Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման արդի միտումները համաշխարհային տնտեսությունում

ԳՐԻԳՈՐ ՆԱԶԱՐՅԱՆ տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ՀՊՏՀ 
ԳՈՒՐԳԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ
 
 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՐԴԻ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ 
 
Հիմնաբառեր. տեղեկատվական տեխնոլոգիաներ, ճապոնական գիտահետազոտական համակարգ, ամերիկյան գիտահետազոտական մոդել
 
Միջազգային ՏՀՏ ոլորտի ձևավորումն, ըստ էության, պայմանավորված է ԱՄՆ-ի տնտեսության զարգացմամբ, քանի որ թե՛ առաջին անհատական համակարգիչները, թե՛ ինտերնետը` որպես այդպիսին, և թե՛ անդրանիկ մասնավոր μարձր տեխնոլոգիական ընկերությունները ստեղծվել են այդ երկրում: ԱՄՆ-ի ՏՀՏ ոլորտի ձևավորման ու զարգացման վրա մեծ ազդեցություն է ունեցել հատկապես «Սիլիկոնային հովիտը», որի պատմությունն սկզբնավորվում է Սթենֆորդի համալսարանից (Կալիֆոռնիա): Այն հիմնադրվել է 1891 թ. և այսօր ԱՄՆ-ի լավագույն համալսարաններից է: 20-րդ դարի 20-ական թթ. պրո- ֆեսոր Ֆրեդերիկ Թերմանի աջակցությամբ, ով համարվում է «Սիլիկոնային հովտի» հայրը, լավագույն ուսանողները համալսարանին կից կազմակերպեցին ընկերություններ: Ու. Հյուլեթթը և Դ. Պաքքարդը 1937թ. հիմնադրեցին «Հյուլեթթ Պաքքարդ» ընկերությունը, որն այժմ աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի առաջատարներից է: Թերմանի մեծագույն ներդրումն այն էր, որ կանխեց Սթենֆորդի համալսարանի կարող ուսանողների արտահոսքը Կալիֆոռնիայից, որը դեռ μավարար զարգացած նահանգ չէր: Արդեն 1957թ. ստեղծվեց «Fairchaild Semicondactor» ընկերությունը, որը դարձավ միկրոպրոցեսորներ արտադրող ներկայիս գերհսկա կորպորացիաների նախահայրը: Միկրոպրոցեսորների հիման վրա նախագծվեց Apple 1 համակարգիչը, ապա նաև` Apple 2-ը, որոնք էլ առևտրային առումով առաջին հաջողված միկրոհամակարգիչներն էին: Դրանք ստեղծեցին երկու երիտասարդ` Սթիվ Վոզնյակը և Սթիվ Ջոբսը: Apple Computers-ը, որը նախագծվեց 1976թ. 91 հազար դոլար դրամագլխով, 1982 թ. արդեն իր վաճառքի ծավալները հասցրեց 583 մլն դոլարի, իսկ 1981 թ. IBM-ը ներկայացրեց միկրոհամակարգչի սեփական տարμերակը, որն անվանեց «անհատական համակարգիչ»: Անհատական համակարգիչների ծրագրային ապահովումն իրագործեցին Բիլ Գեյթսը և Փոլ Ալենը: Գիտակցելով ծրագրային ապահովման միջոցների, հատկապես օպերացիոն համակարգերի զարգացման ներուժը` նրանք հիմնեցին Microsoft ընկերությունը, որն այժմ տվյալ ոլորտի հսկան է աշխարհում, իսկ Բիլ Գեյթսը դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ երկրին անհրաժեշտ էր ապահովել տնտեսական արագ աճ, համալսարանն առաջ քաշեց բարձր տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծման գաղափարը և 1951թ. հիմնադրեց Սթենֆորդի Արդյունաμերական պարկը: Մի քանի խոշոր ընկերություններ (Varian Associates, General Electric, Eastman Kodak) շատ արագ պայմանագրեր կնքեցին` հաստատվելով այդտեղ: ԱՄՆ-ում, 1995թ.-ից սկսած, բարձր տեխնոլոգիաների ոլորտը քառակի արագ է զարգանում, քան տնտեսության մյուս ճյուղերը: Ոլորտում առաջատարը տեղեկատվական տեխնոլոգիաներն են, և ԱՄՆ-ում մասնավոր հատվածի ներդրումների 40%-ը XX դարի վերջին μաժին էր ընկնում դրանց: Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների բուռն զարգացումն ԱՄՆ-ում և դրանով պայմանավորված տնտեսական առաջընթացը կարծես թե դրդեցին այլ երկրների` հետևողական լինել բարձր տեխնոլոգիաների զարգացման հարցում: 1985թ. կազմավորվեց եվրոպական «Էվրիկա» գործակալությունը, որն սկսեց ուղղորդել և համակարգել ԵՄ անդամ երկրների ԲՏ ոլորտի գործունեությունը: «Էվրիկա»  ծրագիրը եվրոպական գիտատեխնիկական ինտեգրման և կառավարման ծրագիր է, որի հիմքում դրված է հետևյալ գաղափարը. «Կազմակերպական և ֆինանսական արդյունավետ համակարգի ստեղծմամբ խթանել մասնակից երկրների գիտության ու մասնավոր բիզնեսի ներկայացուցիչների միջև համագործակցությունը` նպատակ ունենալով ակտիվացնելու ԲՏ μնագավառում նորամուծական գործընթացը»: Բացի դրանից, գործակալությունը մշտապես զբաղվում է միջազգային մակարդակով մասնավոր ներդրումների ներգրավմամբ: Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զբաղվածության բարձր ցուցանիշ և բարձր կենսամակարդակ ունեցող առաջատար երկրները, մեծամասամբ, ԵՄ անդամներն են (Շվեդիա, Մեծ Բրիտանիա, Իռլանդիա, Ֆինլանդիա և այլն): «Էվրիկայի» հետազոտություններն առանցքային ուղղություններով իրականացվում են բժշկության,բիոտեխնոլոգիայի, տրանսպորտի և կապի, էներգետիկայի, շրջակա միջավայրի, լազերային տեխնոլոգիաների, նոր նյութերի, աշխատանքի ավտոմատացման ոլորտներում: Ծրագրի հաջողության հիմնական գործոնը գործակալությանը ներկայացվող առաջարկների արագ մշակումն էր, որ կառույցի բոլոր մակարդակներով կատարվում էր ապակենտրոնացված: ՏՀՏ ոլորտի զարգացման մեջ մեծ ներդրում է ունեցել նաև Ճապոնիան: Ճապոնական ընկերությունների հաջողությունը պայմանավորված էր նրանց կարողությամբ` գործել հետևողական ու երկարաժամկետ ծրագրերով և, միաժամանակ, սերտ կապի մեջ մտնել բանկերի ու սպառողների հետ: Այդ ռազմավարությունը ճապոնացիներին ապահովեց աննախադեպ հաջողություն` միջազգային մրցակցության մեջ: Ճապոնական բարձր տեխնոլոգիական ամենահզոր 9 ընկերությունները (Matsushita, Sanyo, Sharp, Sony, Fujitsy, Hitachi, Mitsubishi, NEC, Toshiba) հաջողության հասան շարունակական նորարարության, մեկը մյուսի հետ մշտական մրցակցության ու համագործակցության շնորհիվ: Եթե ԱՄՆ-ում և Իսրայելում, կորպորացիաների հետ, նոր տեխնոլոգիաների ու գյուտերի ֆինանսավորման մեջ մեծ է վենչուրային կապիտալի ներդրումը, ապա Ճապոնիայում դրանք հիմնականում ֆինանսավորվում են խոշոր ընկերությունների` Կեիրետցուների (Keiretsu) կողմից: Կապիտալի մեկ այլ աղբյուր են բանկերը, որոնք, ի տարբերություն ԱՄՆ-ի (և Հայաստանի), իրավունք ունեն սեփական մասնաբաժին ունենալու մասնավոր ընկերություններում և անհրաժեշտության դեպքում դրանց ապահովում են կապիտալով: Ճապոնական գիտական համակարգում առավել, քան որևէ երկրում, կարևորվում է գիտության ու մասնավոր ընկերությունների կապը: Այդ մոտեցումն ամրագրված է երկրի կառավարության կառուցվածքում և օրենսդրության մեջ: Ճապոնիայի կրթության, մշակույթի, գիտության և տեխնոլոգիայի նախարարության կազմում են հետևյալ 3 գործակալությունները, որոնք անմիջականորեն պատասխանատու են գիտության ու տեխնոլոգիաների բնագավառում պետական ռազմավարության գործադրման համար. 
- Գործակալություն, որ խթանում է մեծածավալ հետազոտություններ միջուկային էներգիայի, օվկիանոսագիտության, տիեզերաբանության, սեյսմոլոգիայի և այլ բնագավառներում: 
- Գիտության և տեխնոլոգիայի գործակալություն. պատասխանատու է գիտության ու ԲՏ ոլորտներում գործնական քաղաքականության մշակման համար: Կատարում է նաև գիտական ծրագրերի գնահատում, խրախուսում է գիտնականների միջազգային համագործակցությունը, զբաղվում միջուկային հետազոտությունների անվտանգության հարցերով: 
- Հետազոտությունների խրախուսման գործակալություն. նպաստում է գիտական տարբեր ուղղությունների համատեղ ուսումնասիրություններին` միտված նորարարությանն ու արտադրության մեջ դրանց ներդրմանը, ինչպես նաև` մասնավոր սեկտորի, գիտության և կառավարման մարմինների համագործակցությանը: 
Գիտության և հետազոտական համակարգի կազմակերպման ճապոնական մոդելն ենթադրում է պետական միջամտության μարձր աստիճան. խրախուսվում է համագործակցությունն ինչպես գիտական հիմնարկների, այնպես էլ դրանց և մասնավոր հատվածի ու կառավարական մարմինների միջև: ՀՀ ՏՀՏ ոլորտի զարգացման համար հատկապես ուսանելի է Իսրայելի փորձը: Իսրայելը բարձր տեխնոլոգիական զարգացած տնտեսությամբ երկրի լավագույն օրինակ է: Արդեն վեց տասնամյակ, իր անկախության ձեռքբերման առաջին իսկ պահից, նա գտնվում է քաղաքական ու ռազմական լարված վիճակում` Արաբա-Իսրայելական հակամարտության կողմերից մեկն է: Սակայն այդ խնդիրը չի խանգարում հաջողությամμ իրականացնելու ԲՏ զարգացումը և դրանց հիման վրա ստեղծելու հզոր արդյունաբերություն: 2002-2008 թթ. տնտեսության վիճակի միջինացված տվյալների համաձայն` այս երկրում աշխատուժի արտադրողականության (ՀՆԱ/աշխատուժ) տարեկան աճը կազմել է 2,2, իսկ ԲՏ ոլորտի մասնաբաժինն ամբողջի մեջ` 6,2%: Սա ամենաբարձր ցուցանիշն է աշխարհում, և հիմնականում ԽՍՀՄ-ից լայնածավալ ներգաղթի հետևանք է: Կարճ ժամանակում ձեռք բերած հաջողությունները բազմաթիվ դրական գործոնների համադրման արդյունք են: Դրանց շարքում առանձնահատուկ դեր են ունեցել ԱՄՆ-ի կողմից 1949-2001 թթ. տրամադրված մոտ 84,3 մլրդ դոլարի օգնությունը և տնտեսական հատուկ հարաբերությունները: 2007 թ. Իսրայելի արտահանած արտադրանքի 37,4%-ը բաժին է ընկել ԱՄՆ-ին, ներկրած արտադրանքի 19,8%-ն ԱՄՆ-ից է : Մեծ նշանակություն է ունեցել նաև հրեական սփյուռքի օգնությունը: Այդ սփյուռքի մոտ 300 կազմակերպություններ, հիմնադրամներ և այլ կառույցներ, որոնք մշտապես սատարել են Իսրայելի կայացմանը, օժանդակել են գիտության ու ԲՏ զարգացմանը, երկրի գիտատար տնտեսության ստեղծմանը: Համաձայն Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային միության տվյալների` 2001-2005 թթ. ոլորտում կատարվող ծախսերն ավելացել են 8,9%-ով` կազմելով համաշխարհային ՀՆԱ 6,8%-ը: Հարկ է նշել այն հանգամանքը, որ առաջատար 50 ֆիրմաները հիմնականում եվրոպական (Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ), հյուսիսամերիկյան (ԱՄՆ, Կանադա) և Ասիա-խաղաղօվկիանոսյան (Ճապոնիա, Կորեա, Չինաստան, Սինգապուր) երկրների ռեզիդենտներ են: Միաժամանակ, դինամիկ կերպով աճում են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների արտահանման ծավալները: Եթե 1996թ. դրանք կազմում էին համաշխարհային արտահանման ծավալի միայն 13%-ը, ապա 2005թ.` 15: Այդ ընթացքում համաշխարհային արտահանման ծավալի աճը կազմել է 94%, այն դեպքում, երμ տեղեկատվական տեխնոլոգիաների արտահանման ծավալներն աճել էին 116%-ով: Նկատելի է նաև, որ վերջին տարիներին տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային շուկան դադարել է զարգացած երկրների «մենաշնորհը» լինելուց, և զարգացման հիմնական շեշտադրումն այն է, որ զարգացող երկրները լարված մրցակցություն են առաջացնում համաշխարհային մակարդակով: Մինչև 2003թ. ԱՄՆ-ը տեղեկատվական տեխնոլոգիաներ արտահանող միանձնյա առաջատար երկիրն էր, սակայն 2004թ. Չինաստանը նրանից առաջ անցավ: 1996-2006թթ. տեղեկատվական տեխնոլոգիաների արտահանումը Չինաստանից աճել է տարեկան մոտավորապես 36%-ով: Եթե Չինաստանի ՏՀՏ ոլորտի արտահանման ծավալները 1996թ. ընդամենը 19 մլրդ դոլար արժողությամբ էին, ապա 2006թ.` 299 մլրդ: Տեղեկատվական տեխնոլոգիաներ արտահանող առաջատարներ են նաև այնպիսի զարգացող երկրներ, ինչպիսիք են` Կորեան, Թայվանը, Մալայզիան, Թայլանդը, Ֆիլիպինները և Մեքսիկան: Այսպիսով` վերջին տարիներին տեղեկատվական տեխնոլոգիաների արտադրությունն աճ է արձանագրում և՛ զարգացած, և՛ զարգացող, և՛ անցումային տնտեսությամμ երկրներում, ինչն էլ նպաստավոր պայմաններ է ստեղծում տեղեկատվական-ցանցային տնտեսության զարգացման համար համաշխարհային մակարդակով: Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) զարգացմամբ պայմանավորված` ԱՄՆ-ի տնտեսության առաջընթացն աշխարհի երկրներին ստիպեց հետևողական լինել բարձր տեխնոլոգիաների հարցում: Առանձնահատուկ ուշադրության են արժանի ՏՀՏ ոլորտում ճապոնական ընկերությունների հաջողությունները` շնորհիվ հետևողական ու երկարաժամկետ ծրագրերի իրականացման: Հոդվածում դիտարկվող ժամանակամիջոցի զարգացումները ցույց են տալիս, որ տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային շուկան դադարել է զարգացած երկրների «մենաշնորհը» լինելուց, քանի որ դրանք արտահանող առաջատարների շարքին են ներկայում դասվում այնպիսի զարգացող երկրներ, ինչպիսիք են` Հարավային Կորեան, Թայվանը, Մալայզիան, Թայլանդը, Ֆիլիպինները և Մեքսիկան, որոնց փորձն ուսանելի է ՀՀ տնտեսության համար: