Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Ֆինանսական ներգրավվածության նշանակության մասին

ՍԵՐԳԵՅ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
ՀՊՏՀ «Ֆինանսական ներգրավվածություն» գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, դոցենտ
 
«Ֆինանսական ներգրավվածություն»
(Financial Inclusion) բառակապակցությունը լայնորեն շրջանառվում է 2007−2009 թթ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո: Քսանի խմբի երկրները, վերազգային մարմինները, միջազգային ֆինանսական կազմակերպությունները և ամենատարբեր հետազոտական նախաձեռնություններ մասնակցում են ֆինանսական ներգրավվածության սահմանման,տարրերի բացահայտման, ներգրավվածությունը բնութագրող ցուցանիշների ընտրության, տվյալների   հավաքման ու դիտարկման, միջոցառումների ընդհանուր սկզբունքների մշակման գործում: Ելնելով գործընթացի մասնակիցների շարքից ու հետազոտական գործունեության կուտակված ծավալներից`   հոդվածում արտացոլվել է ֆինանսական ներգրավվածության ընկալումների նշանակությունն ինչպես համընդհանուր, այնպես էլ առանձին երկրների մակարդակներում: Ֆինանսական ներգրավվածության նշանակությունն առաջնային է դարձնում հետազոտությունների «Ֆինանսական ներգրավվածության մեթոդաբանություն» խորագիրը, ինչի վերջնական նպատակն ու գործնական նշանակությունը պետք է վերաբերեն Հայաստանում ֆինանսական ներգրավվածության այլընտրանքային` տեղական ուժերով գնահատումների կազմակերպման հիմքերի ձևավորմանը:
 
Հիմնաբառեր. ֆինանսական ներգրավվածություն, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամ, Քսանի խմբի երկրներ, ֆինանսական ներգրավվածության համար համընդհանուր համագործակցություն, գործողությունների պլան, ֆինանսական ներգրավվածության համար դաշինք, միջազգային ֆինանսական կազմակերպություններ, համընդհանուր ֆինանսական համակարգ, ֆինանսական կայունություն, ֆինանսական հատվածի կարգավորման ու վերահսկման լիազորություններ ունեցող մարմին, ֆինանսական ներգրավվածության գնահատման առաջադրված ցուցանիշներ
 
 
Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո լայնորեն շրջանառվում է «ֆինանսական ներգրավվածություն» (Financial Inclusion) բառակապակցությունը: Երկրների կառավարությունները, վերազգային մարմինները, միջազգային ֆինանսական կազմակերպությունները և ամենատարբեր հետազոտական նախաձեռնությունները բերում են իրենց շահագրգիռ մասնակցությունը ֆինանսական ներգրավվածության սահմանման, բաղադրատարրերի բացահայտման, ներգրավվածությունը բնութագրող ցուցանիշների ընտրության, տվյալների հավաքման ու մշակման, միջոցառումների ընդհանուր սկզբունքների ձևավորման ու դրանցից կախված հնարավոր զարգացումների նախանշման ուղղություններում: Առանց նույնիսկ մանրամասնելու բուն ֆինանսական ներգրավվածության ընդգրկումները, հենց միայն գործընթացի շահագրգիռ մասնակիցների շարքն ու վերջինների կողմից կատարված հետազոտական գործունեության արդեն իսկ կուտակված ծավալները շեշտում են դրա նշանակությունն ինչպես համընդհանուր, այնպես էլ առանձին երկրների մակարդակներում:
Քսանի խմբի (G20) ամենամյա գագաթնաժողովների ամփոփիչ փաստաթղթերում շեշտվում են ֆինանսական ներգրավվածության նշանակությունը, ազդեցության շրջանակները, բաղադրա-տարրերը,  ձևակերպվում են անհրաժեշտ միջոցառումների նպատակները և գործողությունների ուղղությունները: Ֆինանսական ներգրավվածության հիմնահարցերի հետազոտման և  առաջարկություն-ները   Քսանի խմբի առաջնորդներին ներկայացնելու նպատակով հիմնադրվել ու գործում է «Ֆինանսական ներգրավվածության համար համընդհանուր համագործակցություն» (Global Partnership for Financial Inclusion. GPFI) վերազգային մարմինը:
Զուգահեռաբար` շահագրգիռ երկրների կողմից հիմնադրվել է նաև տարածաշրջանային այնպիսի մարմին, ինչպիսին է «Ֆինանսական ներգրավվածության համար դաշինքը» (Alliance for Financial Inclusion. AFI):   Վերջինս միավորում է զարգացման ցածր մակարդակ ունեցող երկրներին, որոնք ուղղակիորեն շահագրգռված են իրենց երկրներում ֆինանսական ներգրավվածության աստիճանի բարձրացման և դրանով ֆինանսական ծառայություններ չստացող ու բանկային հատվածում չներգրավված   մեծահասակների թիվը կրճատելու խնդիրներով:
Որոշակի երկրում ֆինանսական ներգրավվածության աստիճանի բարձրացման անմիջական ու   շահագրգիռ կողմերն են տվյալ երկրի ֆինանսական ծառայություններից օգտվող ազգաբնակչությունն ու ձեռնարկատիրությունը, ֆինանսական հատվածի բուն մասնակիցները, երկրի կարգավորման ու վերահսկման լիազոր մարմինը: Ուստի ֆինանսական ներգրավվածության հիմնահարցերի լուծմանը, բուն բանկային գործունեության կարգավորման ու վերահսկողության հարթությունից, իր մասնակցությունն է բերում Բանկային վերահսկողության Բազելյան կոմիտեն (Basel Committee on Banking Supervision):
Բացի այդ, մեծաթիվ ծավալուն նյութերում ֆինանսական ներգրավվածությունը դարձել է վերազգային հիմնական ֆինանսական կազմակերպությունների` Համաշխարհային բանկի խմբի (World Bank Group. WB) և Արժույթի միջազգային հիմնադրամի (International Monetary Fund. IMF) շրջանակներում գործող  կառուցվածքային միավորների, դրանց կազմում տարբեր կոմիտեների և խմբերի համատեղ հետազոտությունների թիրախը: Դրանցից են մասնավորապես` «Միջազգային ֆինանսական կազմակերպությունը» (International Finance Corporation. IFC) և «Աղքատների օգնության խորհրդատվական խումբը» (Consultative Group to Assist the Poor. CGAP), որոնք համագործակցում են տարբեր երկրների պետական և մասնավոր կառույցների հետ` հետազոտության առարկա դարձնելով ֆինանսական ներգրավվածության ընդհանուր հարցերը, այս կամ այն բաղադրիչը, դրանց դրսևորումները, փոխառնչությունները և փոխազդեցությունների ուղղությունները:
Առանց անդրադառնալու «ֆինանսական ներգրավվածություն» բառակապակցության բովանդակային կողմին (նախապատճառ, սահմանում, գնահատման ցուցանիշների ընտրություն, գնահատականների հաշվարկման մոտեցումներ, ազդեցությունը ֆինանսական կայունության, տնտեսական աճի վրա)` ավելի նեղ առումով, միայն նշանակությունն արտացոլելու տեսանկյունից վերը թվարկվեցին շահագրգիռ այն հիմնական կողմերը, որոնց հետազոտությունները հետապնդում են ֆինանսական ներգրավվածության աստիճանի բարձրացումը առանձին երկրների լիազոր մարմինների քաղաքականության ուղղություններից մեկը նպատակը դարձնելու: Ակնկալվում է, որ առանձին երկրների ֆինանսական ներգրավվածության առաջընթացներն ի վերջո հանգեցնելու են համընդհանուր ֆինանսական համակարգի զարգացմանը, համընդհանուր ֆինանսական կայունության ամրապնդմանը` դրանով ապահովելով համընդհանուր տնտեսական աճ:
Առանձին վերցրած երկրում ֆինանսական ներգրավվածության հետ կապված հարցերն ի վերջո ուղղվում են տվյալ երկրի ֆինանսական հատվածի կարգավորման ու վերահսկման լիազորություններ ունեցող մարմնին:
Հայաստանի Հանրապետության պարագայում ֆինանսական ներգրավվածությունը, բովանդակային առումով (որպես իրավական պահանջ ամրագրված չէ), արդեն իսկ ընդգրկված է ՀՀ կենտրոնական բանկի խնդիրների շրջանակներում: Մասնավորապես` «Կենտրոնական բանկի խնդիրներն են` …. Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայունության և բնականոն գործունեության  ապահովումը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի կայունության, իրացվելիության, վճարունակության և բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմաններ ապահովելը»:
Ֆինանսական կայունության ապահովման խնդիրների լուծումը դարձել է ՀՀ կենտրոնական բանկի գործունեության հույժ կարևոր ուղղությունը: Մինչդեռ, ֆինանսական ներգրավվածությունը, ըստ ամենայնի, շարունակում է մնալ մասնագետների նեղ շրջանակի ուսումնասիրությունների դաշտում:
Ուստի ֆինանսական ներգրավվածության նշանակությունն արտացոլելու միջոցով հնարավորություն է առաջանում հանրության լայն շրջանակների ուշադրությունը սևեռելու միջազգային ասպարեզում ֆինանսական հատվածի գործունեությանը և ֆինանսական ներգրավվածությանն առնչվող գործընթացներին, դրանց ազդեցության թիրախներին արդեն Հայաստանի Հանրապետությունում:
Այդքանով, ֆինանսական ներգրավվածության միայն նշանակությունը ցույց տալու տեսանկյունից, առաջնային ու հիմնարար պետք է համարել հենց Քսանի խմբի դիրքորոշումը: Մասնավորապես, այդ երկրների առաջնորդներն իսկ արձանագրել են, որ «ֆինանսական ներգրավվածությունը» նոր  տերմին է: Քսանի խմբի ղեկավարների հավանությունը ստացած գործողությունների պլանի ներածությունում նշվում է. «2007 թ. համընդհանուր ֆինանսական ճգնաժամը ֆինանսական համակարգի վերագնահատումների պատճառ դարձավ: Այդ ճիգերը ձեռնարկվեցին Քսանի խմբի կողմից` Ֆինանսական կայունության խորհրդի և ստանդարտացման այլ մարմինների հետ սերտ համագործակցելով: Նպատակը համընդհանուր կայուն ֆինանսական համակարգի ստեղծումն է, ինչը նպաստելու է վստահության հաստատմանն ու աճին»:
Վերը նշված պլանն ամփոփում է գործողություններ հետևյալ ոլորտներում. փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսներ, կարգավորող և իրավաստեղծ մարմիններ, ֆինանսական սպառողների պաշտպանություն և ֆինանսական գրագիտություն, շուկաներ և վճարային համակարգեր: Կարելի է առանձնացնել ՓՄՁ ֆինանսական ռեսուրսների մատչելիության բարելավման, լիազոր մարմնի ընթացիկ աշխատանքում ֆինանսական ներգրավվածության ներառման, կայունության և սպառողների պաշտպանության կապի գիտակցման, ֆինանսական հատվածի գնահատումներում ֆինանսական ներգրավվածության ներառման, ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման միջոցառումների մշակման ու ներդրման, թվային ձևաչափով մատուցվող արդյունքների գծով գրագիտության ապահովման և սպառողների շահերի պաշտպանության, դրամական փոխանցումների արժեքի նվազեցման, նորարարական տեխնոլոգիաների կիրառման ընդլայնման գործողությունները:
Առանցքային է «Ֆինանսական ներգրավվածության համար համընդհանուր համագործակցության» ներկայացմամբ Չինաստանում անցկացված գագաթնաժողովում Քսանի խմբի առաջնորդների հավանությանն արժանացած «G20. Ֆինանսական ներգրավվածության ցուցանիշները» փաստաթուղթը: Ներածական մասում արձանագրվել է. «Ֆինանսական ներգրավվածության զարգացման հիմնական բաղադրիչներն ընդգրկող հուսալի տվյալներն ունեն վճռական նշանակություն այդ քաղաքականության մասին տեղեկատվության և նախաձեռնությունների ազդեցության մշտադիտարկման համար: 
Տվյալները նաև ելակետ են դառնում ֆինանսական ներգրավվածության հավակնոտ նպատակների իրագործման համար»:
Ուշադրության արժանի է այն, որ ֆինանսական ներգրավվածության գնահատման առաջադրված ցուցանիշները խմբավորվել են: Քսանի խմբի հավանությունը ստացածների շարքում հեղինակները տարանջատված են ներկայացնում նախկին, նոր առաջադրված և վերախմբագրված ցուցանիշները: Այսինքն` ցուցանիշների շարքի փոփոխությունները ևս շարունակական են, ինչը վստահեցնում է, որ այդ շարքերը ենթարկվում են կատարելագործումների` հետապնդելով ամբողջ մոլորակի, որոշակի տարածաշրջանների և առանձին երկրների ֆինանսական ներգրավվածության գնահատման ամբողջական պատկերի ձևավորման վերջնական նպատակը: Ակնհայտ է, որ ցուցանիշների ընտրության հարցը ևս պահանջում է լրացուցիչ պարզաբանումներ:
Վերջապես, ֆինանսական ներգրավվածության նշանակությունն արտահայտվում է ամբողջ մոլորակի, տարածաշրջանների և դրանց կազմում որոշակի երկրների` ընտրված ցուցանիշների միջոցով ստացված ընդհանուր և մասնավոր արդյունքների մեջ10: Ուշագրավ է այն փաստը, որ երկու, այսպես կոչված, «փոքր բազաներում» էլ բերված են Հայաստանի ֆինանսական ներգրավվածության գնահատականները11 Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրների կազմում: Ընդ որում, 2015 թ. լույս տեսած նյութում, համեմատություն կատարելու նպատակով, բերվում են նաև նախորդ` 2011 թ. ստացված համապատասխան արդյունքները: Այսինքն` «ֆինանսական ներգրավվածությունը» մտել է մեթոդական մշակումների և դրանցից բխող չափելի գնահատականների համադրելիության հատված, որտեղ, համընդհանուր գնահատականներից զատ, երկրներն, ըստ ամենայնի, ինքնուրույն պետք է ձևակերպեն սեփական ներգրավվածության աստիճանի բարձրացման տեղական օրակարգը:
Ֆինանսական ներգրավվածության նշանակության բացահայտումը չի ենթադրում մասնավորապես Հայաստանի համապատասխան ցուցանիշների  քանակական գնահատականների մեկնաբանություններ (ինչը կարող է կատարվել այլ հետազոտությունների շրջանակներում): Տվյալ պարագայում առաջնային է երևույթի ընկալման կարևորության արտացոլումն առաջին հերթին միջազգային, ապա նաև տեղական մակարդակներում: Դա, սակայն, չի նշանակում, թե չեն ծագում հարցեր, որոնց պատասխանները, որպես հետազոտական ուղղությունների արդյունք, կարող են բացատրել ֆինանսական ներգրավվածության աստիճանի բարձրացման միջոցով որոշակի երկրի ֆինանսական համակարգի կայունության ամրապնդման և, ի վերջո, ֆինանսական հատվածի ներուժի մեծացման շնորհիվ տնտեսական աճի ապահովման կապերը: Այդ պատասխանները կարող են որպես հիմք ծառայել համապատասխան գործնական միջոցառումների մշակման համար:
Ամփոփելով կարելի է նշել, որ ֆինանսական ներգրավվածության նշանակությունն առաջնային է դարձնում հետազոտությունների «Ֆինանսական ներգրավվածության մեթոդաբանություն» ընդհանուր խորագիրը, ինչի վերջնական նպատակն ու գործնական նշանակությունը պետք է վերաբերեն Հայաստանում ֆինանսական ներգրավվածության այլընտրանքային` տեղական ուժերով գնահատումների կազմակերպման հիմքերի ձևավորմանը:
Որպես ընդհանուր խորագրի բաղադրյալներ պետք է դիտարկել «ֆինանսական ներգրավվածություն» երևույթի առաջացման պատճառների և իբրև հասկացություն սահմանման, գնահատման ցուցանիշների ընտրության, դրանց փոփոխությունների, վերախմբագրումների և բովանդակային մեկնաբանությունների, տվյալների հավաքման ու մշակման մեթոդի, ֆինանսական կայունության վրա ազդեցության հետ կապված ավելի նեղ հետազոտությունները, ինչպես նաև դրանց միջանկյալ  արդյունքների իրազեկմանը նվիրված` որոշակի պարբերականությամբ քննարկումների կազմակերպումը: