Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Գևորգ Գրիգորյանի նախագահությամբ այսօր գումարվել է հանձնաժողովի հերթական նիստը:
Օրակարգի առաջին հարցով Հանձնաժողովը ուժը կորցրած է ճանաչել «ԼԵՎԵԼԷՆԵՐՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված «ԼՈՒՍԻՆ» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության գործունեության լիցենզիան։
«Ֆլեշ-Պլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման հատկանիշների վերաբերյալ հարուցված վարույթի շրջանակում գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկման համար համապատասխան տեղեկություններ ստանալու և վերլուծելու նպատակով, Հանձնաժողովը վարչական վարույթի ժամկետը 2022 թվականի հոկտեմբերի 13-ից երկարաձգել է 30 օր ժամկետով:
104,3 մեգահերց հաճախությամբ Արցախի Հանրապետության տարածքում ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզավորման մրցույթը, Հանձնաժողովը հայտարարել է չկայացած՝ հայտերի ընդունման համար սահմանված ժամանակահատվածում հայտեր չներկայացվելու հիմքով: