Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Գիտելիքը և նորամուծությունը որպես տնտեսական զարգացման հիմք

ՎԱՀԵ ԲՈՒԼԱՆԻԿՅԱՆ  տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
 
 ԳԻՏԵԼԻՔԸ ԵՎ ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՔ 
 
Հիմնաբառեր. գիտելիք, տեղեկատվություն, նորամուծություն, կառավարում, տնտեսական աճ, տեղեկատվական տեխնոլոգիաներ
 
Տեղեկատվությունն օբյեկտների և երևույթների մասին տվյալների ամբողջություն է, որ նպաստում է մարդկանց կենսագործունեությանը` նվազեցնելով անորոշության ու գիտելիքների անկատարության աստիճանը: Տեղեկատվական հասարակությունում ստեղծագործական գլխավոր տարրը մարդն է, ով իմաստավորում է տեղեկատվությունը և գնահատում դրա հետագա գործնական օգտագործման հնարավորությունները: Տեղեկատվական տեխնոլոգիաների արմատավորումն ու տեղեկատվական հասարակության կայացումը կարևոր խթան են երկրների տնտեսությունների մրցունակության, կառավարման, նորամուծությունների, գիտակրթական համակարգերի, ինչպես նաև համապատասխան ենթակառուցվածքների զարգացման համար: Նշենք, որ տնտեսագետների և սոցիոլոգների շրջանում միակարծություն չկա տեղեկատվության ու գիտելիքի սահմանումների հարցում: Դ.Բելլը գիտելիքը սահմանում է որպես երկրորդական փաստերի կամ մտքերի ամբողջություն, որ հնարավոր է փոխանցել այլ անձանց` օգտագործելով կապի միջոցներն որոշակի համակարգմամբ: Այս ձևով նա գիտելիքը տարμերակում է նորությունից և գրավիչ հաղորդագրությունից: Ըստ նրա` գիտելիքը ինչպես նոր, այնպես էլ արդեն հայտնի ուսումնասիրությունների արդյունք է, իսկ տեղեկատվությունը` հետարդյունաբերական հասարակության հիմնական արտադրական ռեսուրս: Ջ. Խոջսոնը տեղեկատվության և գիտելիքի միջև եղած տարբերությունը մեկնաբանում է հետևյալ կերպ. տեղեկատվությունը տվյալների ամբողջություն է, որին արդեն տրվել է որոշակի իմաստ, իսկ գիտելիքը տեղեկատվության օգտագործման արդյունքն է: Նրա պատկերավոր արտահայտությամբ` գիտելիքը «մոտակայքում» է և ուղղակի անհրաժեշտ է դարձնել հասանելի: Մ. Կաստելսը գիտելիքի հարցում հիմնվում է Դ. Բելլի ձևակերպման, իսկ տեղեկատվության` Մ. Պորատի խոսքերի վրա. «Տեղեկատվությունը տվյալների ամբողջություն է, որ ստեղծվել և փոխանցվել է: Ամերիկացի սոցիոլոգ Ռ. Քրոուֆորդը նշում է, որ գիտելիքը տեղեկատվությունն օգտագործելու ունակությունն է` կոնկրետ գործունեության ոլորտում: Ֆրանսիացի տնտեսագետ Ժ.Սապիրն առաջարկում է տեղեկատվություն համարել ցանկացած տեղեկություն, որ կարելի է ստանալ ազդանշանից և ավելացնել արդեն գոյություն ունեցող գիտելիքին: Եվ քանի որ տեղեկատվությունը ստացողին լիարժեք չի հասնում այնպես, ինչպես որ եղել է սկզբնապես, հետևաբար դրա ստացման կարևորությունը զիջում է ուսումնասիրման կարևորությանը: Տեղեկատվության նկատմամբ գիտելիքն առաջնային է, ուստի անհրաժեշտ է անցում կատարել տեղեկատվական տնտեսությունից գիտելիքի տնտեսության: Ֆ. Մախլուպը գիտելիքի և տեղեկատվության հասկացությունների տարբերությունը ձևակերպել է այսպես. «Նոր գիտելիքների արտադրությունը չի ավարտվում այնքան ժամանակ, քանի դեռ դրանք չեն փոխանցվել մեկ ուրիշին և ավելի քան մեկ անձի հարստություն չեն»: Տարածել տեղեկատվություն` նշանակում է փոխանցել գիտելիք, այսինքն` գիտելիքը տեղեկատվության տարածման արդյունքն է: Տեղեկատվությունն արտադրվում է գիտելիքն այլ անձի փոխանցելու նպատակով: Վ. Ինոզեմցևը ժամանակակից տնտեսական համակարգում օգտագործում է «գիտելիքի տնտեսություն» հասկացությունը` նշելով, որ հասարակության կարևորագույն արտադրական ռեսուրսը դառնում է ոչ այնքան տեղեկատվությունը, որքան գիտությունը. այսինքն` մարդու կողմից ընդունված տեղեկատվությունը, որ գոյություն չունի նրա գիտակցությունից դուրս: Այսպիսով` հիմք ընդունելով վերոնշյալ զանազան կարծիքները` կարելի է նշել, որ գիտելիքը տեղեկատվության այն մասն է, որը հասկացվել և մարսվել է մարդու կողմից որևէ կոնկրետ գործունեության ոլորտում: Վերջին տարիներին «գիտելիքահենք տնտեսություն» (knowledge-based economy) հասկացության լայն տարածումը համաշխարհային տնտեսագիտական գրականության մեջ փաստում է, որ գիտելիքները և դրանք կրողների մասնագիտական հմտությունները դառնում են նյութական ու ոչ նյութական արտադրության զարգացման գլխավոր պայման և տնտեսական կայուն աճի աղբյուր: Միաժամանակ պետք է նշել, որ ներկա պայմաններում առաջին պլան են մղվում մտավոր կապիտալի կուտակման, տեղեկատվության և փորձի բացահայտման, հավաքագրման ու տարածման խնդիրները: Եվ այս տեսանկյունից գիտական, տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպական, կառավարչական տեղեկատվությունը խթան է նորամուծական գործունեությանը: Գիտելիքների կառավարումն անմիջականորեն կապված է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, համացանցի, համընդհանուր այլ ցանցերի օգտագործման հետ, որոնք թույլ են տալիս անհրաժեշտ չափով կուտակելու և տարածելու դրանք։ Գիտելիքների արդյունավետ կառավարումն ենթադրում է կազմակերպության ներսում յուրօրինակ ժողովրդավարական կառավարում, համաձայն որի` յուրաքանչյուր աշխատող հնարավորություն ունի մասնակցելու առաջադրված խնդիրների լուծմանը։ Կազմակերպության բոլոր անդամները պետք է գիտակցեն, որ փոխանցելով գիտելիքներ` նպաստում են ընդհանուր գործունեության կարգավորմանը, նպատակների իրագործմանը։ Գիտելիքների կառավարման մեխանիզմների ներդրումն արդարացվում է ծախսերի կրճատմամբ և արտադրողականության բարձրացմամբ։ Զուտ նյութական արտադրությունից նորամուծականին անցումն ենթադրում է, որ հասարակական արտադրության նյութական ձևի կողքին առաջանում է ոչ նյութական ձևը, որը կանվանենք  «անտրոպոցենտրիկ»   կամ  «անշոշափելի»  արտադրություն: Նորամուծությունը բնութագրվում է այնպիսի չափորոշիչներով, որ արտացոլում են սկզμունքորեն նոր արտադրանքի տեխնիկական մակարդակը, մրցունակության աստիճանը։ Այն իրենից ներկայացնում Է գիտատեխնիկական նվաճումների ամբողջություն, դրանց տրամաբանական շարունակությունը, հաջորդական զարգացումը և նոր կառուցվածքի ձևավորումը: Նորամուծության կառուցվածքը կարելի է բնութագրել` 
- գիտատեխնիկական նվաճումների յուրացման ու գործնական կիրառման արագությամբ, տեխնիկայի ու արտադրանքի նորացման մակարդակներով. 
- ճյուղային, միջճյուղային ու միջպետական արտադրական ինտեգրման աստիճանով. 
- նորամուծության պարբերաշրջանների և դրանց առանձին փուլերի տևողությամբ։ 
Տեխնոլոգիական և տեղեկատվական հեղաշրջման ներկա փուլում նորամուծական գործընթացները դարձել են գործունեության բոլոր ոլորտների զարգացման պարտադիր պայման: Նորամուծությունները ծնվում են մարդկանց գիտակցության մեջ, հետևաբար հասարակությանն անհրաժեշտ են անհատներ, ովքեր կարող են ապահովել նոր գաղափարների հղացում, որ ընկած է նորամուծական գործունեության հիմքում։ Այդ գործունեությունը նպաստում է ձեռնարկության կամ ճյուղի գիտատեխնիկական, ֆինանսական և արտադրական ներուժի զարգացմանը, միջազգային գիտատեխնիկական համագործակցության ակտիվացմանը: Նորամուծությունների խթանման քաղաքականությունն արդյունավետ կգործի միայն այն դեպքում, երբ մաս կազմի ընդհանուր տնտեսական կարգավորման մեխանիզմի, ինչը մեր երկրին հնարավորություն կտա ներթափանցելու նոր շուկաներ` նոր տեխնոլոգիաների ներդրման միջոցով, և ստեղծելու սեփական տեխնոլոգիական նորամուծությունները: Մեր հանրապետությունում տնտեսական աճի ռազմավարությունը պետք է նախատեսի անցում զարգացած նորամուծական համակարգին: Անհրաժեշտ է նշանակալիորեն մեծացնել պետության միջամտության չափաբաժինը նորամուծական ներդրումային գործընթացներին և ձևավորել տնտեսության նոր ճյուղեր` միտված նորամուծական ենթակառուցվածքների զարգացմանը: Նորամուծական համակարգի ստեղծումը կապահովի «գիտություն-բիզնես-պետություն» եռանկյունու փոխադարձ արդյունավետությունը: Պետությունը և շուկան պետք է լրացնեն մեկը մյուսին: Իսկ երկրները, որոնք ունեն անկատար շուկա և, առավել ևս, չկայացած պետական ինստիտուտներ, նորամուծական համակարգի շնորհիվ կարող են դուրս գալ նոր շուկաներ և ունենալ սեփական տեխնոլոգիական նորամուծություններ` հաղթահարելով պետական միջամտությունների թերությունները: Պետական և մասնավոր հատվածի ռազմավարական համատեղ ձեռնարկությունների ստեղծումը կդառնա նորամուծությունների ճեղքվածքի ռազմավարական միջուկը: Մենք կարծում ենք, որ վերոնշյալ միջոցառումները կարող են իրականացվել միջազգային համագործակցության շրջանակներում, երբ մեր երկիրը կյուրացնի այս ոլորտում հաջողության հասած երկրների փորձը: Կարծում են նաև, որ ՀՀ տնտեսությունում նորամուծությունների խրախուսման քաղաքականությունը պետք է հիմնված լինի հետևյալ դրույթների վրա. 
1. Պետության կողմից նորամուծական նախագծերի ֆինանսավորում` դրանց կառավարումը բիզնեսի ձեռքում պահելով: Կառավարության` նորամուծական գործունեության կարգավորման ավելորդ փորձերը սովորաμար հանգեցնում են ծրագրերի և բիզնեսի ձախողմանը: Սկզμնական շրջանում պետությունն իր վրա է վերցնում ռիսկի որոշակի բաժին` նոր նախագծերի սուբսիդավորման ճանապարհով ներդրողներին շնորհում է հարկային արտոնություններ, խրախուսում տվյալ ոլորտում մասնագետների ուսուցումը և վերապատրաստումը: Հասկանալի է, որ նորամուծական գործունեությունը չի կարող ապահովվել միայն բյուջետային ֆինանսավորմամբ: Սակայն պետության կողմից հատկացվող միջոցները կարող են ծառայել որպես նորամուծական գործընթացների ծավալման կատալիզատոր: 
2. Փոքր և միջին բիզնեսի զարգացում: Սա այն դաշտն է, որտեղ փորձարկվում են նորամուծությունները, որոնք հետագայում կարող են ներդրվել մեծ ընկերությունների կողմից: Փոքր ընկերություններն ավելի ճկուն են և հակում ունեն դեպի ռիսկային նախագծերը: Փոքր նորամուծական ֆիրմաների զարգացման հաջողությունը կախված է հետևյալ առանձնահատկություններից.
 - դրանց մեծամասնության հենվածություն` ազգային գիտական դպրոցների վրա, որոնք զարգացրել են կիրառական ներուժ ունեցող տեսական հետազոտությունները, 
-լիդերի առկայություն, որը կարող է լինել գիտնական կամ գործարար, կամ միաժամանակ և՛ գիտնական, և՛ գործարար, կամ էլ գիտնական, որը միաժամանակ լավ կառավարիչ է,
 - ընկերության անձնակազմի բարձր պատրաստականություն, որ հնարավոր լինի դիմանալ ծանր փորձություններին և անհաջողություններին, 
- ֆիրմաների ընդլայնում` օժանդակ ծառայությունների, սեփական արտադրության և կադրերի պատրաստման համակարգերի ստեղծմամբ, 
- միջազգային փորձի անընդհատ ուսումնասիրություն կառավարման, մարքեթինգի, գնային քաղաքականության, ծառայությունների մատուցման ոլորտներում և այլն: 
Հոդվածում գիտելիքների կառավարումն անմիջականորեն դիտարկվում է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, համացանցի, այլ ընդհանուր ցանցերի օգտագործման հետ, որ թույլ են տալիս կուտակելու և տարածելու անհրաժեշտ գիտելիքներ։ Նորամուծությունը բնութագրվում է այնպիսի չափորոշիչներով, որոնք արտացոլում են սկզμունքորեն նոր արտադրանքի տեխնիկական մակարդակը և մրցունակության աստիճանը։