Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Արևելյան Ասիայի ուղեղային կենտրոնները

Հետազոտական խմբի ղեկավար`
ՎԱՐԴԱՆ ԱԹՈՅԱՆ
տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
 
Հետազոտական խմբի անդամներ`
ՍՈՖՅԱ ՕՀԱՆՅԱՆ
փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ
 
ԱՐՓԻՆԵ ՄԱԼՔՋՅԱՆ
ԵՊՀ սոցիալական փիլիսոփայության և
բարոյագիտության ամբիոն
 
 
Չինաստանի ուղեղային կենտրոնները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՊՏՀ «Ամբերդ»  հետազոտական կենտրոնի «Ազգային անվտանգության հետազոտություններ» ծրագրի շրջանակներում 2016 թ. «Ամբերդ»  մատենաշարով հրատարակվել է «Չինաստանի ուղեղային կենտրոնները» ամփոփ հետազոտությունը, այս աշխատանքի շրջանակներում չենք  անդրադառնա դրանց: Միայն նշենք, որ Չինաստանն ուղեղային կենտրոնների  քանակով աշխարհում երկրորդ տեղում է և զիջում է միայն ԱՄՆ-ին,  ինչը, մեր կարծիքով, պայմանավորված է ՉԺՀ ղեկավարության քաղաքական  ծրագրերի, հայեցակարգերի և ոլորտի նկատմամբ մոտեցումների փոփոխություններով, որը նպաստում է ոչ միայն երկրում ուղեղային կենտրոնների  քանակական աճին, այլև հանրային քաղաքականության գործընթացներում  վերջիններիս դերակատարության մակարդակի բարձրացմանը:
Ճապոնիայի ուղեղային կենտրոնները: Պատմության ընթացքում Ճապոնիայի  ուղեղային կենտրոններն ունեցել են զարգացման երկու փուլ: 1970-ական թթ. դրանց վերելքը կապված էր երկրում արագացված տնտեսական  աճի երկրորդ, իսկ 80-ական թթ.` կայուն աճի շրջանի հետ: Մշակելով տնտեսական զարգացման արագացված ծրագիր` կառավարությունը հենվում էր ուղեղային կենտրոնների` որպես ենթակա կազմակերպությունների վրա. վերջիններս ապահովում էին որոշումների ընդունմանն անհրաժեշտ հիմնային հետազոտություններ:
Գլխավոր ուղեղային կենտրոնները կորպորացիաների ստեղծած շահութաբեր կազմակերպություններ են, որոնց տիպական ներկայացուցիչներն են  Նոմուրա (Nomura Research Institute, 1965) և Միթսուբիշի հետազոտական  ինստիտուտները (The Mitsubishi Research Institute, 1970): Բացի այդ, շատ ուղեղային կենտրոններ ստեղծվում են նախարարությունների, տեղական հանրային կազմակերպությունների նախաձեռնությամբ: Աշխարհագրական  առումով, դրանք կենտրոնացած են Տոկիոյում. հետազոտողների 80%-ը և հետազոտությունների  90%-ն այստեղ են: Ուղեղային կենտրոնների անկախ հետազոտությունները  մոտ 18% են, մինչդեռ պատվիրվածները հասնում են  80%-ի: Պատվիրված հետազոտություններ իրականացնող ուղեղային կենտրոնները պարտադրված են իրենց հաշվետվություններում արտացոլելու  պատվիրատուների կամքը, ինչը փոքրացնում է հանրային-քաղաքական նախագծեր  առաջարկելու նրանց հնարավորությունը. բոլոր հետազոտությունների միայն 22%-ն է հրատարակվում հանրային լայն շրջանակների համար: Այդպիսի իրավիճակը որոշակի անհավասարակշռություն է ստեղծում  հետազոտությունների ոլորտների բաշխման մեջ: Հիմնական հետազոտական  գործունեությունն առնչվում է կորպորատիվ օպտիմալ ռազմավարությունների վերլուծությանն ու մշակմանը, և միայն դրա փոքր մասն է նվիրված  միջազգային կյանքին, կենսակերպին ու շրջակա միջավայրի խնդիրներին:  Աննշան է խոշոր հիմնադրամների, ընկերությունների ու մասնավոր անձանց  կողմից ֆինանսավորվող ուղեղային կենտրոնների թիվը: Դրանց մեծամասնության հետազոտական դաշտը նեղ է, քանի որ ենթարկվում են կառավարական  ու կորպորատիվ կառույցներին: Նրանց գործունեության մեջ գերակշռում են կարճաժամկետ հետազոտությունները, հետևաբար՝ նման ուղեղային կենտրոնները չեն կարող ընդգրկվել երկարաժամկետ միջգիտակարգային  նախագծերում: