Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Մրցունակություն, միջազգայնացում և արտաքին առևտուր

ԳՐԻԳՈՐ ՆԱԶԱՐՅԱՆ Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
 
Ծովային ելք չունեցող երկրների ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ, ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՈՒՄ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՈՒՐ 
միջազգային մրցունակության հիմնախնդիրները (ՀՀ օրինակով)
 
Հետազոտության թեմայի արդիականությունը: Գլոբալացման գործընթացները
փոխել են ենթակառուցվածքների վերաբերյալ ավանդական պատկերացումները: Տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավումը կարևորվում է ոչ միայն գործառնական ծախսերի կրճատման, այլև համաշխարհային շուկա մուտքի ապահովման և միջազգային առևտրի խթանման տեսանկյունից: Այլ կերպ` ենթակառուցվածքների զարգացումն առանցքային նշանակություն ունի երկրի մրցակցային առավելությունների ձեռքբերման գործում և հաճախ դիտարկվում է որպես ազգային տնտեսության մրցունակության գրավական: Հասարակության զարգացման գործում աշխարհագրական միջավայրն ունեցել և այժմ էլ ունի կարևոր նշանակություն: Չնայած տնտեսության գլոբալացումը և տնտեսական ինտեգրումը, ըստ էության, վերացնում են ազգային տնտեսությունների միջև վարչական սահմանները, և աշխարհը վաղուց դարձել է ամբողջական ու միասնական տարածություն, այդուհանդերձ առ այսօր շարունակում են մնալ և ապրանքի արժեքի վրա զգալի ազդեցություն ունենալ այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են ապրանքիթողարկման և մինչև շուկա` սպառողին հասցնելու փոխադրական ծախսերը: Այսինքն` վճռորոշ են դառնում շուկաների մերձությունը, դրանց ենթակառուցվածքների առկայությունը և հնարավորությունները, հարևանների հետ պատմականորեն ձևավորված հարաբերությունները, որոնք էլ կանխորոշում են ապրանքը սպառողին հասցնելու փոխադրման ձևի (օդային, ցամաքային, ծովային) ընտրությունը: Այդ տեսանկյունից` ցանկացած երկրի տնտեսության զարգացման կարևոր գործոնների շարքում առանձնահատուկ նշանակություն ունի տրանսպորտային բաղադրիչը: Տրանսպորտի միջոցով է ապահովվում վերարտադրության բոլոր փուլերի արդյունավետությունը: Տնտեսության զարգացման գործում տրանսպորտի դերն էլ ավելի է կարևորվում այն երկրների համար, որոնք չունեն ծովային սահման և որոշակի դժվարություններ են կրում համաշխարհային շուկա մտնելու և այդ շուկայի առավելություններից օգտվելու առումներով: Ծովեզերք չունեցող երկրների համար ապրանքների արտահանման և ներմուծման նպատակով մոտակա նավահանգիստ հասնելն ինքնին տնտեսական ու քաղաքական անբարենպաստ պայման է: Տարանցիկ ճանապարհներից կախվածությունն ավելացնում է գործառնական ծախսերը և նվազեցնում համաշխարհային շուկայում երկրի մրցունակությունը: Խոչընդոտում է ներդրումների ներգրավմանը և նվազեցնում ծովեզերք չունեցող երկրի՝ աշխատանքի միջազգային բաժանումից օգուտներ քաղելու հնարավորությունները: Դեռևս 1776թ. Ադամ Սմիթը Ասիայի և Աֆրիկայի ներմայրցամաքային տարածքները որակեց որպես աշխարհի ամենաթույլ զարգացած շրջաններ: Ա.Սմիթի վերլուծությունները հիմնված էին մեծ հեռավորություններով ցամաքային փոխադրումների իրականացման դժվարությունների վրա, ինչը, չնայած բարձր տեխնոլոգիական ձեռքբերումներին, պահպանվում է նաև ներկայում: Ա.Սմիթը, սակայն, այս երկրների թույլ զարգացվածությունը կապում էր այն խնդիրների հետ, որոնք առաջանում էին տարանցիկ երկրների տարածքով բեռների փոխադրման ժամանակ՝ հատկապես կարևորելով քաղաքական կանխամտածվածության խնդիրները: Մոտ մեկ ու կես դար է անցել, սակայն այս երկրները աշխարհում շարունակում են համարվել առանձնահատուկ խոցելի երկրներ: Սույն հետազոտության նպատակը ծովային ելք չունեցող երկրների միջազգային մրցունակության ներքին և արտաքին մարտահրավերների բացահայտման, դրանց վերլուծության, մրցակցային առավելությունների գնահատման հիման վրա համալիր մոտեցումների և առաջարկների մշակումն է, որոնց գործնական կիրառումը կնպաստի Հայաստանի Հանրապետության մրցունակության ներուժի իրացմանը և թույլ կողմերի զարգացման հա- մալիր առաջարկությունների մշակմանը: Այդ նպատակի իրագործման համար կարևորում ենք հետևյալ խնդիրների լուծումը. 
- Հիմք ընդունելով Մ.Պորտերի մրցակցային առավելությունների տեսության հիմնարար դրույթները, մասնավորապես՝ «մրցակցային ադամանդի» և մրցունակության 3 փուլերի՝ ռեսուրսների, արդյունավետության և նորարարությունների համադրական վերլուծությունը, մեր կողմից փորձել տեսական այդ դրույթները համադրել Համաշխարհային տնտեսական ֆորումի, Մենեջմենթի եվրոպական ինստիտուտի, ՀԲ և ՎԶԵԲ-ի մրցունակության գնահատման մեթոդաբանական մոտեցումների հետ: Մեր կարծիքով` ակնկալվող արդյունքը. մրցունակության գնահատման՝ տարբեր կազմակերպությունների առաջարկած մեթոդաբանությունների հիման վրա ընդհանրացնել միջազգային մրցունակություն կատեգորիայի առավել բնութագրական կողմերը: 
- Ստեղծվել է ծովային ելք չունեցող երկրների մրցունակությունը բնութագրող տվյալների բազա, որը հնարավորություն է տվել առանձնացնելու այդ երկրներին բնորոշ մրցակցային առանձնահատուկ խնդիրները և թերությունները, ինչը հետագայում հիմք պետք է դառնա նրանց զարգացման առաջնահերթություններն ամրագրելու համար:
- Արտահանման կազմի, կառուցվածքի, աշխարհագրության և ապրանք/երկիր կտրվածքով վերլուծությունների հիման վրա կգնահատվի ՀՀ առևտրային կազմակերպությունների արտահանման հիմնական ներուժը, իսկ հարցումների արդյունքով սահմանված՝ հայրենական կազմակերպությունների արտահանման հիմնական շարժառիթների, արտահանման բնագավառում կիրառվող հիմնական ռազմավարությունների, արտահանման հիմնական խոչընդոտների վերլուծության հիման վրա` ՀՀ-ում արտահանման խթանման քաղաքականության արդյունավետությունը: 
- Միջազգային մրցունակության բաղադրիչների հաշվառմամբ և շուրջ 15 տարվա դիմնամիկայի հետազոտությամբ ընտրվել է ցուցանիշների խումբ, ըստ որի կգնահատվի տարածաշրջանային ինտեգրման գործընթացների (ՄՄ) խորացման ազդեցությունը ՀՀ տնտեսության մրցունակության վրա: