Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԳԱԶԱԲԱԼՈՆՆԵՐԻ ԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ԳՆԻ ՆՎԱԶԵՑՈՒՄ

✍️ Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), սույն թվականի մարտ ամսին հանրապետությունում գազամատակարարման ընդհատումների պատճառով հեղուկ գազի պահանջարկի կտրուկ ավելացմամբ պայմանավորված, նախաձեռնել է հնարավոր չհիմնավորված գների բացառմանն ուղղված միջոցառումներ, որոնց արդյունքում բացահայտվել է մեքենաների և կենցաղային գազաբալոնների լիցքավորման համար 1 լիտր հեղուկ գազի տարբերակված գների կիրառում:
✅ Հանձնաժողովը մեքենաների և կենցաղային գազաբալոնների լիցքավորման համար կիրառվող 1 լիտր հեղուկ գազի տարբերակված գնի հիմնավորվածությունը պարզելու նպատակով իրականացրել է ուսումնասիրություն:
✅ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Հեղուկ գազ» ապրանքային շուկայում գործունեություն իրականացնող 6 տնտեսավարող սուբյեկտներից 4-ը մեքենաների և կենցաղային գազաբալոնների լիզքավորման համար կիրառում են տարբերակված գին՝ միջինում համապատասխանաբար 250 և 350 դրամ:
✅ Հանձնաժողովի կողմից նշված ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներից պահանջվել է կիրառվող գների վերաբերյալ հիմնավորում: Ստացված տեղեկություններից և կատարված վերլուծություններից պարզվել է, որ կենցաղային գազաբալոնների լիցքավորման համար հարկվում է ԱԱՀ, որը որոշակիորեն ավելացնում է կենցաղային գազաբալոնների լիցքավորման համար հեղուկ գազի ինքնարժեքը, սակայն չի հիմնավորում մեքենաների և կենցաղային գազաբալոնների լիցքավորման գների 100 դրամ տարբերությունը:
✅ Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հանձնաժողովն ուսումնասիրության արդյունքները ներկայացրել է ոլորտում գործող նշված տնտեսավարող սուբյեկտներին՝ առաջարկելով վերանայել կենցաղային գազաբալոնների լիցքավորման համար կիրառվող հեղուկ գազի իրացման գինը:
✅ Արդյունքում կենցաղային գազաբալոնների լիցքավորման համար կիրառվող 1 լիտր հեղուկ գազի գինը նվազել է մինչև 70 դրամով՝ կազմելով միջինը 280 դրամ:

Հանձնաժողովը ևս մեկ անգամ զգուշացնում է շուկայի մասնակիցներին զերծ մնալ գերիշխող դիրքի չարաշահման, հակամրցակցային համաձայնությունների և անբարեխիղճ մրցակցության գործողություններից ու գործել բացառապես մրցակցային օրենսդրության տիրույթում:

 

Last modified onՉորեքշաբթի, 08 Հունիսի 2022 12:03