Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Աշխատուժի միջազգային միգրացիայի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա

ԴԱՎԻԹ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ
ՀՊՏՀ ՄՏՀ ամբիոն
ՏԱԹԵՎԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ՀՊՏՀ ՄՏՀ ամբիոն
 
Հոդվածում գնահատվել է աշխատուժի միջազգային
միգրացիայի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա: Մասնավորապես` հաշվարկվել է համաշխարհային տնտեսական աճի, դրամական փոխանցումների ու զարգացման նպատակով ստացված պաշտոնական օգնությունների միջև կոռելյացիոն կապը, ինչպես նաև դրամական փոխանցումների ու 15 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց գրագիտության մակարդակի միջև հարաբերակցությունը: Ստացվել է ուժեղ կոռելյացիոն կապ երկու գործոնների միջև, ըստ որի մեծահասակների շրջանում գրագիտության մակարդակի աճը հանգեցնում է միգրացիոն հոսքերի ավելացմանը:
Հիմնաբառեր. աշխատուժի միջազգային միգրացիա, դրամական փոխանցումներ, զարգացման նպատակով ստացված պաշտոնական օգնություններ, կոռելյացիոն կապ, գրագիտության մակարդակ  
 
Ժամանակակից փոխկապակցված աշխարհում արդիական մարտահրավեր են միջազգային միգրացիայի աճող տեմպերն ու ընդգրկման լայն շրջանակը: Համաձայն ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի վիճակագրական տվյալների` 2017 թվականին միջազգային միգրանտների թիվը հասել է մոտ 258 մլն-ի, ինչը աշխարհի բնակչության 3.5%-ն է: Այսինքն` կարող ենք ենթադրել, որ աշխարհի բնակչության 3.5%-ն այս կամ այն չափով համաշխարհային հասարակության խոցելի խմբերից մեկն է: Ընդունող երկրում տնտեսական տատանումների պատճառով միգրանտները հաճախ առաջինն են կորցնում աշխատանքը: Նրանք շատ հաճախ այստեղ հանդիպում են այնպիսի խնդիրների, ինչպիսիք են աշխատանքային իրավունքներիմ ոտնահարումը, ցածր վարձատրությունը, մարդու իրավունքների խախտումը, բռնությունն ու խտրականությունը: Բարձր եկամուտ ունեցող երկրների տնտեսությունները ներկայումս աչքի են ընկնում աշխատանքի շուկայի հստակ հատվածավորմամբ: Տեղացիները սովորաբար խուսափում են քիչ վարձատրվող, անապահով և ոչ հաճելի աշխատանքներից, որոնք գերակշռում են միգրանտների շրջանում: Սրանք տնտեսագիտական գրականության մեջ բնորոշվում են «3D-աշխատանք» անվանմամբ` կեղտոտ, վտանգավոր և/կամ դժվար (dirty, dangerous, or difficult): Սրա հետևանքով միգրացիան դառնում է մարտահրավեր արդեն ոչ թե ընդունող երկրի, այլ հենց միգրանտի համար:
ՄԱԿ-ի և Համաշխարհային բանկի վիճակագրական տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ 2000−2016 թթ. միջազգային միգրանտների կեսից ավելին կամ 165 մլն միգրանտ ապրում էր բարձր եկամուտ ունեցող երկրներում, ինչը բավական օրինաչափ է, քանի որ միգրացիայի հիմնական ձգողության կենտրոնները տնտեսապես զարգացած երկրներն են: Միջազգային միգրանտների 36%-ը կամ 92 մլն մարդ ապրում է միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներում: 2000 թվականի համեմատությամբ, բարձր եկամուտ ունեցող երկրներում ապրող միգրանտների թիվն ավելացել է 5.8%-ային կետով, իսկ միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներում միջազգային միգրանտների թիվը բավական նվազել է:
Համաշխարհային տնտեսության վրա աշխատուժի միջազգային միգրացիայի ազդեցության գնահատման կարևորագույն գործիքներից մեկը դրամական փոխանցումներն են, որոնք ուղղակիորեն անդրադառնում են տնտեսական աճի վրա` սպառման, խնայողությունների և ներդրումների առումով իրենց դրական ազդեցությամբ:
Դրամական փոխանցումների ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է բավական հետաքրքիր միտում. 2015 թ. համեմատությամբ, 2016 թվականին դրամական փոխանցումները դեպի զարգացող երկրներ նվազել են 2.4%-ով: Միայն դեպի Հնդկաստան դրամական փոխանցումները 2016 թվականին, նախորդ տարվա համեմատությամբ, նվազել են 8.9%-ով: Սա կարելի է բացատրել նավթի համաշխարհային շուկայում գների անկմամբ, Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրներում և Ռուսաստանի Դաշնությունում տնտեսական աճի ցածր ցուցանիշներով: Եվրոպայում տնտեսական վատթարացումը, ինչպես նաև ԱՄՆ դոլարի համեմատությամբ եվրոյի, ֆունտ ստեռլինգի և ռուբլու դիրքերի թուլացումը, համաշխարհային արտահանման ծավալների անկումը գործոններ են, որոնք ուղղակի կամ անուղղակի ազդել են դրամական փոխանցումների ծավալների վրա: Վերջերս բարձր եկամուտ ունեցող մի շարք երկրներում դրամական փոխանցումների նկատմամբ հարկային մեխանիզմներ են կիրառվում` եկամուտների ավելացման և չփաստաթղթավորված միգրացիայի դեմ պայքարի համար: Բահրեյնը, Քուվեյթը, Օմանը, Սաուդյան Արաբիան, Միացյալ Նահանգները և Արաբական Միացյալ Էմիրությունները այդ երկրների ցանկում են: Վերջին հաշվով, հատկապես բարձր եկամուտ ունեցող երկրներում հակամիգրացիոն տրամադրվածությունը հանգեցրել է օտարերկրյա աշխատուժի նկատմամբ պահանջարկի նվազմանը, ինչը հատկապես ֆորմալ ուղիներով դրամական փոխանցումների ծավալների նվազման պատճառ է դարձել:
2008 թվականին Բ.Ֆայիսան և Ք.Նսիահը ուսումնասիրեցին և դրական կապ արձանագրեցին տնտեսական աճի և դրամական փոխանցումների միջև Աֆրիկայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի ու Կարիբյան ավազանի 64 տարբեր երկրների վիճակագրական տվյալների հիման վրա` 1987−2007թթ.:
Գծապատկեր 1-ում ներկայացված են 1970−2016 թթ. համաշխարհային բանկի վիճակագրական տվյալները համաշխարհային տնտեսական աճի, դրամական փոխանցումների ու զարգացման նպատակով ստացված պաշտոնական օգնությունների վերաբերյալ: 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Զարգացման նպատակով ստացված պաշտոնական օգնությունների ծավալների ընդլայնումը պետք է հակադարձ կախվածություն ունենա դրամական փոխանցումներից, իսկ երկու ցուցանիշները կախվածություն դրսևորեն տնտեսական աճի նկատմամբ: Իրականացված կոռելյացիոն վերլուծությունը ցույց տվեց, որ զարգացման նպատակով ստացված պաշտոնական օգնությունների և դրամական փոխանցումների միջև կապը 0.9 է: Միևնույն ժամանակ, տնտեսական աճի և դրամական փոխանցումների միջև կապը −0.20 է, իսկ տնտեսական աճի և զարգացման նպատակով ստացված պաշտոնական օգնությունների միջև` −0.26:
Գծապատկեր 2-ը ցույց է տալիս, որ ստացված դրամական փոխանցումները դիտարկվող ժամանակաշրջանում աճել են տարեկան միջինը 14.4%-ով, իսկ զարգացման նպատակով ստացված դրամական օգնությունները` 7.7%-ով: 1999−2008 թթ. դրամական փոխանցումները տարեկան կայուն աճի միտում են դրսևորել: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով 2009 թվականին, նախորդ տարվա համեմատությամբ, ցուցանիշը անկում է ապրել 6.21%-ով: Վերջին տարիներին համաշխարհային տնտեսական աճը թուլացել է, իսկ 2016 թվականին դրամական փոխանցումները նվազել են 1.43%-ով: Սա կարելի է հիմնավորել նաև միջազգային միգրանտների տեսակարար կշռում փախստականների և ապաստան հայցողների թվի մեծացմամբ: Իսկ արդեն 2017 թ․դրամական փոխանցումներն աճել են 3.86%-ով` կազմելով 596 տրլն ԱՄՆ դոլար: 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Աշխատուժի միջազգային միգրացիայի դրդապատճառների վերլուծության բավական հետաքրքիր մոտեցում է ներկայացրել Հ. Բագրատյանը «Մեգաէկոնոմիկա և գլոբալ տնտեսական խնդիրներ» գրքում: 21-րդ դարի սկզբին աշխարհի բնակչության 90%-ը դարձավ գրագետ: Մի շարք երկրների տնտեսություններ ի վիճակի չեն կլանելու գրագիտության այս մակարդակը, ինչը հանգեցրեց հատկապես երիտասարդների միգրացիոն հոսքերի` դեպի աշխատանքային ռեսուրսների բացասական մնացորդ ունեցող երկրներ: 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Այս մոտեցումը հիմնավորելու համար կատարել ենք կոռելյացիոն վերլուծություն դրամական փոխանցումների ու 15 տարեկան և բարձր տարիքի անձանց գրագիտության մակարդակի միջև: Որպես փոփոխական ընտրվել  են դրամական փոխանցումները, քանի որ միջազգային միգրացիոն հոսքերի վիճակագրական ցուցանիշները ներկայացվում են 5 տարի պարբերականությամբ, ինչը տնտեսաչափական վերլուծության տեսակետից նպատակահարմար չէ: Փիրսոնի կոռելյացիոն վերլուծությունը ցույց տվեց, որ երկու փոփոխականների միջև կապը` R=0.85 է, ինչը բավական ուժեղ է: Գծապատկեր 3-ում հստակ ներկայացված է ուժեղ կոռելյացիոն կապ երկու գործոնների միջև, հետևաբար` մեծահասակների շրջանում գրագիտության մակարդակի աճը հանգեցնում է միգրացիոն հոսքերի ավելացման:
Ինչպես երևում է գծապատկեր 4-ից, 1991−2016 թթ. զբաղվածության մակարդակն աշխարհում կազմել է միջինը 60.6%: Ընդ որում, 1991 թվականի համեմատությամբ զբաղվածության մակարդակը 2016 թվականին նվազել է 3.2%-ային կետով, և ընդհանուր միտումը նվազող է: Սրա զուգակցումը հիմնականում աճող տեմպով միջազգային միգրացիոն հոսքերի և դրամական փոխանցումների հետ ցույց է տալիս, որ համաշխարհային տնտեսությունում սրվում է մարդկանց աշխատանքով ապահովելու խնդիրը: 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Մենք կատարել ենք տնտեսաչափական վերլուծություն` բացահայտելու համար ՕՈՒՆ-ի զուտ ներհոսքի և դրամական փոխանցումների միջև կապը: Վերլուծության արդյունքում պարզվել է, որ ցուցանիշների միջև գոյություն ունի ուժեղ կապ R=0.86: Գծապատկերը ևս ցույց է տալիս այս ցուցանիշների միջև դրական կապը, թեև կոռելյացիայի նշանակալիությունը 0.01 է: Իհարկե, դրամական փոխանցումների և ՕՈՒՆ-ի միջև կապի առկայությունը տնտեսագիտորեն կարող է խաբուսիկ լինել, քանի որ միգրացիայի վրա ազդող գործոնները բազմատեսակ են: Օրինակ` շվեդացիները պատմականորեն հակում ունեն տեղաշարժվելու Մինեապոլիս, քանի որ այնտեղի կլիման շատ նման է Շվեդիայի կլիմային, ինչը կարող է նպաստել անգամ փոխադարձ առևտրի և ներդրումների ծավալների աճին:
Բայց և այնպես, ՕՈՒՆ-ի ներգրավման և միգրացիոն հոսքերի միջև մի շարք կապեր կան: Առաջին հերթին` ՕՈՒՆ-ի ներգրավման լավագույն գործիքներից մեկը վստահությունն է: Իսկ ընդունող երկրում միգրանտները ձևավորում են օղակ, որն ապահովում է ճանաչելիություն, վստահություն և հուսալիություն ծագման երկրի համար, ինչն էլ, իր հերթին, հանգեցնում է ՕՈՒՆ-ի աճին: 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Զբաղվածության մակարդակի և դրամական փոխանցումների միջև առկա է ուժեղ բացասական կապ R=-0.948: Դրանց զուգակցումը ցույց է տալիս, որ համաշխարհային տնտեսությունում սրվում է մարդկանց աշխատանքով ապահովելու խնդիրը: Հետաքրքիր է նաև, որ, ըստ գծապատկերի վերլուծության, բացասական է նաև ՕՈՒՆ-ի և զբաղվածության մակարդակի միջև կապը, մինչդեռ օտարերկրյա ուղղակի ներդրումները համարվում են աշխատատեղեր ստեղծող գործիքներ: Բացի այդ, ՕՈՒՆ-ի և զբաղվածության մակարդակի դրական կապի արդյունքում առաջինները հնարավոր կլիներ դիտարկել որպես միգրացիան կանխող լծակ: