Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Ի գիտություն վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների

31 Հունվարի 2020
Ի գիտություն վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների՝
 
 
Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2020 թվականին՝ Նախագահական և Ազգային Ժողովի ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում, հատուկ ներդրված՝ ձայնի ու պատկերի գրանցման, պահպանման համակարգի միջոցով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի աջակցությամբ վերահսկողություն է իրականացվելու Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջներին համաձայն՝ վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստառադիոընկերությունների կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի, ինչպես նաև ընտրական օրենսդրության ու «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ԼՂՀ օրենքի պահանջների կատարման նկատմամբ:
 
Ելնելով վերոնշյալից՝ Հանձնաժողովը մեկ անգամ ևս պարզաբանում է, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ԼՂՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ ընտրությունների քարոզչությանը նախորդող ու դրանց անցկացման ժամանակաշրջանում հեռուստառադիոհաղորդումները հեռարձակվում են ընտրությունների մասին օրենսդրությանը համապատասխան: Նշված ժամանակահատվածում արգելվում է հեռուստառադիոընկերությունների կողմից հեռարձակել քաղաքական կամ այլ քարոզչական նյութ՝ տեղեկատվական, խմբագրական, փաստավավերագրական, հեղինակային կամ այլ հաղորդումների տեսքով: Նման հաղորդումների սփռումը հեռուստատեսությամբ պետք է ուղեկցվի էկրանի վրա պարտադիր անընդմեջ լուսագրով՝ «քաղաքական գովազդ» կամ «նախընտրական քարոզչական հաղորդում», ռադիոսփռման դեպքում՝ յուրաքանչյուր հաղորդման ընթացքում ոչ պակաս, քան երեք անգամ պետք է հիշեցվի դրա մասին:
 
Ընտրությունների քարոզչության ժամանակաշրջանում հեռուստառադիոընկերությունները հրապարակավ հայտնում են վճարովի քաղաքական գովազդի և քարոզչական այլ հաղորդումների՝ իրենց եթերաժամի արժեքը: Ցանկացողները վճարովի եթերաժամից օգտվում են պայմանագրային կարգով և հավասար պայմաններով:
 
Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի համաձայն՝ վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերություններն ու հեռուստաընկերությունները պարտավոր են պահպանել հետևյալ պահանջները.
 
- ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 10 օր հետո իրենց եթերով հրապարակում են իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը, որը չի կարող գերազանցել ընտրությունների նշանակմանը նախորդող վերջին վեց ամսվա համար առևտրային գովազդի միջին գինը և մինչև նախընտրական քարոզչության ավարտը չի կարող փոփոխվել,
 
- ընտրությունների ժամանակ Հանրապետության նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար ապահովել ոչ խտրական պայմաններ,
 
- լրատվական հաղորդումներում նախընտրական քարոզարշավի վերաբերյալ ներկայացնել անկողմնակալ և գնահատականներից զերծ տեղեկատվություն,
 
- նախընտրական քարոզչությունն իրականացվում է հեռուստաբանավեճերի, կլոր սեղանների, մամուլի ասուլիսների, հարցազրույցների, քաղաքական գովազդի և օրենքով չարգելված այլ ձևերով,
 
- արգելվում է նախընտրական քարոզչությանը վերաբերվող ռադիոհաղորդումներն և հեռուստառադիոհաղորդումներն ընդմիջել առևտրային գովազդով,
 
- Հանրապետության նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից միջոցառումներ չկազմակերպելը կամ այդ միջոցառումների մասին տեղեկատվության բացակայությունը հիմք չէ զանգվածային լրատվության միջոցների համար նրանց քարոզարշավի մասին տեղեկություններ չհրապարկելու համար,
 
- գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու պահից Հանրապետության նահագահի թեկնածուների, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) հետ ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների կնքած՝ նախընտրական քարոզչության նպատակով եթեր տրամադրելու պայամանագրերը համարվում են ուժը կորցրած, և դադարեցվում է նախընտրական քարոզչության նպատակով եթերի տրամադրումը:
 
Նախընտրական քարոզչությանը վերաբերող ռադիոհաղորդումները և հեռուստահաղորդումները վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնելիս ձայնագրվում և տեսագրվում են: Դրանք պահպանվում են մինչև ընտրվող մարմնի լիազորությունների ստանձնման օրը:
 
 
Նշված պահանջների խախտման համար «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ԼՂՀ օրենքի 49-րդ հոդվածով սահմանված է պատասխանատվություն: