապիտալ կուտակած երկիրը, աշխատանքի արտադրողականության տեսակետից, հետին պլան է մղվում: Սա ենթադրում է ձեռք բերված գիտելիքների և ունակությունների անարդյունավետ օգտագործում: Նորդասական դպրոցի ներկայացուցիչները միշտ էլ
նշել են, որ առաջարկն ու պահանջարկն իրարից զատված չպետք է ուսումնասիրվեն: Փորձը ցույց է տալիս, որ ցանկացած երկրի կամ տարածաշրջանի զարգացումը պայմանավորված է դրանցում գիտության և գործարարության կենտրոնացմամբ: Այլ կերպ ասած` պետք են բուհեր և գիտահետազոտական կառույցներ, ընդ որում, առաջնային դերը պատկանում է բուհերին: Դա պայմանավորված է նրանով, որ բուհերում կենտրոնացած է հավակնություններ ունեցող երիտասարդությունը, որը ձգտում է ոչ միայն գիտելիքներ ձեռք բերել, այլ նաև բարձր եկամուտներ ստանալ: Դա հենց այն հզոր խթանն է, որը հանգեցնում է գիտելիքների առևտրայնացմանը: Ներկայումս տարածված է այն տեսակետը, որ համացանցի դարաշրջանում պարտադիր չէ կապիտալի և գիտական ներուժի տարածքային համակենտրոնացումը: Մեր կարծիքով`  դա այնքան էլ ճիշտ չէ: Բանն այն, որ ռիսկային ներդրումներ կատարողները միշտ ձգտում են լինել դրանց կողքին` գործերի ընթացքին հետևելու համար:
Դրա վառ ապացույցներից է ՏՏ ոլորտի բազմաթիվ մասնագետների Կալիֆոռնիա` Սիլիկոնյան հովիտ մեկնումը` անձամբ մասնակցելու շնորհանդեսներին. համացանցային շփումը նրանց չի բավարարում: 
Այսպիսով` ցանկացած երկրի, այդ թվում և ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման գործում կարևորվում է վերը նշված գործոնների ազդեցությունը: Քննարկված գործոնները սերտորեն փոխկապված են, հետևաբար` դրանց համատեղ փոխգործակցության շնորհիվ յուրաքանչյուր հիմնախնդիր հաջողությամբ իր լուծումը կստանա: 
 
 
kargavorum.am կայքից օգտվելուց ակտիվ հղումը պարտադիր է © 2021