Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Լիզինգի` որպես ձեռնարկատիրական պայմանագրային բարդ հարաբերությունների իրավական առանձին կարգավորման անհրաժեշտությունը

ԼՅՈՒԲԱ ՄԵՀՐԱԲՅԱՆ
ՀՊՏՀ իրավագիտության և քաղաքագիտության ամբիոն
 
Հոդվածում քննարկվում է ձեռնարկատիրական
, ի մասնավորի` լիզինգային բազմաբնույթ հարաբերությունների` առանձին օրենքով կարգավորելու անհրաժեշտության խնդիրը: Որպես  հիմնավորում ներկայացվում են լիզինգի առանձնահատկությունները և այն դերակատարումը շուկայական տնտեսության ժամանակակից մրցակցության պայմաններում, որով տնտեսավարողները բացառիկ ճկունության ու խելացի հաշվենկատության շնորհիվ կարող են ապահովել գիտաարտադրական առաջընթաց, արդյունավետ կապիտալ ներդրումներ, ապահովագրված ռիսկ և էական
շահույթ:
 
Հիմնաբառեր. ձեռնարկատիրական պայմանագիր, լիզինգ, լիզինգային գործարքներ, լիզինգի   առանձնահատկություններ, վարձակալություն-ֆինանսավորում, վարկ-վարձակալություն 
 
 
Հին և միջնադարյան բոլոր օրենքները առևտրի աստված Մերկուրիի` նյութական բարիքների ձեռքբերմանը մարդկանց ուղղորդելու տրամաբանությամբ իրավական կարգավորման ամենաընդգրկուն տեղը հատկացրել են գույքային արժեքների շուրջ անհատների ու պետությունների գործարքներին, որոնք, որպես փոխհամաձայնությամբ սահմանված կանոններ և պայմաններ, մարդկությանը ուղեկցել են նրա ողջ գոյության ընթացքում և եղել են հասարակության կենսունակության գլխավոր աղբյուր: Առանց ապրանքային ու դրամական միջոցների` հասարակական-տնտեսական հարաբերությունների գոյությունն ու բնականոն զարգացումն անհնար կլիներ: Սրա վկայությունն են ժամանակակիցներիս փոխանցված այնպիսի թևավոր արտահայտություններ, ինչպիսիք են` «Pecuniae non olet» (փողը հոտ չունի), «Res nullius cedit primo occupanti (տիրազուրկ գույքը տիրապետողի սեփականությունն է), «Conditio sine gue non» (պայման, առանց որի չկա պայմանագիր), «Tacita locatio» (պայմանագրի երկարաձգում, եթե չկա առարկություն), «Ipso fakto» (փաստի ուժով), «Nudum jus» (իրավունք, որ չունի իրականացման հնարավորություն), «Restitutio in integrum» (նախկին վիճակի վերականգնում) և այլն:
Ապրանքային և դրամական միջոցներն այսօր էլ մարդկության կենսապահովման առաջնային միջոցներն են, ուստի ապրանքադրամական հարաբերությունների իրավական պատշաճ կարգավորումը մեր ժամանակներում անվերահսկելի արագությամբ զարգացող ու բիզնես ոլորտում տիրապետող սուր մրցակցության պայմաններում պահանջում է համարժեք փոփոխություններ և այնպիսի լրացումներ, որոնք կխթանեն տնտեսավարողների մասնագիտական ու նախաձեռնողական որակները և շահավետ բիզնեսը: 
Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են ոչ միայն իրավական ակտերով, այլև պայմանագրերով, ընդ որում, նորմատիվ ակտերը սահմանում են ձեռնարկատիրական գործունեության իրավական հիմքերը, իսկ պայմանագրերը` ձեռնարկատերերի կարգավիճակը և նրանց հարաբերությունները:
Այդ առումով ձեռնարկատիրական պայմանագրերը կողմերի իրավունքների ու պարտականությունների սահմանման և ծրագրային գործունեության համակարգման, տնտեսական խնդիրների լուծման և շահույթի ձեռքբերման նպատակի իրականացման իրավական գործնական միջոց են, դրանց տնտեսական կապերի իրավական ձև:
Ինչպես իրավացիորեն նկատում են Վ. Վիտրյանսկին և Օ. Սուշկովը`«ձեռնարկատիրական պայմանագիր» տերմինը կրում է ձևական բնույթ. այն չի սահմանվում ԱՊՀ և այլ երկրների օրենսդրությամբ:
Ձեռնարկատիրական պայմանագրի բնորոշման համար պետք է որպես հիմք ընդունել դրա օբյեկտիվ /գործարքի կոմերցիոն բովանդակության/ և սուբյեկտիվ /տնտեսավարողի կողմից դրա իրականացման/ չափանիշները:
Ռուս գիտնական Գ. Շերշենովիչը ձեռնարկատիրական պայմանագիրն առաջին հերթին առանձնացնում է նպատակի հատկանիշով և այն համարում իրավաբանական հիմք, փաստ: Նույն տեսակետին է Ա. Կոմարովը:
Այստեղ կարևոր պետք է համարվեն ոչ միայն վերը նշված հատկանիշներն ու փաստերը, այլև այն  հանգամանքը, որ թեպետ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում ձեռնարկատիրական պայմանագրի դեֆինիցիան բացակայում է, սակայն այդ օրենսգրքի մի շարք նորմերով կարգավորվում են ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող սուբյեկտների միջև կնքվող պայմանագրերն ու գործարքները: Ավելին` օրենսգիրքը հենց առաջին հոդվածով սահմանում է. «Քաղաքացիական օրենսդրությունը և այլ իրավական ակտերը կարգավորում են ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց միջև կամ մասնակցությամբ հարաբերությունները: Ձեռնարկատիրական է համարվում անձի ինքնուրույն, իր ռիսկով իրականացվող գործունեությունը, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է»:
Մեր կարծիքով միանգամայն օրինաչափ է, նաև հիմնավորված, որ «ձեռնարկատիրական պայմանագիր» տերմինով պետք է բնորոշվի գործնականում լայն կիրառություն ստացած և, անկասկած, հենց դրանով էլ գոյության իրավունք ձեռք բերած երկու և ավելի անձերի միջև /առնվազն մեկ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողի մասնակցությամբ/ շահույթին միտված այն համաձայնությունը կամ գործարքը, որն ունի գույքային կամ դրամական արտահայտություն և ուղղված է ձեռնարկատիրական իրավունքներ ու պարտականություններ առաջացնելուն, փոփոխելուն կամ դադարեցնելուն:
Կարծում ենք` սխալված չենք լինի, եթե ասենք, որ, հիմնվելով վերոնշյալ հատկանիշների պարզաբանման վրա, կարող ենք վեր հանել ձեռնարկատիրական պայմանագրի առանձնահատկությունները, նաև դերը տնտեսավարող սուբյեկտների թվի կտրուկ աճով և նրանց բազմաշերտ կապերով բնութագրվող յուրահատուկ ժամանակակից շուկայական հարաբերություններում:
Ակնհայտ է, որ ձեռնարկատիրական պայմանագրի դերը դրսևորվում է դրա ոչ միայն ընդհանուր /կարգավորիչ, կոորդինացնող, ստուգող-տեղեկատվական, պաշտպանական/, այլև սպեցիֆիկ /հատուկ, զուտ տնտեսական/ գործառույթներով: Ակնհայտ է նաև, որ ձեռնարկատիրական պայմանագրերի տեսական բնութագրի համար սպեցիֆիկ գործառույթներն առաջնային են, ուստի դրանք ներկայացվում են առանձին թվարկմամբ.
− շահույթին նպատակաուղղվածությունը,
− կողմերի հարաբերությունների միջնորդավորումը,
− կողմերի տնտեսական շահերի համաձայնեցումը` ընդհանուր տնտեսական շահը հաշվի առնելով,
− գործունեության պլանավորումը, պահանջարկի սահմանումը /պետպատվերով, պայմանագրով/,
−սպառողների տնտեսական պահանջմունքների հաշվառումը, պակասուրդային ապրանքների արտադրությունը /նաև ֆինանսավորումը/,
−միջպետական տնտեսական համաձայնագրերի կնքում-կատարումը և ներմուծման ու արտահանման գործարքների իրականացումը:
Որպես կոմերցիոն կոնկրետ հարաբերությունների ու կապերի կարգավորիչ` ձեռնարկատիրական  պայմանագիրն իր մեջ զուգակցում է երկու կարևոր ինստիտուտ` գործարք և պարտավորություն: «Ձեռնարկատիրական պայմանագիր» տերմինը կիրառվում է երեք իմաստով.
− որպես համաձայնություն (գործարք) տնտեսավարողների միջև կամ նրանցից մեկի մասնակցությամբ,
− կողմերի պարտավորություն,
− իրավաբանական փաստաթուղթ, որում ֆիքսվում են գործարքի փաստը և պարտավորության բովանդակությունը:
Հիմք ընդունելով ասվածը` կարելի է նկատել, որ ձեռնարկատիրական պայմանագիրը շահույթին միտված համաձայնության կամ գործարքի` որպես կողմերի պարտավորության փաստն ամրագրող իրավաբանական փաստաթուղթ է:
Անդրադառնանք ձեռնարկատիրական պայմանագրի առանձնահատկություններին, որոնք դրսևորվում են սուբյեկտային կազմի ու կիրառության ոլորտի, կոմերցիոն նպատակի ու գույքային շահի բնույթի, կնքման կարգի ու հատուկ պայմանների, կողմերի կայուն համագործակցության, սկզբունքների ու   պատասխանատվության մեջ:
Ձեռնարկատիրական պայմանագիրը (նաև պարտավորությունը) ունի սուբյեկտային հատուկ կազմ, քանի որ որպես պայմանագրի կողմ(եր) հանդես են գալիս ձեռնարկատիրոջ կարգավիճակ ունեցող (ձեռնարկատիրական իրավասուբյեկտությամբ օժտված, իսկ օրենքով սահմանված դեպքերում` տվյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար հատուկ թույլտվություն ունեցող) սուբյեկտները` անհատ ձեռնարկատերը, առևտրային իրավաբանական անձը: Ձեռնարկատիրական պայմանագրի սուբյեկտի առանձնահատկությունը Բ. Պուգինսկու և Վ. Բելովի կողմից հատուկ կարևորելու տեսակետն առաջնային է նաև մեր կարծիքով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի մի շարք նորմերի ուղղակի պահանջ է ձեռնարկատիրական պայմանագրի` միայն ձեռնարկատերերի կողմից կնքման պայմանը (մատակարարում, լիզինգ, ֆակտորինգ, ֆրանչայզինգ, կոնցեսիա, համատեղ գործունություն): Ինչպես նկատում ենք, որպես ձեռնարկատիրական կոնկրետ պայմանագրի ծագման ելակետային նախադրյալ է ծառայում ոչ միայն քաղաքացիական իրավունակությունը, այլև ձեռնարկատիրոջ` պետական գրանցմամբ հաստատված հատուկ կարգավիճակը: Վերջինս միաժամանակ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնողի ենթադրյալ կոնտրագենտի (ձեռնարկատիրոջ կարգավիճակ ունեցող կամ չունեցող) շահերի ապահովման կարևորագույն միջոց է: Հետևաբար` ձեռնարկատիրական է նաև այն պայմանագիրը, որի առնվազն մի կողմն ունի ձեռնարկատիրոջ կարգավիճակ և գործում է ձեռնարկատիրական նպատակով: Այսպիսի պայմանագրեր  են էներգամատակարարումը, վարձույթը, վարկը, բանկային ավանդը, բանկային հաշիվը և այլն:
Ձեռնարկատիրական պայմանագրի մյուս առանձնահատկությունը, որը, միաժամանակ, պայմանագրի կնքման ընթացքում կիրառվող ամենակարևոր սկզբունքն է, դրսևորվում է նրանում, որ պայմանագրի կողմերը թեպետ ունեն պայմանագրի կնքման և պայմանների /այդ թվում խառը` մի քանի պայմանագրի տարրեր պարունակող/ ընտրության ազատություն, սակայն պարտավոր են պահպանել օրենքով սահմանված հատուկ պայմանները. այն է` հրապարակային պայմանագիր կնքելիս որևէ մեկին նախապատվություն չտալու, նախնական պայմանագրի առկայության դեպքում պայմանագրի կնքումից չհրաժարվելու և այլն:
Նախնական պայմանագրի առկայության դեպքում հրապարակային, ինչպես նաև պետական կարիքների համար պայմանագիր կնքելը, ըստ էության,  տնտեսավարողի պարտականությունն է, ինչը ևս ձեռնարկատիրական պայմանագրերի առանձնահատկությունն է և ցույց է տալիս կողմերի կամքի ազատության սահմանափակումն ու նրանց նկատմամբ օրենսդրական առավել խիստ պահանջների ու հատուկ կանոնների կիրառումը: Վերջինս առկա է նաև այդ պայմանագրերի կնքման կարգի առումով, այն է` պարտադիր սկզբունքով, միանալու եղանակով, աճուրդով կամ այնպիսի ակցեպտով, որը բովանդակում է կոնկրետ աշխատանքների կատարում, որոշակի ծառայությունների մատուցում, բեռնաթափում, դրամական վճարումների պայմանների ապահովում օֆերտան ստացողի համար: Հավելենք, որ միանալու պայմանագիրը թեպետ էականորեն մեծացնում է պայմանագրին միացող կողմի ռիսկը, սակայն ավելի դյուրին է դարձնում ձեռնարկատիրական պայմանագրի կնքումը և բավական լայն կիրառություն ունի, քանի որ պայմանագրի ստանդարտ պայմանները նույնական են, կրկնվում են (էներգամատակարարում, ապահովագրություն, բանկային, բորսայական, հյուրանոցային և այլ ծառայությունների մատուցում): Ձեռնարկատիրական պայմանագրային հարաբերություններում մեղքի սկզբունքը, ուստի նաև պատասխանատվությունը նույնպես անձնահատուկ է, քանի որ այդ հարաբերությունները կարգավորող առանձին օրենքի բացակայության պայմաններում ձեռնարկատերերի համար առաջանում է պատասխանատվության բաշխման խնդիր: Ձեռնարկատիրական պայմանագրի կողմերն իրավախախտի մեղքի ու պատասխանատվության կոնկրետ պայմանները կարող են նախատեսել օրենքի շրջանակներում կայացրած համաձայնության տարբեր ձևերով.
− մեղքի բացակայությունը որպես պատասխանատվությունից ազատելու հիմք,
−մեղքի բացակայությունը, առկայությունը և դրա ծանրակշիռ կամ էական լինելը որպես   պատասխանատվության չափի հիմք,
−պատասխանատվությունը իրավախախտի մեղքի բացակայության պարագայում, ըստ որի ձեռնարկատերը պարտավորության խախտման համար պատասխանատու է և՛ այն դեպքում, երբ իր անձնական մեղքն առկա չէ, և՛ այն դեպքում, երբ պարտավորությունը պատշաճ չի կատարվել օբյեկտիվորեն` իրենից անկախ հանգամանքներում:
Առանց մեղքի պատասխանատվությունը հիմնված է ձեռնարկատիրությանը բնորոշ ռիսկի վրա: Պարտավորական հարաբերությունների մեջ մտնելով` ձեռնարկատերը գիտակցաբար իր վրա է վերցնում կատարման ռիսկը /սուբյեկտիվ ռիսկ/ և իրավունք չունի խախտմամբ առաջացած վնասները դնել կամ փոխանցել տնտեսական գործընկերոջ կամ սպառողի վրա` վկայակոչելով իր մեղավոր չլինելը: Այսուհանդերձ, ձեռնարկատիրական պարտավորություններում ևս խախտման համար պատասխանատվության հիմքն անսահման (առանց սահմանների) չէ, քանի որ չի ընդգրկում իրավախախտի համար անհաղթահարելի հանգամանքներ (ֆորս-մաժոր) առաջացնող դեպքերը: Այստեղ արդեն խոսքը օբյեկտիվ ռիսկի մասին է: Ձեռնարկատիրոջ կողմից պարտավորության չկատարումը անհաղթահարելի ուժի հետևանքով  նրան ազատում է պատասխանատվությունից:
Ձեռնարկատիրական պայմանագրին բնորոշ առանձնահատկություններից է պայմանագրի կատարումից միակողմ հրաժարվելու, պայմանագրում  միակողմ փոփոխություն մտցնելու, այդ թվում` առանձին դեպքերում վաղաժամկետ կատարելու հնարավորությունը, որի համար հիմք են դառնում պայմանագրի կողմերի այնպիսի գործողությունները, որոնք առաջացնում են  մյուս կողմին վնաս պատճառելու փաստ (գնորդն իրավունք ունի միակողմ հրաժարվել պայմանագրից իրեն հանձնված ապրանքի այնպիսի թերությունների դեպքում, որոնք ենթակա չեն վերացման), իսկ մեկ այլ դեպքում` անմիջականորեն կապված չեն խախտման հետ (միանալու պայմանագրով միացող կողմն իրավունք ունի փոխելու պայմանագիրը, եթե այն իրեն զրկում է նման տեսակի պայմանագրով սովորաբար տրամադրվող իրավունքից կամ  բացառում է մյուս կողմի պատասխանատվությունը, կամ էլ սահմանափակում է դա):
Քաղաքացիական օրենսդրությունը ձեռնարկատիրական գործունեության հետ կապ չունեցող պարտավորության պարտապանին, որպես կանոն, թույլատրում է վաղաժամկետ կատարում (այսինքն` առանց պարտատիրոջ համաձայնության նրան կատարման փաստի առաջ դնելով, որը նա պարտավոր է ընդունել), մինչդեռ ձեռնարկատիրական գործունեության հետ կապված պարտավորու-թյուններով  վաղաժամկետ կատարման հնարավորությունը պետք է նախատեսված լինի օրենքով, այլ իրավական ակտերով կամ պարտավորության պայմաններով, կամ էլ բխի գործարար շրջանառության սովորույթից կամ պարտավորության էությունից:
Ձեռնարկատիրական պայմանագրի ամենակարևոր առանձնահատկությունը դրա «դերակատարումն է»: Ձեռնարկատիրական պայմանագիրը տնտեսական համակարգի բոլոր մակարդակների բազմաշերտ ու բազմաբնույթ կապերի կոորդինացման միասնական և ինքնուրույն ամբողջություն է:
Այն միջնորդավորում է շուկայական գործընթացը, կապիտալի կենտրոնացումն ու արտադրության կոոպերացիան և հենց դրանով հանդես գալիս որպես շուկայական համակարգի տնտեսավարման գլխավոր միջոցներից մեկը` ապահովելով շուկայի կարգավորման և գործառույթների իրականացման գործիքները: Այս իմաստով, ձեռնարկատիրական պայմանագիրը այն իրավական ինստիտուտն է, որը ձեռնարկատիրոջ համար հնարավոր կապ է ապահովում նաև արտաքին աշխարհում և նրան ավելի մեծ հնարավորություններ տալիս ձեռք բերելու ակնկալվող եկամուտը:
Անդրադառնանք լիզինգին: Հողի, ջրային ռեսուրսների, գյուղատնտեսական գործիքների, աշխատուժ հանդիսացած անասունների վարձակալության, վարձավճարի չափի ու այլ պայմանների հարաբերություններն ու դրանց կարգավորումը հայտնի են եղել դեռևս Համուրաբիի և Մանուի օրենքներից, հռոմեական «Տասներկու աղյուսակներից», հայկական իրականության մեջ Մխիթար Գոշի և Սմբատ Սպարապետի Դատաստանագրքերից: Լիզինգային գործարքի վերաբերյալ առաջին հիշատակումը եղել է 1066 թ., երբ Վիլհելմ Նվաճողը նորմանդական նավատերերից նավեր է վարձակալել Բրիտանական կղզի ներխուժելու համար: Շարժական գույքի վարձակալությունը շուրջ հարյուր տարի հողային օրենքով անօրինական համարելուց հետո Մեծ Բրիտանիայում առաջին անգամ 1284 թ. Ուելսի օրենքներով նախատեսվել է լիզինգը, իսկ 1572 թ. ընդունվել առանձին օրենսդրական ակտ, որով մեծ կիրառություն են ստացել այդ վարձակալության պայմանագրերը: ԱՄՆ-ում գրանցված վարձակալության առաջին պայմանագրերը հայտնի են 18-րդ դարից, երբ գիլդիաների անդամները վարձակալությամբ ստացել են ձիեր, ֆուրգոններ, քառանիվ կառքեր և այլ գույք:
«Լիզինգ» տերմինի պայմանագրային առաջին գրառումը եղել է 1877-ին, երբ ամերիկյան «Բել» հեռախոսային ընկերությունը որոշեց հեռախոսային սարքերը ոչ թե վաճառել, այլ վարձավճարով օգտագործման տրամադրել, իսկ 1930−40-ական թթ. Գ. Ֆորդը և Զ. Ֆրենկը կիրառեցին մեքենասարքավորումների երկարաժամկետ վարձակալությունը: Լիզինգն առավել մեծ կիրառություն է ստացել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆի կողմից հակաֆաշիստական կոալիցիայի երկրներին lend-lease-ով ռազմական և այլ նյութական ռեսուրսների մատակարարմամբ:
Գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքով ֆինանսական վարձակալությունը /լիզինգ**/ սահմանվել է որպես վարձակալության առանձին տեսակ, սակայն առանց դրա տեսակների տարանջատման: Ընդգծենք նաև, որ լիզինգի գործառնական և ֆինանսական տեսակների /նաև վերջինիս ուղղակի, անուղղակի, լրիվ, հետադարձ, դասական և այլ ենթատեսակների/ տարբերակման ընդունված չափանիշներ են լիզինգային գործարքի պայմանները,  պայմանագրի առարկա գույքի ամորտիզացիան և օգտագործման ժամկետը /լիզինգի փոխհատուցելիությունը/, լիզինգի կողմերի պարտականությունների ծավալը, վարձակալության առարկայի ձեռքբերման եղանակը և գործարքի կողմերի կազմը, լիզինգային վճարումների եղանակը: Հետևաբար` լիզինգի տեսակները և հատկապես գործառնական լիզինգային հարաբերությունները, որոնք ՀՀ քաղաքացիական օրենսգրքով չեն կարգավորվում, ունեն իրավական առանձին կարգավորման անհրաժեշտություն∗∗∗: Վերջինս առկա է նաև լիզինգային գործունեության պետական աջակցության միջոցների ու ձևերի սահմանման առումով, քանի որ դրանցով կապահովվեն ոչ միայն հարկային ու վարկային արտոնությունները, այլև պետական երաշխիքների տրամադրումը, պետական հովանավորչությունը և մասնակցությունը առաջնակարգ ու նպատակային լիզինգային գործունեությանը` լուծելով կայուն տնտեսական աճ ապահովող նորամուծությունների և գիտատար բարձր տեխնոլոգիական սարքավորումների արտադրության և կիրառման խնդիրները:
Ֆինանսական լիզինգը վարձակալի /լիզինգառու/ մատնանշած պայմանագրի առարկա հանդիսացող մեծարժեք գույքի երկարաժամկետ` ամորտիզացիայի լրիվ հաշվարկով վարձակալության տրամադրելու նպատակով և վարձակալի հետագա գնման իրավունքով վարձատուի /լիզինգատու/ կողմից սեփականության իրավունքով վարձակալի մատնանշած արտադրողվաճառողից ձեռքբերումն է և անձամբ կամ վաճառողի կողմից հանձնումը վարձակալի ժամանակավոր օգտագործմանը /ՀՀ քաղ. օր. 677 հ./:
Լիզինգի պայմանագրային հարաբերություններում կողմերը պետք է պահպանեն սկզբում լիզինգի, ապա առուծախի պայմանագրերի կնքման հաջորդականությունը: Լիզինգի պայմանագրի գործողության մեջ մտնելը պայմանավորված է այլ պայմանագրի կամ գործարքի կնքմամբ, իսկ եթե վերջինս չի կնքվել կամ համարվել է անվավեր, ապա լիզինգի պայմանագիրը կհամարվի ուժի մեջ չմտած: Լիզինգի պայմանագիրը համարվում է չկնքված նաև այն դեպքում, երբ դրանում ներառված չեն լիզինգառուին ստույգ մատնանշող տվյալները: Ֆինանսական լիզինգով ապրանք արտադրողի և դրա օգտագործողի միջև գործում է ֆինանսական միջնորդի դեր ստանձնած լիզինգատուն` իր վրա վերցնելով վարձակալության առարկա գույքի /գնումների/ ֆինանսավորումը, ինչն էլ հենց արտահայտում է ֆինանսական վարձակալության տնտեսական բովանդակությունը: Պատահական չէ, որ Բելգիայի քաղաքացիական օրենսդրությունը լիզինգի հարաբերությունները բնորոշում է որպես վարձակալություն-ֆինանսավորում /location-finansement/, իսկ «Արտաքին տնտեսական գիտելիքների հիմունքներ» բառարան-տեղեկատուն ընդգծում է.
«Եթե լիզինգատուի դերը հիմնականում լիզինգային գործունեության ֆինանսավորումն է, ապա վարձակալության գործարքը կոչվում է լիզինգ»:
Ձեռնարկատիրական նպատակով կնքվող պայմանագրային հարաբերությունները կարգավորող Վիեննայի 1980 թ. «Միջազգային առուծախի մասին կոնվենցիան» լիզինգը բնորոշում է որպես «վարկ-վարձակալություն» /credit-bail/: Եվրոպական ֆեդերացիայի լիզինգային ընկերությունների հիմնադիր փաստաթղթերով ևս լիզինգը փաստացի գնման երկարաժամկետ վարկավորման ձև է: Նույն սկզբունքն է գործում Ֆրանսիայի օրենսդրությամբ: Այդ երկրի «Կրեդիտ-վարձակալություն իրականացնող կազմակերպությունների մասին» օրենքի հենց 1-ին հոդվածը, լիզինգը մեկնաբանելով որպես վարկ-վարձակալություն, դրա գործարքի համար անհրաժեշտ է համարում. 
−վարձակալության նպատակով վարձատուի կողմից սեփականության իրավունքով գույքի գնումը վարձակալի պահանջներին համապատասխան և վերջինիս կողմից հետագայում դրանք որպես սեփականություն համաձայնեցված գնով ձեռք բերելու հնարավորության վերապահումը,
− վարձակալի կողմից գույքի միայն հատուկ մասնագիտական օգտագործման նպատակով ձեռքբերումը,
− վարձակալության ժամկետների համապատասխանությունը գույքի շահագործման ժամկետներին,
−վարձավճարի այնպիսի չափի սահմանումը, որով պայմանագրի գործողության ընթացքում   լիզինգատուին վերադարձվում է գույքի արժեքը,
− ապահովագրությունը /լիզինգի իրականացման ընթացքում առաջացող տարբեր տեսակի ռիսկերի/:
Լիզինգը, որպես գույքի ձեռքբերման և այն վարձակալության հանձնելու նպատակային գործունեություն, բովանդակում է փոխկապակցված պայմանագրային հարաբերությունների համալիր, որում առաջնային են վարձակալությունը և առուծախը: Անգլո-սաքսոնական իրավունքում լիզինգային հարաբերությունները սահմանող պայմանագիրը բնորոշվում է որպես վարձակալություն–վաճառք /bail-purchase and sale/: Խնդրո առարկան նույնատիպ լուծում ունի Գերմանիայի մասնավոր իրավունքում, ըստ որի լիզինգը վարձակալության առարկայի համար լրիվ վճարման սկզբունքով պայմանագրի կնքումն է /vollamortisationsvertrag/, ինչն առավել նման է պայմանով առուծախի պայմանագրին:
Մի շարք իրավագետների կարծիքով լիզինգն իրականացվում է` կնքելով երկու հիմնական /առուծախ, վարձակալություն/ և երկու լրացուցիչ  /վարկ, տեխնիկական սպասարկում/ պայմանագրեր: Մեր կարծիքով լիզինգն իրականացվում է` պարտադիր միատեղելով.
ա/ Մեկ նախնական պայմանագիր: Լիզինգառուն լիզինգատուին հանձնարարում է ձեռք բերել   սարքավորումներ կամ այլ գույք, իսկ լիզինգատուն
լիզինգառուին` ստանալ գնված գույքը և դրա հետ կապված` որակի, կոմպլեկտի, տեխնիկական փաստաթղթերի և այլ պահանջները ներկայացնել արտադրող-մատակարարին /հանձնարարության կրկնակի, փոխադարձ հարաբերություններ/:
բ/ Երկու հիմնական պայմանագրեր /առուծախ, վարձակալություն/:
գ/ Առնվազն երեք լրացուցիչ կամ համընթաց կնքվող պայմանագրեր /ապահովագրություն, վարկ, տեխնիկական սպասարկում/: Լիզինգը, որպես պարտադիր տարր, բովանդակում է վարկային հարաբերություններ, քանի որ իրականացվում է վարկային գործարքի սկզբունքով` լիզինգային վարձավճարը որպես պարտք վճարելու պարտավորությամբ:
Լիզինգառուի համար լիզինգն ավելի արդյունավետ է, քան վարկը` առավել հուսալիության, մատչելիության և տնտեսական արդյունավետության շնորհիվ:
Լիզինգի պայմանագրի պարտադիր ապահովագրության պահանջ ՀՀ օրենսդրությամբ չի սահմանվում: Այդ խնդիրը գործնականում լուծվում է կողմերի փոխհամաձայնությամբ: Լիզինգառուն վաճառողի հետ /եթե նա արտադրողն է/ կնքում է առարկայի երաշխիքային և տեխնիկական սպասարկման պայմանագիր: Վերջինիս բացակայության դեպքում տեխնիկական սպասարկումն ապահովում է լիզինգառուն:
Լիզինգն ունի լայն կիրառություն ոչ միայն իր առանձնահատկությունների, այլև գործնական արդյունավետության շնորհիվ:
Լիզինգառուն նախապատվություն է տալիս լիզինգին, այլ ոչ թե մեծարժեք մեքենասարքավորումների կամ այլ գույքի գնմանը, քանի որ.
− գույքը ձեռք է բերում առանց նախնական էական միջոցների ներդրման ու միաժամանակյա ծախսերի և օգտագործման համար, առանց ֆինանսական դժվարությունների, հատուցում է պարբերական վճարումների ժամկետներում,
− լիզինգը հնարավորություն է տալիս ձեռք բերելու այնպիսի գույք, որն անհրաժեշտ է ինչ-որ ժամանակի կամ սեզոնային աշխատանքի համար, ուստի այն հետագայում չօգտագործելն ու պահելը դառնում  է աննպատակահարմար,
− լիզինգի առարկայի շահագործման ընթացքում լիզինգառուն փորձարկում է այն և իր պահանջները բավարարելու դեպքում դա ձեռքբերում սեփականության իրավունքով, ընդ որում, իր` որպես օգտագործողի արտոնությունների պայմանով,
− լիզինգային գործարքները հնարավորություն են տալիս ձեռք բերելու որոշակի արտոնություններ և պետական օժանդակություն. շահավետ վարկավորում, հարկերի նվազեցում, ամորտիզացիոն հատկացումների նորմաների մեծացում և այլն:
Լիզինգի առավելություններից մեկն էլ կողմերի միջև համաձայնության ձևերի բազմազանությունն է: Կողմերը, հաշվի առնելով ձեռնարկատիրական գործունեության բնույթը, բիզնեսի եկամտաբերությունը, պարբերաշրջանայնությունը, սեզոնայնությունը, ներդրումների ապահովվածությունն ու այլ գործոններ, կարող են համաձայնության գալ վճարման ժամանակացույցի, տեսակի ու եղանակի կամ ծավալի հարցում` կիրառելով դրամական կամ փոխհատուցման վճարումը, վճարումը բնեղենով, խառը վճարումը, «հարկային լծակի» օգտագործումը և այլն: Բացի այդ, լիզինգատուի կողմից պայմանագրի առարկան ստացման վայրը հասցնելը կրճատում է արտադրող-մատակարարի տրանսպորտային ծախսերը, իսկ վերջինիս կողմից այն կատարելն էլ շահեկան է դառնում լիզինգատուի համար: Արտադրող-մատակարարը հաճախ իր վրա է վերցնում լիզինգի առարկա սարքավորումների տեխնիկական սպասարկումը: Դա ձեռնտու է բոլոր կողմերին, քանի որ վարձակալի համար չի առաջանում վերանորոգող մասնագետների կարիք, իսկ արտադրող-մատակարարի բարձրակարգ մասնագետները մի կողմից` օպերատիվ ձևով ի հայտ են բերում թերությունները, մյուս կողմից` իրականացնում որակյալ նորոգում` լուծելով նաև մրցունակության խնդիրը: Բացի այդ, արտադրող-մատակարարը, իր արտադրանքը լիզինգի տրամադրելով, հենց դրանով միաժամանակ գովազդում է այն:
Լիզինգային գործարքներն առավել ձեռնտու են վարձատուին, քանի որ.
− դրանք մեծ շահույթի հնարավորություն են տալիս մեքենասարքավորումների խիստ կարիք ունեցող կազմակերպություններին ֆինանսական զգալի միջոցների պակասի պայմաններում,
− լիզինգատուն, որպես կանոն, մատակարար-վաճառողի հետ գտնվելով երկարատև գործընկերային կապերի մեջ, գույքը ձեռք է բերում էժան կամ այլ շահեկան տարբերակով,
− լիզինգատուն ունի երաշխիքային պայմանների, մասնավորապես` լիզինգի առարկայի վիճակի ու դրա օգտագործման հսկողության, իր օգտին /իր հաշվին կամ լիզինգատուի հետ/ գույքի ապահովագրության իրավունք,
− լիզինգատուն պայմանագրի գործողության ընթացքում չի կրում լիզինգի առարկայի ռիսկը, ինչն ավելի է բարձրացնում նրա կատարած ներդրումների ապահովվածության աստիճանը:
Լիզինգի առավելություններից ու առանձնահատկություններից մեկն էլ դրա մասնակիցների միջև պատասխանատվության հատուկ բաշխումն է: Պայմանագրի կնքման ժամանակ, հաշվի առնելով, որ փաստական վնասները կարող են գերազանցել տուժավճարները, պայմանագրում նշվում է լիզինգատուի ընտրության իրավունքը, այն է` պահանջել վնասների հատուցում կամ տուժանքի վճարում: Առանձնահատուկ է նաև մատակարար-վաճառողի պատասխանատվությունը: Լիզինգատուն գույքը ձեռք բերելիս մատակարարին տեղեկացնում է, որ այն գնվում է լիզինգի նպատակով` մի կողմից` ապահովելով իր և լիզինգառուի համիրավ պահանջի իրավունքը արտադրող-մատակարարի նկատմամբ, մյուս կողմից` սահմանափակելով իր ռիսկը, բացառելով իր գույքային կորստի հանգամանքը /առարկայի թերությունների դեպքում լիզինգառուն պահանջը ներկայացնում է արտադրող-մատակարարին, չնայած նրա հետ չունի անմիջական հարաբերություններ և իրավաբանական կապ/: Հընթացս նկատենք, որ այս առանձնահատկությամբ է պայմանավորված լիզինգը որպես երրորդ անձի օգտին կնքվող պայմանագրի տեսակ համարելու կարծիքը:
Անդրադառնանք վարձակալության մյուս տեսակներին ոչ բնորոշ և դրանցից /նաև գործառնական լիզինգից/ ֆինանսական լիզինգի էական տարբերություններին: Այսպես` ֆինանսական վարձակալության պայմանագրով.
1. Առաջանում են երկու /առուծախ, վարձակալություն/ տեսակի պայմանագրային հարաբերություններ առնվազն երեք մասնակիցների միջև: Առաջանում են նաև հանձնարարության, վարկի, գրավի, փոխառության, կոնցեսիայի, տեխնիկական սպասարկման, բրոքերային և այլ ծառայությունների հարաբերություններ:
2. Վարձակալն ունի ակտիվ դեր /գույքի և մատակարար-վաճառողի ընտրություն և նրա նկատմամբ պահանջի իրավունքներ, սեփականության իրավունքով վարձակալության առարկայի ձեռքբերում/:
3. Գույքի հանձնումը վարձակալին նրա գտնվելու վայրում, որպես կանոն, կատարում է մատակարարը /ՀՀ քաղ. օր. 682 հ./:
4. Գույքը վարձակալին տրամադրվում է ժամանակավոր տիրապետման և օգտագործման իրավունքով /վարձակալության մյուս պայմանագրերով` միայն օգտագործման իրավունքով/: 
5. Լիզինգառուի գնմամբ գույքը և դրա նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվում է նրան /վարձակալության մյուս պայմանագրերով, նաև գործառնական լիզինգով վարձակալը ձեռք չի բերում գույքի սեփականության իրավունքի փոխանցման պահանջ, առարկան միշտ վարձատուի սեփականությունն է և պայմանագրի ժամկետի ավարտից հետո հետ է վերադարձվում նրան/:
6. Լիզինգառուն իրականացնում է ոչ միայն ընթացիկ, այլև կապիտալ նորոգման պարտավորությունը, քանի որ նրան է փոխանցվում գույքի օգտագործման ռիսկը և օգուտի իրավունքը /պայմանագրով կապիտալ նորոգման պարտավորությունը կարող է սահմանվել լիզինգատուի համար/:
7. Լիզինգի պայմանագրի առարկայի շուրջ չի կարող կնքվել մեկից ավելի վարձակալության պայմանագիր /վարձակալության մյուս պայմանագրերով, նաև գործառնական լիզինգով առարկան կարող է կարճաժամկետ վարձակալության տրվել ոչ մեկ անգամ/:
8.Ժամկետը որոշակի է: Ժամկետի պայմանն էականորեն պայմանավորում է պայմանագրի բովանդակությունը և հատկապես վարձավճարի չափի ու կարգի պայմանները: Միաժամանակ, լիզինգի պայմանագրում պարտադիր նշվում է այն ժամկետը, որի ընթացքում կողմերն իրավունք չունեն դադարեցնելու պայմանագրի գործողությունը /բացառությամբ` պայմանագրի պայմանների կոպիտ խախտման դեպքերի/:
9. Լիզինգի առարկա կարող է լինել երկարատև օգտագործման, ձեռնարկատիրական գործունեության համար նախատեսված, ոչ թե օգտագործման մեջ եղած, այլ նոր և լիզինգառուի առաջարկով ու լիզինգի նպատակով լիզինգատուի կողմից առուծախի պայմանագրի կնքմամբ ձեռք բերված չսպառվող գույքը /վարձակալության մյուս պայմանագրերով, նաև գործառնական լիզինգով վարձատուն գույքը գնում է ոչ թե հանձնարարությամբ, այլ իր ռիսկով, որն ավելի մեծ է, քանի որ նա իր վրա է վերցնում վարկային ռիսկը և ակտիվի ռիսկը/:
10. Առարկայի ռիսկը կրում է այն կողմը /որպես կանոն, դա լիզինգառուն է/, ով ընտրել է մատակարար-վաճառողին /ՀՀ քաղ. օր. 683 հ./, թեպետ բոլոր իրավական համակարգերում գործում է սեփականատիրոջ ռիսկի սկզբունքը, և ռիսկի փոխանցումն իրականացվում է միայն գույքի օտարումով:
Վերջինիս հետ կապված` նշենք ուշադրության արժանի մի փաստ. Գերմանիայի  օրենսդրությամբ «տնտեսական սեփականատեր» և «իրավաբանական սեփականատեր» տերմինները տարբերակվում են: Դա օբյեկտիվ իրականությունը ցույց տալու նպատակ ունի, այսինքն` սուբյեկտների իրավական և տնտեսական կարգավիճակները:
Նման սահմանազատման անհրաժեշտությունը պայմանավորված է հարկային պարտավորություններով:
Այդ օրենսդրությամբ հարկային պարտավորությունը սահմանվում է «տնտեսական սեփականատիրոջ»` վարձակալության առարկան օգտագործող և դրա հետ կապված բոլոր պարտականությունները կատարող լիզինգառուի համար, քանի որ լիզինգի պայմանագրով ռիսկը նրա վրա դնելը հիմք է տալիս տնտեսական կարգավիճակի առումով նրան հավասարեցնել սեփականատիրոջը և համարել տնտեսական սեփականատեր:
Ռուս գիտնականներ Ն. Կրուգլովան և Յու. Բուլատեցկին, հիմք ընդունելով ՌԴ քաղաքացիական   օրենսդրության սկզբունքները, լիզինգի պայմանագրի առարկան պայմանագրի ողջ ժամկետի ընթացքում համարում են լիզինգատուի սեփականությունը, իսկ Ի. Ֆամինսկին և Ա. Դումանովը կարևորում են ոչ թե լիզինգատուի սեփականության իրավունքի, այլ նրա հաշվին գույքը գնելու հանգամանքը` գրելով. «Մասնագիտացված լիզինգային կազմակերպությունը լիզինգառուի մատնանշած գույքը նրան վարձակալության հանձնելու համար ձեռք է բերում սեփական միջոցների հաշվին»:
Հաշվի առնելով լիզինգը, կառուցվածքային և բովանդակային տարրերի, կողմերի կապերի ու հարաբերությունների առանձնահատկությունները` մեր կարծիքով ճիշտ կլինի ընդգծել, որ լիզինգի պայմանագրի գործողության ընթացքում լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը, դրա տնտեսաիրավական բոլոր չափանիշների առումով, չի պատկանում ոչ լիզինգառուին, ոչ լիզինգատուին /թեպետ հիմնականում հաշվառվում է լիզինգատուի հաշվեկշռում/: Ներկայացվող կարծիքի հիմնավորումն այն է, որ լիզինգատուն պայմանագրի առարկայի նկատմամբ չունի jus possidenti, ուստի չի համարվում այդ գույքի փաստացի տիրապետողը, և նրա կողմից մեկ այլ պայմանագրով այդ գույքի ձեռքբերման նպատակը /նաև պայմանը և լիզինգատուի պարտականությունը/ ձեռնարկատիրական գործունեության համար լիզինգառուին այն հանձնելն է: Ընդգծենք նաև, որ լիզինգի պայմանագրով սեփականության իրավունքի սահմանափակումն է, որ հանգեցնում է պետության կողմից տրվող հարկային և ամորտիզացիոն զեղչերի:
Քանի որ լիզինգն ըստ նպատակի և դերի, լիզինգատուի ֆինանսական ներդրման արդյունավետ եղանակ է` հարկային արտոնությամբ, որպես տնտեսաիրավական կարևոր հիմքեր ընդգծենք լիզինգը առարկայի ամորտիզացիայի մեխանիզմի կիրառումը և լիզինգային վճարումները: Համաձայն Օտտավայի 1988 թ. «Միջազգային լիզինգի մասին կոնվենցիայի» 2-րդ հոդվածի` լիզինգի վարձավճարը հաշվարկվում է այնպես, որ ծածկի լիզինգի առարկայի ամորտիզացիան լրիվ կամ էական մասով: Լիզինգի առարկայի արագացված ամորտիզացիայի մեխանիզմի կիրառման իրավունքը կարող է գործնականում տեղ գտնել միայն պայմանագրի կողմերի փոխհամաձայնությամբ, ընդ որում նրանք կարող են սահմանել նաև դրա գործակցի չափը, ինչպես նաև համաձայնության գալ վճարի հետաձգման, ավանսային վճարման, վճարման ցանկացած սխեմայի, գնման արժեքի կամ մնացորդային գնի շուրջ: Բացի այդ, պայմանագրի առարկան կարող է հաշվառվել լիզինգատուի կամ լիզինգառուի հաշվեկշռում` հաշվառած կողմի ամորտիզացիոն հատկացումների կատարմամբ:
Լիզինգի առանձնահատկությունները, ֆինանսաարտադրական և իրացման գործառույթները, նաև   վարձակալության մյուս պայմանագրերից վերը նշված մեկ տասնյակ տարբերությունները թույլ են տալիս լիզինգը դիտարկել որպես բազմաբնույթ հարաբերություններով յուրօրինակ պայմանագիր` ժամանակի պահանջը համարելով դրա իրավական հատուկ կարգավորում ունենալու անհրաժեշտությունը: Լիզինգի իրավական առանձին կարգավորումն առավել մեծ հնարավորություններ կտա տնտեսավարողներին, բացառիկ ճկունության ու խելացի հաշվենկատության շնորհիվ տնտեսական հարաբերություններում շահեկան տեղ ունենալով, ապահովել.
− գիտատեխնիկական առաջընթաց և նորագույն մեծարժեք տեխնիկայի օգտագործման ոլորտների ընդլայնում,
− բարձրորակ արտադրատնտեսական գործունեություն և դրա հետագա զարգացում,
− ֆինանսական միջոցների տնտեսում և տնտեսական հզորությունները մեծացնելու հնարավորություն,
− արդյունավետ կապիտալ ներդրումներ,
− ապահովագրված ռիսկ և էական շահույթ: