Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Մրցակցային միջավայրը որպես ինստիտուցիոնալ զարգացման առաջնային ուղղություն

ԴԱՎԻԹ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ                                                                                                                                     
տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
 
ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ ՈՐՊԵՍ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԶԱՐԳԱՑՄԱՆ    ԱՌԱՋՆԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ
 
Հիմնաբառեր. ինստիտուտներ, մրցակցություն, տնտեսական աճ,  նորարարություն, ձեռնարկատիրական միջավայր
 Հայաստանի տնտեսության կայուն ու դինամիկ աճը հետագայում անվերապահորեն պայմանավորված կլինի նոր ներդրումներով և նոր ձեռնարկությունների ստեղծմամբ, ինչն, իր հերթին, պահանջում է ինստիտուցիոնալ միջավայրի բարելավում: Բարեփոխումների բացակայությամբ գործող ինստիտուտները տնտեսական շարունակական կորուստների պատճառ կդառնան: Այդ ինստիտուտների անարդյունավետության հետ կապված տնտեսական ռիսկերի նվազեցման համար անհրաժեշտ է ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի շրջանակներում սահմանված առաջնային ուղղություններով ակտիվ գործունեություն ծավալել: Առաջին հերթին պետք է ստեղծել ժամանակակից հասարակությանը համապատասխան ինստիտուտներ: Խոսքն առավելապես տնտեսական ինստիտուտների մասին է, այդ թվում՝ զարգացման ինստիտուտների, որոնք թույլ կտան ապահովելու տնտեսական աճի նոր որակ: Ինստիտուցիոնալ զարգացումը կազդի հասարակական կյանքի մյուս կողմերի վրա, ներառյալ` պետական կառավարումը և սոցիալական ոլորտը: Շուկայական և պետական ինստիտուտների որակի ցուցանիշներով Հայաստանը զգալիորեն զիջում է ՏՀԶԿ երկրներին: Ավելին` վերջին տարիներին առաջընթացն այդ ոլորտում էականորեն դանդաղել է: Այդպիսի հետամնացությունը մեծացնում է ռիսկերը` կապված ոչ հումքային ապրանքների արտադրության և արտահանման ծավալների կրճատման հետ: Հիմնական ինստիտուտների ցածր որակն արտահայտվում է ներդրումների իրականացման, նոր ձեռնարկությունների ձևավորման տեմպերի թուլացմամբ և, ընդհանուր առմամբ, նորարարությունների խթանման ու սեփական գործունեության արդյունավետո թյան բարձրացման հարցում տնտեսական գործակալների հետաքրքրության անկմամբ:  Մեր մոտեցմամբ՝ Հայաստանի ինստիտուցիոնալ զարգացման առաջնային քայլերը պետք է լինեն հետևյալ ուղղություններով. 
I.Արդյունավետ մրցակցային միջավայրի ձևավորում
 Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման խնդիրը նորարարական բնույթ ունի: Դա վերջնական լուծում կարող է ստանալ նոր շուկաների և նոր գործընկերների ձեռքբերման, նոր ապրանքների ու տեխնոլոգիաների ոլորտում ձեռնարկությունների նորարարական ակտիվության բարձրացման շնորհիվ: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նորարարությունների ինտենսիվացումը պայմանավորված է շուկայի մասնակիցներին հավասար հնարավորություններ ընձեռող արդյունավետ մրցակցային միջավայրի ձևավորմամբ: Մրցակցությունը ձեռնարկություններում իրականացվող նորարարությունների հիմնական խթանն է: Մրցակցային գործարար միջավայրի ձևավորման ոլորտում հիմնական առաջնահերթություններն են` 
- կարգավորման հետ կապված բարեփոխումներ, որոնք ուղղված են դրա պարզեցմանը և թափանցիկությանը, 
- տնտեսական գործունեության բարենպաստ պայմանների ու նոր հնարավորությունների ստեղծում և դրանց օգտագործմամբ հետաքրքրված ձեռնարկությունների համար հավասար պայմանների ապահովում, 
- պետության և գործարար միջավայրի միջև երկխոսության արդյունավետության բարձրացում,
 - պետական հաստատությունների գործունեության թափանցիկության ավելացում: 
Նշված առաջնահերթությունների կենսագործման նպատակով պետության հիմնական խնդիրներն են` 
- կարգավորման բարեփոխումների շրջանակներում տեխնիկական ստանդարտների և պահանջների պարզեցում: Պետք է շարունակվեն կարգավորող և վերահսկող մարմինների գործունեության կանոնակարգման աշխատանքները, որոնք թույլ չեն տա այդ ինստիտուտներն օգտագործել անբարեխիղճ մրցակցության նպատակով: Անհրաժեշտ է ուժեղացնել ստուգումների անցկացման ժամկետների համար սահմանված նորմերի վերահսկողությունը. 
- տնտեսական օրենսդրության կատարելագործում, որն ուղղված է այս ոլորտում պետական կառավարման մարմինների օրինական գործողությունների սահմանափակման պայմաններում օրենքների վերահսկող գործառույթների ամրապնդմանը: Հետագայում վերահսկող գործառույթները կառանձնացվեն պետական կառավարման գործառույթներից.
 - պետական կարգավորման միջոցառումների ազդեցության վերլուծության համատարած կիրառում. դա թույլ կտա կրճատելու ծախսերը վերամշակման փուլում և, դրա հետ մեկտեղ, հնարավորություն կընձեռի գործարար միջավայրի ներկայացուցիչներին` մասնակցելու պետական կառավարման մարմինների որոշումների նախագծերի քննարկմանը: Պետք է շարունակական μնույթ կրի պետական կառավարման մարմինների և ձեռնարկատերերի միջև խորհրդատվությունը ճյուղային մակարդակով՝ մրցունակության  բարձրացման քաղաքականության մշակման և իրագործման, վարչական խոչընդոտների բացահայտման ու վերացման հարցերի շուրջ: Կառավարչական որոշումների վերաμերյալ տեղեկատվությունը պետք է հասանելի լինի տնտեսավարող սուբյեկտներին. 
- անբարեխիղճ մրցակցությունից ձեռնարկությունների պաշտպանության հիմնական լծակի` դատական համակարգի արդյունավետության բարձրացում: 
Անհրաժեշտ է ` 
- ամրապնդել հակամենաշնորհային կարգավորման համակարգը, այդ թվում` ընդլայնել հակամենաշնորհային մարմնի լիազորությունները` համապատասխան հետազոտությունների անցկացման ընթացքում,
- պետական գնումների ոլորտում ուժեղացնել հակամենաշնորհային պահանջների պահպանման վերահսկողությունը և շարունակել աշխատանքներն այդ գնումների իրականացման պայմանների ստանդարտացման և նորմատիվային բազայի ամրապնդման ուղղությամբ,
- իրական հատվածի պետական աջակցության մեխանիզմների μարելավմամμ ապա- հովել պետական միջոցների օգտագործման արդյունավետությունն ու թափանցիկությունը: Պետական աջակցությունը հիմնականում միտել ռազմավարական խնդիրների լուծմանը, ինչպիսիք են` արտահանման խթանումը և ներդրումների դիվերսիֆիկացումը: Միջոցները տրամադրել ըստ կոնկրետ արդյունքների, մրցութային կարգով: Կազմել համալիր հաշվետվություն և վերլուծել պետական աջակցության տարμեր ձևերը, ներառյալ` շուկայի մասնակիցներին տրվող արտոնություններն ու առավելությունները: Ընդ որում` որոշ արտադրողներին ցուցաբերվող աջակցությունը չպետք է խեղաթյուրի շուկայական մրցակցության պայմանները,
 - Կառավարության կողմից ընդլայնել արտահանման աջակցության ծրագրերը և բարելավել դրա ընթացքում կիրառվող գործիքները: Մասնավորապես` էականորեն շատացնել պետական ֆինանսավորումը` ուղղված արտաքին նոր շուկաների գրավման խթանմանը, արտահանման վարկավորմանը, առավել նպատակային ուսումնասիրել արտաքին շուկաները և կոնկրետ ապրանքների շարժը` նոր շուկ ներում, 
- մրցակցության ամրապնդման առաջնային ուղղություններից ընդլայնել օտարերկրյա ուղղակի ներդրումները հատկապես այն դեպքերում, երբ կապված են արտադրական և կառավարչական նոր տեխնոլոգիաների հետ: Շարունակել այդ ներդրումների վարչական խոչընդոտների և սահմանափակումների կրճատմանն ուղղված քաղաքականությունը` հաշվի առնելով արդեն իսկ գործող բազմակողմանի և երկկողմանի առևտրային ու ներդրումային համաձայնագրերը,
 - պետական կարգավորմամբ և պետության ու մասնավոր հատվածի համագործակցությամբ զբաղվող պետական ծառայողների որակավորման բարձրացումը և վերապատրաստումը դարձնել Կառավարության և տնտեսավարող սուբյեկտների միջև հարաբերությունների կարգավորման լրացուցիչ գործիք: Այդ նպատակով մշակել պետական վարչարարության ուսումնական ծրագրեր: Հատուկ ուշադրություն բևեռել ինստիտուցիոնալ բարեփոխումների անցկացման, վարչական ու կարգավորող գործընթացների համակարգչայնացման միջազգային փորձի ուսումնասիրմանը:
II.Նոր կազմակերպությունների մուտքի խթանում 
Գոյություն ունեցող ձեռնարկությունների միջև մրցակցության զարգացման հետ նորարարությունների խթանման կարևոր պայման է անհրաժեշտ քանակությամբ նոր ձեռնարկությունների ի հայտ գալը: Զարգացած շուկայական տնտեսությունների մեծամասնության համար նորարարության ամենահզոր աղբյուրներից մեկը նոր ձեռնարկությունն է: Այս առումով կառավարական ծրագրերի կարևորագույն նպատակներից պետք է համարվի նոր ձեռնարկությունների շուկա մուտք գործելու պայմանների մեղմացումը, որից անմիջականորեն կախված է նորարարական ներուժը և արտահանման ու տնտեսության դիվերսիֆիկացման խնդրի լուծումը: Չնայած նոր կազմակերպությունները, որպես կանոն, ավանդականից առավել արտադրողական են, ներկայում դրանց մասնաμաժինը շատ փոքր է, հատկապես` Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի արագ զարգացող անցումային տնտեսությամբ երկրների համեմատությամբ: Բիզնեսի սկսման գործընթացի բարդությունն երկարաձգում է դրա իրագործումը և ստեղծում պայմաններ` կոռուպցիայի համար: Արդյունքում ներդրողների համար ռիսկը և անորոշությունը շատ են մեծանում: 
Այս ոլորտի հիմնական խնդիրներն են` 
- նոր ձեռնարկությունների շուկա մուտք գործելու վարչական խոչընդոտների շարունակական կրճատում, 
- արտասահմանյան ինստիտուցիոնալ ներդրողների համար տնտեսության գրավչության բարձրացում, առաջին հերթին այն ոլորտներում, որտեղ նկատվում է ժամանակակից և հեռանկարային տեխնոլոգիաների ներմուծման պահանջարկ, և այն ոլորտներում, որտեղ դրսևորվում է ոչ ավանդական արտահանման զարգացման միտում,
 - ձեռնարկատիրության նկատմամբ համընդհանուր հետաքրքրության բարձրացում` հասարակական գիտակցության մեջ ձեռնարկատիրոջ դրական կերպարի ձևավորմամբ: 
Այս խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներն են` 
- վարչական խոչընդոտների նվազեցում և գործառնական ծախսերի կրճատում: Այս ոլորտում առաջնային ուղղություններից են` լիցենզավորման, նոր շինարարության և արտադրության ընդլայնման թույլտվության ստացման հետ կապված գործընթացների պարզեցումը, հարկային հաշվետվության ծախսերի կրճատումը` հարկային հաշվառման և հաշվապահական հաշվառման կանոնների նույնականացմամμ, տեխնիկական կարգավորման համակարգի «նորմատիվներ, ստանդարտներ» ձևավորումը.
 - հարկային վարչարարության ոլորտում լիազորությունների պատվիրակման և հարկային մարմինների գործողությունների հստակեցում, հարկային մարմինների և հարկատուների հարաբերությունների բարելավում, ձեռնարկությունների ֆինանսական ու ժամանակային ծախսերի կրճատում. 
- ենթակառուցվածքների ստեղծում` նոր ձեռնարկություններին աջակցության նպատակով բիզնես-ինկուբատորների և տեխնոպարկերի շրջանակներում, որոնք կարող են ձեռնարկատերերին տրամադրե բիզնես ծառայությունների լայն հավաքածու, այդ թվում` պետական աջակցության ծրագրեր: Ընդունվող որոշումներին զուգահեռ ինտենսիվորեն կկատարելագործվի նաև ազատ տնտեսական գոտիների մեխանիզմը.
 - փոքր վարկերի տրամադրման համակարգի ընդլայնում. 
- նոր ձեռնարկությունների համար ոչ բնակելի հաստատությունների վարձակալության հասանելիություն. 
- փոքր բիզնեսի համար պետական գնումների ծրագրերին մասնակցելու հնարավորության ընդլայնում, այդ թվում՝ պետական խոշոր պայմանագրերին փոքր ձեռնարկությունների պարտադիր մասնակցության պահանջի ներկայացմամբ. 
- օտարերկրյա ներդրումների ներգրավումը և արտահանումը խթանող միջոցառումների ակտիվացում, ընդ որում` պետք է ամրապնդվեն զարգացման ինստիտուտների մասնագիտացված ստորաμաժանումները. 
- Կառավարության օժանդակություն` տարածքային զարգացման գործակալությունների ստեղծմանը, որոնց գործունեությունն ուղղված կլինի ներդրումների ներգրավմանը և ներդրումային միջավայրի բարելավմանը, վարչական խոչընդոտների կրճատմանը: Այդ աջակցությունը պետք է իրականացվի մրցութային կարգով և պատվիրակման կոնկրետ ձևերով: Հարկ է խթանել տեղական նախաձեռնությունը ձեռնարկատիրական միջավայրի μարելավման ուղղությամբ.
 - միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատություններում ձեռնարկատիրության ուսուցման ծրագրերի ընդլայնում: Անհրաժեշտ է մշակել հաղորդակցական նոր ծրագրեր` ձեռնարկությունների հետ համագործակցության համար, կատարելագործել մասնակիցների պատրաստվածությունը MBA ծրագրերին: 
Հոդվածում դիտարկվում են գործող ինստիտուտների անարդյունավետության հետ կապված ռիսկերի նվազեցման հնարավորությունները ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի շրջանակներում: Առաջարկվում է ստեղծել ժամանակակից հասարակությանը համապատասխան ինստիտուտներ: Խոսքն առավելապես տնտեսական ինստիտուտների մասին է, այդ թվում՝ զարգացման ինստիտուտների, որոնք թույլ կտան ապահովելու աճի նոր որակ: Ինստիտուցիոնալ զարգացումն, իր հերթին, կազդի հասարակական կյանքի մյուս կողմերի վրա, ներառյալ` պետական կառավարումը և սոցիալական ոլորտը: