Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Ադամ Սմիթ և Դավիթ Ռիկարդո. Տեսության հանգույցներում

ՀՈՎՍԵՓ ԱՂԱՋԱՆՅԱՆ
ՀՊՏՀ տնտեսագիտության տեսության ամբիոն
 
 
Տնտեսագիտության տեսությունը ձևավորվել է հիմնականում
դասական և նորդասական  տնտեսագիտական ուղղությունների վրա, որտեղ առկա են մի շարք վիճարկելի դրույթներ: Հիմնական բարդությունն այն է, որ մեծ ջանք է պահանջվում հաղթահարելու, այսպես կոչված, «վաղուց հայտնի ճշմարտությունները»: Ընդհանրապես, հնարավոր չէ ստեղծել այնպիսի կուռ գիտական ճանաչողական համակարգ, որի միջոցով հնարավոր լինի պարզել բոլոր, այդ թվում` տնտեսական երևույթների ներքին տրամաբանությունը: Այդ է պատճառը, որ անընդհատ բախվում ենք հակասական գործընթացների, որոնք չեն տեղավորվում նախապես ներկայացված կանխադրույթների տրամաբանության մեջ: Սա շարունակական μնույթ ունի, որը պայմանավորված է ժամանակի ընթացքում տնտեսական երևույթների կերպափոխմամμ և նորովի մեկնաբանման անհրաժեշտությամբ:
 
Հիմնաբառեր. մեյնսթրիմ, նյուտոնյան ֆիզիկա, արժեք, բնական գին, շուկայական գին 
 
 
Տնտեսական օրինաչափությունները բացահայտելու նպատակով ձևավորվել են տարբեր դպրոցներ, որոնք փորձել են պարզել տնտեսական երևույթների բովանդակությունը: Որքան էլ դրանցից շատերն ունեցել են որոշակի ընդհանրություններ, այնուհանդերձ, յուրովի են բացատրել տնտեսական հասկացությունների բովանդակությունը և տնտեսական համակարգի գործողության հիմնական սկզբունքների բնույթը: Այդ դպրոցների վերջնական եզրակացությունների և իրականության միջև առկա են որոշակի  հակասություններ, ինչը վկայում է, որ գրեթե հնարավոր չէ ստեղծել համապարփակ տնտեսագիտական ուսմունք, որը կարողանա սպառիչ պատասխաններ տալ բոլոր տեսակի տնտեսական գործընթացների բուն դրդապատճառների և դրանցով պայմանավորված օրինաչափությունների վերաբերյալ: Դա համընդհանուր երևույթ է բոլոր, այդ թվում` հասարակական գիտությունների համար: Ինչ խոսք, հասարակագիտությունը տարբեր ոլորտներում (պատմություն, փիլիսոփայություն, սոցիոլոգիա, մշակութաբանություն, հնագիտություն, մարդաբանություն, հոգեբանություն և այլն) հասել է բացառիկ նվաճումների: Սակայն այս գիտությունների արդյունքների համադրման առումով թեև կատարվել են հիմնավոր վերլուծություններ, այնուամենայնիվ, կան բազմաթիվ հարցեր, որոնք նորովի մեկնաբանման կարիք ունեն, ինչը բնական է. այս գործընթացը ո՛չ սկիզբ ունի, ո՛չ վերջ:
Հասարակագիտական տարμեր գիտությունների հետազոտության արդյունքների համադրման և այդ հիմքի վրա տնտեսական օրինաչափությունների ուսումնասիրման առումով լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած տնտեսագիտությունը: Հիմնական խնդիրն այն է, որ դասական տնտեսագիտության կողմից ներկայացված տնտեսական մարդու ռացիոնալության կանխավարկածը, տնտեսական (միկրո և մակրո) մակարդակների վերաբերյալ եզրահանգումները, հավասարակշռության իրավիճակի անվերապահ ընդունումը, հասարակական գործընթացներում տնտեսականի դոմինանտության թեզը և այլ դրույթներ որոշակի իմաստով հակասում են իրական գործընթացներին: Փաստորեն, թեև բոլոր նշանավոր տնտեսագետները փորձել են ստեղծել վերլուծական համակարգ և որոշակի մեթոդաբանության կիրառմամբ ներկայացնել տնտեսական գործընթացների օրինաչափությունները, այնուամենայնիվ, նրանց եզրահանգումներում առկա են մի շարք «պարադոքսներ»: Մեր կարծիքով` այդ պարադոքսների հիմնական պատճառը հիմնարար կանխադրույթների և իրականության հակասականությունն է: Որքանո՞վ է դա ճշմարտացի: Խնդիրն այն է, որ դրա վրա է կառուցվել մեյնսթրիմը: Այս առումով, Դ. Հաուսմանը գրում է. «Ժամանակակից մեյնսթրիմային տնտեսագիտության տեսության շատ հիմնավոր պնդումներ հերքվում են տնտեսական փորձերի ընթացքում»:
Փորձենք դասականության դրույթների ձևավորման տրամաբանությունը ներկայացնել հիմնադիր գիտնականների կարևոր դրույթների քննական վերլուծության միջոցով: Ա. Սմիթը համարվում է դասական տնտեսագիտության հիմնադիրը: Նա, տնտեսական համակարգը ներկայացնելով որպես մեկ  ամբողջություն, փորձեց բացահայտել դրա ընդհանուր օրինաչափությունները: Տնտեսական համակարգի ուսումնասիրության առումով անհրաժեշտ է ընդգծել մի կարևոր հանգամանք, որը առանցքային նշանակություն ունեցավ դասական տնտեսագիտության վերլուծությունների, հետևապես`  եզրահանգումների առումով  և կարևոր դեր խաղաց տնտեսագիտության տեսության մեջ   օրթոդոքսության ձևավորման գործում: Շատ հետազոտողներ նշում են հետևյալ հանգամանքը. «Հայտնի է, որ Սմիթը ծանոթ է եղել Նյուտոնի ֆիզիկային*, որը որպես օրինակ է ծառայել տնտեսագիտության  տեսության վրա աշխատելիս»: Այդ դիտարկումը էական նշանակություն ունի տնտեսագիտական մտքի զարգացման հետագա ընթացքն ընկալելու համար: Հիմնական խնդիրն այն է, որ
դասական տնտեսագիտության հիմնադիրները տնտեսական համակարգի օրինաչափությունները  ներկայացրին նյուտոնյան ֆիզիկայի օրենքների համանմանությամբ, որը կարևոր դեր ունեցավ   մեյնսթրիմի ձևավորման գործում: 
Այդ ուղղությունը մինչ այժմ տիրապետող է և գրեթե միակ ճշմարիտ ու համակարգված տնտեսագիտական ուսմունքն է համարվում:
Հասարակական, մասնավորապես` տնտեսական գործընթացները նյուտոնյան ֆիզիկայի օրենքների համանմանությամբ դիտարկելը համարձակ քայլ էր Սմիթի կողմից, որը դարձավ տնտեսագիտության տեսության պարադոքսների հիմնական պատճառներից մեկը: Այդ պարադոքսները դրսևորվում են դասական տնտեսագիտության եզրահանգումների և իրականության հակասականությամμ, որովհետև հոգևոր և նյութական աշխարհների շարժման օրինաչափությունները դժվար է համադրել, քանի որ դրանք գտնվում են տարբեր հարթությունների վրա, տարբեր չափումների տիրույթում: Հետևապես` ի սկզբանե, երբ փորձեցին համադրել անհամադրելին, բնականաբար, ցանկացած վերլուծության արդյունք տրամաբանորեն պետք է հակասեր իրականությանը: Այդ է պատճառը, որ մեյնսթրիմը, բախվելով իրականությանը, չի կարողանում պատասխանել բազում հարցերի: Այս համատեքստում արժե նշել, որ անգամ Սմիթը իր հիմնական աշխատության մեջ գրում է. «.…չնայած իմ բոլոր ձգտումներին` լինել ավելի հասկանալի, այնուամենայնիվ, հարցը կարող է թվալ ոչ բավարար չափով պարզաբանված` նկատի ունենալով դրա չափազանց վերացական բնույթը»: Սմիթյան այդ վերացարկման հիմքում այն հանգամանքն է, որ նա փորձել է բնության օրենքների ներդաշնակությունը մեքենայորեն տարածել տնտեսական, ասել է թե` հասարակական գործընթացների վրա, որտեղ գործում են այլ սկզբունքներ: Հիմք ընդունելով ֆիզիկայի օրենքները` Սմիթը առաջնորդվեց այն տրամաբանությամբ, որ տնտեսական համակարգին նույնպես բնորոշ են «ներքին բնական» օրենքներ: Այդ առումով, Դ. Հաուսմանը գրում է. «Արդյոք կարելի՞ է տնտեսագիտության տեսությունը մոտեցնել ֆիզիկային»: Պարզվում է` Սմիթը փորձեց դա անել: Արժեքի տեսությունը կառուցվեց ըստ այդպիսի մոտեցման: Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ փորձեցին որոշել μարիքների փոխանակային համամասնությունները` հիմքում դնելով համարժեքության սկզբունքը: Դրա անհրաժեշտությունն առաջացավ այն պահին, երբ շուկայական տնտեսության ձևավորմանը զուգընթաց, փոխանակային հարաբերությունները դարձան տիրապետող, որը աշխատանքի հասարակական բաժանման մի շարք հաջորդական փուլերի արդյունք էր: Ինչպես հայտնի է, աշխատանքի հասարակական բաժանման գործընթացը շարունակական բնույթ ունի և պայմանավորված է տնտեսական անհրաժեշտությամբ ու նպատակահարմարությամբ, որի հիմքը տնտեսական արդյունավետության բարձրացման, հետևապես` ռեսուրսների ռացիոնալ օգտագործման հրամայականն է: Տարբեր սպառողական նշանակություն ունեցող բարիքների փոխանակությունը դրանց սեփականատերերին հնարավորություն է տալիս բավարարելու իրենց բազմաբնույթ պահանջմունքները: Ձևավորվեց այն տեսակետը, համաձայն որի` որոշակի համամասնությամբ տարբեր սպառողական նշանակությամբ բարիքների փոխանակությունն ինքնին նշանակում է, որ դրանց արժեքները հավասար են: Այսինքն` փոխանակության հիմքում համարժեքության սկզբունքն է: Հետագայում այդ սկզբունքի վրա կառուցվեց հավասարակշռության ուսմունքը, որը հիմնված էր Նյուտոնի օրենքների (մասնավորապես` ազդեցությունը հավասար է հակազդեցությանը` F=F) վրա: Փաստորեն, նյուտոնյան ֆիզիկայի համանմանությամբ դասական տնտեսագիտության հիմնադիրները փորձեցին բացատրել տնտեսական գործընթացները: Այս հանգամանքը շրջադարձային նշանակություն ունեցավ տնտեսագիտության տեսության մեջ հավասարակշռության ուսմունքի ձևավորման գործում, որը սուր բանավեճի թեմա է: Ջ. Սորոսի կարծիքով` «Տնտեսագիտության մեջ հավասարակշռության տեսությունը հիմնված է ֆիզիկայի հետ կեղծ համանմանության վրա»: Սա լուրջ մարտահրավեր է մեյնսթրիմին, որովհետև այս հանգամանքը էականորեն անդրադարձել է հետագա վերլուծությունների արդյունքների վրա և դարձել հակասական ու պարադոքսալ եզրահանգումների հիմքը: Այս առումով հետաքրքիր է Թ. Լոուսոնի մոտեցումը. «Առաջին` եթե ընդունելի տնտեսական մոդելում ենթադրվում է հավասարակշռության կետերի գոյությունը, ապա, սովորաբար, հնարավոր է նաև հավասարակշռության բազմություն, երկրորդ` եթե նույնիսկ հավասարակշռված որոշումը միակն է, ապա ստանդարտ օրթոդոքս մոդելում գոյություն չունի հստակ մեխանիզմ, որը կարող էր հանգեցնել այդ հավասարակշռության վիճակին»: Եթե Սորոսի մոտեցումը բավական հստակ է և կտրուկ, ապա Լոուսոնը փորձում է խուսափել հարցի սրացումից և ընտրում է, այսպես կոչված, փոխզիջումային տարբերակը: Եթե չկա հստակ մեխանիզմ, որը կարող է հանգեցնել այդ հավասարակշռության վիճակին, ապա դա ընդամենը ենթադրություն է, որը հիմնված է ֆիզիկական աշխարհի օրենքների վրա, ինչը հնարավոր չէ մեխանիկորեն տարածել հասարակական, այդ թվում` տնտեսական գործընթացների վրա: Ամեն դեպքում` ավելի քան ակնհայտ է, որ հավասարակշռության ուսմունքը վիճահարույց է և լուրջ պարզաբանման կարիք ունի: Այս համատեքստում ուշագրավ է Յու. Յասինսկու և Ա. Տիխոնովի տեսակետը. «Ինքնին «հավասարակշռությունը» ոչ թե պարզապես ինչ-որ երկրաչափական կետ (որը համընկնում է պահանջարկի և առաջարկի կորերի հատմանը), այլ շուկայի հավասարակշռված վիճակ է»: Հստակ է, որ հեղինակները հայտնվում են երկընտրանքի առաջ. մի կողմից` նրանց համար անհամոզիչ է հավասարակշռության դասական և նորդասական տեսության ապացույցները, իսկ մյուս կողմից` փորձում են հավասարակշռության «պարզունակ» մոդելից (պահանջարկի և առաջարկի կորերի հատման կետ) անցում կատարել ավելի բարդ մոդելի` այն ներկայացնելով որպես վիճակ: Սակայն` ինչպե՞ս գնահատել այդ հավասարակշռության վիճակը, մնում է չբացահայտված:
Սովորաբար ցանկացած ուսումնասիրություն սկսվում է պարզ հարցադրումներից. օրինակ` Նյուտոնի  հարցադրումը, թե ինչու է խնձորը վայր ընկնում, այլ ոչ թե վեր բարձրանում: Նման օրինակները բազմաթիվ են: Հազարամյակներ շարունակ մարդիկ փորձել են բացատրել բնության և հասարակության երևույթները: Այս համատեքստում առանձնահատուկ հետաքրքրության առարկա է դարձել բարիքների փոխանակության օրինաչափությունների ուսումնասիրությունը: Մասնավորապես` եթե Ա բարիքի որոշակի քանակություն փոխանակվում է Բ բարիքի որոշակի քանակության հետ, ապա ո՞րն է այդ համամասնության հիմքը, որի պարզաբանման արդյունքում ծագել է բարիքի արժեք հասկացությունը: Տրամաբանորեն առաջացել է հետևյալ խնդիրը. ինչպե՞ս չափել տարբեր բարիքների արժեքները, կամ ո՞րն է տարբեր բարիքների փոխանակման համամասնությունների հիմքը: Այսինքն` ի հայտ է եկել բարիքների արժեքների չափման միավորի բացահայտման  անհրաժեշտություն, ինչը մինչ այժմ համարվում է  վիճարկելի: Մարկ Բլաուգի  կարծիքով` «Մինչ այժմ փոխանակությունը հասկանում են որպես պարզ մթերափոխանակություն»: Այսինքն` իրականում գործ ունենք սոցիալ-մշակութային, տնտեսական բարդ փոխհարաբերությունների հետ, որտեղ դրսևորվում են մարդկանց որոշակի շահերը: Դրանից ելնելով` մարդիկ փորձում են ճիշտ գնահատել իրենց օգուտը, որը կախված է այն բանից, թե նրանք որքանով կարող են ճիշտ գնահատել իրենց տնօրինության տակ գտնվող բարիքը կամ ռեսուրսը: Այստեղից էլ առաջանում է բարիքի կամ ռեսուրսի արժեքի չափման խնդիրը: Եթե բնական գիտությունների զարգացման ընթացքում
ձևավորվել է չափողականության որոշակի հստակ համակարգ, ապա հասարակական, մասնավորապես` տնտեսական գործընթացների առումով դա բավական խնդրահարույց է: Այս բանավեճը սկիզբ առավ արժեքի տեսությունների ձևավորմամբ և շարունակվում է մինչ այժմ, երբ արդեն կասկածի տակ են դրվում տնտեսական իրավիճակի գնահատման մակրոտնտեսական ցուցանիշները: Սա, իհարկե, այլ հոդվածի քննարկման նյութ է, սակայն տնտեսագետների որոշ շրջանակներ արդեն հանգել են այն եզրահանգման, որ մակրոտնտեսական ցուցանիշների` ՀՆԱ-ի, ինֆլյացիայի և գործազրկության միջոցով հնարավոր չէ ամբողջական պատկերացում կազմել այս կամ այն տնտեսական համակարգի իրավիճակի վերաբերյալ:
Սմիթը, ձեռնամուխ լինելով բարիքի արժեքի աղբյուրի և մեծության բացահայտմանը, փորձեց չափելի դարձնել այն: Նա բարիքի արժեքը դիտարկեց որպես սպառողական և փոխանակային արժեքի միասնություն: Սպառողական արժեքը բարիքի որոշակի օգտակարությունն է, որի միջոցով բավարարվում է մարդու այս կամ այն պահանջմունքը: Ինչպես հայտնի է, դասական և նորդասական տնտեսագիտության մեկնաբանությունները կամ բացատրությունները թվում են ավելի քան հստակ, որոնք դարձել են դասագրքային ճշմարտություններ: Մինչդեռ մնում է չպարզաբանված առաջին հայացքից պարզ թվացող այն հարցը, թե, այնուամենայնիվ, ինչպե՞ս չափել բարիքի օգտակարությունը: Այդ առումով, ի հայտ են գալիս մի շարք խնդիրներ. 
1. Բարիքի օգտակարության և դրա նկատմամբ հագեցվածության փոխհարաբերությունը: Նախևառաջ` ինչպես չափել բարիքի նկատմամբ հագեցվածությունը, որովհետև դա, հասարակական դինամիկ  գործընթացների  առումով, հարաբերական է: Ինչպես հայտնի է, ավստրիական դպրոցը բարիքի արժեքի հիմքում դրեց հենց դրա նկատմամբ հագեցվածության աստիճանը (որին մանրամասնորեն կանդրադառնանք հաջորդ հոդվածներում): Խնդիրն այն է, որ ցանկացած սահմանափակ ռեսուրս ունի համապատասխան օգտակարություն, որը պայմանավորում է դրա արժեքը` անկախ այն բանից, թե օգտագործման ինչ հնարավորություն ունի տվյալ տնտեսական զարգացման մակարդակում: Եթե որևէ ռեսուրսի օգտակարությունը, հանգամանքների բերումով, դեռևս չի բացահայտվել, սա դեռևս չի նշանակում, թե դա արժեք չունի: Ցանկացած բարիք կամ ռեսուրս ունի համապատասխան օգտակարություն, հետևապես` արժեք: Այս համատեքստում վիճարկելի է բարիքի կամ ռեսուրսի նկատմամբ հագեցվածության աստիճանով բացատրել արժեքը: Դա պայմանավորված է մարդու և բնության փոխհարաբերության ոչ ճիշտ մոտեցմամբ, ինչպես նաև մարդկանց սպառողական հոգեμանության գերակայության առկայությամբ: Սա տիրապետող մտայնություն է, որը համակողմանիորեն վերլուծել է Թ. Վեբլենը : Եթե նյութական պահանջմունքների բավարարման տեսանկյունից դա թվացյալ ճշմարտություն է, ապա հոգևորի առումով միանգամայն անհամոզիչ է և անիրագործելի:
2. Սպառողական ճաշակը, որը պայմանավորված է անհատի ընկալման մակարդակով, նրա սոցիալական դիրքով, դաստիարակությամբ, ինչպես նաև տվյալ հավաքականության մշակութային, կրոնական, ավանդույթային առանձնահատկություններով: Այդ գործոնների (որոնք ազդում են բարիքի սպառողական արժեքի վրա) ազդեցությունը գնահատելու համար դժվար է գտնել չափման միավոր: Այս իմաստով բարիքի արժեքը խիստ հարաբերական է, և գոյություն չունի այն գործիքը, որի միջոցով հնարավոր կլիներ տարբեր սուբյեկտների գնահատումների համադրումը: Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար հետագայում կիրառվեց մտացածին չափման միավոր` յութիլ, որը վերացական հասկացություն է և չի կարող լինել այն գործիքը, որը հնարավորություն կտար չափելու և համադրելու տարբեր սպառողական ճաշակ ունեցող սուբյեկտների կողմից բարիքների արժևորումը: Սա նշանակում է` դասական և նորդասական տնտեսագիտության մոտեցումները μարիքի արժեքի գնահատման գոյություն ունեցող չափողականության առումով վիճարկելի են և խոցելի:
3. Անձնական և հասարակական օգտակարության հակասականությունը: Անձնական օգտակարությունը որևէ մեկի վերաբերմունքն է այս կամ այն բարիքի սպառողական հատկանիշների նկատմամբ` նրա որոշակի պահանջմունքների բավարարման առումով: Հասարակական օգտակարությունը բարիքների նկատմամբ հասարակության վերաբերմունքն է նրա բնականոն կենսագործունեության ապահովման տեսանկյունից: Օրինակ` անձնական օգտակարության առումով շատ կարևոր է ունենալ լավ կահույք, որն ունի իր գինը, և դասականության ընկալմամբ դա նրա արժեքն է, որի հիմքում ընկած է օգտակարությունը: Սակայն քանի՞ անտառների ոչնչացման հետևանքով է ապահովվել այդ «բարեկեցիկ» կյանքը: Ինչպե՞ս հաշվարկել ծառահատված անտառի «գինը», այսինքն` հասարակական օգտակարությունը: Այդ հակասականությունն ավելի ընդգծված ձևով դրսևորվեց տնտեսության հետագա բուռն զարգացման ընթացքում` հատկապես 19-րդ և 20-րդ դարերում: Բնական ռեսուրսների գիշատչական օգտագործումը, շրջակա միջավայրի աղտոտման սարսափելի մակարդակը, հասարակության բնականոն  կենսագործունեությանը սպառնացող բնապահպանական անհավասարակշռության իրավիճակը կասկածի տակ դրեցին դասական մոտեցումները` կապված սպառողական արժեքի գնահատման հետ: Բնականաբար, առաջին պլան մղվեց մարդու առողջության, ազատ ժամանակի, այսինքն` ծառայության և հոգևոր ոլորտի առաջնահերթության հանգամանքը, և այս համատեքստում նման բարիքների սպառողական արժեքների չափողականության առումով դասական մոտեցումը հայտնվեց փակուղու մեջ` հատկապես այլընտրանքային արժեքի գնահատման առումով: Փաստորեն, առաջանում է ընտրության այլընտրանքների համադրման և դրանք ինչ-որ ձևով գնահատելու  բարդություն: Օրինակ` ինչպես համադրել նյութական պայմանների բարելավմանն ուղղված արդյունաբերության որոշ ճյուղերի զարգացման հետևանքով բնության աղտոտման և դրա պատճառով տարբեր հիվանդությունների առաջացման գործընթացները: Հետագայում, երբ փորձեցին ՀՆԱ-ին զուգընթաց օգտագործել զուտ տնտեսական բարեկեցություն (ԶՏԲ) հասկացությունը, վերջինիս հաշվարկման ընթացքում առաջացան բարդություններ: Մասնավորապես, ինչպես չափել ազատ ժամանակը` որպես բարիք, և շրջակա միջավայրի աղտոտման բացասական հետևանքները: Փոխանակային արժեքի առումով, Սմիթը հայտնվեց փակուղու առաջ, երբ որոշակի համամասնությամբ տարբեր սպառողական արժեք ունեցող բարիքների փոխանակությունը համարեց համարժեքների փոխանակություն: Օրինակ` եթե մեկ զույգ կոշիկը փոխանակվում է երեք պարկ ցորենի հետ, ապա, ըստ նրա, դրանք ունեն նույն արժեքը: Այսինքն` փոխանակային արժեքը (կամ պարզապես արժեքը) ցույց է տալիս որոշակի քանակային համամասնությամμ տարμեր սպառողական μարիքների փոխանակություն: Այս խնդրի լուծման նպատակով Սմիթը գրում է. «Ապրանքի փոխանակային արժեքի որոշման հիմնական կանոնների բացահայտման համար ես կփորձեմ ցույց տալ. առաջին` որն է իսկական չափանիշը այդ փոխանակային արժեքի, կամ որն է բոլոր ապրանքների իրական գինը, երկրորդ` ինչ մասերից է բաղկացած այդ իրական գինը, և, վերջապես, ինչ պատճառներով են երբեմն բարձրանում այդ գնի որոշ կամ բոլոր մասերը դրա բնական կամ սովորական մակարդակների նկատմամբ, իսկ երբեմն նվազում, կամ ինչ պատճառներ են երբեմն խոչընդոտում ապրանքների շուկայական, այսինքն` փաստացի և բնական գների համընկնմանը»:
Բնականաբար, ինչպես Սմիթի նախորդները, այնպես էլ նա փորձեց գտնել փոխանակվող բարիքների  քանակային համամասնության տրամաբանությունը և դրանց արժեքների չափակցման միավորը: Սմիթը գրում է. «Աշխատանքը բոլոր ապրանքների փոխանակային արժեքի իրական չափանիշն է»: Նա սկզբում փոխանակության քանակային համամասնության հիմքը համարեց ծախսված աշխատանքը, իսկ չափման միավորը` աշխատաժամանակը: Բայց, ինչպես հայտնի է, ժամանակի և տարածության մեջ նույն բարիքների փոխանակության քանակական համամասնություններն անընդհատ փոխվում են, հետևաբար` ծախսված աշխատանքը չի կարող լինել դրանց արժեքների համադրման միակ գործոնը: Բացի այդ, աշխատաժամանակը չի կարող դառնալ ճշգրիտ չափման միավոր այս կամ այն բարիքի արժեքը որոշելու համար, որովհետև միավոր ժամանակում մարդկանց աշխատանքի արդյունավետությունը տարբեր է, որը պայմանավորված է բազմաթիվ գործոններով` աշխատողի հմտություն, կրթության և արտադրության տեխնիկական զինվածության մակարդակ և այլն, որոնք հնարավոր չէ գնահատել միավոր աշխատաժամանակի միջոցով: Սմիթի բացատրությունը թեև հիմնված է որոշակի տրամաբանության վրա, սակայն վերացական է, և հնարավոր չէ ապացուցել, որ բարիքների արժեքները կարելի է չափել միավոր աշխատաժամանակով: Առաջին հայացքից դա կարող է ճշմարիտ թվալ, սակայն իրական կյանքում տեղի ունեցող գործընթացները չեն համապատասխանում նման մոտեցմանը: Եթե այդպես լիներ, ապա Սմիթը հետագայում չէր վերանայի արժեքի աշխատանքային տեսությունը: Բացի այդ, եթե հնարավոր լիներ ըստ աշխատանքային ծախսումների գնահատել բարիքների արժեքը, ապա հետագա վերլուծությունների ընթացքում որևէ խնդիր չէր առաջանա հարստության գնահատման և μաշխման հարցերի պարզաμանման առումով, և հնարավոր կլիներ բացատրել այն հակասական իրավիճակները, որոնք ի հայտ են գալիս տնտեսական օրինաչափությունների ուսումնասիրման ժամանակ:
Այսպիսով` Սմիթը ֆիզիկայի օրենքների համանմանությամբ փորձում էր գտնել այն չափման միավորը, որի միջոցով հնարավոր կլիներ համադրելի դարձնել բարիքների փոխանակությունը և այդ հիմքի վրա որոշել դրանց արժեքը: Այդ մոտեցմամբ` բարիքի արժեքը ֆիզիկայից փոխառնված ազդեցության ուժն է, որի միջոցով որոշվում են տարբեր մարմինների փոխհարաբերությունները: Սակայն, ինչպես համոզվեցինք, եթե ֆիզիկայում հնարավոր է որոշել տարբեր մարմինների ազդեցության ուժը, որովհետև հստակ է չափողականության համակարգը, ապա բարիքի արժեքի (ազդեցության ուժի) չափման առումով կան խնդիրներ: Այս համատեքստում Դավիթ Ռիկարդոյի և Ադամ Սմիթի տնտեսագիտական հայացքները էականորեն չեն տարբերվում: Ռիկարդոն հստակորեն ներկայացնում է բարիքի սպառողական արժեքի և փոխանակային արժեքի բովանդակությունը և դրանց օրգանական միասնությունը: Նա նույնպես բարիքների արժեքի հիմքը համարում է ծախսված աշխատանքը, որը չափվում է աշխատաժամանակով, և շուկայում դրանք փոխանակվում են իμրև համարժեքներ: Այնուամենայնիվ, Ռիկարդոն նկատում է, որ μարիքի արժեքի մեծության վրա ազդում է նաև դրա հազվագյուտ լինելու հանգամանքը: Նա գրում է. «Ապրանքները, որոնք ունեն օգտակարություն, իրենց փոխանակային արժեքը վերցնում են երկու աղբյուրից` սեփական հազվագյուտությունը և աշխատանքի քանակը, որը պահանջվում է դրանց արտադրության համար»: Ինքնին պարզ է, որ արժեքի աղբյուրը միայն աշխատանքային ծախսումները չեն: Այսինքն` ըստ Ռիկարդոյի, արժեքն ավելի ընդգրկուն հասկացություն է: Բնականաբար, Ռիկարդոն հայտնվել է որոշակի հակասության մեջ, որովհետև նկատել է այն իրողությունը, որ բարիքների արժեքները, այսինքն` գները (որովհետև նա դրանք նույնացրել է) անընդհատ տատանվում են, որը պայմանավորված է բազմաթիվ գործոններով: Այդ իսկ պատճառով փորձել է հրաժարվել արժեքի աշխատանքային տեսությունից: Սակայն մարքսիստ տնտեսագետների կարծիքով` «Հետագայում Ռիկարդոն որոշակիորեն սահմանազատում է ապրանքի արժեքի և արտադրության ծախսերի հասկացությունները. արժեք ասելով հասկանում է միայն աշխատանքային, իսկ արտադրության ծախսեր ասելով` կապիտալի ծախսերը, որոնք երկու տարբեր բաներ են»: Փաստորեն, փորձ է արվում համոզել, որ իբր Ռիկարդոն մոտեցել է Կարլ Մարքսի արտադրության գնի գաղափարին, որի հիմքի վրա վերջինս աշխատում էր ապացուցել արժեքի աշխատանքային տեսության ճշմարտացիությունը*: Այդ մոտեցման համաձայն` իբր «Ռիկարդոյի բնական գինը արտադրության գինն է, իսկ շուկայական գինը տարբերվում է բնական գնից և տատանվում է առաջարկի ու պահանջարկի փոփոխության ազդեցությամբ, բայց «արտադրության ծախսերը այն առանցքն են, որի շուրջը տատանվում են μոլոր շուկայական գները»: Մեր կարծիքով` Ռիկարդոյի տեսակետի նման մեկնաբանությունը չի համապատասխանում իրականությանը: Նա պարզապես հայտնվել է դժվարին կացության մեջ և միաժամանակ լավ է պատկերացրել խնդրի բարդությունն ու այն հակասական իրավիճակը, որի մեջ Սմիթի արժեքի տեսությունն է: Բնական է` նա, տեսնելով իրական գործընթացների և տեսական եզրահանգումների հակասականությունը, պետք է փորձեր հրաժարվել արժեքի աշխատանքային տեսությունից: Սակայն ինչո՞ւ չկարողացավ հստակորեն պարզաբանել արժեքի հիմնախնդիրը: Հիմնական պատճառն այն է, որ արժեքի բովանդակությունն ավելի ընդգրկուն է, քան Սմիթն ու Ռիկարդոն են բնութագրում: Մեր կարծիքով` արժեք է այն, ինչը գնահատելի է մարդու կողմից, որի բովանդակությունը պայմանավորված է հոգևոր-մշակութային, ասել է թե` քաղաքակրթական մակարդակով: Հետևապես` արժեքը պայմանավորված է բազմաթիվ տեսանելի ու անտեսանելի գործոններով, որոնց համադրումը և ազդեցության չափի գնահատումը բավականին բարդ է, եթե չասենք` անհնարին: Այս համատեքստում, որոշակի առումով, արժեքը կամ գինը դիտարկել որպես առաջարկի և պահանջարկի հավասարակշռության վիճակ, ավելի քան անհամոզիչ է, որովհետև, ինչպես արդեն նշել ենք, ըստ Թ. Լոուսոնի, ստանդարտ օրթոդոքս մոդելում գոյություն չունի հստակ մեխանիզմ, որը կարող էր հանգեցնել այդ հավասարակշռության վիճակին: Դա հնարավոր չէ որոշել, որովհետև շատ դժվար է գնահատել արժեքի վրա ազդող գործոնների ազդեցության չափը: Իսկ դասական տնտեսագիտության հիմնադիրները փորձեցին չափել արժեքը` առանց հստակ չափման միավորի: Չափողականության համակարգի հստակեցման միջոցով է հնարավոր որոշել արժեքը պայմանավորող տեսանելի ու անտեսանելի գործոնների ազդեցությունները: Ա. Սմիթի և Դ. Ռիկարդոյի մոտեցումների հետ կապված` ի հայտ եկան մի շարք հարցեր, որոնք հստակ պատասխաններ չունեցան. Առաջին` ավելի կենսական նշանակություն ունեցող բարիքները, օրինակ` ջուրը, թթվածինը և այլն, որոնց օգտակարությունը, այսինքն` սպառողական արժեքներն ամենաμարձրն են, ունեն ավելի փոքր փոխանակային արժեք, քան ավելի ցածր սպառողական արժեք ունեցողները, օրինակ` ադամանդը: Սա տնտեսագիտության տեսության մեջ հայտնի է որպես «Սմիթի պարադոքս»: Սպառողական արժեքի և փոխանակային արժեքի, այսպես կոչված, հակասությունը մտացածին է, որովհետև դրանք գտնվում են օրգանական միասնության մեջ, և փոխանակային արժեքը պայմանավորված է սպառողական արժեքով: Այսինքն` եթե ջրի սպառողական արժեքն ավելի մեծ է, քան ադամանդինը, ապա իրականում արժեքն ավելի մեծ պետք է լինի: Իսկ եթե շուկայում ադամանդն ավելի թանկ է, քան ջուրը, ապա սա նշանակում է` գործ ունենք իռացիոնալ երևույթի հետ, որը, սակայն, ընդունելի չէ օրթոդոքս մտածողության տեսանկյունից: Պարադոքսը ոչ թե ջրի և ադամանդի գների տարբերության մեջ է, այլ մարդկանց իռացիոնալ վարքագծի, որն ընդունելի չէ դասական տնտեսագիտության տեսանկյունից: Այդ իռացիոնալ վարքագծի արդյունք է բնության գիշատչական օգտագործումը, և դարեր պահանջվեցին, որ մարդիկ հասկանան, թե ինչ աղետի առաջ են կանգնած: Ցանկացած իռացիոնալ վարքագիծ արդյունք է խեղված արժեհամակարգի: Որոշ բարիքների շուկայական արժեքի իռացիոնալության հաղթահարումը դժվարին գործընթաց է, որի հիմնական պատճառը քաղաքակրթական զարգացման ոչ բավարար մակարդակն է:
Երկրորդ` ինչպես հայտնի է, ժամանակի և տարածության մեջ փոխվում են բարիքների փոխանակության քանակական համամասնությունները, հետևապես` դրանց արժեքները, թեև դրանց միավորի վրա ծախսված աշխատանքը մնում է անփոփոխ: Այդ դեպքում, բնականաբար, խախտվում է համարժեքության սկզբունքը` ըստ ծախսված աշխատանքի: Սմիթը գրում է. «Մեկ ժամվա ծանր աշխատանքը կարող է ներառել երկու ժամվա թեթև աշխատանքը. ճիշտ նույն ձևով` նման արհեստով մեկ ժամվա զբաղվածությունը, որի ուսուցանումը պահանջել է տասը տարի, կարող է բովանդակել ավելի շատ աշխատանք, քան ուսուցում չպահանջող մեկ ամսվա որևէ սովորական զբաղմունք»: Բնական է, որ հատուկ մասնագիտացում պահանջող աշխատանքի արդյունքի արժեքը, մյուսների համեմատությամբ, ավելի բարձր կարող է լինել, սակայն դրանց միջև համարժեքային համամասնությունների գնահատման առումով առկա են հետևյալ հանգամանքները. առաջին` ինչպես չափել տարբեր տեսակի աշխատանքի ծախսումները, երկրորդ` բացի աշխատանքի ծախսումներից առկա են նաև այլ գործոններ, որոնք ազդում են բարիքի արժեքի վրա: Ինչպիսի գործիքներ էլ օգտագործվեն, միևնույն է, հնարավոր չէ հստակորեն չափել ծախսված աշխատանքի քանակությունը, որովհետև մարդիկ տարբեր են իրենց ունակություններով, արտադրողականությամբ, հմտությամբ, գիտելիքներով և այլն, որոնք ազդում են աշխատանքի լարվածության, որակի, ստեղծվող արդյունքի քանակական և որակական պարամետրերի վրա: Երրորդ` հասարակության զարգացման ընթացքը ցույց տվեց, որ աստիճանաμար տիրապետող է դարձել հոգևոր ոլորտի դերը: Սակայն հարկ է նշել, որ ավելի քան բարդ է գնահատել հոգևոր բարիքների արժեքը, որովհետև բավական անորոշ է գիտության և մշակույթի ոլորտում ստեղծվող արդյունքների գնահատման չափանիշը: Կարելի՞ է գտնել այն գործիքը կամ միջոցը, որը հնարավորություն կտար գնահատելու Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզան», Բեթհովենի «Լուսնի սոնատը» կամ որևէ գիտական հայտնագործության արժեքը, գինը: Դասական տնտեսագիտության տեսանկյունից` բոլոր արդյունքների գինը որոշվում է շուկայում: Սա պարզունակ մոտեցում է, որովհետև հոգևոր բարիքների արժեքը կամ օգտակարությունը, ժամանակի առումով, չափելի չեն: Այդ արդյունքները երբեք չեն «մաշվում» և անհետանում, ինչպես նյութական բարիքները: Հոգևոր բարիքները հնարավոր չէ գնահատել գոյություն ունեցող ստանդարտ չափողականության շրջանակներում: Այս առումով ավելի քան հստակ է դառնում արժեքի տեսությունների սահմանափակությունը: Այս համատեքստում հարկ է նշել, որ երևի թե պատահական չէր Սմիթի այն տեսակետը, համաձայն որի` արժեքը ստեղծվում է միայն նյութական արտադրության ոլորտում: Դրանից ելնելով` նա նյութական արտադրության ոլորտում ծախսված աշխատանքը համարեց արտադրողական, իսկ ոչ նյութականում ծախսվածը (այդ թվում` հոգևոր)` անարտադրողական: Երևի թե ավելի դյուրին էր նյութական արտադրության ոլորտի օրինաչափությունները դիտարկել ֆիզիկական աշխարհի համանմանությամμ: Սմիթի արտադրողական և անարտադրողական աշխատանքի տեսությունը փակուղային էր, որը հետագայում սուր քննադատության ենթարկվեց տարբեր հեղինակների կողմից: Ռոբերտ Սարինյանի կարծիքով` «Ադամ Սմիթի այդ կոնցեպցիան հաճախ դիտվում է որպես «տնտեսագիտական մտքի պատմության ամենակործանարար կոնցեպցիաներից մեկը»:
Չորրորդ` ինչպես է որոշվում բնության կողմից տրված բարիքների արժեքը, որոնք աշխատանքի արդյունք չեն, սակայն փոխանակվում են տարμեր տեսակի բարիքների հետ և ունեն արժեք կամ գին: Կ. Մարքսը փորձեց տալ իր բացատրությունը` ներկայացնելով իռացիոնալ գնի գաղափարը:
Հինգերորդ` եթե արժեքի կամ հարստության աղբյուրը աշխատանքն է, իսկ շուկայում բարիքները փոխանակվում են ըստ դրանց վրա կատարված աշխատանքային ծախսումների, ապա ինչպես է ձևավորվում այն մարդկանց եկամուտը, ովքեր այդ բարիքների ստեղծման գործում որևէ աշխատանքային ներդրում չունեն: Օրինակ` փոխատվական և վարձակալական գործունեության արդյունքում ձևավորվող եկամուտը չի տեղավորվում արժեքի աշխատանքային տեսության տրամաբանության մեջ: Այս հակասությունը փորձեց լուծել Մարքսն իր հավելյալ արժեքի տեսությամբ:
Արժեքի աշխատանքային տեսության այս հակասականությունից ելնելով` Սմիթն աստիճանաբար վերափոխեց իր մոտեցումները: Դրա արդյունքում նա բարիքի արժեքի (գնի) ձևավորման հիմքում դրեց ոչ միայն աշխատանքի, այլև կապիտալի և հողի (բնական ռեսուրսի) օգտագործումը: Աշխատանքի ծախսումների համարժեքը կամ գինը աշխատավարձն է, կապիտալինը` շահույթը, իսկ բնական ռեսուրսինը` ռենտան: Հետևապես` գինը աշխատավարձի, շահույթի և ռենտայի գումարն է: Բարիքի իրացումից ստացված գումարից վարձու աշխատողը ստանում է աշխատավարձ, կապիտալի սեփականատերը` շահույթ, իսկ բնական ռեսուրսի սեփականատերը` ռենտա: Այս մոտեցումը հետագայում զարգացրեց Ժ. Բ. Սեյը, որը կոչվեց երեք գործոնների տեսություն: Փաստորեն, արժեքի միագործոնային տեսությանը փոխարինելու եկավ բազմագործոնայինը: Սակայն դրանով չվերացավ չափողականության և համարժեքության խնդիրը:
Դա հատկապես ընդգծված ձևով ի հայտ եկավ գների տատանումների և, դրան համապատասխան, եկամուտների հարաբերակցության փոփոխության գործընթացները վերլուծելիս: Սմիթը նկատում է, որ արդյունքների փոխանակային համամասնությունները (հետևապես` գները) անընդհատ փոփոխվում են: Այդ երևույթը բացատրելու համար նա առանձնացնում է երկու տեսակի գին` «բնական» և «շուկայական»: Նրա կարծիքով` գոյություն ունի աշխատավարձի, շահույթի և ռենտայի միջին նորմա, որն ընդունելի է տվյալ երկրի զարգացման մակարդակի առումով: Ըստ այդ մոտեցման` գոյություն ունեն բնական աշխատավարձ, բնական ռենտա և բնական շահույթ: Բարիքի «բնական գինը» աշխատավարձի, ռենտայի և շահույթի գումարն է: Այսինքն` բարիքը պետք է վաճառվի «բնական գնով», իսկ ստացված գումարը բաշխվի վարձու աշխատողի, հողի և կապիտալի սեփականատերերի միջև:
Բնականաբար, հարց է առաջանում. ինչպես որոշել աշխատավարձի, ռենտայի և շահույթի այդ ընդունելի կամ, Սմիթի խոսքերով ասած` «բնական» մակարդակը: Պարզ է, որ դրանք վերացական մեծություններ են, որովհետև հստակ չեն այն չափանիշները, որոնց միջոցով հնարավոր կլինի որոշել, թե որն է աշխատավարձի, ռենտայի և շահույթի բնական մակարդակը: Այս հարցի սպառիչ պատասխանը չի տրվում: Սմիթի կարծիքով` «Աշխատանքի արդյունքը աշխատանքի դիմաց μնական հատուցումն է կամ աշխատավարձը»: Նա մանրամասնորեն ներկայացնում է աշխատավարձի մակարդակի վրա ազդող գործոնները, որոնք հիմնականում դարձել են դասագրքային ճշմարտություններ: Սակայն շատ բարդ է ճշգրտորեն գնահատել այդ գործոնների ազդեցությունները և այդ հիմքի վրա որոշել «աշխատավարձի բնական» նորման կամ մակարդակը: Իրական կյանքում աշխատանքային ներդրումների և աշխատավարձի համարժեքության դրույթն ընդամենը ենթադրություն է, որովհետև գոյություն չունի հաշվարկման այն եղանակը, որի միջոցով հնարավոր կլիներ հիմնավորել դրա ճշտությունը: Առկա են բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ, որոնք ազդում են աշխատավարձի մակարդակի վրա, որի պայմաններում հնարավոր չէ ապացուցել, որ մարդկանց աշխատավարձերի տարբերությունը պայմանավորված է միայն նրանց աշխատանքային ներդրումներով: Քիչ չեն դեպքերը, երբ ջանասեր, հմուտ, ավելի մեծ ներդրում ունեցող աշխատողներն ավելի ցածր են վճարվում: Եթե անգամ համեմատաμար ավելի μարձր են վճարվում, ապա չի նշանակում, թե դա համապատասխանում է նրանց աշխատանքային ներդրումներին: Այսինքն` աշխատավարձի մեծության և աշխատանքային ներդրումների փոխհարաբերությունը չի գործում ըստ դասական տնտեսագիտության դրույթների: Հարցին ավելի մանրամասնորեն կանդրադառնանք քեյնսյան տնտեսագիտությանը նվիրված հոդվածում: Կատարված աշխատանքի և դրա դիմաց տրվող աշխատավարձի միջև համարժեքության թեզին հետագայում անդրադարձել են տարբեր տնտեսագիտական ուսմունքների ներկայացուցիչներ, սակայն նրանք նույնպես չեն կարողացել սպառիչ պատասխան տալ: Հիմնական պատճառն այն է, որ երբ գնահատման հստակ չափանիշի բացակայության պարագայում փորձում են բնության օրենքների համանմանությամբ բացատրել տնտեսական երևույթները, ապա արդյունքում ակնհայտ է դառնում ներկայացված եզրակացությունների և իրական գործընթացների միջև անհամապատասխանությունը:
Քննարկվող հարցի շրջանակներում դա վերաբերում է համարժեքության սկզբունքի կիրառմանը, երբ աշխատում են համադրել աշխատանքային ծախսումները և աշխատավարձը: Իրական կյանքում հնարավոր չէ հիմնավորել աշխատանքի ծախսումների կամ ծանրաբեռնվածության և աշխատավարձի համարժեքության կանոնը: Տեսանելի է այն իրողությունը, որ տարբեր պատճառներով գներն անընդհատ տատանվում են: Ելնելով դրանից` Սմիթը ներկայացնում է «շուկայական գին» հասկացությունը: Նա գրում է. «Յուրաքանչյուր առանձին ապրանքի շուկայական գինը որոշվում է դրա քանակի (որը փաստացի առաքվում է շուկա) և դրա նկատմամբ պահանջարկի հարաբերությամբ, երբ պատրաստ են վճարելու դրա բնական գինը կամ ռենտայի, աշխատավարձի և շահույթի լրիվ արժեքը, որը ենթակա է վճարման այն բանի համար, որ ապրանքն առաքվի շուկա» : Փաստորեն, շուկայական գինը ձևավորվում է առաջարկի և պահանջարկի հարաμերակցությամμ: Սմիթը գրում է. «Շուկայական գինը բնական գնի համեմատությամբ ավելի կամ քիչ չափով բարձրանում է` պայմանավորված այն բանով, թե որքան է պակաս ապրանքների կամ հարստության առաջարկը, և մրցակիցների վատնողությունը սրում է նրանց (սպառողներիՀ. Ա.) մրցակցությունը»: Եվ հակառակը` «Շուկայական գինը բնական գնի համեմատությամբ նվազում է շատ կամ քիչ` կախված այն բանից, թե որքան է ապրանքի առաջարկի ավելցուկը սրում վաճառողների մրցակցությունը»: Եթե բարիքի «շուկայական գինը» մեծ է «բնական գնից», ապա ռեսուրսներն ուղղորդվում են դեպի տվյալ ոլորտ, ինչը հանգեցնում է առաջարկի մեծացման, և գինը նվազում է մինչև «բնական գնի» մակարդակը: Իսկ եթե «շուկայական գինը» փոքր է «բնական գնից», ապա ռեսուրսները հոսում են այդ ոլորտից, ինչը հանգեցնում է առաջարկի նվազման, և գինն աճում է մինչև «բնական գնի» մակարդակը: Այսպիսով` Սմիթը նախապես ընդունում է, որ գոյություն ունի ինչ-որ «բնական գին», որը բարիքների իրական արժեքի հիմքն է կամ չափորոշիչը, իսկ դրանից շեղումը «շուկայական գինն» է, որը շուկայական ինքնակարգավորմամբ պետք է անընդհատ մոտենա «բնական գնին»: Այսինքն` «բնական գինն» այն առանցքն է, որի շուրջը պտտվում է «շուկայական գինը»: Սակայն, ինչպես համոզվեցինք վերևում, «բնական գինը», որը, ըստ Սմիթի, աշխատավարձի, ռենտայի, շահույթի «բնական» մակարդակների գումարն է, վերացական հասկացություն է, որին պետք է ձգտի հավասարվել «շուկայական գինը»: Փաստորեն, եթե տիեզերական մարմինների փոխհարաբերությունը հավասարակշռում է ձգողականության ուժը, տնտեսության մեջ μարիքների փոխանակությունը և դրանց համապատասխան` եկամուտների հարաբերակցությունը տնտեսավարող սուբյեկտների միջև հավասարակշռում է «բնական գինը»: Սակայն եթե ֆիզիկայում կարողացել են չափել ձգողականության ուժը, ապա Սմիթին չհաջողվեց չափել «բնական գինը»:  Այսպիսով` դասական տնտեսագիտության հիմնադիրները ֆիզիկայի օրենքների համանմանությամբ փորձեցին որոշակի չափողականության համակարգի ձևավորման միջոցով բացահայտել բարիքների փոխանակության օրինաչափությունները` հիմք ընդունելով դրանց «համարժեքության» սկզբունքը: Սակայն, ինչպես համոզվեցինք, նրանց հիմնավորումները խոցելի էին, որովհետև ի սկզբանե ընդունել էին μարիքների «համարժեքության» կանխավարկածը և փորձում էին գտնել այն չափանիշը, որի միջոցով հնարավոր կլիներ համադրել տարբեր սպառողական հատկություններ ունեցող բարիքների արժեքը: Նշված հարցերը հետագայում քննարկվեցին նաև Ջ. Քեյնսի կողմից: Այս հանգամանքը նշում ենք` ցույց տալու համար, թե ինչու Սմիթի ժամանակաշրջանից մոտավորապես 160 տարի անց չափման միավորի, գնի, եկամտի, հավասարակշռության խնդիրների պարզաբանումը Քեյնսի համար դարձավ կարևոր: Մեր կարծիքով` արժեքի տեսությունների հակասականությունից խուսափելու համար պետք է հրաժարվել համարժեքության գաղափարից, որն ընդամենը ենթադրություն է, և պետք է ընդունել այն մոտեցումը, որ  բարիքները փոխանակվում են ըստ նպատակահարմարության` ելնելով դրանց կարևորությունից կամ օգտակարությունից, որը պայմանավորված է գիտության և տեխնիկայի, հոգևոր-մշակութային, այսինքն` քաղաքակրթական զարգացման մակարդակով: Բարիքի գինն էլ որոշվում է ըստ այդ սկզμունքի:
Խնդիրն այն է, որ ժամանակի և տարածության մեջ հնարավոր չէ ճշգրտորեն որոշել բարիքի արժեքի վրա ազդող բազմաթիվ գործոնների ազդեցության աստիճանը, որովհետև գործող չափողականության համակարգը լիարժեք պատկերացում չի տալիս բարիքների իրական արժեքի մասին: Երբ տնտեսագիտական գրականության մեջ նշվում է, որ գինը փողի միջոցով տարբեր բարիքների փոխանակության համամասնությունն է, ապա սա չի նշանակում, թե դրա հիմքում համարժեքության սկզբունքն է: Պարզապես ստեղծված իրավիճակից կախված` մարդիկ, ըստ իրենց նպատակահարմարության և անհրաժեշտության, պատրաստակամ են այս կամ այն գնով ձեռք բերելու կամ վաճառելու որևէ բարիք կամ ռեսուրս: Այսինքն` բարիքների գները կամ արժեքները ինչ-որ հավասարակշռության կետեր չեն, այլ տարբեր գործոնների համադրումից ձևավորված մեծություններ: Այս համատեքստում ցանկացած գին ժամանակի և տարածության մեջ պայմանական է, որովհետև պայմանավորված է տեսանելի և անտեսանելի գործոնների ազդեցությամբ, ինչպես նաև սոցիալ-տնտեսական, քաղաքական, ինստիտուցիոնալ իրավիճակներով, որոնք հնարավոր չէ գնահատել հստակ չափողականության համակարգի բացակայության պատճառով: Հետևապես` դժվար է համադրել տարբեր ժամանակների գների մակարդակները, որովհետև դրանք, որպես բարիքների կամ ռեսուրսների դրամական արտահայտություն, պայմանական մեծություններ են: Այս խնդիրը հետաքրքիր է մեկնաբանել Ջ. Քեյնսը, որին կանդրադառնանք այլ հոդվածներում:
Սմիթը ազատական շուկայական մոդելի գաղափարախոսն է: Նրա կարծիքով` բարիքների արտադրության և փոխանակության միջոցով տնտեսավարող սուբյեկտները իրացնում են իրենց անձնական շահերը: Այդ տնտեսավարող սուբյեկտների հարաբերությունները պետք է ձևավորվեն նրանց լիիրավ ազատության հիմքի վրա: Այսինքն` տնտեսական համակարգը արտադրողների և սպառողների ազատ, առանց արտաքին ճնշումների, փոխհարաբերությունների ամբողջությունն է, որը կարգավորվում է բարիքների նկատմամբ պահանջարկի և առաջարկի հարաբերակցության միջոցով: Դրան համապատասխան` տնտեսավարող սուբյեկտներն են որոշում` ինչ արտադրել, ում համար արտադրել, ինչպես արտադրել, որքան արտադրել, ում վաճառել, ումից գնել և որքան: Դա հայտնի «անտեսանելի ձեռքի» տեսությունն է կամ ազատական շուկայական մոդելը, որը համարվում է հորիզոնական համակարգում (կոորդինացիա) կամ ինքնակարգավորվող (ինքնաμերաμար կարգավորվող) տնտեսություն: Տնտեսագիտության մեջ դա հայտնի է որպես «Laissez faire» , որի էությունն ինքնատիպ է μնութագրել Սմիթը. «Հետապնդելով իր սեփական շահը` նա (անհատըՀ. Ա.) ավելի գործուն ձևով է ծառայում հասարակության շահերին, քան այն դեպքում, երμ գիտակցաμար է ձգտում այդ անել»: Ըստ Սմիթի` ազատական մոդելի` տնտեսական համակարգի կարգավորման գործում պետական միջամտության աստիճանը պետք է հասցնել նվազագույնի: Սմիթի կարծիքով` պետական գործառույթները պետք է սահմանափակվեն հասարակական աշխատանքների, ռազմական անվտանգության պահպանման և իրավական համակարգի ապահովման ֆինանսավորմամբ և հսկողությամբ: Նրա տնտեսական մոդելը համարվել է անհերքելի և մինչև այժմ իշխում է տնտեսագիտության տեսության մեջ` կասկածի տակ չդնելով շուկայական ինքնակարգավորման
սկզբունքների արդյունավետության առասպելը, որը հետագայում քննադատության ենթարկվեց տարբեր տնտեսական դպրոցների կողմից:
Իրականում հասարակությունը անձնական շահերի վրա կառուցված պարզ փոխհարաμերություն չէ, այլ հոգևոր-մշակութային, սոցիալ-տնտեսական և քաղաքական համակարգերի բարդ համադրություն, որը կարգավորվում է համապատասխան ինստիտուտների գործունեությամμ: Ինչ խոսք, ցանկացած գործունեություն դրսևորվում է մարդկանց անձնական շահերի միջոցով` որպես հիմնական ազդակ, սակայն դրանք հոգեբանական, սոցիալական, քաղաքակրթական բարդ փոխհարաբերությունների ամբողջություն են: Այդ փոխհարաμերություններում է ձևավորվում «տնտեսական մարդը»:
Սմիթի ուսմունքը կառուցված է տնտեսական մարդու ռացիոնալության կանխավարկածի վրա: Սակայն այս դրույթը նույնպես հակասում է իրական գործընթացներին: Եթե այդ վարկածը գործեր, ապա մարդկությունը չէր հայտնվի տնտեսական, քաղաքական մշակութային, էթնիկ և այլ բնույթի աղետների մեջ: Այս գործընթացը շարունակվում է, ուստի մարդու ռացիոնալության կանխավարկածը ենթադրություն է, որովհետև պատմության զարգացման ընթացքը ցույց է տալիս, որ իրականում ռացիոնալ վարքագծին զուգընթաց գործում է նաև իռացիոնալը կամ ոչ ռացիոնալը, որին անդրադարձել ենք մի շարք հոդվածներում:
Այսպիսով` տնտեսական օրինաչափությունների ուսումնասիրությունը, ֆիզիկական աշխարհի օրենքների համանմանությամբ, առաջ է բերում որոշակի հակասություններ իրական գործընթացների և տեսական եզրահանգումների միջև: Սա նշանակում է` տարբեր սուբյեկտների, սոցիալական խմբերի և ինստիտուտների փոխհարաբերությունները ֆիզիկական մարմինների կանխատեսելի և հավասարակշռված փոխհարաբերություններ չեն, այլ անկանխատեսելի մտահղացումներով պայմանավորված թռիչքների և վայրէջքների հակասական ու երբեմն անբացատրելի պատմական ընթացք, ինչը, բնականաբար, համադրելի չէ բնության օրինաչափությունների հետ: