Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Լիզինգը որպես տնտեսական գործունեության ձև և դրա արդի առանձնահատկությունները

ՄԻԽԱՅԻԼ ԹԱՎԱԴՅԱՆ տնտեսագիտության թեկնածու, դոցենտ 
ԼԻԶԻՆԳԸ ՈՐՊԵՍ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՁԵՎ ԵՎ ԴՐԱ ԱՐԴԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 Սույն հոդվածում վերլուծության են ենթարկվել լիզինգի (վարձակալություն) էությունն ու բովանդակությունը, գործառույթները, տնտեսավարող սուբյեկտների միջև առաջացած տնտեսական հարաբերությունների համակարգը: Լիզինգը ձեռնարկա- տիրական գործունեության տեսակ է, որն ուղղված է ժամանակավորապես ազատ կամ ներգրավված ֆինանսական միջոցների` ներդրումների վերածմանը, երբ ֆինանսական վարձակալության պայմանագրով վարձակալության տվողը պարտավորվում է վարձավճարի դիմաց լիզինգառուի (վարձակալ) ժամանակավոր տիրապետմանը կամ օգտագործմանը հանձնել իր սեփական գույքը` ձեռնարկատիրական նպատակներով օգտագործելու համար: Հիմնավորված է լիզինգի` իբրև տնտեսության զարգացման ներդրումային գործիքի օգտագործումը: 
Հիմնաբառեր. լիզինգ, լիզինգային գործարքներ, լիզինգային բիզնես, ներդրումներ, լիզինգի առարկա, ձեռնարկատիրական գործունեություն, տնտեսական աճ, ներդրումային լիզինգ 
Ցանկացած երկրում տնտեսական գործընթացների անխափան աճը հնարավոր չէ պատկերացնել առանց ներդրումային նախագծերի իրականացման: Ավելին, տնտեսության իրական հատվածում արտադրական ֆոնդերի մաշվածությունն արդի գիտատեխնիկական առաջադիմության պայմաններում արագացված տեմպերով է տեղի ունենում: Հետևաբար` դրանց անընդհատ նորացման անհրաժեշտությունից ելնելով, կարևոր նշանակություն է ստանում ներդրումային ռեսուրսների նորանոր աղբյուրների հայտնաբերումը: Նշված խնդիրներն, առանց վերապահումների, վերաբերում են նաև Հայաստանի Հանրապետության տնտեսությանը: Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում մեր երկրում ներդրումային գործընթացները հայտնվել են փակուղում: Ուստի հատուկ նշանակություն է ստանում ներդրումային գործընթացների ակտիվացման հնարավոր ուղղությունների մշակումը: Բացի այդ, ՀՀ տնտեսական ներուժի աճը պայմանավորված է մրցունակ արտադրատեսակների թողարկմամբ: Սակայն հիմնախնդրի լուծման մեծ խոչընդոտ է մաշված նյութատեխնիկական բազայի առկայությունը: Ավանդական մեխանիզմով, ի դեպ, սեփական ռեսուրսների պակասուրդի պայմաններում խնդրի լուծումը, կարծում ենք, բացառվում է: Այսպիսով` տնտեսության վերակառուցման գործընթացում, մեր օրերում, կարևոր նշանակություն են ստանում այն ֆինանսական աղբյուրները, որոնք նախկինում լայն կիրառություն չեն ունեցել: Խոսքը վերաբերում է լիզինգին, որը հանդես է գալիս որպես հայրենական և օտարերկրյա կապիտալ միջոցների ներգրավման աղբյուր: «Լիզինգ» («lease» կամ «leasing») թարգմանաբար նշանակում է վարձակալություն, վարձակալական պայմանագիր կամ երկարաժամկետ վարձակալություն: Լիզինգի էությունն ու դերը տարբեր կերպ են մեկնաբանում: Հաճախ լիզինգը նույնացվում է վարկի հետ, կամ «լիզինգ» և «վարձակալություն» հասկացություններն օգտագործվում են որպես հոմանիշներ: Տնտեսագիտական գրականության մեջ լիզինգը մեկնաբանվում է որպես մի գործարք, որի դեպքում վարձակալը պարտավորվում է վարձատուի սեփականությունը ժամանակավորապես տնօրինել և օգտագործել ձեռնարկատիրական նպատակներով: Լիզինգային գործընթացները գույքային հարաբերությունների մի ամբողջ համալիր են ներկայացնում և ձեռնարկատիրական գործունեության մի առանձնահատուկ ձև են համարվում: Ավելին` լիզինգը ժամանակավոր ազատ կամ ներգրավված ֆինանսական միջոցները վերածում է ներդրումների: Լիզինգի օբյեկտ կարող է լինել ոչ սպառվող ցանկացած իր, այդ թվում` ձեռնարկությունը, շենքերը, կառույցները, սարքավորումները, տրանսպորտային միջոցները, շարժական ու անշարժ որևէ այլ գույք, որ կարելի է օգտագործել ձեռնարկատիրական գործունեության մեջ: Լիզինգի առարկա չեն կարող լինել հողամասերը և այլ բնական օբյեկտներ, ինչպես նաև այն գույքը, որի ազատ շրջանառությունն օրենքով արգելված է, կամ սահմանված է շրջանառության հատուկ կարգ: Լիզինգի օբյեկտը, որը փոխանցվում է լիզինգառուի ժամանակավոր տնօրինմանը և օգտագործմանը, համարվում է լիզինգատուի սեփականությունը: «Լիզինգ» եզրույթը, որպես տնտեսության մեջ ներդրումներ կատարելու ֆինանսական գործիքի անվանում, սկսել է լայնորեն կիրառվել XX դարի 60-ական թվականներից: Ձևավորման պահից սկսած` լիզինգը էական նշանակություն է ձեռք բերել ապրանքների և ծառայությունների արտադրության ծավալների աճի, ներդրումների, հետևաբար և երկրի տնտեսության կայուն զարգացման գործում: Լիզինգը տնտեսական և իրավական հարաբերությունների մի ամբողջություն է, որն առաջանում է լիզինգային պայմանագրի իրացման ընթացքում: Այսինքն` լիզինգի մեկնաբանության հիմքում տնտեսական և իրավական մոտեցումների միավորումն է, լիզինգային գործարքների հարաբերությունների էությունը, որն ընդգրկում է լիզինգային գույքի արտադրողների (վաճառողների) և լիզինգատուների (վաձատու) միջև ձևավորված հարաբերությունները, լիզինգատուների և այդ գույքի անմիջական օգտագործողների միջև առաջացած փոխհարաբերությունները: Լիզինգային հարաբերությունների առանձնահատկություններից են. 
1. լիզինգային գույքը լիզինգառուի կողմից կարող է օգտագործվել միայն ձեռնարկատիրական նպատակներով, 
2. լիզինգային գույքը լիզինգատուի կողմից լիզինգային գույք վաճառողից ձեռք է բերվում պայմանով, որ դա կփոխանցվի լիզինգառուին, 
3. լիզինգային վճարումների գումարը լիզինգի ողջ ժամանակաշրջանում պետք է ներառի գույքի ամբողջ արժեքը գործարքի կնքման պահի գներով, 
4. լիզինգի տրված գույքը պայմանագրի վավերության ողջ շրջանում համարվում է լիզինգատուի սեփականությունը (բացառությամբ պետական բյուջեի հաշվին լիզինգային ընկերության կողմից ձեռք բերված գույքի), 
5. լիզինգի պայմանագրով կարող է նախատեսված լինել լիզինգառուի կողմից գույքի գնման իրավունք մինչև պայմանագրի ժամկետի լրանալը, 
6. կողմերի համաձայնությամբ պայմանագրում կարող է նախատեսված լինել լիզինգային գույքի արագացված ամորտիզացիա, որի վերաբերյալ պետք է տեղյակ պահվեն հարկային մարմինները:
 Ընդհանրապես լիզինգային գործարքները ներկայացված են լինում պայմանագրերի ամբողջությամբ, որոնք անհրաժեշտ են լիզինգի իրացման համար: Որպես կանոն, նախատեսված է երկու պայմանագիր. առաջինը եռակողմ է` լիզինգատուի, լիզինգառուի և գույքի մատակարարի միջև, երկրորդը լիզինգատուի և մատակարարի միջև` առուվաճառքի պայմանագիր: Այդ պայմանագրերով են իրականացվում լիզինգային հիմնական գործարքները: Այսպիսով` լիզինգը ձեռնարկատիրական գործունեության տարատեսակ է, որը նախատեսված է ժամանակավոր ազատ կամ ներգրավվող ֆինանսական միջոցներով ներդրումներ կատարելու համար: Այսինքն` ֆինանսական վարձակալական պայմանագրով (լիզինգով) վարձատուն (լիզինգատուն) պարտավորվում է գույք ձեռք բերել որպես սեփականություն և պայմանագրով դա փոխանցում է վարձակալին (լիզինգառուին)` ժամանակավորապես ձեռնարկատիրական նպատակներով օգտագործելու համար: Ըստ ֆինանսական վարձակալական պայմանագրի` վարձատուն գույք է ձեռք բերում որևէ վաճառողից և այն վարձակալության է տալիս լիզինգառուին: Այս դեպքում լիզինգառուն գույքի և վաճառողի ընտրության համար պատասխանատվություն չի կրում: Ֆինանսական վարձակալությունը ենթադրում է ակտիվների օգտագործման տեսակետից բոլոր ռիսկերի և օգուտների փոխանցում վարձատուից վարձակալին: Ընդ որում, ժամանակի ընթացքում վարձակալվող ակտիվի սեփականության իրավունքը կարող է փոխանցվել կամ չփոխանցվել վարձակալին: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ լիզինգը բավական բարդ և հակասական երևույթ է, այդ իսկ պատճառով մասնագետների շրջանում լիզինգի բնորոշման միասնական մոտեցում չկա: Այսպես` Ն. Ադամովը, Ա. Տիլովը լիզինգը դիտարկում են որպես սեփականության ձեռքբերման և հետագայում վարձակալության տալու հետ կապված տնտեսաիրավական հարաբերությունների ամբողջություն: Վ. Մակեևան կարծում է, որ լիզինգի գույքաֆինանսական բովանդակությունը ներառում է վարձակալական, ներդրումային և վարկային հարաբերություններ, որոնք առանձին-առանձին չեն կարող արտահայտել լիզինգային գործարքների բազմագործոնային բնույթը: Ա. Կրիվցովն էլ նշում է, որ լիզինգը եռակողմ գործարք է, որն ընդհանուր գծեր ունի վարձակալության, առուվաճառքի և վարկի հետ, բայց չի վերաբերում դրանցից և ոչ մեկին: Տեսակետներն այսքանով չեն սահմանափակվում: Դրանք բազմաբովանդակ են և լիզինգը դիտարկում են տարբեր տեսանկյուններից: Ինչպես արդեն նշվել է, լիզինգը տնտեսաիրավական հարաբերությունների ամբողջական համակարգ է: Ըստ այդմ` այդ հարաբերություններն ունեն իրենց կրողները` սուբյեկտները: 
Լիզինգի սուբյեկտներն են. 
- լիզինգատու. ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, ով սեփական կամ ներգրավված միջոցների հաշվին լիզինգային պայմանագրի իրացման ժամանակ լիզինգառուին է տրամադրում համապատասխան գույքը` որոշակի ժամկետով և վճարով,
- լիզինգառու. ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, ով, լիզինգային պայմանագրի համաձայն, պարտավորվում է որոշակի վճարով և ժամկետով ընդունել լիզինգի առարկան` ժամանակավորապես տնօրինելու և օգտագործելու նպատակով,
- վաճառող-մատակարար. ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, ով լիզինգատուի հետ կնքված առուվաճառքի պայմանագրով նրան է վաճառում լիզինգի առարկան: 
Վերոնշյալից կարելի է եզրակացնել, որ լիզինգային գործարքների մասնակիցներ կարող են լինել երեք և ավելի տնտեսավարող սուբյեկտներ: Հիմնական մասնակիցներից են լիզինգատուն. սովորաբար այդ դերում հանդես է գալիս լիզինգային ընկերությունը, որը երկար ժամկետով լիզինգառուին է փոխանցում արտադրության միջոցները: Հաճախ այդ հարաբերությունների երրորդ կողմ է դառնում բանկը. լիզինգային ընկերությունը բանկից ներգրաված վարկային միջոցներով լիզինգի ձևով գնում է գույքը: Լիզինգային գոր- ծարքների մասնակից կարող է լինել մեքենաներ ու սարքավորումներ արտադրող ձեռնարկությունը, որի արտադրանքը գնում է լիզինգային ընկերությունը: Լիզինգային պայմանագրով լիզինգառու ընկերությունն իրավունք է ստանում որոշակի ժամանակով օգտագործելու մեքենաներն ու սարքավորումները և լիզինգային ընկերությանը, պայմանագրով նախատեսված ժամկետներում, համապատասխան վճարումներ է կատարում եկամուտներից: Լիզինգը սովորական առուվաճառքից տարբերվում է նրանով, որ լիզինգառու ընկերությունն ազատվում է իրեն անհրաժեշտ մեքենասարքավորումների արժեքը միանգամից վճարելուց: Վարձակալվող գույքի հետգնման իրավունքը վարձակալության ժամկետի ավարտից հետո կարող է նախատեսված լինել պայմանագրով: Ի դեպ, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հետգնման արժեքը կազմում է սկզբնական արժեքի 10−15 տոկոսը: Բացի այդ, եթե սովորական վարկով ձեռք բերվող գույքի դիմաց որոշակի կանխավճար է տրվում, ապա լիզինգի դեպքում ամբողջությամբ վարկավորվում է` առանց կանխավճարի: Այս տեսակետից վարկի վերադարձման երաշխավորությունն ապահովված է լիզինգատուին փոխանցված ամբողջ գույքով, հետևաբար` լիզինգային վարկն առավել մատչելի է` հատկապես փոքր և միջին գործարարությամբ զբաղվողների համար:
 Այդ առումով, ՓՄՁ-ի համար կարևորվում են հետևյալ գործընթացները.
- արագանում են տեխնիկայի և տեխնոլոգիայի նորացման տեմպերը, 
- մեծանում է թողարկվող արտադրանքի տարբերակման աստիճանը, և ընդլայնվում են թանկարժեք տեխնիկայի օգտագործման հնարավորությունները,
- լուծվում է սեփական կապիտալի պակասուրդի խնդիրը և այլն: 
Գաղտնիք չէ, որ փոքր և միջին ձեռնարկությունները ֆինանսական շուկայում բախվում են զգալի դժվարությունների, հաճախ էլ բանկերի կողմից խտրական վերաբերմունքի են արժանանում: Այսպես` վարկային կազմակերպությունները հաճախ հրաժարվում են ՓՄՁ-ներին վարկավորել` ոչ բավարար երաշխավորությունների պատճառով: Բացի այդ, սահմանվում են բավական բարձր տոկոսադրույքներ: Եթե սկսնակ գործարարները բախվում են ֆինանսական ռեսուրսների պակասուրդի, ապա գործող ձեռնարկություններն առնչվում են հիմնական ֆոնդերի նորացման և նյութատեխնիկական բազայի ընդլայնման խնդիրներին: Հաճախ ընկերության անբավարար միջոցները արգելք են դառնում ժամանակակից մեքենասարքավորումների ձեռքբերման համար: Եթե այդ կարգի հիմնախնդիրները ժամանակին լուծվեն, ապա թողարկվող արտադրանքի որակը կբարելավվի, և մրցունակության մակարդակը կբարձրանա: Նման հիմնախնդիրների լուծման միջոց է համարվում լիզինգը: Լիզինգային գործընթացները պայմանագրի բոլոր կողմերի շահերը փոխկապակցում են: Դա բավական դրական երևույթ է, որի արդյունքում տեղի է ունենում արտադրության միջոցների շուկաների ընդլայնում, տնտեսավարող սուբյեկտների կապիտալ ներդրումների և այլ միջոցների տնտեսում, բանկային և ֆինանսական ինստիտուտների ներգործության ուժեղացում իրական հատվածի վրա: Հետազոտությունները ցույց են տալիս, որ վերոնշյալ առավելությունների շնորհիվ լիզինգային գործարքներն աստիճանաբար լայն տարածում են ստանում: Այսպես` աշխարհի զարգացած բազմաթիվ երկրներում ներդրումների 20−30%-ը բաժին է ընկնում լիզինգային գործարքներին, ԱՄՆ-ում այդ ցուցանիշը հասնում է մինչև 48%-ի: Գործնականում լիզինգը դրսևորման բազմաթիվ ձևեր է ունենում: Ուսումնասիրությունները նպատակային և պարզ դարձնելու համար պետք է դրանք դասակարգման ենթարկել` հիմք ընդունելով այս կամ այն հատկանիշը: Այսպես` լիզինգը կարելի է դասակարգել ըստ մասնակիցների կազմի, վարձակալվող ակտիվների տեսակի, ամորտիզացիայի պայմանների, սպասարկման ծավալների, շուկայի հատվածների, կառավարման կազմակերպական ձևերի, ֆինանսավորման եղանակների, վճարումների և այլն: 
Լիզինգի ձևերն են.
- Ֆինանսական լիզինգ. առավել արդյունավետ և ժամանակակից ձևերից մեկն է, որը դրսևորվում է նոր տեխնիկայի, տեխնոլոգիաների ձեռքբերման երկարաժամկետ վարկավորման տարբերակներով, ինչպես նաև նպաստում է ձեռնարկությունների տեխնիկական վերազինմանը: Բացի այդ, դա լիզինգային ընկերության ծախսերի փոխհա- տուցման արդյունավետ մեթոդներից է: 
- Գործարքային լիզինգ. վերաբերում է կարճաժամկետ վարձակալության ձևերին: Այս դեպքում վարձակալության են տրվում պայմանագրային ժամկետը զգալիորեն գերազանցող ծառայության ժամկետ ունեցող տեխնիկական սարքավորումներ, օրինակ` շինարարական մեխանիզմներ, էքսկավատորներ և այլն: Լիզինգային պայմանագրի ժամկետը լրանալուց հետո դրանք կարող են նոր լիզինգային գործարքների օբյեկտ դառնալ: 
- Արտահանման և ներմուծման լիզինգ. ենթադրում է տարբեր երկրների տնտեսավարող սուբյեկտների մասնակցությունը նման գործարքներին: Այսպես օրինակ` արտահանման լիզինգի դեպքում տվյալ երկրի գործարարը սարքավորումներ է ձեռք բերում և լիզինգային պայմանագրով փոխանցում այլ երկրի ռեզիդենտ հանդիսացող լիզինգառու- ին: Ներմուծման լիզինգը, ընդհակառակը, ենթադրում է արտասահմանյան ֆիրմաներից տվյալ երկրի լիզինգային ընկերության կողմից սարքավորումների ձեռքբերում և լիզինգային պայմանագրով հայրենական արտադրողներին տրամադրում: 
- Զուտ լիզինգ. գույքի սպասարկման ամբողջական ծախսերն իր վրա է վերցնում լիզինգառուն: Վերջինս լիզինգատուին է փոխանցում զուտ կամ նետտո վճարները:
- Լիզինգի տարատեսակ է դրա սպասարկումը: Այս դեպքում լիզինգատուն իր վրա է վերցնում գույքի սպասարկման բոլոր ծախսերը: Որպես կանոն, դա կիրառում են սարքավորումներ արտադրողները: Լիզինգի նշված ձևը հաճախ անվանում են նաև ամբողջական լիզինգ: Դա լիզինգի թանկ ձևերից մեկն է, քանի որ աճում են լիզինգատուի տեխնիկական սպասարկման ծախսերը:
- Մասնակի լիզինգ. լիզինգատուն իրականացնում է գույքի սպասարկման առանձին գործառույթներ: 
Ըստ ֆինանսավորման եղանակների տարբերակում են. 
− Ժամկետային լիզինգ` գույքի միանվագ վարձակալությունն է: 
− Վերականգնվող լիզինգ` պայմանագրի առաջին ժամկետը լրանալուց հետո վերջինս երկարաձգվում է: 
Կախված լիզինգի օբյեկտի մաշվածությունից և լիզինգառուի ցանկությունից` դա կարող է փոխարինվել առավել ժամանակակից ձևերով: Լիզինգառուն իր վրա է վերցնում փոխարինման ողջ ծախսերը: Նշված լիզինգի տարատեսակ է գլխավոր լիզինգը, որը լիզինգառուին հնարավորություն է տալիս համալրելու վարձակալվող սարքավորումների ցանկն առանց նոր պայմանագրի կնքման: Դա հատկապես կարևոր է անընդհատ արտադրական պարբերաշրջաններով աշխատող ձեռնարկությունների համար: Լիզինգային գործարքների մասնակիցների` սուբյեկտների կազմից կախված` տարբերում են.
− Դասական լիզինգ. երկկողմանի գործարք է, որի կողմերն են մատակարարը, լիզինգատուն և լիզինգառուն:
− Ուղղակի լիզինգ. գույքի սեփականատերը` մատակարարը, գույքը կամավոր փոխանցում է լիզինգառուին` ըստ պայմանագրի (երկկողմանի գործարք): Այդ գործարքը դասական լիզինգ չի կարող համարվել, քանի որ բացակայում է լիզինգային ընկերության մասնակցությունը: 
− Անուղղակի լիզինգ. գույքը լիզինգի է տրվում միջնորդի միջոցով: Սա նման է դասականի լիզինգին, քանի որ մասնակիցներն են մատակարարը, լիզինգատուն և լիզինգառուն, սակայն նրանցից յուրաքանչյուրը հանդես է գալիս ինքնուրույն: 
− Ուղղակի լիզինգի տարատեսակ է վերադարձվող լիզինգը: Սա ներկայացնում է փոխկապակցված համաձայնագիր, երբ գույքի սեփականատերը ֆինանսական ինստիտուտին (բանկ, ապահովագրական ընկերություն, ներդրումային ֆոնդ և այլն) վաճառում է իր գույքը, միաժամանակ լիզինգային պայմաններով երկարաժամկետ պայմանագիր է կնքում նախկին սեփականության նկատմամբ: Փաստորեն, վերադարձվող լիզինգը հանդես է գալիս որպես գրավի այլընտրանք, ընդ որում, սեփական գույքը վաճառողը գործարքի ժամանակ գնորդից անմիջապես ստանում է պայմանավորված գումարը, իսկ գնորդը մասնակցում է գործարքին արդեն որպես վարձատու: Վերադարձվող լիզինգից հիմնականում օգտվում են այն տնտեսավարող սուբյեկտները, որոնց անհապաղ անհրաժեշտ են մեծ ծավալով ֆինանսական միջոցներ:
− Ենթալիզինգ. վարձակալության հանձնվող ակտիվի մի մասը (ըստ արժեքի) վարձակալության է վերցվում երրորդ կողմից` ներդրողից: Ըստ փոխհատուցման հատկանիշների (գույքի ամորտիզացիայի պայմաններ) լիզինգը ստորաբաժանվում է ֆինանսական և գործառնական ձևերի: 
Ֆինանսական լիզինգը գործընկերների փոխհարաբերությունների համակարգ է, երբ գործողության ողջ ընթացքում լիզինգային վճարների փոխհամաձայնություն է ձևավորվում: Վճարումները պետք է կատարվեն սարքավորումների ամորտիզացիայի լրիվ կամ զգալի մասի փոխհատուցմամբ, ներառվում են նաև լիզինգատուի լրացուցիչ ծախսերը և շահույթը:               Լիզինգի այս տեսակը բնութագրվում է հետևյալ գծերով.
- Բացի լիզինգատուից և լիզինգառուից գործընթացին մասնակցում է նաև երրորդ կողմը` գործարքի օբյեկտի արտադրողը կամ մատակարարը: 
- Վարձակալության հիմնական ժամկետի ընթացքում բացառվում է պայմանագրի չեղյալ հայտարարումը: Խոսքը վերաբերում է այն ժամկետին, որն անհրաժետ է վարձատուի ծախսերի փոխհատուցման համար: 
- Լիզինգային համաձայնության երկարատև ժամանակաշրջանը սովորաբար համընկնում է գործարքի օբյեկտի ծառայության ժամկետի հետ: Լիզինգային պայմանագրի ժամկետը լրանալուց հետո լիզինգատուն կարող է գործարքի օբյեկտը հետ գնել մնացորդային, այլ ոչ թե շուկայական արժեքով, կնքել նոր պայմանագիր կարճ ժամկետով և արտոնյալ պայմաններով, ինչպես նաև գործարքի օբյեկտը վերադարձնել լիզինգային ընկերությանը: Լիզինգառուն իր մտադրության մասին պարտավոր է տեղեկացնել լիզինգատուին: Եթե հիմնական պայմանագրում նախատեսվում է գործարքի օբյեկտի գնումը, ապա կողմերը որոշում են օբյեկտի մնացորդային արժեքը: 
- Գործառնական լիզինգը վարձակալական հարաբերությունների համակարգ է, որի դեպքում լիզինգատուի կողմից վարձակալության տրվող օբյեկտների ձեռքբերման և պահպանման հետ կապված ծախսերը վարձավճարներով չեն փոխհատուցվում մեկ լիզինգային պայմանագրի ընթացքում: Սովորաբար այդ պայմանագիրը կնքվում է 2−5 տարի ժամկետով: Գործառնական լիզինգի ժամանակ օբյեկտի վնասման կամ կորստի դեպքում ռիսկը կրում է լիզինգատուն: Ֆինանսական լիզինգի համեմատությամբ` գործառնականի ժամանակ վճարումների դրույքաչափերը բարձր են լինում: Դա պայմանավորված է ծախսերի փոխհատուցման երաշխիքի բացակայությամբ: Գործառնական լիզինգային պայմանագրի ժամկետի ավարտին լիզինգառուն իրավունք ունի երկարացնելու պայմանագրի ժամկետն իր համար նպաստավոր պայմաններով, սարքավորումները վերադարձնել լիզինգատուին և այլն: Ինչպես ամեն մի տնտեսական երևույթի, այնպես էլ լիզինգի էությունը լավագույնս դրսևորվում է դրա գործառույթների միջոցով:
 Լիզինգի գործառույթներից են. 
1. Ֆինանսական. ապրանք արտադրողը ազատվում է արտադրության միջոցների լրիվ արժեքի վճարումից:
2. Արտադրական. օպերատիվորեն լուծվում են արտադրական խնդիրները սարքավորումների ժամանակավոր օգտագործման միջոցով, բայց ոչ թանկարժեք կամ էլ բարոյապես մաշված սարքավորումների գնումներով: Սա արտադրության նյութատեխնիկական մատակարարման ամենաարդյունավետ ձևերից մեկն է: Լիզինգի դեպքում գույքի փոխանցումը կարող է ուղեկցվել տարբեր ծառայությունների մատուցմամբ. օրինակ` տեխնիկական սպասարկում, ապահովագրություն, հումքով ապահովում և այլն: 
3. Իրացման. ընդարձակվում է ընդլայնման և իրացման նոր շուկաների ձեռքբերման շրջանակը, ինչպես նաև լիզինգային պայմանագրում ընդգրկվում են նրանք, ովքեր չեն կարող ձեռք բերել այս կամ այն գույքը: 
4. Հարկային և ամորտիզացիոն արտոնություններ. պետությունը կողմերին որոշակի արտոնություններ է տրամադրում հարկերի և ամորտիզացիոն հատկացումների գծով, որոնք արտադրողին հնարավորություն են տալիս նվազեցնելու ծախսերը: 
Վերոհիշյալ գործառույթները գտնվում են սերտ կապի մեջ և իրար փոխլրացնում են: Այդ գործառույթների իրացման դեպքում խթանվում են ներդրումները, արագացվում են տնտեսավարող սուբյեկտների հիմնական միջոցների նորացման գործընթացները, աճում են հիմնական միջոցների իրացման ծավալները, արդյունքում` խթանվում է տնտեսական աճը: Եզրակացությունը մեկն է` ՀՀ Կառավարությունը պետք է բազմակողմանիորեն նպաստի լիզինգի զարգացմանը, քանի որ այն իր մեջ մեծ տնտեսական ներուժ է պարունակում:  Լիզինգը, ներկայացնելով տնտեսաիրավական հարաբերությունների ամբողջական համակարգ, հիմնված է ներդրումային գործարքների վրա: Արդի ժամանակաշրջանում լիզինգային գործարքները դարձել են բազմաթիվ երկրների տնտեսական կայունացման և զարգացման էական գործոն: Լիզինգի ծավալների աճի տեմպը զգալիորեն գերազանցում է արտադրության մեքենասարքավորումների մասնավոր կապիտալ ներդրումների հավելաճի տեմպերը: Բացի դրանից, լիզինգի նշանակությունը, տնտեսական գործընթացների կապիտալացման առումով, աստիճանաբար ավելի է մեծանում: Անկախության ձեռքբերումից հետո ՀՀ տնտեսությունն աստիճանաբար անցում կատարեց շուկայական հարաբերությունների: Վերջիններս էլ նախադրյալներ ստեղծեցին տնտեսավարման նոր ձևերի ներդրման և զարգացման համար: Դրանցից մեկն էլ լիզինգային գործարքների արմատավորումն էր: Թեև հանրապետությունում լիզինգային գործարքները դանդաղ են զարգանում, այնուամենայնիվ, ներկայումս առաջընթացն արդեն նկատելի է: Դրա մասին են վկայում աղյուսակ 1-ում ներկայացված թվական տվյալները:
ՀՀ-ում վարձակալության ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների քանակը և ծառայությունների ծավալը 2011-14 թթ. և 2015 թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին
Աղյուսակ 1
              
 

       2011

         2012

         2013

         2014

2015(10 ամիս)

 

Քանակը (միավոր)

Ծավալը (մլն դր.)

Քանակը (միավոր)

Ծավալը (մլն դր.)

Քանակը (միավոր)

Ծավալը (մլն դր.)

Քանակը (միավոր)

Ծավալը (մլն դր.)

Քանակը (միավոր)

Ծավալը (մլն դր.)

Ֆինանսական լիզինգ*

4

420.2

3

943.2

3

1070.1

3

994.4

0

0

Վարձույթ և լիզինգ**

264

3836.1

277

4449.8

266

6337.9

286

6369.1

296

4963.2

Անշարժ գույքի վարձակալություն

1074

18899.4

1145

22401.5

1099

26318.5

1221

32745.6

1204

28705.2

Ընդամենը

1342

23155.7

1425

27794.5

1368

33726.5

1510

40109.1

1500

33668.4

 
* Ցուցանիշը տրամադրվում է ՀՀ ԿԲ-ի կողմից` յուրաքանչյուր տարվա ավարտին, այդ իսկ պատճառով 2015 թվականի 10 ամսվա տվյալները բացակայում են:
** Ներառում է գործառնական լիզինգը (համակարգիչների, լայն սպառման ապրանքների, արդյունաբերական մեքենաների և սարքավորումների վարձույթ և լիզինգ):
Տվյալների վերլուծությունից պարզվում է, որ ՀՀ-ում դանդաղ տեմպերով են զարգանում լիզինգային գործարքների հիմնական տեսակները, մինչդեռ անշարժ գույքի վարձակալությունն ունի բավական բարձր տեսակարար կշիռ: Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ անշարժ գույքի վարձակալության հետ կապված գործարքների մի մասը պետական գրանցում չի ստանում, ապա դա վկայում է, որ լիզինգային գործարքները չեն նպաստում ՀՀ տնտեսության մեջ ներդրումների ծավալների մեծացմանը, հետևաբար` տնտեսական աճին: Ներկա դրությամբ ՀՀ-ում խոշորագույն լիզինգային ընկերություն է «ԱԳԲԱ լիզինգը»: 2015 թ. վերջին ընկերության ակտիվները կազմել են 12.75 մլրդ դրամ: Այդ ընկերությունը պատրաստվում է ֆինանսավորել ՀՀ-ում էլեկտրական մեքենաների և այլընտրանքային վառելիքով աշխատող տրանսպորտային միջոցների վաճառքը: Միջազգային մակարդակով միասնացման գործընթացների ծավալման պայմաններում տնտեսական համագործակցության առաջնային ուղղություններից մեկը, որն էական ազդեցություն կունենա ընդհանուր տնտեսական միջավայրի վրա, լիզինգային գործընթացների զարգացումն է: Ի դեպ, պետք է նշել, որ ընդօրինակման է ենթակա արևմտյան երկրների լիզինգային ընկերությունների զարգացման փորձը, մասնավորապես` գործարքների ֆինանսավորման պայմանները: Որպես կանոն, արևմտյան երկրներում գույքը լիզինգով տրամադրելիս համապատասխան ընկերությունները 100%-ով ֆինանսավորում են ներդրումային նախագծերը և չեն պարտադրում անմիջապես վճարումներ կատարել: Ավելին, լիզինգային վճարումները սկսվում են լիզինգառուին գույքը մատակարարելուց հետո: Բացի այդ, լիզինգառուն հնարավորություն է ստանում իր սարքավորումներն անընդհատ նորացնելու, և սարքավորումների հնանալու ռիսկն ընկնում է լիզինգատուի վրա: Նման փորձի ներդրումը հնարավորություն կտա նպաստելու համագործակցող երկրների տնտեսական աճին: Գործնականում կարևորվում է ներդրումային նախագծերի ֆինանսավորման գնահատման հայեցակարգերի մշակումը: Քանի որ լիզինգային հարաբերությունները միջոցների ներդրման երկարաժամկետ գործընթաց են, դրանց գնահատումը բավական դժվարությունների հետ է կապված: Դրան որոշակիորեն նպաստում է նաև լիզինգային հարաբերությունների բաղադրիչների կառուցվածքը: Այսպես`                                     
- Իրավաբանական, որը ենթադրում է լիզինգատուի, լիզինգառուի և մատակարարի` երկրի քաղաքացիական իրավունքի սկզբունքների իմացություն, ինչպես նաև առևտրային, հարկային իրավունքի բնագավառներին տեղյակություն: 
-  Առևտրային, որը պահանջում է շուկայի իրավիճակին և լիզինգի օբյեկտի վերաբերյալ գնագոյացման մեխանիզմին տիրապետում: 
-  Ֆինանսական, որի շրջանակներում անհրաժեշտ է իմանալ ֆինանսավորման հիմնարար պայմանները, ռիսկերի որոշման, կապիտալ ներդրումների արժեքի հաշվարկման մեխանիզմները: 
- Հաշվապահական, որը պահանջում է լիզինգային գործարքների, ամորտիզացիոն քաղաքականության, հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների մասին անհրաժեշտ գիտելիքներ:
- Տեխնիկական, որի շրջանակներում պետք է լուծվեն լիզինգային նախագծերին տեխնիկական մասնագետների ներգրավման, բանակցությունների վարման խնդիրները և այլն: Լիզինգային ձեռնարկատիրության գլխավոր խնդիրը լիզինգային գործարքների միջոցով ներդրումների նպատակահարմարության գնահատումն է: Դրա համար անհրաժեշտ է սահմանել այն հիմնարար սկզբունքները, որոնք կբնութագրեն բուն ներդրումային գործընթացները և կնպաստեն դրանց ճիշտ գնահատմանը: 
Դրանցից են.
- ներդրումների սահմանային արդյունավետության սկզբունքը (կապիտալի յուրաքանչյուր միավոր ներդրումից ստացվող էֆեկտի աստիճանական նվազումը), 
- ներդրման համալիր գնահատման սկզբունքը (բնեղեն և արժեքային), 
- բազմարկչի սկզբունք (ներդրման արդյունքների ազդեցության գնահատում տնտեսության համապատասխան ճյուղերի և ոլորտների վրա, դրանց փոխկապվածության աստիճանի որոշում), 
- նվազագույն ծախսերի սկզբունք,
 - ներդրումների` հետգնման ժամկետի որոշման սկզբունք,
 - շահույթի նորմայի որոշման սկզբունք: 
Փորձը ցույց է տալիս, որ լիզինգային գործարքի մասնակիցներից յուրաքանչյուրը ձեռք է բերում մի շարք առավելություններ: Մասնավորապես` դա կարևոր աղբյուր է ձեռնարկությունների համար միջնաժամկետ և երկարաժամկետ ֆինանսավորման տեսանկյունից: Լիզինգը, սովորական վարկի համեմատությամբ, ունի բազում առավելություններ: Մասնավորապես. 
- բավական ճկուն է, 
- ֆինանսավորման ժամկետներն ավելի տևական են,
- վարչարարական պատնեշները զգալիորեն կրճատված են, 
- առկա են հարկային արտոնություններ: 
Եթե վերը նշված առավելությունները դիտարկվեն միայն լիզինգառուի տեսանկյունից, ապա. 
- Լիզինգային վճարումները ներառված են արտադրանքի ինքնարժեքի մեջ, որի շնորհիվ հարկման բազան նվազում է, մինչդեռ վարկի դեպքում տոկոսավճարը կատարվում է ընկերության եկամուտներից, որոնցից էլ հարկեր են հաշվարկվում: 
- Արագացված ամորտիզացիայի պայմաններում, լիզինգային պայմանագրի ժամկետի ավարտից հետո, ձեռնարկությունը սարքավորումներ է ձեռք բերում մնացորդային արժեքով, բացի դրանից, հարկի տնտեսումը կարող է օգտագործվել լրացուցիչ գույք ձեռք բերելու նպատակով: 
- Վճարումների կատարման այլ սխեմաների կիրառում` ամենամսյա, եռամսյակային, կիսամյակային և այլն: 
Այս տեսանկյունից բանկերն այնքան էլ ճկուն չեն: Ներդրումային լիզինգը մասնագիտական գրականության մեջ բնորոշվում է որպես ձեռնարկատիրական գործունեության հնարավորությունների ընդլայնման ֆինանսավորում և կապիտալ ծախսերի միանվագ կրճատում: ՀՀ-ի համար լիզինգը կարող է կապիտալի ներգրավման նորամուծական միջոց դառնալ: Ընդհանուր առմամբ, տնտեսության մեջ լիզինգային գործունեության դրական արդյունքը դրսևորվում է արտադրական կարողությունների մեծացման էֆեկտով, կապիտալի կերպափոխման` փոխատվականից գործողի վերածման գործընթացների արագացմամբ, որն էլ նպաստում է ձեռնարկատիրության կողմից պահանջարկի ձևավորմանը: Այսպիսով` ներդրումային գործընթացների ֆինանսական ապահովման ժամանակակից մեթոդների ու ձևերի իրացման հիմքի վրա լուծվում է ռե- սուրսների պակասուրդի հիմնախնդիրը, որն, անշուշտ, այժմեական է: Մյուս կողմից` սարքավորումների ձեռքբերման նպատակով լիզինգի զարգացումը դառնում է կապիտալ ներդրումների կարևոր ձևերից մեկը: Պետությունը հարկային քաղաքականության միջոցով կարողանում է ակտիվորեն ներազդել լիզինգային գործարքների ծավալի, դինամիկայի, կա- ռուցվածքի և ուղղությունների վրա: Մասնավորապես, լիզինգային հարաբերությունների զարգացմանը նպաստող հիմնական գործոնը լիզինգային օբյեկտի արագացված ամորտիզացիայի օգտագործումն է: Մի կողմից` արագացված ամորտիզացիան հնարավորություն է տալիս օպտիմալացնելու լիզինգատուի հարկումը գործող պայմանագրի շրջանակներում, մյուս կողմից` վերջինիս ավարտից հետո լրացուցիչ հարկման պահանջ չի առաջանում, երբ գույքն ամբողջությամբ փոխանցվում է լիզինգ ստացողին` որպես սեփա- կանություն: Լիզինգի առաջացման հիմքում արագացված ամորտիզացիայի ինստիտուտն է, քանի որ այն ավելի մրցունակ է` սովորական վարձակալության կամ վարկի համեմատությամբ: Փաստորեն, լիզինգի հիմքում գույքի ժամանակավոր օգտագործման իրավունքի փոխանցումն է` պայմանագրի ժամկետի լրանալու դեպքում սեփականության իրավունքով ստանալու հնարավորությամբ: Այլ կերպ ասած` լիզինգն արտադրության նյութատեխնիկական միանվագ ապահովման ձև է: Ի դեպ, ճիշտ չէ լիզինգի նույնացումն առուվաճառքի, վարկի կամ վարձակալության հետ: Դա պետք է դիտարկել որպես ներդրումային գործունեության կարգավորիչ: Վարձակալական հարաբերությունները լիզինգի պարտադիր բաղադրիչներից են: Այս դեպքում օգտվողի հաշվարկները լիզինգատուի հետ կառուցվում են վարկային գործարքների սկզբունքներով ու իրականացվում են ժամկետայնության, վերադարձելիության և վճարելիության (կոմիսիոն վճարներ, որոնք նույնպես ներառվում են լիզինգային վճարումներում) պայմաններով: Վերը նշված բոլոր սկզբունքներն ընդգրկում են բանկային վարկի 3 առանցքային սկզբունքներ: Լիզինգային գործարարությունը, որպես տնտեսական գործունեության տեսակ, բավական զգայուն է ներդրումային միջավայրի նկատմամբ, որի ձևավորման վրա մեծ ազդեցություն ունի հարկային համակարգը: Բարենպաստ հարկային քաղաքականության դեպքում խթանվում է լիզինգային գործարքների զարգացումը, հակառակ դեպքում` զսպվում: Լիզինգային գործարարությունը ՀՀ-ի նման երկրներում գործունեության նոր տեսակ է և պետական աջակցության խիստ կարիք ունի: Փորձը ցույց է տվել, որ պետությունը լիզինգի զարգացմանը կարող է նպաստել միայն տնտեսական մեթոդներով: Խոսքն ամենից առաջ վերաբերում է պետության կողմից տրամադրվող արտոնություններին: Լիզինգային գործարարությունը, լինելով ներդրումների աղբյուր, ենթարկվում է որոշ գործոնների ազդեցությանը: Դրանք են. 
- Ժամանակի գործոնը: Որքան ակտիվից դրամական հոսքի ստացումը տևական լինի, այնքան փոքր է համարվում ստացվող արդյունքը` կապված ներդրումային հնարավորությունների կորստի հետ: 
- Անորոշության և ռիսկի գործոնը: Ինչքան ռիսկային լինի ակտիվից դրամական եկամտի ստացումը, այնքան այն ցածր է գնահատվում:
-  Պատասխանատվության աստիճանը` կապված պարտավորությունների կատարման հետ: 
- Հարկային արտոնությունները: Որքան հարկային դրույքաչափերը ցածր լինեն, այնքան արդյունքը շահավետ կլինի: 
Ներկայում լիզինգային պայմանագրերում մեծ տեղ է հատկացվում ապահովագրությանը: Հայտնի է, որ ցանկացած ներդրողի համար (այդ թվում` լիզինգային ընկերությունների) առաջնային պահանջ է ներդրումների փոխհատուցման մեծ երաշխիքների առկայությունը: Լիզինգային պայմանագրի կնքման ժամանակ ապահովագրվում են և՛ լիզինգատուի, և՛ լիզինգառուի գույքային շահերը (շահույթ կորցնելու ռիսկը, լիզինգային գույքի վնասման կամ կորստի ռիսկը և այլն): Գործնականում լիզինգային ֆիրմաները, հավանական լիզինգառուները, բանկերը, լիզինգային նախագծեր վարկավորողները ֆինանսավորման եղանակների ընտրության ժամանակ օգտվում են լիզինգային վճարումների, վարկի տոկոսի գումարների համեմատական վերլուծությունից: Նման վերլուծությունները չեն կարող ամբողջությամբ արտացոլել ֆինանսավորման այս կամ այն եղանակի ընտրությունը, քանի որ հաշվի չեն առնվում տարբեր հարկային արտոնություններ, որոնք ձևավորվում են ներդրումների իրականացման ժամանակ, մինչդեռ լիզինգի դեպքում շեշտ դրվում է հարկային արտոնությունների վրա:
 
Օգտագործված գրականություն 
1. ՀՀ ԱՎԾ պաշտոնական տվյալներ: Աղբյուր. www.armstat.am 
2. Белоусова О., Влияние кризисов на формирование инвес- тиционной модели государства “Финансовый бизнес”, 2009, № 3. 
3. Березинская О., Ведов А., Инвестиционный процесс: потен- циал и направления активизации. “Вопросы экономики”. 2014, N 4. 
4. Газман В., Воздействие альтернативных моделей лизинга на финансирование инвестиций. “Вопросы экономики”, 2014, N 4. 
5. Горлова О., Снижение информационных рисков по средствам повышения прозрачности финансовой отчетности кредитных организаций // Риск: ресурсы, информация, снабжение, кон- куренция, 2010, № 3. 
6. Кривцов А., Использование внешней инвестиционной отчет- ности для рейтинга транспортной организации // “Вестник СамГУПС”, 2010, № 4. 
7. Кривцов А., Критерии оценки инвестиционных проектов // “Вектор науки Тольяттинского государственного универси- тета”, 2010, № 2. 
8. Кривцов А., Аутсорсинг как инструмент минимизации влияния нестабильной окружающей среды на бизнес процессы транс- портных компаний // “Вестник Сам-ГУПС”, 2009, т. 1, № 6. 
9. Кривцов А., Логика оценки инвестиционных проектов // “Эко- номические науки” 2010, № 62. 
10. Популярная экономическая энциклопедия. “Большая российс- кая энциклопедия”, М. 2001. 
11. Рузанов Е., Исследование методов сравнительного инвести- ционного анализа. // “Вестник СамГУПС”, 2011, № 1. 
12. Фалкович Х., Особенности международного лизинга в усло- виях формирования технических регламентов ЕврАзЕС и таможенного союза, “Лизинг”, 2011, N3.