Log in
updated 6:27 AM MSK, Aug 3, 2022

ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի իրավասությունները փոստային կապի բնագավառում

Փոստային կապի բնագավառում Հանձնաժողովն իրականացնում է.

● Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագների սահմանում: Հանձնաժողովը սահմանում և վերանայում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագները: Սահմանված սակագներն ուժի մեջ են մտնում որոշումն ընդունվելուց 30 օր հետո: Սակագների գործողության ժամկետը 6 ամսից պակաս չի կարող լինել, բացառությամբ այն դեպքի, երբ սահմանված սակագների մեծությունների՝ դատական կարգով բողոքարկման արդյունքում դատարանի վճռի հիման վրա Կարգավորող հանձնաժողովը ընդունում է սակագնի սահմանման վերաբերյալ նոր որոշում: ● Սակագների սահմանման և վերանայման կարգի սահմանում: Հանձնաժողովը սահմանում է Սակագների սահմանման և վերանայման կարգը, այդ առնչությամբ փոստային կապի ազգային օպերատորի կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը և ցանկը (հայտի փաթեթը): ● Երկարաժամկետ սակագին: Հանձնաժողովը կարող է սահմանել փոստային կապի ազգային օպերատորի կողմից մատուցվող փոստային կապի ունիվերսալ ծառայության երկարաժամկետ սակագին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ դրա ճշգրտման սկզբունքները: Սահմանված սակագինը կարող է արտահայտել ինչպես որոշակի թվային արժեք, այնպես էլ որոշակի մեծություններից կախված հաշվարկային բանաձև: ● Սակագնի վերանայում: Սահմանված սակագինը կարող է վերանայվել ինչպես փոստային կապի ազգային օպերատորի, այնպես էլ Կարգավորող հանձնաժողովի նախաձեռնությամբ: Կարգավորող հանձնաժողովը սակագինը վերանայում (վերահաստատում կամ փոփոխում) և որոշում է կայացնում փոստային կապի ազգային օպերատորի վերանայման հայտի փաթեթն ընդունելուց հետո՝ 45-օրյա ժամկետում: ● Հաշվետվությունների ներկայացում: Հանձնաժողովին հաշվետվություններ ներկայացնելու նպատակով Կարգավորող հանձնաժողովը փոստային կապի ազգային օպերատորի համար սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին, ազգային հաշվային պլանին և իրավական այլ ակտերին համապատասխանող հաշիվներ և ենթահաշիվներ: Փոստային կապի ազգային օպերատորը իր ֆինանսատնտեսական գործունեությանը վերաբերող հաշվետվությունները, այլ տեղեկատվությունը (անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթերով) ներկայացնում է Կարգավորող հանձնաժողով՝ վերջինիս սահմանած ձևերով և կարգով: ●Վերահսկողություն: Ներկայացված հաշվետվությունների ու տեղեկատվությունների հավաստիության ճշգրտման նպատակով Հանձնաժողովն իրավասու է իրականացնելու կամ կազմակերպելու ֆինանսատնտեսական գործունեության ուսումնասիրություններ՝ պահանջելով հիմնավորող անհրաժեշտ փաստաթղթեր: