Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Գլոբալացման ազդեցությունը ժողովուրդների և ազգերի քաղաքականության, լեզուների և աշխարհայացքային դրսևորումների վրա

ՌՈՒԶԱՆՆԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀՊՏՀ լեզուների ամբիոն 
Ներկայումս կա միասնական
հոգևոր-քաղաքական տարածության ձևավորման անհրաժեշտություն: Պետք է մշակել նոր դարաշրջանին համապատասխան ազգային գաղափարախոսություն: Հարկ է ապահովել հոգևորի և նյութականի միջև ներդաշնակություն` շեշտը դնելով հոգևորի վրա: «Միջակ հասարակությունը» սպառել է իրեն և այլևս հեռանկար չունի: Homo sapience-ի հետագա զարգացումը պահանջում է համամոլորակային ռազմավարություն, որը պետք է գիտակցվի ամբողջ մարդկության կողմից: Նոր պետականություն ձևավորողները պետք է ընկալեն տիեզերքի օրենքները և միջազգային ասպարեզ դուրս գան նոր ու խաղաղ գոյություն ստեղծելու ծրագրերով ու գաղափարախոսությամբ:
Որևէ երկրի անվտանգությունը լոկ նրա խնդիրը չէ: Դա պետք է դիտվի իբրև մարդկության գոյատևման ու զարգացման հայեցակարգ` ուղղված մշակույթի ու բնության ռազմավարական համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը: Կհաղթեն այն ազգերը, որոնց հոգևոր-բարոյական արժեքներն ու մտավոր ունակությունները բարձր են: Համընդհանրացման գործընթացները պետք է ընթանան մշակույթների իրավահավասար փոխհարաբերություններով: 
 
Հիմնաբառեր. գլոբալացում, կենսակերպ, գոյ, մշակութային համադրություն, սովորույթ, միջակայք, մակրոքայլեր, քաղաքակրթություն, կերպափոխություն, ինքնագիտակցում
 
Գլոբալացումը, գրավելով աշխարհը, ներփակվում է` դառնալով փակ համակարգ: Կան աշխարհայացքային բախումներ, ավանդույթների, քաղաքակրթությունների (Եվրոպա, Չինաստան, ԱՄՆ) բազմազանություն, որոնք չեն կարող ամփոփվել մի շրջանակում: Նախկին «հարմար ու ծանոթ» աշխարհն արագորեն անհետանում է: Ստեղծվում է մարդկության նոր կենսակերպ, որը պահանջում է աշխարհընկալման և մտածողության նոր ձև:
Ծագում են իմաստային անհամամասնություններ, որոնք ժողովուրդների ու ազգերի նկատմամբ մեքենայություններ անելու ճանապարհ են բացում: Անհրաժեշտ է նոր մշակութային համադրություն: Առանցքային խնդիր են համընդհանրացման պայմաններում քաղաքակրթությունների փոխհարաբերությունները: Տեղին է հիշատակել Հ. Հեսսեին. «Միջնադարի մարդուն մեր այսօրվա կենսակերպը կարող էր թվալ ավելի քան դաժան, սարսափելի ու վայրենի»: Յուրաքանչյուր ժամանակաշրջան, յուրաքանչյուր մշակույթ, յուրաքանչյուր սովորություն ու սովորույթ ունի իր ոճը, համապատասխան քնքշություն ու դաժանություն, ինչ-ինչ տառապանքներ թվում են բնական, չարության ինչ-որ տեսակ` տանելի: Մարդկային կյանքն իսկական տառապանք, դժոխք է դառնում այնտեղ, որտեղ հանդիպում են երկու ժամանակաշրջաններ, երկու մշակույթ, երկու կրոն: Եթե անտիկ դարաշրջանի մարդը ստիպված լիներ ապրել միջնադարում, ապա նա ողորմելիորեն շնչահեղձ կլիներ, նույնկերպ որևէ վայրենի շնչահեղձ կլիներ մեր քաղաքակրթության պայմաններում: Բայց կան ժամանակներ, երբ մի ամբողջական սերունդ հայտնվում է երկու դարաշրջանների, երկու կենսակերպերի միջակայքում այնպես, որ ոչնչանում են ցանկացած բնականություն, ցանկացած ավանդույթ, ցանկացած պաշտպանվածություն ու անմեղություն: Բնականաբար, դրա ազդեցությունը ոչ բոլորն են զգում: Նիցշեն մերօրյա ցավը զգում էր և տառապում մի ամբողջ սերունդ ավելի վաղ` մենակության և չհասկացված լինելու պայմաններում. այսօր դա հազարավորների ճակատագիրն է:
Գլոբալացման գործընթացի բացասական հետևանքները վերաբերում են համայն մարդկությանը. նման իրավիճակից ելք գտնելու մակրոքայլերի որոշումը հրատապ խնդիր է: Ներկա քաղաքակրթությունները սպառել են տարերային-բնական զարգացման հնարավորությունները, և մարդկության գոյատևման հիմնախնդիրն արդեն վերագիտակցման միջով պետք է անցնի: Հարկ է մեծ տեղ տալ հոգևորին և մտավորին: Այն ամենը, ինչ տեղի է ունենում աշխարհում, մեր մտածելակերպի արդյունքն է: Փոփոխման կարիք կա միջազգային հարաբերություններում. անհրաժեշտ է գիտակցականի որոշակի վերակառուցում: Մարդկային քաղաքակրթության երկու կարևորագույն ոլորտների` մշակույթի և տնտեսության փոխհարաբերությունների հիմնախնդիրը վաղուց է հետաքրքրել հետազոտողներին: Տնտեսության և մշակույթի ոլորտներում մարդկային գործունեության արդյունքները կապիտալացվում են, դրսևորվում նորարարական ձևերով: Եվ դժվար է մեր օրերում անտեսել մշակութային կապիտալի կարևորությունը երկրի տնտեսական առաջընթացի, սոցիալական զարգացումների և հասարակության առջև ծառացած սոցիալ-տնտեսական հրատապ խնդիրների լուծման գործում: 
Այսպես` Պիեր Բուրդիեն արժեստեղծման համակարգում կարևորում է ոչ միայն տնտեսական, այլև մշակութային կապիտալի դերակատարումը: Նա իր ուսումնասիրություններում պնդում է, որ մշակութային կապիտալն ունի այնպիսի հատկություններ, ինչպիսիք տնտեսական կապիտալը, մշակութային սովորույթները, որոնք նույնպես կարող են շահույթի ստացման աղբյուր  հանդիսանալ: Ըստ Բուրդիեի` մշակութային կապիտալը նախևառաջ գիտելիք է, որը ժամանակի ընթացքում փոխանցվում է սերնդեսերունդ, կուտակվում է և դառնում կապիտալ:
Նշված խնդրին անդրադարձել են նաև հայ գիտնականները: Օրինակ` Մ. Մարգարյանը «Քաղաքական արդիականացման զարգացման հիմնահարցեր» մենագրության մեջ վերլուծում է գլոբալ  քաղաքակրթության կառուցվածքում տեղի ունեցող արժեքային կերպափոխությունների և ժողովրդավա-րությանն անցման գործընթացում գտնվող հայ քաղաքական իրականության արդիականացման խնդիրները: Հանրագումարելով քաղաքական արդիականացման համաշխարհային փորձը` նա բացահայտում է հումանիզմի, բարոյականության և հանդուրժողականության տեղն ու դերը գլոբալ քաղաքակրթության գոյաբանության կառուցվածքում: «Մարտահրավեր−պատասխան» հարաբերություններում ներկայացնում է ազգային արժեքային համակարգի ազդեցությունը քաղաքական գործընթացների, մշակույթի և ինստիտուցիոնալ կարգի վրա: «Գլոբալ քաղաքակրթության կայուն զարգացման խնդիրներն անհնար է լուծել առանց մարդկային գործոնի բազմակողմանի ընկալման, առանց արարիչ գործունեությունն առաջին պլան մղելու, առանց իրական մարդասիրության, բարոյականության ցանկացած գոյի` տեսակի պահպանության և անվտանգության»,- գրում է նա:
Ըստ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գ. Կիրակոսյանի «Քաղաքակրթական առաջընթացը որպես զարգացման հիմնարար մարտահրավեր» հոդվածի` մարդկային հասարակությունն իր պատմական զարգացման ընթացքում անցել է քաղաքակրթության տարբեր աստիճաններ և այսօր ապրում է հեղափոխական զարգացման մի շրջան, որի պայմաններում կրթությունը, գիտելիքը, տեղեկատվությունը ստանձնել են առաջատար դեր և դարձել զարգացման ու տնտեսական աճի ելակետային պայման: Մեր օրերում կրթության, գիտելիքի և գիտության հեղափոխական զարգացման արդյունքում տեղեկատվական տեխնոլոգիաները հասարակության քաղաքակրթական զարգացման, տնտեսական աճի շարժիչ ուժերն են: Հետևապես` ներկա ժամանակաշրջանում հասարակությունն ապրում է քաղաքակրթական զարգացման հեղափոխական շրջանում, որի պայմաններում կրթությունը, գիտելիքը, գիտությունը, մարդկային կապիտալը տեղեկատվությունն ու տեղեկատվական տեխնոլոգիաները մուտք են գործել հասարակության գործունեության բոլոր ոլորտները:
Այսպիսով` մարդկությունը հնարավորություն ունի դուրս գալու գլոբալ ճգնաժամից, սակայն դրա համար պետք է անցնի հոգևոր վերափոխումների մշակման բովով: Որևէ երկրի անվտանգությունը միայն նրա խնդիրը չէ. դա պետք է դիտվի մարդկության գոյատևման ու զարգացման համատեքստում:
Կհաղթեն այն ազգերը, որոնց հոգևոր-բարոյական արժեքներն ու մտավոր ունակությունները բարձր են: Համընդհանրացման գործընթացները պետք է զարգանան մշակույթների իրավահավասար փոխհարաբերություններով: Ազգերի անվտանգության ժամանակակից գաղափարախոսությունը հարկ է հիմնել ազգերի` որպես տիեզերական տարրերի գաղափարի վրա` ապահովելով մարդկանց և հասարակության զարգացման ռազմավարության իրականացման գործընթացը:
Անհրաժեշտ է ձևավորել միասնական հոգևոր քաղաքական տարածություն: Գերակայությունը պետք է տրվի հոգևոր և մտավոր ոլորտներին, մշակույթների զարգացմանը: Հայտնի գրող, Նոբելյան մրցանակակիր Ու. Գոլդինգն ասել է. «Հատկապես գրքերը կարող են ստիպել մարդուն մտածել այնպիսի իրավիճակների ստեղծման անհրաժեշտության մասին, երբ աշխարհում կերաշխավորվի թեկուզ հարաբերական խաղաղություն, և մարդիկ ավելի լրջորեն կմտածեն կյանքի ու դրա իմաստի մասին, կանդրադառնան իրենց արարքներին:
Նրանք պետք է հասկանան, թե ինչպիսի չարագուշակ հետևանքների կարող են հանգեցնել սանձազերծված ենթագիտակցական բնազդները, օրինակ` չարը: Մեր անգիտության մեջ, կրկնում եմ, մենք պետք է լինենք բարի և մարդկային»:
Մշակույթը չէր պահպանվի, եթե գոյություն չունենային սերնդեսերունդ դրա փոխանցման միջոցները: Մշակույթի փոխանցման ձևերի մեջ կարևոր դեր ունեն ծեսերը: Ծեսը ներառում է վարքի այն ձևերը, որոնք իրենց էությամբ նշանային են, խորհրդանշական և չունեն նպատակագործնական բնույթ: Ծեսը լայն տարածում ունի հավատալիքներում, կրոնում, կենցաղում, դիվանագիտական հարաբերություններում:
«Ծես հասկացության ներքո, սովորաբար, ենթադրվում է ստանդարտ, հաստատուն, հետևողական գործունեություն, որն ունի արարողական բնույթ»:
Կարծիք կա, որ գլոբալացման գործընթացները կառավարում և նոր համաշխարհային կարգի առաջնագծում է ԱՄՆ-ն: Այսօր նոր գաղափարախոսության ու արժեքների կրողներն ու ներկայացնողները ոչ թե մտավորականներն են, այլ զանգվածային տեղեկատվական միջոցները: Հեռուստատեսության ի հայտ գալով աշխարհը փոխվում է մեծ արագությամբ: Համակարգիչը և համացանցն ավելի են մեծացնում այդ փոփոխությունները: Առաջանում է տեղեկատվական հոսքերի խառնաշփոթ, որը պահանջում է նոր մշակութային համադրություն: Տեղեկատվության ընդլայնման և մարդկության կողմից դրա վերարտադրման ունակության միջև ծագում է անհամապատասխանություն: Քաղաքակրթությունը գոյատևում է այն բանի շնորհիվ, որ, հնարավորությունների մեծանալուն զուգընթաց, մարդը նաև իմաստնանում է:
Գլոբալացման գործընթացի զարգացմամբ ազգային պետությունների ինքնավարությունը հետզհետե նվազում է: ԱՄՆ-ի գերակայության պահպանմանն օժանդակող իրադրությունն է գործնականում առաջնորդական դիրքի բոլոր թեկնածուների` Չինաստանի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի, Ճապոնիայի առայժմ շահագրգռվածությունը և որոշ չափով նաև կախվածությունը ԱՄՆ-ից: Համընդհանրացումը դինամիկ կապիտալի, անմիջական կապերի և տեղեկատվության բաց սահմանների աշխարհ է: Ազգային պետությունների ինքնավարության նվազմանը զուգընթաց, վերջինս, որպես այդպիսին, չի վերանում, այլ ձեռք է բերում ավելի մեծ նշանակություն` ազգային հոգևոր մշակույթի տիրոջ և համամարդկային քաղաքականության մշակողի և պահպանողի դեր:
Երկրագնդի միայն 380 միլիոն բնակչության մայրենի լեզուն անգլերենն է: Անգլերենի իմացությունն անհրաժեշտ պայման է խոշորագույն կորպորացիաներում աշխատելու համար: Առայժմ ԱՄՆ-ը ներկայացնում է իր կարգը` որպես ժողովուրդների միասնական ապրելու միակ տարբերակ: Որոշ լեզվաբաններ կարծում են, որ 21-րդ դարում կվերանա աշխարհի լեզուների 50-90%-ը: Այլ լեզուներով խոսելը, օրինակ` ֆրանսերեն, մանդարիներեն կամ չինարեն, դառնում է ճոխություն, այլ ոչ թե անհրաժեշտություն: Համացանցի գերիշխող լեզուն նույնպես անգլերենն է: Դրա օգտագործման աճը այն երկրներում, որտեղ վերջինս երկրորդ օտար լեզուն է, նպաստում է այդ երկրներում լեզուների բազմազանության համապատասխան աճին: Յուրաքանչյուր լեզու իր պատմության ընթացքում շփման մեջ է եղել ուրիշ լեզուների հետ: Այդ շփման արդյունքն այն է, որ դրանք փոխադարձաբար ազդել են միմյանց վրա: Հայ ժողովրդի կազմավորման ընթացքում բազմաթիվ այլալեզու ցեղեր ու տոհմեր ձուլվել են հայերին, նրանց լեզուներն էլ ժամանակի ընթացքում պարտվել, մահացել են, և հաղթող է եղել հայերենը:
Ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը առաջ է բերել սարքերին վերաբերող նոր բառեր, որոնք ավելի հեշտ ընկալվում են երիտասարդների, քան մեծահասակների կողմից: Օգտագործում են ոչ միայն այնպիսի բառեր, ինչպիսիք են event, message, cool, ok, այլ նաև ստեղծում են սեփական բառային տարբերակները:
Ըստ Պոլ Ֆրանկի` շատ բրազիլացիներ սկսել են գլոբալացումը համարել սպառնալիք իրենց մշակույթի համար` գերազանցապես մայրենի լեզվի առումով: Լայնորեն կիրառվում են նաև համակարգչային և տեխնիկական սարքերին վերաբերող տերմիններ, օրինակ` scanner, e-mail և այլն: Բարձր տեխնոլոգիաների ոլորտում գոյություն ունի միայն մեկ լեզու. դա անգլերենն է:
Մեր օրերում հայերենը նույնպես գտնվում է անգլերենի մեծ ազդեցության ներքո: Անգլերենը ներթափանցում է ամենուրեք` իր ազդեցությունը տարածելով թե՛ եվրոպական, թե՛ ասիական մի շարք երկրներում: Հզորագույն համացանցը հսկայական տեղեկատվություն է մատակարարում անգլերենով, որը որոշակի վտանգ է ներկայացնում նաև հայ երիտասարդության համար: Հայերեն խոսքում ավելացել են այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են «մեյլ ուղարկել», «չաթ անել» և այլն: Շատ բառեր ու արտահայտություններ մենք օգտագործում ենք առանց մտածելու` էքսպրես փոխանցում, տերմինալ, թիվի, բրիֆինգ, բրոքեր և այլն: Նախընտրությունը տրվում է անգլերենին նաև ընկերությունների անունները կազմելիս, տեխնիկական բնագավառին վերաբերող տերմինների հայերեն համարժեքների բացակայության պատճառով կիրառվում է անգլերենը, լավագույն դեպքում` դիմում են տառադարձման:
Արդի ժամանակներում, երբ մարդկային գործունեության տարբեր բնագավառներում օտար լեզվի իմացությունը դարձել է անհրաժեշտ պայման, պետք է հստակեցնել բուհերում մասնագետների պատրաստման ժամանակակից պահանջները:
Այսօրվա երիտասարդները հաղորդակցվում են ոչ միայն ուսումնասիրվող լեզվի կրողների, այլև տարբեր եվրոպական երկրների ու այլ մայրցամաքների ներկայացուցիչների հետ: Քանի որ հաղորդակցվողները տարբերվում են աշխարհընկալման արժեքներով ու մոտեցումներով, ապրելակերպով, ինչպես նաև կրոնական ու ազգային պատկանելությամբ, որոշակի դժվարություններ են առաջանում փոխըմբռնման և փոխգործունեության առումով:
Նման հանգամանքը, թերևս, կարելի է բացատրել նաև նրանով, որ բուհում ուսուցումը հիմնականում ընթանում է միայն երկրագիտական գիտելիքների հաղորդմամբ: Բուհն ավարտելուց հետո շրջանավարտը փնտրում է ճանապարհներ` կատարելագործելու օտար լեզվի իր գիտելիքները: Սրանք խնդիրներ են, որ առկա են բուհում: Այսօր հիմնականում շեշտը պետք է դրվի երկրագիտական սահմանափակ կրթությունից սոցիալ-մշակութային կրթությանն անցնելու վրա:
Այս առումով, անհրաժեշտ է`
1. ուսուցման սկզբունք դարձնել վարքագծի նորմերի պահպանումը, ինչպես նաև աշխարհի մշակութային ժառանգությունն ու պատմամշակութային հիշողությունը հարգելու կարողությունը, 
2. միջազգային հաղորդակցության պայմաններում լեզվաերկրագիտական վերլուծություններ կատարելիս մշակել սոցիալ-մշակութային և հաղորդակցական խաթարումները հաղթահարելու տեխնիկա,
3.հմտորեն ներկայացնել Հայաստանի մշակութային բազմազանությունը` հաշվի առնելով հաղորդակցվողների աշխարհընկալման առանձնահատկությունները,
4. բարձր մակարդակով կատարել մշակութաբանական աշխատանքներ, այն է` կազմել տեղեկատու և ուսումնական նյութեր, ուղեցույցներ, պատրաստել դրանց համապատասխան գրականություն,
5. ուսուցման հիմնական նպատակ դարձնել մասնագետների` որպես պատմամշակութային սուբյեկտների պատրաստումը,
6. նորացնել ավանդական դասընթացների բովանդակությունը կամ մշակել նոր դասընթացների համակարգ` օգտագործելով բուհում առկա ամբողջ ներուժը,
7. երկրագիտական կրթության սահմանափակվածությունից անցնել մշակութաբանական լիարժեք կրթության,
8. ցուցաբերել հստակ դիրքորոշում կրթության վերջնական արդյունքի հանդեպ` լիովին հրաժարվելով մեթոդական պարզունակությունից և շեշտակի անցում կատարելով մշակութաբանական կրթության տեխնոլոգիային: 
Վերը նշված կետերը, ըստ էության, առաջին քայլերը կարող են լինել մշակութաբանական կրթության մոդելներ ստեղծելու ճանապարհին, որոնք  ցանկալի կլինի ընդգրկել լեզվական կրթության քաղաքականության և ռազմավարության մշակման մեջ:
Դա ինչ-որ կերպ կնպաստի Պլատոնի «իդեալական պետության» ստեղծմանը, որը, նրա խոսքով` դժվար է լինելու, սակայն ոչ անհնար: