Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնների վերլուծությունը

ԻՇԽԱՆ ՏԻԳՐԱՆՅԱՆ
ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոն
 
ՀԱՅԿԱԶ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
 ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոն
 ՔՆԱՐԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
 ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոն
 ԳԱՅԱՆԵ ԱՎԱԳՅԱՆ
 ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոն
Աշխարհում տնտեսական աճի տեմպերը դանդաղել են
, և ճգնաժամի երկրորդ ալիքը սպառնացող վտանգ է ինչպես զարգացող, այնպես էլ զարգացած երկրների համար: Նման պայմաններում տնտեսական աճի հիմնախնդիրը արդիական է, և կարևորվում է տնտեսական աճի խթանման արդյունավետ մեխանիզմների որոնումը:Յուրաքանչյուր ժամանակաշրջան, չթերագնահատելով նախորդի գիտական հաջողությունները, առաջադրում է տնտեսական աճ ապահովելու կամ աճն արագացնելու ուրույն լուծումներ: ՀՀ տնտեսական աճը մեծապես պայմանավորված է ամբողջական պահանջարկի բաղկացուցիչների տատանումներով, իրական և ֆինանսական հատվածների  փոխգործակցության աստիճանով: Հոդվածում մատնանշվել են ՀՀ տնտեսական աճի վրա ազդող հիմնական գործոնները, էկոնոմետրիկ (տնտեսաչափական)  մոդելների կիրառմամբ գնահատվել է դրանց ազդեցության չափը: 
 
Հիմնաբառեր. տնտեսական աճ, գործոն, մոդելավորում, պատճառահետևանքային կապեր, տնային տնտեսությունների սպառում, համախառն կուտակում, արտահանում, վարկեր, ավանդներ, ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդներ, բյուջեի եկամուտներ և ծախսեր 
 
Տնտեսական աճի վրա ազդող գործոնները տնտեսագետների ուշադրության կենտրոնում են եղել դարեր շարունակ: Տնտեսավարման եղանակների,  ինչպես նաև ժամանակի ընթացքում տարբեր տնտեսությունների կողմից  ընդունված որոշումների զանազանությունը, գիտության և տեխնիկայի առաջանցիկ տեմպերով զարգացումը ստիպում են տնտեսագետներին հասկանալ,  որ ժամանակի ընթացքում փոխվում են հրող ուժերը, հետևաբար  նաև տնտեսական աճը պայմանավորող ու դրա վրա ազդող գործոնները: Տնտեսական աճի գործոնները վերլուծվել են դեռևս Չ. Կոբի և Պ. Դուգլասի աշխատանքներում, որոնցում տնտեսական աճի գործոններ են համարվել  հեղինակային արտադրական ֆունկցիայի տարրերը: Այնուհետև Քոփելենդն առաջարկել է տնտեսական աճի կառուցվածքի գնահատման համար  օգտագործել ազգային հաշիվների մոդելը և արտադրության գործոնների  իրական ծախսերի հաշվեկշիռը: Արտադրության գործոնների ամբողջական արտադրողականության գնահատման առաջին փորձերն առաջարկվել են  Թինբերգենի և Ստիգլերի աշխատանքներում: Առավել լայն տարածում են գտել այս բնագավառում Սոլոուի, Քենդրիկի, Դենիսոնի, Գրիլիխեսի ու Ջորգենսոնի աշխատանքները:Տնտեսական աճի աղբյուրների բացահայտման սկզբնական ուսումնասիրություններում, այդ թվում Սոլոուի և Քենդրիկի աշխատանքներում, արտադրողականության աճը դիտարկվում էր որպես տնտեսական աճի գլխավոր աղբյուր:
Տնտեսական աճի գործոնային վերլուծության մեջ հատկապես կարևորվում  ու բարձր են գնահատվում գիտատեխնիկական գործոնի գնահատման  Սոլոուի և Դենիսոնի մոտեցումները։ Դենիսոնը կիրառել է «տնտեսական  աճի մնացորդային գործոն» հասկացությունը` նկատի ունենալով աշխատանքից, կապիտալից և հողից բացի մյուս բոլոր, մասնավորապես` գիտատեխնիկական  առաջընթացով պայմանավորված գործոնների ներգործությունը  տնտեսական աճի վրա։ Նոբելյան մրցանակակիր Ռոբերտ Լուկասն առաջարկել է տնտեսական  աճի գործոնների` անցումային երկրների պարագայում նպատակահարմար  իր դասակարգումը. առաջին խմբում ներառվել են այն գործոնները, որոնք ազդում են տնտեսական աճի վրա խնայողության նորմի փոփոխության միջոցով (քանակական գործոններ), երկրորդ խմբում` այն գործոնները, որոնք ազդում են ներդրումների արդյունավետության վրա (որակական գործոններ): Տնտեսագիտության տեսության մեջ լայն տարածում է ստացել արտադրության երեքգործոնային տեսությունը: Այս տեսության հետագա վերլուծությունների ժամանակ արտադրության գործոններն ստացան ավելի լայն մեկնաբանություն:
 
Տնտեսական աճի և աճի վրա ազդող գործոնները փոխկապակցված են  և միահյուսված: Արդյունքում` տնտեսական աճի վրա ազդող կամ աճն ապահովող այս կամ այն գործոնի բաժինը հստակ որոշել գործնականում հնարավոր չէ: Բոլոր այս խոշոր գործոններն ունեն հավաքական բնույթ և բաղկացած են մանր տարրերից: Տնտեսական զարգացման տարբեր փուլերում  առաջնային դերում հանդես է եկել այդ գործոններից որևէ մեկը: Մինչարդյունաբերական տնտեսության շրջանում այդպիսի գործոն էր հողը, իսկ արդյունաբերական  դարաշրջանում զարգացում թելադրող գործոն դարձավ կապիտալի  կուտակումը: Տնտեսական զարգացում ապահովելու մեխանիզմի մեջ  նորամուծությունների դերը նույնպես կախված էր տնտեսական աճի որոշակի փուլից: Նորամուծությունները միշտ եղել են արտադրության կատարելագործման հիմքում և ապահովել են դրա էվոլյուցիոն զարգացումը: Եվ  որքան ինտենսիվ էր բարձրանում արտադրողական ուժերի զարգացման  մակարդակը, այնքան մեծ նշանակություն էին ձեռք բերում նորամուծությունները  տնտեսական աճի ապահովման մեխանիզմում: Իսկ հետարդյունաբերական տնտեսական համակարգին անցման պայմաններում նորամուծությունները  դառնում են տնտեսական զարգացման գլխավոր աղբյուրը: Յուրաքանչյուր մոդել, որը զարգացնում է տնտեսական աճի որևէ գործոնի  ազդեցության բավականաչափ նեղ տեսանկյուն, հեռանում է տնտեսական աճի բազային (այդ թվում` նորդասական) և ներծին (էնդոգեն) մոդելներից: Առավել նոր մոդելները կարևորում են ԳՏԱ և մարդկային կապիտալի  գործոնը` փորձելով մոդելավորել ԳՏԱ գործընթացները և մարդկային կապիտալի ազդեցությունը տնտեսական աճի վրա: Սակայն վեճերը մինչ օրս էլ շարունակվում են և դժվար թե դադարեն, քանզի միշտ էլ կգտնվեն երկրներ  (ինչպես օրինակ` ասիական նորարդյունաբերական երկրները), որոնց աճի  շարժընթացը կզարմացնի տնտեսագետներին: Տնտեսական աճը միայն կապիտալի կուտակումով բացատրողները, որոնց կարելի է անվանել «համոզված կուտակողներ», կպնդեն, որ տնտեսական աճը միանշանակորեն պայմանավորված  է ներդրումների մեծությամբ, և որ յուրաքանչյուր երկիր կարող  է կրկնել նորարդյունաբերական երկրների հաջողությունը: Տնտեսական աճը  տեխնոլոգիական առաջընթացով և ձեռներեցության բարձր հակվածությամբ բացատրող ծայրահեղ «յուրացնողները» կպնդեն, որ կարևորը ձեռներեցությունն է, գործնական ուսուցումը, տեխնոլոգիաների յուրացումը, իսկ եթե  կապիտալի կուտակումը տեղի է ունենում վերոհիշյալ գործոնների թույլ զարգացվածության ֆոնի վրա, ապա արագ տնտեսական աճ չի կարող լինել: Տնտեսական աճի գործոնների հարցում, մեր կարծիքով, ճիշտ է ավելի  կենտրոնամետ մոտեցում ցուցաբերելը, քանի որ տնտեսական աճի բոլոր տեսություններն էլ ունեն նշանակալի արդյունքներ: Պարզապես տնտեսական աճը քննարկելիս անհրաժեշտ է ելնել ոչ միայն մեկ` որոշակի մոդելից,  այլ ցուցաբերել վերլուծական մոտեցում` գոյություն ունեցող մոդելները հարմարեցնելով  ուսումնասիրվող երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին և  տնտեսական զարգացման նպատակով առաջադրված խնդիրներին: Հետևապես` վերջինիս վրա ազդող գործոնները փորձառական (էմպիրիկ) ճանապարհով ի հայտ բերելը կարևորագույն խնդիր է: Այդ նպատակով առաջարկվում է իրականացնել տնտեսական աճի ուսումնասիրություն էկոնոմետրիկ մոդելի շրջանակում:
Տնտեսական աճը բնութագրելու նպատակով սույն աշխատանքում դիտարկվել  է ՀՆԱ իրական ծավալի ինդեքսը (նախորդ տարվա համապատասխան  եռամսյակի նկատմամբ) 2001−2017 թթ. առաջին եռամսյակների ընթացքում: Վերջինիս շարժընթացը ներկայացված է ստորև:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ՀՆԱ իրական ծավալի ինդեքսը գտնվել է [80.26, 119.22] միջակայքում:  Նվազագույն մակարդակը արձանագրվել է 2009 թ. երրորդ եռամսյակում`  80.26, որը պայմանավորված էր ֆինանսատնտեսական ճգնաժամով: Փաստորեն,  տնտեսությունը 2009 թ. երրորդ եռամսյակում անկում է ապրել շուրջ  19.74%-ով: Տնտեսական աճի առավելագույն մակարդակը արձանագրվել է  2006 թ. երկրորդ եռամսյակում` 119.22 կամ 19.22%: 2001−2016 թթ. եռամսյակային  ժամանակահատվածում ՀՆԱ իրական ծավալի ինդեքսը միջինում  եղել է 107.11, որը նշանակում է, որ միջինում 7.11% տնտեսական աճ է  ապահովվել: Իհարկե, տնտեսական աճ արձանագրելը դրական երևույթ է,  սակայն մտահոգիչը վերջինիս աճի դանդաղեցումն է, որը դիտվում է 2016 թ. երկրորդ եռամսյակում: Նման տնտեսական վարքագիծը արտացոլում է  վարվող ոչ համապատասխան և ոչ հասցեական տնտեսական քաղաքականության` մեր ժամանակների իրավիճակը: Տնտեսական աճի վրա ազդեցություն են ունենում և՛ ամբողջական առաջարկը, և՛ ամբողջական պահանջարկը նկարագրող բազմաթիվ գործոններ:  Մենք առանձնացրել ենք ոչ թե ցուցանիշների բացարձակ մեծությունները, այլ վերջիններիս աճի տեմպերը: Այսինքն` մեզ համար կարևոր է դիտարկել ոչ թե ինչպես է, օրինակ, սպառման ծավալն ազդում ՀՆԱ իրական ծավալի  ինդեքսի վրա, այլ` թե սպառման փոփոխության արագությունը ինչ ազդեցություն  է ունենում տնտեսական աճ վրա: Հարցն այս տեսանկյունից դիտարկելն  ունի մի շարք առավելություններ.
1. Նախևառաջ հնարավորություն է ստեղծվում ուսումնասիրելու դիտարկվելիք  տնտեսական ցուցանիշների փոփոխության արագությունը, որի բարձր տեմպեր ապահովելը շատ ավելի բարդ գործընթաց է: Սակայն նշված ցուցանիշների մասով բարձր աճի տեմպեր ապահովելը էական հետևանք է ունենում տնտեսական ողջ համակարգի վրա:
2. Տնտեսական աճը իրական ՀՆԱ փոփոխության արագությունն է, հետևաբար` տնտեսական աճի վրա նշված ցուցանիշների փոփոխության արագությունների ազդեցության դիտարկումը առավել հեռանկարային մոտեցում է:
Մոդելի փոփոխականների ընտրության սկզբունքները  Փոփոխականների ընտրության համար ուսումնասիրվել է ծավալուն գրականություն տնտեսական աճի մոդելների կիրառության օրինակներով: Ուշադրությունից դուրս չեն մնացել ՀՀ տնտեսական աճի` նախկինում արված  գործոնային վերլուծության արդյունքները: Ուսումնասիրված գրականության հիման վրա ընտրել ենք 7 փոփոխական, որոնք առավել էական են ՀՀ տնտեսական աճի ապահովման տեսանկյունից: Ընտրված ցուցանիշները  միավորվել են 2 խմբում և տարբեր էկոնոմետրիկ ծրագրերում. աշխատանքի  դյուրացման համար կատարվել են ընտրված ցուցանիշների նշանակումներ:  Առանձնացրել ենք տնտեսության իրական և ֆինանսական հատվածները նկարագրող հետևյալ գործոնները` 
1. Իրական հատված. տնային տնտեսությունների սպառման (CNMG), հիմնական կապիտալում համախառն կուտակման (INVFCG) և արտահանման (EXPG) իրական ծավալների ինդեքսները:
2. Ֆինանսական հատվածի գործոններ. ռեզիդենտներին տրված վարկերի ծավալի(RLG), ռեզիդենտներից ներգրավված ավանդների ծավալի (RSG), ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդների ծավալի (NRSG), բյուջեի եկամուտների և ծախսերի տարբերության ծավալի (BDG) աճի տեմպերը: Տնտեսության նշված հատվածները նկարագրող գործոնների միջոցով տնտեսական աճի վերլուծությունն էլ ավելի խորացված է, որի արդյունքները կարող են կիրառվել նշված հատվածների փոխգործակցությանը և համահունչ զարգացմանը նպաստող տնտեսական քաղաքականության մշակման և  իրականացման գործընթացում:
Էապես ազդեցիկ գործոնների առանձնացման նպատակով իրականացվել է նշված գործոնների և տնտեսական աճի միջև կոռելյացիոն վերլուծություն, որի արդյունքները ամփոփված են ստորև բերված աղյուսակում.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ընդ որում, դիտարկվել է 2003 թ. առաջին եռամսյակից մինչև 2016 թ.  երկրորդ եռամսյակն ընկած ժամանակահատվածը: (1) մոդելը գնահատվել է փոքրագույն քառակուսիների եղանակով:  Ստացված արդյունքները վկայում են, որ առկա են մի շարք խնդիրներ: Մասնավորապես` որոշ գործոններ նշանակալի չեն, մոդելում առկա է հետերոսկեդաստիկություն և ավտոկոռելյացիա: Նշված երևույթներից զերծ մնալու համար նախևառաջ դիտարկվել է բոլոր փոփոխական-շարքերի ստացիոնարության խնդիրը: Դրվել է Դիքի-Ֆուլերի թեստը յուրաքանչյուր շարքի համար: Ստացված արդյունքները ցույց են տվել, որ բոլոր շարքերը ոչ ստացիոնար են, և մոդելում հարկ է դրանք դիտարկել կրկնակի տարբերություններով: Ավտոկոռելյացիան բացառելու նպատակով մոդելում ուսումնասիրվել է  տնտեսական աճի նախորդ եռամսյակի ազդեցությունը տվյալ եռամսյակի վրա: Մոդելի որակական հատկանիշները լավացնելու նպատակով որոշ բացատրող փոփոխականներ դիտարկվել են լագերով: Արդյունքում ստացվել է հետևյալ մոդելը. 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Գնահատված մոդելը բարձր որակի է, քանի որ բոլոր որակական ցուցանիշները համապատասխանում են էկոնոմետրիկայի չափանիշներին:
Մոդելում ավտոկոռելյացիա չկա, եղել է հետերոսկեդաստիկություն, որը հաշվի է առնվել համապատասխան գործակիցների ստանդարտ սխալները ներկայացնելով Նևյե-Վեսթի կառուցվածքով: Բոլոր գործակիցները, բացի ազատ անդամից, նշանակալի են: (3) մոդելում կատարելով որոշակի ձևափոխություններ` կստանանք վերջնական գնահատված հետևյալ մոդելը. 
 
 
 
 
 
(4) որտեղն տնտեսական աճի կանխատեսվող արժեքն է t-րդ եռամսյակում:
Մոդելի (գործակիցների) տնտեսագիտական մեկնաբանությունը 
- Առանձնացված բոլոր գործոնները նշանակալիորեն ազդում են տնտեսական աճի վրա, բացառությամբ` ռեզիդենտներին տրամադրած վարկերի ծավալի աճի տեմպի:
- Տնային տնտեսությունների` տվյալ եռամսյակի սպառման իրական ծավալի ինդեքսը դրականորեն է ազդում տնտեսական աճի վրա:
Մասնավորապես` սպառման 1% աճը, այլ հավասար պայմաններում, հանգեցնում է միջինում տնտեսական աճի մոտավորապես 0.3% աճի:
- Տվյալ եռամսյակի համախառն կուտակման իրական ծավալի ինդեքսի 1% աճը, այլ հավասար պայմաններում, հանգեցնում է միջինում 0.2% տնտեսական աճի:
- Ռեզիդենտներից և ոչ ռեզիդենտներից հավաքագրված ավանդների աճի տեմպերն ազդում են տարբեր լագերով և տարբեր կերպ: Մասնավորապես` ռեզիդենտներից ներգրավված ավանդների աճի տեմպի 1%-ով աճը տվյալ եռամսյակում, այլ հավասար պայմաններում, կհանգեցնի հաջորդ եռամսյակի մոտավորապես 0.15% տնտեսական աճի: Սակայն ոչ ռեզիդենտներից ստացված ավանդների աճի տեմպը հանգեցնում է հաջորդ երկու եռամսյակ հետո տնտեսական աճի անկման` մոտ 0.05%-ով: 
- Արտահանման իրական ծավալի ինդեքսը ազդում է դրականորեն, սակայն երեք լագ ուշացումով: Այսինքն` եթե տվյալ եռամսյակում արտահանման իրական ծավալի ինդեքսը աճի 1%-ով, ապա ՀՆԱ իրական ծավալը, այլ հավասար պայմաններում, երեք եռամսյակ հետո միջինում կաճի 0.09%-ով:
- Եթե տվյալ եռամսյակում տեղի է ունեցել բյուջեի ավելցուկի ցուցանիշի տեմպի աճ 1%-ով, ապա, այլ հավասար պայմաններում, սա կհանգեցնի տնտեսական աճի 0.002%-ով` 4 եռամսյակ հետո: Եթե տվյալ եռամսյակում տեղի է ունեցել բյուջեի պակասուրդի աճ 1%-ով, ապա 4 եռամսյակ հետո կնկատվի տնտեսական աճի անկում միջինում 0.002%-ով: 
- Տնտեսության պարբերաշրջանային բնույթով պայմանավորված` նախորդ եռամսյակի տնտեսական աճի 1% աճը հանգեցնում է տվյալ եռամսյակի տնտեսական աճի անկման` 0.36%-ով: