Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Տնտեսագիտություն. քայլ բուհից դեպի դպրոց․․․

Համազասպ
ԳԱԼՍՏՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու
«Ամբերդ»
 
 
Հիմնաբառեր. կրթական բազմաստիճան համակարգ
, կենցաղային տնտեսագի տության այբբենարան, նախաբու- հական ուսուցանում, դասարան գրասենյակ, էլեկտրոնային  ինքնակրթություն
 
Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման տեմպերը, հախուռն ու հաճախ անկառավարելի տեղեկատվական հոսքերը դեպի մարդ անհատն այսօր ստիպում են ոչ միայն ընթացիկ շտկումներ, այլև խորքային փոփոխություններ կատարել կրթական բազմաստիճան համակարգի ամբողջական շղթայում:
Համակարգի զարգացման միտումներն ու համաշխարհային փորձը ցույց են տալիս, որ այդ տիրույթի առաջին աստիճանում, այսինքն՝ դպրոցական մակարդակում մատուցվող նոր որակի ու ձևաչափի կրթությունն ըստ էության այլընտրանք չունի, ուստի առանց դրա հնարավոր չէ իրականացնել հաջորդող կրթական աստիճանների վերափոխում ու հարմարեցում՝ որպես արդյունավետ բուհական կրթության կարևոր մեկնակետ։
«Տնտեսագիտություն» առարկայի օրինակով փորձ է արվել վերլուծելու խնդրի էությունը և ներկայացնելու դպրոցներում դասավանդվող այս առարկայի մատուցման ձևաչափի փոփոխության առաջարկի գաղափար, հաշվի առնելով, որ այսօրվա աշակերտը ցանցային որոնողական բազում հարթակներում արդեն իսկ ինքնակրթման բավարար տիրույթ ունի և այնտեղ է հայտնվում առանց որևէ մեկի միջնորդության ու թույլտվության, որը, սակայն, ունենալով որոշակի դրական երանգներ, իր մեջ կրում է կրթության ձևախեղման ռիսկեր։
Իբրև այս խնդրի լուծման շահագրգիռ կողմ՝ պետք է հանդես գա մասնագիտական բուհական համակարգը, քայլ անելով դեպի դպրոց, որպեսզի աշակերտը բուհական մասնագիտություն ընտրելիս տնտեսագիտական ուղղությունները չդիտարկի մնացորդային ընտրանքի տիրույթում։
 
 
 
 
 
Նախորդ դարի 90-ականներից սկսած` իրողությունների փոփոխությունները ստիպեցին և այսօր էլ ստիպում են կրթական բազմաստիճան համակարգի ամբողջական շղթայում կատարել ոչ միայն ընթացիկ շտկումներ, այլև խորքային ու բովանդակային ձևափոխումներ։
Բարձր տեխնոլոգիաների զարգացման տեմպերը, հախուռն ու հաճախ անկառավարելի տեղեկատվական հոսքը դեպի անհատը կրթական ոլորտի պատասխանատուների ուշադրությունը սևեռել են ոչ միայն ավանդական առակաների դասավանդման, դրանց կառուցվածքային փոփոխության, այլև աշակերտների ինքնաբացահայտման, ինքնակատարելագործման ու ժամանակի միտումներին համարժեք հմտությունների ձեռքբերման  հիմնախնդիրների վրա, քանի որ մերօրյա իրողություններն իր մեջ կրող աշխատաշուկան, մարդու կարողությունների, դրանց արդյունավետ արտահայտման ու կիրառման առումով, ունի հստակ ձևավորված նոր պահանջարկ։
Կրթական ոլորտի զարգացման միտումներն ու համաշխարհային փորձը ցույց են տալիս, որ ուսուցման բազմաստիճան համակարգի առաջին աստիճանում, այսինքն՝ դպրոցական մակարդակում մատուցվող նոր որակի ու ձևաչափի կրթությունը, ըստ էության, այլընտրանք չունի, և առանց դրա հնարավոր չէ իրականացնել հաջորդող կրթական մակարդակների վերափոխում ու ներդաշնակեցում նոր իրավիճակներին։ Հետևապես՝ ժամանակի պահանջն է իրականացնել հայեցակարգային փոփոխություններ դպրոցական առարկայական ծրագրերի և դրանց մատուցման ձևի միացյալ համակարգում, և իհարկե, ոչ թե ուղղակի փորձել «հասնել մարդու, տվյալ դեպքում՝ աշակերտի այլընտրանքային տեղեկացվածության ու ինքնակըրթության հետևից», այլ դառնալ նոր որակի կրթության լիիրավ ու լիարժեք մատուցողը։
Այս առումով, պահանջվում է մասնագիտական և սոցիալ-հոգեբանական մոտեցումների ոչ այնքան դյուրին համակցում, քանի որ այսօրվա աշակերտն ապրում է տեղեկատվական բազմաշերտ հոսքերի էլեկտրոնային աշխարհում և, առանց ծնողի կամ մանկավարժի մասնակցության, ըստ էության, կարող է իրեն հուզող հարցերի պատասխանները փնտրել ,վիքիպեդիաներումե և այլ էլեկտրոնային որոնողական հարթակներում, որտեղ, ճանաչողականից զատ, առկա է նաև վտանգավոր խեղաթյուրումներով, կասկածելի, անվստահելի սկզբնաղբյուրներից մատուցվող տեղեկատվություն։ Այս ամենն իրապես կարող է բացասաբար ազդել տեղեկատվական գործիքներից ազատորեն օգտվող աշակերտի գիտելիքների ձևավորման և հոգեկերտվածքի վրա։
Վերոշարադրյալի համատեքստում փորձենք հասկանալ, թե այսօրվա դպրոցում ինչ տնտեսագիտական գիտելիք է ձեռք բերում աշակերտը։
Տնտեսագիտության մասին տեղեկատվություն, որպես այդպիսին, ներառված է ավագ դպրոցի 10-րդ դասարանի «Հասարակագիտություն» առարկայի դասագրքի 4-րդ բաժնում։ Այդտեղից աշակերտը ծանոթանում է շուկայական տնտեսագիտության սկզբունքներին, պահանջարկի և առաջարկի ձևավորման, բանկային համակարգի, պետության տնտեսական դերակատարության և միջազգային տնտեսական հարաբերությունների խնդիրներին։ Հեղինակների ներկայացրած նյութը համապատասխանում է դասագրքային պահանջներին, սակայն, հաշվի առնելով, որ առարկան ինքնին դասվում է բարդընկալելիների շարքին, ենթադրվում է, որ մասնագիտական պատրաստվածության ու ներկայացման ոչ բավարար փորձառության պարագայում դա, ինչպես նաև դասագրքի մնացյալ բաժիններում (գեղագիտություն, բարոյագիտություն, հոգեբանություն) ներկայացվող նյութը՝ եզրաբանական մեծ և հաճախ դժվարընկալելի «ծանրոցով», կարող է դառնալ անհետաքրքիր և ձանձրալի այն մարդու համար, որը, ինչպես նշեցինք, իր հետաքրքրությունները բավարարում է այլընտրանքային՝ հանրամատչելի տեղեկատվական դաշտի միջոցով։
Հավելենք նաև, որ «Հասարակագիտություն» առարկայի ներկայիս տրամաբանական կառուցվածքը կրել է էական փոփոխություններ, և առկա է որոշակի կառուցվածքային խզում համամատաբար նոր ձևավորված բաժինների միջև։ Ըստ էության, հանրակրթական դպրոցի 6-9-րդ դասարաններում դասավանդվող «Պատմություն» առակայի դասագրքեր են ,տեղափոխվելե «Հասարակագիտություն» առարկայի հիմնական կորիզ հանդիսացող բաժինները, ինչի արդյունքում տնտեսագիտությունը՝ դպրոցական «փաթեթավորմամբ», սակայն մասնագիտական բարդ հասկացություններով, իրենից անկախ, հայտնվել է իր համար ոչ այնքան «հարազատ» տիրույթում, և խնդիրն այս պարագայում, իհարկե, գրքի հեղինակներին չի վերաբերում։ Դա ավելի շատ առնչվում է պատվիրատուի առաջարկած նոր ձևաչափին ու դրանից բխող բովանդակային պահանջներին։
Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հասարակագիտական գիտելիքի դասավանդումն իրականացվում է հիմնականում պատմության մասնագետ մանկավարժի կողմից, ապա պարզ է դառնում, որ այս բազմաշերտ (գեղագիտություն, բարոյագիտություն, հոգեբանություն, տնտեսագիտություն) առարկայի ավանդական ձևով մատուցումը, ըստ էության, չի կարող հնարավորություն ընձեռել աշակերտին տրամաբանական ամբողջականության մեջ ընկալելու հասարակագիտական բովանդակ աշխարհը, իսկ տնտեսագիտության ուսումնասիրման պարագայում՝ նաև կատարելու ոչ այդքան բարդ վերլուծական աշխատանքներ, համեմատելու իրավիճակներ, պարզագույն սցենարների կառուցմամբ հմտանալու որոշումներ կայացնելու և դասընկերների հետ դրանք թիմային մտավարժանքների տեսքով իրագործելու առումով։
Հարկ է նշել, որ որոշ ավագ դպրոցներում ներկայում դասավանդվում է «Կիրառական տնտեսագիտություն» առարկան, որը դեռևս 2013 թվականին ՀՀ ԿԳ նախարարի համապատասխան հրամանով նախատեսվել էր ուսուցանել հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանում։
Մինչդեռ, ինչ-ինչ պատճառներով այն տեղափոխվել է ավագ դպրոցի դասացուցակ, իսկ որպես առարկա, բովանդակային առումով, պահպանել «Հասարակագիտություն» առարկայի «Տնտեսագիտություն» բաժնի կառուցվածքային տրամաբանությունը։
Հավելենք, որ տնտեսագիտական և ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման առումով տարբեր կառույցներ որոշակի քայլեր են կատարում, սակայն դրանք համակարգված բնույթ չեն կրում: Որպես կանոն, իբրև հաղորդակցման միջոց այս դեպքում ընտրվում է ոչ թե անմիջական շփման եղանակը, այլ էլեկտրոնային։
Այսպես՝ ՀՀ կենտրոնական բանկն իր պաշտոնական կայքում ունի ֆինանսական գրագիտության հարթակ ոչ միայն
ուսուցչի, այլև ուսանողի և աշակերտի համար։ Մասնավորապես՝ աշակերտների համար ներկայացված են ֆինանսական ոլորտի վերաբերյալ նկարազարդ և շարժական նյութեր։ Դպրոցականների համար տեղեկատվական և ուսուցողական հետաքրքրական տիրույթ ունի նաև ՀՀ վիճակագրական կոմիտեի կայքը՝ «Վիճակագրություն դպրոցականի համար» գրքույկի տեսքով։ Ֆինանսական կրթական հարթակ ունի Ֆինանսական հաշտարարի գրասենյակի պաշտոնական կայքը, որը, սակայն, նախատեսված է տարիքային ավելի բարձր խմբերի համար: 
Այսօր, երբ «ֆորս մաժորները» դադարում են մնալ որպես իրավական փաստաթղթերում ամրագրված իրավիճակային սահմանումների հավաքածու, երբ ճգնաժամային կառավարումը դարձել է կառավարման անբաժան բաղադրիչ, երբ «սև կարապների» գործոնն ավելի հաճախակի է հայտնվում տնտեսության ցանկացած ոլորտում, և երբ ինքնուրույն որոշումներ ընդունելու ու դրանք իրականացնելու ունակության գինն ու արժեքն էականորեն բարձրացել են, առավել քան ակնառու է դառնում տնտեսագիտության նախաբուհական ուսուցանումը ժամանակի պահանջներին համապատասխանեցնելու մարտահրավերի   ընդունումը։ Այն, իր հերթին, հանրակրթական դպրոցներում հնարավորություն կընձեռի խաղային սցենարների և թիմային դերաբաշխման միջոցով աշակերտին հմտացնելու նախ՝ պարզ, ապա նաև որոշակի բարդություն պարունակող իրավիճակներում ինքնուրույն վերլուծություններ կատարելուն, արագ որոշումներ կայացնելուն և դրանք հնարավորինս արդյունավետ կերպով իրականացնելուն։
Եվ հենց այստեղ է, որ բուհը, որպես շահագրգիռ կառույց, նպատակային և գիտակցված քայլ պետք է անի դեպի դպրոց՝ իր մասնագիտական ներուժով միանալով դպրոցի մանկավարժական թիմին, օժանդակելով նրան և համատեղ կրթելով ապագա տնտեսագետին։ Միաժամանակ, կարևոր է, որ անխափան աշխատի «ունքն ուղղելու փոխարեն՝ աչքը չվնասելու» սկզբունքը, քանզի տվյալ դեպքում խոսքը սկզբնական կամ տարրական տնտեսագիտական գիտելիքի, ասել է թե՝ կենցաղային տնտեսագիտության այբուբենի մատուցման մասին է։ Նաև անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ այսօր 12-14 տարեկան երեխան արդեն իսկ ունակ  է կենցաղային մակարդակում կառավարելու ծնողի կողմից իրեն տրված «ֆինանսական դրամաշնորհը», ինքնուրույն տնօրինելու իր ժամանակը, կատարելու շրջակա միջավայրի յուրօրինակ SWOT վերլուծություն, տարբերակելու «թացը չորից»։
Հետևապես, կարծում ենք, որ ժամանակն է քննարկել տնտեսագիտության մատչելի և «դյուրամարս» մատուցման հնարավորությունը ոչ միայն ավագ, այլև հիմնական դպրոցում։ Այսօրվա աշակերտի վարքագծի և ապրելակերպի ուսումնասիրությունից կարող ենք հանգել այն եզրակացության, որ նրա հետաքրքրությունների տիրույթում ոչ թե հասարակական-տնտեսական ֆորմացիաների, սեփականության ձևերի պատմությունն է, այլ շատ ավելի առօրեական հարցեր։
Հարցեր, որոնց պատասխանները նա փնտրում է ընտանեկան, դպրոցական, բակային կամ մեկ այլ միջավայրում։ Մասնավորապես՝ նրան հետաքրքրում է, թե ինչ է ազգային դրամը, ինչպես կարելի է առավել արդյունավետ տնօրինել օրվա կամ շաբաթվա կտրվածքով տրված ծնողական ,գումար-դրամաշնորհըե, ինչու է ապրանքի գինն աճում, ինչու է չինական ապրանքն էժան, ինչ է վարկը կամ դրա տոկոսը, ի՞նչ է ներդրումը, բնակարանային հիպոթեքը, ապահովագրությունը և այլն։
Ինքնին պարզ է, որ այս հարցերի պատասխանները տնտեսագիտությունը տալիս է, բայց պարզ է նաև, որ դրանք, որպես կանոն, աշակերտին հասկանալի չեն, քանի որ մատուցվում են մասնագիտական բարդ տերմինաբանությամբ: Ակնհայտ է, որ անմիջական, խաղարկային, թիմային միջավայրում գլխավոր կամ, թեկուզ, երկրորդային դերակատարմամբ հանդես եկող աշակերտը կարող է ոչ միայն հմտանալ տնտեսագիտական պարզ այբուբենն ընկալելու առումով, այլև հետաքրքրվել, ինչու՞ չէ, նաև նախընտրել տնտեսագիտությունը, այսինքն՝ բարձրագույն կրթություն ստանալու համար կատարել գիտակից ու թիրախավորված ընտրություն հենց այդ ուղղությամբ։
Հետևաբար՝ արդյո՞ք ավելի նպատակահարմար չէ այդ ամենը կիրառել դպրոցում՝ ստեղծելով ազատ ու անկաշկանդ միջավայր՝ յուրօրինակ դասարան-գրասենյակ, որտեղ ապագա ֆինանսիստի, կառավարչի,  շուկայագետի  կերպարով հանդես եկող աշակերտը հնարավորություն կունենա ձեռք բերելու որոշումներ կայացնելու ու թիմային աշխատանք իրականացնելու հմտություններ, այլ ոչ թե գործընթացը կրկին տանել տնային պարտադրված ընթերցանության ու հանձնարարված նյութն ,անգիր անելուե անարդյունավետ ճանապարհով։
Համոզված ենք, որ «Տնտեսագիտություն» առարկայի նմանօրինակ մատուցումը հնարավորություն կընձեռի աշակերտի մեջ զարգացնելու տնտեսագիտական մտածելակերպ, մշակույթ, ինչպես նաև կհանգեցնի պարզ տնտեսագիտական կարողությունների ու տվյալ տարիքի համար  ընկալելի փորձի ձևավորմանը։
Հետևաբար՝ հասունացել է ժամանակը քննարկելու և մշակելու կենցաղային տնտեսագիտության «այբբենարան» կամ մտավարժանք դաս-խաղերի տեսքով՝ առավել մատչելի ու պարզ մատուցմամբ հանրակրթական և ավագ դպրոցներում դասավանդելու այնպիսի մի ծրագիր, որն իր մեջ կներառի ժամանակի մարտահրավերներն ու այսօրվա աշակերտի հետաքրքրություն  ների հնարավորինս ամբողջական «ներկապնակը»։
Հակառակ դեպքում, իրերի ներկայիս դրվածքի պարագայում, կարող ենք ունենալ տվյալ առարկայի և մասնագիտական ոլորտի նկատմամբ անհաղորդ ու անտարբեր աշակերտների թվային աճ, ուսումնական գործընթացի ծանր ու ոչ գործնական մթնոլորտ, որի հետևանքով բուհական մասնագիտություն ընտրելիս տնտեսագիտական ուղղությունները կհայտնվեն մնացորդային ընտրանքի տիրույթում։
Անհրաժեշտ է հայեցակարգային փոփոխություն՝ տվյալ դպրոցական առարկայի մատուցման ձևի ու ձևաչափի առումով, որի հիմնական շահագրգիռ կողմերից մեկը տրամաբանորեն պետք է լինի հստակ մասնագիտական ուղղվածություն ունեցող բուհը։ Ակներև է, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետ համատեղ, պետք է հանդես գա որպես դպրոցից բուհ ճանապարհին այսօրվա աշակերտի և ապագա ուսանողի կողմից կատարվող գիտակցված ընտրությանը նպաստող թիվ մեկ շահագրգիռ կողմ։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը նպատակային ու գործնական քայլերով ՀՀ կրթության, գիտության մշակույթի ու սպորտի նախարարությանը պետք է ներկայացնի հստակ ճանապարհային քարտեզ և համապարփակ ծրագիր՝ միտված հանրապետության հիմնական և ավագ դպրոցներում տնտեսագիտական գիտելիքների արդյունավետ մատուցմանը, ինչպես նաև առարկան մատչելի, գրավիչ ու ընկալելի դարձնելու կարևոր առաքելության իրականացմանը։