Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Կապիտալի միջազգային շարժը որպես գլոբալացման գործոն և դրա պատճառները

ԳԱՅԱՆԵ ԽԱՆՈՒՄՅԱՆ                                                                                                                            
Տնտեսագիտության թեկնածու, ՀՊՏՀ 
Հիմնաբառեր. կապիտալ, ՕՈՒՆ, միաձուլում, կենտրոնացում 
 
ԿԱՊԻՏԱԼԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺԸ ՈՐՊԵՍ ԳԼՈԲԱԼԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՆ ԵՎ ԴՐԱ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
 
Գլոբալացման դրսևորումներից մեկը
կապիտալի միջազգային շուկաների ազատականացումն է։ Ժամանակակից համաշխարհային տնտեսության համար բնորոշ է երկրների միջև կապիտալի շարժի զգալի աճը, որը դառնում է կապիտալ արտահանող և ներմուծող երկրների տնտեսությունների վրա ազդող կարևոր գործոն։ Կապիտալի գլոբալ հոսքերն աճում են այնպիսի տեմպերով, որոնք գերազանցում են նույնիսկ առևտրի զարգացմանը: Կապիտալի հիմնական հոսքը արդյունաբերական երկրներից տեղաշարժվում է դեպի ոչ միայն թույլ զարգացած (զարգացող), այլ մյուս արդյունաբերական երկրներ: Աճում է կապիտալի փոխադարձ շարժը արդյունաբերական զարգացած երկրների միջև։ Օտարերկրյա ուղղակի ներդրումների մոտ 80%-ը ՏՀԶԿ (Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն) երկրներից ներկրվում է դեպի նույն ՏՀԶԿ երկրներ։ Կապիտալի հոսքերի նման տեղաշարժի պատճառները տնտեսությունների կառուցվածքի փոփոխություններն են ԳՏՀ ազդեցությամբ, որոնք հանգեցնում են արդյունաբերական զարգացած պետությունների միջև աշխատանքի բաժանման առավել խորացմանը և արտադրության ինտերնացիոնալացման ուժեղացմանը։ Արդյունաբերական զարգացած երկրների միջև կապերն ընթանում են աշխատանքի ներճյուղային բաժանման, մասնագիտացման և կոոպերացման ուղղությամբ, ինչի արդյունքում տարբեր երկրների ձեռնարկությունների միջև սերտ փոխկախվածություն է առաջանում: Կապիտալի և ՕՈՒՆ-ի շարժը զարգացած երկրների միջև պայմանավորված է, առաջին հերթին, տարբեր երկրներում արդյանաբերական ձեռնարկությունների կողմից ապրանքի արտադրության, հաճախ նաև իրացման ամբողջ գործընթացը սեփական ձեռքը վերցնելու ձգտմամբ: Այն նպաստում է խոշոր ընկերությունների դիրքերի ամրապնդմանն ամբողջ աշխարհում, իսկ մրցակցային պայքարի կարևորագույն գործիքներից մեկը ներթափանցումն է այլ երկրների տնտեսություններ՝ առաջացնելով այս կամ այն ապրանքների շուկայում որոշակի տեղի համար պայքար։ Սխալ կլիներ կարծել, թե կապիտալի հոսքն ուղղված է միայն ապրանքային արտադրություն: Զարգացած երկրների կապիտալ ներդրումները միտված են առավելապես հումքային ոլորտներ: Սակայն հումքի, ռեսուրսների համաշխարհային պաշարները նվազում են, իսկ դրանց գները խիստ անկայուն են։ Այնուհանդերձ, կապիտալի շարժի, ինչպես և համաշխարհային առևտրի հիմքը աշխատանքի միջազգային բաժանումն է։ Խոշոր ընկերությունները գործում են երկու ուղղությամբ. կամ արտադրական շղթայի ուղղաձիգ գրավում, երբ ձեռնարկությունները մատակարարում են գլխամասային ձեռնարկությանը, կամ էլ գործունեության հորիզոնական ընդլայնում, երբ ստեղծվում են նույն ոլորտի ձեռնարկություններ՝ այլ երկրներում տվյալ ապրանքի շուկաները գրավելու համար։ Ընդ որում, ընկերությունները փորձում են օգտագործել օտարերկրյա որակյալ, սակայն ավելի էժան բանվորական ուժը: Իհարկե, տարբեր երկրներում տեղակայված նույն միավորման ձեռնարկությունների միջև նույնպես տեղի է ունենում աշխատանքի բաժանում և ռեսուրսների փոխանակում: 20-րդ դարի 90-ականներին ներդրումների բնույթը փոխվեց. միաձուլումների ծավալը մեծացավ ավելի քան 10 անգամ՝ հիմնականում տնտեսումների աճի և նոր տեխնոլոգիաների ներդրման հաշվին: Աշխարհում մենաշնորհային են համարվում հատկապես ավտոմոբիլաշինությունը, սննդարդյունաբերությունը, կապը: Այս գործընթացները շարունակական են Եվրամիության /ԵՄ/ և ԱՄՆ-ի ընկերություններում: Միջազգային միաձուլումներում և կլանումներում մասնակցում են նաև ռուսական ընկերությունները։ Դա տեղի է ունենում հենց Ռուսաստանի ներսում ակտիվորեն ընթացող կլանումների և միաձուլումների խորապատկերի վրա։ Դ. Ռիկարդոյի միջազգային առևտրի դասական տեսությունը, որն ավելի ուշ վերափոխվեց Հեքշերի և Օլինի կողմից, ապացուցում էր, որ երկրները պետք է մասնագիտանան այն ապրանքների արտադրության մեջ, որոնց համար օգտագործում են համեմատաբար ավելի էժան արտադրության գործոններ, քան մյուս երկրները։ Սակայն կապիտալի ներկրումն ու արտահանումը փոփոխություններ առաջացրին համաշխարհային առևտրում։ Կապիտալի արտահանումը միշտ չէ, որ ուղղվում է համեմատաբար էժան արտադրության գործոնների՝ աշխատուժի, օգտակար հանածոների արդյունահանման ավելի բարենպաստ պայմանների, հողի օգտագործման: Ներկայում կապիտալի արտահանման արևմտյան ճանաչված տեսություններից մեկը Ռ. Վեռնոնի «Բարիքի կենսական ցիկլի» մոդելն է, որը վերափոխվել է կապիտալի արտահանման համար: Թե ապրանքների, թե կապիտալի արտահանման դեպքում կենսապարբերաշրջանը բաղկացած է չորս փուլերից. 
1. նոր ապրանքի մենաշնորհային արտադրությունն ու արտահանումը, 
2. մրցակից ֆիրմաներում նմանատիպ ապրանքի հայտնվելն ու դրա ներդրումը շուկաներում, 
3. մրցակիցների ելքը դեպի միջազգային շուկաներ, և արտահանումն առաջինն սկսած երկրից արտահանման կրճատումը, 
4. մրցակիցների ելքը աոաջատար երկրի շուկա, որը հնարավորություն է ընձեռում երկարաձգելու արտադրանքի կենսապարբերաշրջանը` կապիտալն արտահանելու և տվյալ ապրանքի արտադրությունն արտերկրում կազմակերպելու միջոցով։ 
Արևմուտքում լայն տարածում ունի անգլիացի տնտեսագետ Ջ. Դանինգի «Էլեկտրիկ ներդրումների մոդելը» ըստ որի՝ ընկերությունը կապիտալ ներդրում է կատարում արտերկրում, եթե միաժամանակ համընկնում է երեք պայման. 
1. արտերկրում (ընդունող) տվյալ ընկերությունը որոշակի առավելություններ ունի մյուսների նկատմամբ, 
2. տվյալ ընկերությանը ձեռնտու է օգտվել այդ առավելություններից՝ արտադրությունը կազմակերպելով տեղում, քան իրացնել այդ առավելությունները ապրանքի արտահանման ճանապարհով, 
3. տվյալ ընկերությունն իր արտերկրի ձեռնարկություններում որոշ արտադրական ռեսուրսներ ավելի արդյունավետ է օգտագործում, քան սեփական երկրում: 
Այսպիսով՝ նշված տեսությունները կապիտալ արտահանելիս շեշտադրում են ընկերության տեխնոլոգիական առավելությունները: Չնայած կապիտալի մի մասն ուղղված է համեմատաբար էժան արտադրության գործոնների օգտագործմանը, սակայն հիմնական մասն արտահանվում է այլ նպատակներով։ Զարգացած երկրներում արտադրության գործոնների արժեքը գրեթե նույնն է։ Եվ կապիտալի շարժի հիմնական մասը տեղի է ունենում հենց զարգացած երկրների միջև։ Ժամանակակից արտադրությունում արտադրական գործոնների արժեքը երկրորդական է նոր տեխնոլոգիաների օգտագործման, նոր արտադրանքի թողարկման համեմատությամբ։ Կապիտալի արտահանումը զարգացած երկրներ նպատակ ունի արտադրության բոլոր փուլերում վերահսկողություն իրականացնել՝ արտերկրում ընդլայնել ընկերության դիրքերը և գրավել համաշխարհային շուկայի հնարավորինս մեծ հատված։ Այսպիսով՝ կապիտալի արտահանումը դառնում է միջազգային առևտրի զարգացման ինքնուրույն գործոն։ Կապիտալի արտահանման երկու հիմնական ձևերն են՝ ձեռնարկատիրական և վարկային։ Վարկայինը վարկերի և փոխառությունների տրամադրումն է մասնավոր արտասահմանյան ձեռնարկություններին կամ պետություններին։ Ներդրողն արտերկրում ձեռնարկատիրական գործունեություն չի ծավալում և միայն տոկոսներ է ստանում իր տրամադրած վարկերի կամ փոխառությունների դիմաց։ Կապիտալի արտահանման ձեռնարկատիրական ձևը միտված է օտար երկրում գործարարության վարմանը։ Այն իրականացվում է ուղղակի և պորտֆելային ներդրումների եղանակներով։ Ուղղակի ներդրումները ներդրողին հնարավորություն են տալիս վերահսկելու այն ընկերությունը, որին նա կապիտալ է հատկացրել։ Ուղղակի ներդրումների միջոցով արտերկրում կարող են ստեղծվել նոր կամ գնվել արդեն գործող ձեռնարկություններ։ Ներդրողն իրավունք ունի որոշելու տվյալ ձեռնարկության գործունեության ուղղությունները, տնօրինելու շահույթը և այլն։ Պորտֆելային ներդրումների դեպքում ներդրողը ձեռք է բերում բաժնետոմսերի այնպիսի փաթեթ, որը նրան հնարավորություն չի տալիս վերահսկելու տվյալ ձեռնարկությունը, սակայն, որոշ դեպքերում, թույլ է տալիս ազդել նրա գործունեության վրա։ Պորտֆելային ներդրումները նախևառաջ շահույթ ստանալու նպատակ են հետապնդում, ինչպես վարկային կապիտալի արտահանումը։ Որոշակի իրավիճակներում (լրացուցիչ ներդրումներ, ներդրողների կազմի փոփոխություն) պորտֆելային ներդրումները կարող են վերածվել ուղղակիի։ Պորտֆելային և ուղղակի ներդրումների միջև սահմանը խիստ պայմանական է: Ձևականորեն՝ ուղղակի են համարվում այն ներդրումները, որոնք ապահովում են 50%-ից ավելի ձայներ։ Սակայն բաժնետոմսերի մեծ ցրվածության դեպքում հսկողություն կարելի է ապահովել 10-15%-ով, իսկ առանձին դեպքերում՝ նույնիսկ 5%-ով։ Ձեռնարկությունների՝ լայն տարածում գտած միաձուլումների և կլանումների պայմաններում տվյալ ձեռնարկության համար որպես ուղղակի ներդրող կարող են հանդես գալ երկու կլանող ձեռնարկություններ։ Պորտֆելային ներդրումների իրականացման համար կարևոր նշանակություն ունի արժեթղթերի համաշխարհային շուկան, որտեղ կարելի է ձեռք բերել հետաքրքրություն ներկայացնող ընկերությունների բաժնետոմսերը։ Ձեռնարկատիրական (հատկապես՝ ուղղակի ներդրումների) կապիտալի արտահանման համար պարտադիր չէ օգտագործել սեփական կապիտալը։ Արտասահմանյան ընկերությունների բաժնետոմսերի փաթեթները հաճախ ձեռք են բերվում տվյալ երկրում` վարկերի միջոցով։ Կապիտալի միջազգային շարժման առանձնահատկություններից է պետական կապիտալի արտահանումը` բարձր առևտրային ռիսկ ունեցող նախագծերում ներդնելու նպատակով: Գլոբալացման դրսևորումներից է կապիտալի միջազգային շուկաների ազատականացումը: Կապիտալի հոսքերն աճում են արագ տեմպերով և ուղղորդվում են թե՛ զարգացած, թե՛ զարգացող երկրներ՝ ապրանքային արտադրության, հումքի և ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործման նպատակներով: