Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Եվրոպայի ուղեղային կենտրոնները

Հետազոտական խմբի ղեկավար`
ՎԱՐԴԱՆ ԱԹՈՅԱՆ
տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հետազոտական խմբի անդամներ`
ՍՈՖՅԱ ՕՀԱՆՅԱՆ
փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ
ԱՐՓԻՆԵ ՄԱԼՔՋՅԱՆ
ԵՊՀ սոցիալական փիլիսոփայության և բարոյագիտության ամբիոն
 
Եվրոպայի ուղեղային կենտրոններն
առաջացել են ավելի վաղ շրջանում, քան ԱՄՆ-ինը: Առաջին վերլուծական կառույցը, որը գործում էր միջազգային հարաբերությունների և անվտանգության ոլորտում, Մեծ Բրիտանիայի Միացյալ ծառայությունների թագավորական ինստիտուտն է (Royal United Services Institute) ստեղծված 1831 թ.:
Եվրոպական ուղեղային կենտրոնների հետազոտությունների կենտրոնական ու ամենագրավիչ թեման եվրոպական նախագիծն է` ինտեգրացման  հիմնախնդիրները: Թեմաների շրջանակը հետևյալն է.
- սահմանադրական և եվրոպական իրավունքի հարցեր,
- ԵՄ ընդլայնման հարց,
- ներքին հարաբերություններ և առևտրային քաղաքականություն,
- անվտանգություն և պաշտպանություն,
- տնտեսություն և ֆինանսադրամական խնդիրներ,
- շրջակա միջավայր,
- սոցիալական քաղաքականություն,
- զարգացման քաղաքականություն և մարդու իրավունքներ,
- արդյունաբերական քաղաքականություն,
- մշակույթ և կրթություն,
- տրանսպորտային քաղաքականություն,
- տեղեկատվական հասարակություն և տեխնոլոգիական զարգացում,
- հանրության ներսում ազգային շահերի արտացոլում:
Այս կառույցների ազդեցությունը եվրոպական քաղաքականության վրա որոշակիորեն սահմանափակ է, ինչը պայմանավորված է դրանց գործունեության հանդեպ ուշադրության պակասով, որը հաճախ բխում է պետական ծառայության համաեվրոպական բյուրոկրատական ավանդույթներից, հետազոտական նեղ §օրակարգից¦, հետազոտություններում նոր գիտական մեթոդների աստիճանական ներդրումից և ակադեմիական չեզոքությունից:
Եվրոպական վերլուծական կառույցների (այդ թվում` ակադեմիական)  գործունեության ուսումնասիրություններից պարզ է դառնում, որ, բացի եվրոպական թեմատիկայից, հետաքրքրություն են ներկայացնում ռազմավարական կայունության, մերձավորարևելյան և ասիական տարածաշրջանների, Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի և հետխորհրդային պետությունների  զարգացման հիմնական միտումների հետ կապված խնդիրները:  Մեծ Բրիտանիայի ուղեղային կենտրոնները: Մեծ Բրիտանիայում անկախ, շահույթ չհետապնդող ուղեղային կենտրոնները գոյություն ունեն ավելի քան 100 տարի: Այստեղ ևս դրանց էվոլյուցիան ընթանում է հանրության շրջանում հեղինակության նվաճման ուղղությամբ: Միաժամանակ, այս  երկրի քաղաքական մշակույթի ինքնատիպությունը պետական ապարատի ավելի ուժեղ ու հիմնավոր դերն է. վերջինս լիովին հասցրել է իշխանության կենտրոնական մարմինները պաշտպանել նոր գաղափարների ու ծրագրերի  անցանկալի ներթափանցումից: Մեծ Բրիտանիայի ուղեղային կենտրոնները,  ԱՄՆ-ի համեմատ, բախվում են գործառնության ավելի կոշտ ֆինանսական ու քաղաքական-գաղափարախոսական պայմանների հետ. այստեղ  տարածությունը կուսակցությունների ու հոսանքների միջև շատ ավելի  հստակորեն է ընդգծված: 
Մինչև 70-ական թթ. բրիտանական ուղեղային կենտրոններն աչքի էին  ընկնում ակադեմիականությամբ և որևէ ուժի պատկանելության բացակայությամբ: Դրանցից որոշները մերժում էին իրենց գործունեության բոլոր գաղափարախոսական շարժառիթները` պնդելով առաջարկվող քաղաքական երաշխավորությունների օգտակարությունը և գործնականությունը: Դրանցից էին The Policy Studies Institute-ը և National Institute for Social and Economic Research-ը (NIESR): Նրանք նախընտրում էին քաղաքական գործընթացի  հանդեպ անաչառ, ռացիոնալ մոտեցումը: Միջազգային հարաբերությունների ոլորտում մասնագիտացած կենտրոններից էր Չաթմ Հաուսը` Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտը (Chatham House –The Royal Institute of International Affairs, 1920), որի գործունեության նպատակն
էր քաղաքական կարևոր միտումների ու մարտահրավերների քննարկման հնարավորության տրամադրումը: Մինչ այժմ էլ կենտրոնի փորձագետների կատարած անկախ հետազոտությունները նախատեսված են արտաքին  քաղաքականության հարցերի վերաբերյալ նոր գաղափարների ու մոտեցումների  մշակման համար և հասցեագրված են պետության ղեկավարներին: 
Մեծ Բրիտանիայի հնագույն ուղեղային կենտրոններից մեկը` The Fabian  Society-ն (1884), փորձում էր միավորվել սոցիալական շարժմանը: Տնտեսական  գործերի ինստիտուտը (The Institute of Economic Affairs - IEA) աշխարհում  հայտնի է որպես հնագույն շուկայամետ ուղեղային կենտրոններից մեկը:
Ստեղծված լինելով 1955 թ., որպես հակաֆաբիանական հանրություն, այն դարձավ տնտեսական ու սոցիալական քաղաքականության մեջ քեյնսական հայացքների գերիշխանության §պատասխանը¦:
Մասնագիտացված գործունեություն ծավալող հետազոտական կենտրոններից  են Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը  (International Institute for Strategic Studies, 1958) և Էմնեսթի Ինտերնեշնլը  (Amnesty International, 1961): Առաջինի հետաքրքրությունների շրջանակը ներառում է ռազմաքաղաքական բախումների հարցերը, մասնավորապես՝ միջուկային զենքի տարածման  կանխարգելման և սպառազինությունների վերահսկողության խնդիրները: Երկրորդը, ուշադրություն  հրավիրելով մարդու իրավունքների խախտումների վրա և հանդես գալով միջազգային չափորոշիչների պահպանման օգտին, նախաձեռնում է այնպիսի հետազոտությունների ու  գործողությունների անցկացում, որոնք ուղղված են ֆիզիկական ու հոգեբանական անձեռնմխելիության իրավունքների խախտումների կանխարգելմանն ու դադարեցմանը, խղճի և ինքնարտահայտման ազատությանը: 1970-ական թթ. Մեծ Բրիտանիայում ստեղծվեցին շուրջ 30 անկախ ինստիտուտներ, որոնք մեծ ուշադրություն էին հատկացնում իրենց գաղափարների մարքեթինգին և մոտեցումների պաշտպանությանը: Ամրապնդելով կապերը ԶԼՄ-ների հետ և ստեղծելով սեփական ցանցերը պետական աշխատողների, գործարարների, քաղաքական գործիչների, արհմիությունների ներկայացուցիչների և քաղաքական գործընթացի այլ դերակատարների հետ` նրանք համապատասխանեցրին իրենց արտադրանքը հանրային քաղաքականության պրակտիկ պահանջներին: Հին ինստիտուտների ոճով ակադեմիական երկարաժամկետ հետազոտություններ կատարելու փոխարեն՝ ուղեղային կենտրոնները սկսեցին վերամշակել ու ներկայացնել գոյություն ունեցող հետազոտական արտադրանքը համառոտ հաշվետվությունների, զեկույցների կամ մամուլում հրապարակված մեկնաբանությունների տեսքով, ինչը լավագույնս բնորոշվում է «քաղաքականության ձեռնարկատերեր» (Policy entrepreneurs)   արտահայտությամբ: Շատ նոր կառույցներ կարողացան հանդես գալ ազդեցիկ գաղափարախոսությամբ, որոնցից էին մասնավորապես՝ Քաղաքական հետազոտությունների կենտրոնը (The Centre for Policy Studies - CPS) և Հանրային քաղաքականության հետազոտությունների ինստիտուտը (The Institute for Public Policy Research - IPPR), որոնք սերտ կապեր ունեն համապատասխանաբար՝ պահպանողական ու լեյբորիստական կուսակցությունների հետ:
1980-ական թթ. առավել հայտնի դարձան «նոր աջ» շարժման ուղեղային կենտրոնները` The IEA-ը, The CPS-ը, The Adam Smith Institute-ը (ASI), ինչպես նաև ավելի փոքր կազմակերպություններ՝ The David Hume Institute-ը և The Social Affairs Unit-ը: 1990-ական թթ. կեսերին հիմնադրվեցին մի շարք ուղեղային կենտրոններ, որոնց մեջ՝ Աշխատանքի իրավունքի ինստիտուտը (The Institute of Employment Rights), որը, «նոր աջերի»  հայտնվելով պայմանավորված, զբաղվում է գաղափարախոսական անհավասարակշռության վերականգնմամբ: Այդ ընթացքում հիմնադրվեց IPPR-ը ակադեմիական, գործարար ու արհմիութենական շարժման առանցքային կերպարների կողմից «աջերի» ինտելեկտուալ տիրապետության հաղթահարման համար: Երբեմն դրանք անվանվում էին pink tanks (վարդագույն կենտրոններ` ի տարբերություն ուղեղային կենտրոնների), քանի որ ավելի թույլ կապեր ունեին սոցիալական քաղաքականության հետ` չնայած լեյբորիստական կողմնորոշմանը: Սոցիալական շուկայի հիմնադրամը (The Social Market Foundation) ինչպես ձախ, այնպես էլ աջ դիրքորոշման էր և հանդես էր գալիս կոմունիտար (սոցիետար) հայացքներով և սոցիալական շուկայի տնտեսության գաղափարախոսությամբ: Նախկին պահպանողական նախարար Ջոն Ռեդվուդը (John Redwood) ստեղծեց սեփական ուղեղային կենտրոնը` The Conservative 2000 Foundation-ը, որի անմիջական խնդիրն էր պահպանողական կուսակցության մտածելակերպի վրա ազդեցությունը: Այդ կազմակերպությունը ներառված է իրավական ուղղվածության ուղեղային կենտրոնների միջազգային ցանցում: Նոր ուղեղային կենտրոններից շատերն ունեն հատուկ, մասնագիտացված կողմնորոշում, մասնավորապես՝ 
• շրջակա միջավայրի պաշտպանություն (The International Institute for Environment and Development, The Institute for European Environmental Policy, Earth Resources Research), 
• սոցիալական կողմնորոշում (The Centre for Policy on Ageing, The Family Policy Studies Centre),
• սոցիալական ու էթնիկ փոքրամասնությունների հարցեր (The Arab Research Centre), 
• գործարար շահեր (Public Finance Foundation, The Foundation for Manufacturing and Industry): 
Մեծ Բրիտանիայում ուղեղային կենտրոնների մեծամասնությունը ջանում է լինել կորպորատիվ ու այլ շահերից անկախ: Դրանք ստեղծվում են որպես բարեգործական կազմակերպություններ և ձգտում ընդարձակել ֆինանսավորման աղբյուրների շրջանակը՝ ինտելեկտուալ ամբողջականության պահպանման նպատակով: Թեև անկախ ուղեղային կենտրոնները բազմաթիվ են, սակայն դրանց ազդեցությունը նվազագույն չափով է դրսևորվում, որի պատճառները բազմաթիվ են.
1. Քաղաքական գործիչների դիրքորոշումներ: Որոշ ինստիտուտներ ձգտում են առաջադրել պետական քաղաքականության ձևավորման, ներդրման ու օրինականության հարցեր, մինչդեռ պետական ու քաղաքական գործիչները ոչ միշտ են հանդուրժում խոցելի կողմերի հռչակումը՝ ուղեղային կենտրոնները հաճախ դիտարկելով որպես  սիրողական կազմակերպություններ: Բացի այդ, Մեծ Բրիտանիայի կառավարման մշակույթն ու ինստիտուցիոնալ կառուցվածքը թույլ  չեն տալիս պետական քաղաքականության հարցերի դիտարկմանը  լայնորեն ներգրավել անկախ փորձագետների: Քաղաքական գործիչները  ժամանակ չունեն անգամ կարդալու ամենահայտնի ուղեղային կենտրոնների տրամադրած հաշվետվություններն ու գրքերը,  խորհրդակցելու հատուկ ոլորտների առաջատար փորձագետների հետ, իսկ որոշ ուղեղային կենտրոնների երաշխավորություններ անտեսվում  են զուտ գաղափարախոսական նկատառումներով: Հետևաբար՝  ուղեղային կենտրոնների ընկալման աստիճանը, նրանց  դերն ու մոտեցումները փոխվում են` կախված կառավարող վերնախավի դիրքորոշումից:
2. Կախվածություն ԶԼՄ-ներից: Ուղեղային կենտրոնների քանակի  աճին զուգընթաց, զանգվածային լրատվամիջոցների ու քաղաքական  շրջանակների բարեհաճությանն արժանանալու համար մրցակցությունը  մեծանում է, քանի որ վերջիններիս դերը կարևոր է այս  կամ այն ինստիտուտի քաղաքական կայացվածության գործում:
3. Կոշտ մրցակցություն տարբեր խորհրդատվական կազմակերպությունների  միջև: Բազմաթիվ խորհրդատվական կազմակերպություններ,  այդ թվում՝ կուսակցությունների, խորհրդարանական հանձնաժողովների  խորհրդատվական և այլ արտաքին մարմիններ, ձգտում  են հայտնվել վարչապետի ու նախարարների ուշադրության կենտրոնում:  Խորհրդատվական ինստիտուտների այդ բազմության մեջ ուղեղային կենտրոնները պայքարում են իրենց ձայնը լսելի դարձնելու  համար:
4. Ֆինանսական շարժառիթներ: Ինչպես ամենուրեք, Մեծ Բրիտանիայում  նույնպես ուղեղային կենտրոնների աշխատանքի համար լուրջ  խոչընդոտ է ֆինանսավորման խնդիրը: Ինստիտուտները չեն կարող  սահմանափակվել անդամության վարձավճարներով, իրենց հրապարակումների  վաճառքից ստացվող հասույթով և տրամադրված ծառայությունների  համար վճարներով: Բարեգործական միջոցներն ու  կառավարական պայմանագրերը խիստ անհրաժեշտ են դառնում  նրանց գոյատևման համար: Ուղեղային կենտրոնների թվի մեծացմանը  զուգընթաց, ֆինանսավորման ապահովման հարցն ավելի խնդրահարույց է դառնում:
5. Հետազոտությունների խորություն: Մեծ Բրիտանիայի ուղեղային կենտրոնների քիչ մասը կարող է ապահովել հետազոտությունների լայն ճակատ և դրանք հանրությանը ներկայացնելուն անհրաժեշտ  ծախսեր: 
Արևելյան Եվրոպայի ուղեղային կենտրոնները: Դեռևս կոմունիստական  վարչակարգի օրոք՝ մինչև 1989 թ. Արևելյան Եվրոպայի երկրներում  փաստացիորեն գոյություն չեն ունեցել անկախ ուղեղային կենտրոններ: Քաղաքական  կյանքի գրեթե բոլոր ոլորտներում կոմունիստական կուսակցության մենաշնորհը խոչընդոտում էր հանրային քննարկումները: Կենտրոնացված  պլանավորման համակարգի տնտեսական ու քաղաքական կազմակերպումը  տեղ չէր թողնում քաղաքական այլընտրանքների շուրջ հանրային բանավեճերի  համար: Քաղաքական վերլուծության հիմնական ներուժը կենտրոնացված էր պետական կառույցներում, հետազոտական հաստատությունները  տեղակայված էին առավելապես գիտությունների ակադեմիաներում և  որոշ նախարարություններում (Պաշտպանության   նախարարություն, Արտաքին  գործերի նախարարություն): Հետազոտությունների մեծամասնությունը չէր պարունակում ոչ մի այլընտրանք, մեթոդաբանորեն արխայիկ էր` հաշվարկված կառավարական համակարգի համար, ընդ որում, անտեսվում էր  լայն հանրությունը` որպես հետազոտությունների գլխավոր հասցեատերերից  մեկը:
Ժողովրդավարական ու շուկայական բարեփոխումներին զուգընթաց, Արևելյան Եվրոպայի նախկին սոցիալիստական երկրներում ավելի ու ավելի մեծաթիվ դարձան շահույթ չհետապնդող կամ ոչ կառավարական կազմակերպությունները:
Ուղեղային կենտրոններն այդ կազմակերպությունների  դրսևորման ձևերից են:
Արևելաեվրոպական ուղեղային կենտրոնները բաժանվում են հետևյալ  խմբերի.
1. ավելի վաղ գոյություն ունեցած ինստիտուտների, մասնավորապես՝  գիտությունների ակադեմիաների փոփոխված տարբերակներ (օրինակ՝  Համաշխարհային տնտեսության Բուդապեշտի ինստիտուտ),
2. քաղաքական կուսակցությունների հետ կապ ունեցողներ (օրինակ՝  Բուդապեշտի հանրային քաղաքականության ինստիտուտ, որը կապված  է Ազատ դեմոկրատների միության հետ), 
3. կառավարական ֆինանսավորումից լիակատար կախվածություն  ունեցողներ (օրինակ՝ Էստոնիայի Գիտությունների ակադեմիայի  տնտեսագիտության ինստիտուտ), 
4. Սոցիալիստական համակարգի անկումից հետո տարածաշրջանում արևմտյան առաջատար ուղեղային կենտրոնների մասնաճյուղեր ու  գրասենյակներ (օրինակ՝ Վարշավայի Ադամ Սմիթի ինստիտուտ):
Սկզբնական շրջանում նոր ուղեղային կենտրոնների մեծամասնության ուղղվածությունը տնտեսության հարցերի հետազոտությունն էր (Վարշավայի  Ադամ Սմիթի ինստիտուտ, Բուդապեշտի տնտեսագիտության ինստիտուտ,  Սլովակիայի տնտեսական զարգացման կենտրոն, Պրահայի տնտեսական հետազոտությունների ու բարձրագույն կրթության կենտրոն, Ռիգայի  §Լատվիա¦ ինստիտուտ): Քիչ ինստիտուտներ էին զբաղվում քաղաքականության հարցերով (Պրահայի քաղաքացիական ինստիտուտ, Բուդապեշտի դեմոկրատիայի հիմնադրամ): Արևելյան Եվրոպայում ուղեղային կենտրոնների  ազդեցությունը  դրսևորվում է հետևյալ ուղղություններով.
- գաղափարական շուկայում մրցակցության ու մրցունակության աստիճանի բարձրացում,
- քաղաքական գործընթացներում քաղաքացիների ներգրավման հարթակի տրամադրում` ընդլայնելով բանավեճերը, հանրային քննարկումները և բաց հարցադրումները,
- հետազոտողների նոր սերնդի և ղեկավարների նոր տեսակի դաստիարակում,
- հանրային քաղաքականության ոլորտում նոր հարցերի արծարծում և պետական քաղաքականության այլընտրանքային տարբերակների առաջադրում: