Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 25-ամյակը և տնտեսական զարգացման հիմնախնդիրները

ՍԵՐԳԵՅ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ 
ՀՊՏՀ  մակրոէկոնոմիկայի ամբիոնի պրոֆեսոր, աշխարհագրական գիտությունների դոկտոր 
 
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25-ԱՄՅԱԿԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
 
Մեծ Հայքի 10-րդ նահանգը` Արցախը, 70 տարի Ադրբեջան կոչվող` ընդամենը 1918 թ. շինծու ստեղծված նորաթուխ հանրապետության ճիրաններից համայն հայության ընդհանուր ուժերով ազատագրվեց 1991 թ. սեպտեմբերի 2-ին և հռչակվեց որպես անկախ պետություն: Անկախությունից անմիջապես հետո Արցախի բնակչությունը մայր Հայաստանի աջակցությամբ շատ արագ կազմակերպեց իր իշխանական բոլոր մարմինները, ընտրեց Նախագահ, Ազգային ժողով, կազմեց Կառավարություն, իրավական մարմիններ և պաշտպանական հզոր բանակ: Ստեղծված պետական մարմինները արագորեն ձեռնամուխ եղան Արցախի թուրք-ազերիների կողմից բարբարոսաբար քարուքանդ արված տնտեսության բոլոր ճյուղերի, բնակավայրերի վերականգնման և զարգացման հույժ կարևոր գործին: Այսօր արդեն Արցախի սոցիալ-տնտեսական բոլոր բնագավառները ոչ միայն հստակ ձևավորված են, այլև արագորեն զարգանում են: Արցախը ներկայում, որպես պետություն, հետաքրքրություն է ներկայացնում շատ երկրների ղեկավարների, գիտնականների, արվեստագետների, նաև մեծ թվով զբոսաշրջիկների համար: 
Հիմնաբառեր. Արցախ, Ղարաբաղ, անկախություն, պետականություն, քաղաքական անվտանգություն, հանրապետություն, ռեսուրսներ, շրջակա միջավայր, տարածքային զարգացում 
 
Հազարամյակների պատմություն ունեցող Հայաստանի 10-րդ նահանգը` ազատատենչ Արցախ-Ղարաբաղը, համայն հայության հերոսական ջանքերով 1991 թ. սեպտեմբերի 2-ին վերջնականապես ազատագրվեց Ադրբեջանի 70 տարվա գաղութային լծից և հռչակվեց անկախ: Այսպիսով` 1916 թ. սեպտեմբերին լրանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 25-րդ տարին: Դա նշանակում է, որ աշխարհի քաղաքական քարտեզի վրա, փաստորեն, ձևավորվել է հայկական երկրորդ պետականությունը` ԼՂՀ-ն: Թեև այն դեռևս ճանաչված չէ, սակայն աշխարհի շատ երկրների ղեկավարներ, պետական գործիչներ, կազմակերպություններ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Արցախ-Ղարաբաղի նկատմամբ, այցելում են այնտեղ, հանդիպումներ ունենում Արցախի պաշտոնյաների, Ազգային ժողովի պատգամավորների, բնակչության հետ և իրենց երկիր վերադառնալուց հետո հիացմունքով են արտահայտվում անկախացած Ղարաբաղ աշխարհի պետականության, կառավարման, բնակչության կազմակերպվածության, հյուրընկալության, բնության գեղեցկության, պատմաճարտա-րապետական հնագույն ու եզակի կոթողների վերաբերյալ: Տարեցտարի զգալիորեն մեծանում է Արցախ այցելող արտասահմանցի զբոսաշրջիկների թիվը: Ի դեպ, զգալի են դարձել նաև արվեստի հանրահայտ գործիչների այցելությունները, ովքեր մեծ տպավորություն են ստանում Արցախի բնակչության` արվեստի նկատմամբ ունեցած հետաքրքրությունից և վերաբերմունքից: ԼՂՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պե- տություն է, մայրաքաղաքը Ստեփանակերտն է, պետական լեզուն` հայերենը: ԼՂՀ ազգային արժույթը հայկական դրամն է, որը շրջանառության մեջ է դրվել 1993 թ. նոյեմբերին: ԼՂՀ նախագահը երկրի անկախության, տարածքային ամբողջականության, անվտանգության երաշխավորն է, օրենսդիր իշխանությունը Ազգային ժողովն է, գործադիր իշխանությունը` Կառավարությունը: ԼՂՀ-ն ունի հիմնական օրենք` սահմանադրություն, օրհներգ, զինանշան, դրոշ, պաշտպանական բանակ: Տարածական առումով ԼՂՀ-ն զբաղեցնում է պատմական Հայաստանի Արցախ նահանգի լեռնային մասը: Լեռնային Ղարաբաղն ընդգրկում է հազարամյակների պատմություն ունեցող Արցախ աշխարհի հարավարևմտյան լեռնային մասում վաղուց ձևավորված հայկական հինգ իշխանությունների` Խամսայի մելիքությունների տարածքի հիմնական մասը: Ադրբեջանա-թուրքական գաղութարարների, Ստալին-Նարիմանով հակահայկական պլաններով Արցախը մայր Հայաստանից բռնանջատելուց հետո, 1923 թ. կազմավորված ինքնավար մարզի կազմի մեջ կանխամտածված ձևով չմտցվեց Լեռնային Ղարաբաղի հյուսիսային` Գյուլիստանի մելիքության տարածքը, ինչպես նաև Դիզակի, Ջրաբերդի մելիքությունների լեռնային ու դաշտային հատվածների զգալի մասը: Հազարամյակների ընթացքում թշնամիների դեմ հերոսական պայքարով իր անկախությունը պահպանած, Հայաստանի անբաժանելի մասը կազմող Արցախն ավելի դժվարին կացության մեջ հայտնվեց Անդրկովկասում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո` այս անգամ կարմիր բանակի զենքի և թաթար-ադրբեջանական մուսավաթական միացյալ ուժերով: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Անդրկովկասում Ստալինի վարած հակահայկական քաղաքականության, ազգամիջյան, տարածական- վարչական հարցերի խիստ սուբյեկտիվ լուծման հետևանքով Արցախ-Ղարաբաղ հայկական աշխարհը հայտնվեց ծանր իրավիճակում: 1918 թ. մայիսին Բաքվում ստեղծվեց մուսավաթական կառավարություն: Այսպես սկսվեց Ադրբեջան կոչվող հանրապետության պատմությունը: Մինչ այդ նման պետություն գոյություն չի ունեցել: Անդրկովկասի արևելյան մասում XII – XIII դարերից հետո այստեղ հանգրվանած քոչվոր թաթարների հետնորդների այդ հետադիմական, ազգայնամոլական կառավարությունը հենց առաջին օրերից սկսեց վարել խիստ հակահայկական քաղաքականություն: Մուսավաթական Ադրբեջանը ռազմատենչ վայրի ցեղերին յուրահատուկ բոլոր մեթոդները կիրառում էր հայերի դեմ` ձգտելով իր ազդեցությունը տարածել նաև Արցախ-Ղարաբաղ հայկական նահանգի վրա: Ղարաբաղի հայությունն այս անգամ էլ հերոսաբար պայքարում էր իր անկախությունը պաշտպանելու համար և ստեղծում սեփական կառավարման տեղական մարմիններ: Սակայն Ռուսաստանում տեղի ունեցած Հոկտեմբերյան հեղափոխության ազդեցությամբ մեծ փոփոխություններ են կատարվում նաև Անդրկովկասում: 11-րդ կարմիր բանակի զենքի ուժով 1920թ. ապրիլին Բաքվում տապալվում է մուսավաթական կառավարությունը, և ստեղծվում է Ադրբեջանական Խորհրդային Հանրապետություն: Ի դեպ, «Ադրբեջան»«ադրբեջանցի» հասկացությունները հենց այդ տարիներից են գործողության մեջ դրվել: Այժմյան Ադրբեջանի տարածք թափանցած (միջին Ասիայից) մահմեդականները մինչև 1930-ական թվականները բոլոր աղբյուրներում կոչվել են թաթարներ: Խորհրդային Ադրբեջանն էլ մուսավաթական կառավարության սկզբունքներով հակահայկական քաղաքականություն էր վարում` բոլոր մեթոդներով ձգտելով զավթել Արցախ-Ղարաբաղը: Իսկ այդ ժամանակ Հայաստանում դեռ խորհրդային կարգեր չէին հաստատվել, և Ղարաբաղի հայությունը շարունակում էր պայքարը գերիշխանության դեմ: 11-րդ կարմիր բանակի ուժերով 1920 թ. նոյեմբերին խորհրդային կարգեր հաստատվեցին նաև Հայաստանում: Իրեն աշխարհի առաջին «սոցիալիստական» հայտարարած լենինյան ազգային` իբր արդարացի քաղաքականություն վարող խորհրդային իշխանության պայմաններում, թվում էր, թե առանց խոչընդոտների Հայաստանն իր անբաժանելի մասերը կազմող Արցախի ու Նախիջևանի հետ պետք է ստեղծեր միասնական հանրապետություն: Դժբախտաբար, այդ բոլորը դառը խաղեր էին հայ ժողովրդի համար: Սկսվում է Արցախ-Ղարաբաղի վարչական ենթակայության արհեստականորեն` բոլշևիկների կողմից ստեղծված «հիմնահարցի» լուծման քաշքշուկը, որը ձգձգվում է առ այսօր: 1921 թ. հուլիսի 4-ին Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության Կենտկոմի Կովկասյան բյուրոն, ձայների մեծամասնությամբ, որոշում է Լեռնային Ղարաբաղը միացնել Խորհրդային Հայաստանին: Սակայն հաջորդ օրը` 1921թ. հուլիսի 5-ին, Ի.Ստալինի ու Ն.Նարիմանովի կամա- յականությամբ, ահաբեկումներով, առանց քվեարկության, որոշում են Լեռնային Ղարաբաղը ներառել Ադրբեջանի կազմում: Այսպիսով` մայր երկրից բռնի կերպով պոկվեց նրա` 97%-ով հայաբնակ մասը` Արցախ-Ղարաբաղը: Բնականաբար, այդ հանգամանքը խիստ բացա- սական ազդեցություն ունեցավ վերջինիս հետագա ճակատագրի վրա: Շուրջ յոթանասուն տարի, կոմունիստական ռեժիմի պայմաններում, թույլ չէր տրվում մայր Հայաստանում Ղարաբաղի մասին նույնիսկ խոսել, առավել ևս` գրել: Միևնույն ժամանակ, Ադրբեջանը ժողովուրդների լենինյան «բարեկամության» դրոշի ներքո, Նախիջևանի օրինակով, աննկատ Արցախ-Ղարաբաղը հայաթափում էր: Տնտեսական առումով, հայկական այդ բարեբեր երկրամասը դարձել էր Ադրբեջանին գյուղատնտեսական հումք (հացահատիկ, միս, կաթ, բուրդ, բոժոժ, ձու, խաղող, պտուղներ, բանջարեղեն) մատակարարող խոշոր բազա: Թույլ չէր տրվում մարզում կառուցել գյուղատնտեսական հումքի վերամշակման ձեռնարկություններ: Այսպիսով` մարզը թեև գյուղատնտեսական հումքի խոշոր արտադրող էր, բայց նրա բնակչությունը հնարավորություն չուներ տեղի խանութներից գնելու սննդամթերք, արդյունաբերական արտադրանք: Գյուղատնտեսության արտադրանքի ավելացման գործում գաղութարարները, այսպես կոչված, «խրախուսման» խորամանկ քաղաքականություն էին վարում. բարձր բերք ստանալու համար ժամանակ առ ժամանակ մեդալներ և շքանշաններ էին տալիս հայերին: Մարզում շինարարական աշխատանքները բարձիթողի վիճակում էին: Կանխամտածված ձևով անուշադրության էր մատնված հատկապես ճանապարհաշինությունը: Տրանսպորտային կապն այնպես էր մշակված, որ դրսից Ղարաբաղի ցանկացած բնակավայր գնալու համար անպայման պետք էր անցնել սահմանի ամբողջ երկայնքով տեղադրված, ադրբեջանցիներով բնակեցված քաղաքներով` Աղդամ, Միր-Բաշիր, Ֆիզուլի, Լաչին, Եվլախ, Կիրովաբադ և այլն: 1988թ. սկսված իրադարձությունները ցույց տվեցին, որ ադրբեջանական գաղութակալների այդ հեռահար քաղաքականությունը նախօրոք մտածված է եղել. այդկերպ նրանք ցանկացած ժամանակ կարող էին (և հաճախակի անում էին) տնտեսական մեկուսացման ենթարկել Արցախը: Մարզում չկային տնտեսական պայմաններ, այդ պատճառով հատկապես երիտասարդությունը ստիպված էր լինում հեռանալ հարազատ օջախից: Դատարկվում էին երբեմնի շեն բնակավայրերը, փակվում դպրոցները: Հայոց լեզուն, հայ ժողովրդի պատմությունը դուրս էին մղվում ուսումնական ծրագրերից և առօրյա կյանքից: Ղարաբաղում, փաստորեն, արագորեն աճում էր ադրբեջանցիների տեսակարար կշիռը, արհեստականորեն ստեղծվում էին ադրբեջանական գյուղեր: Արցախի զինանիշը համարվող սքանչելի, ամբողջապես հայաբնակ Շուշի քաղաքը, որը Անդրկովկասի կրթական, մշակութային հանրահայտ կենտրոնն էր, 1918−20 թթ. ազերիների կողմից ավերվելուց հետո գրեթե ամբողջությամբ հայաթափվել էր: Հիրավի, հազարամյակների պատմություն ունեցող հայկական այդ երկրամասն աստիճանաբար հայաթափվում էր, իսկ Խորհրդային Հայաստանի կոմունիստական ղեկավարությունն այս ամենի հանդեպ կարծես թե անտարբեր էր: Զարմանալի է, որ յոթանասուն տարվա ընթացքում Խորհրդային Հայաստանի բարձրաստիճան ղեկավարներից և ոչ մեկը չի այցելել ականավոր մարշալներ, ծովակալներ, գեներալներ, Սովետական Միության բազում հերոսներ, մեծ թվով հանրահայտ գիտնականներ տված այդ ինքնավար մարզ: Զարմանալի է նաև, որ մինչև 1960-ական թվականները Արցախի նկատմամբ անտարբեր էր նաև Հայաստանի մտավորականությունը, իսկ տեղի հայրենասեր մտավորականության ձայնը գաղութարարները խլացնում էին բոլոր մեթոդներով: Քանի որ մայր Հայաստանում թույլ չէր տրվում Արցախ-Ղարաբաղի մասին խոսել ու գրել, հայ նոր սերունդը պատկերացում չուներ Արցախի պատմության, առավել ևս Լեռնային Ղարաբաղի խորհրդային շրջանի կյանքի մասին: Հայ մտավորականությանը, անկասկած, հայտնի է ականավոր պատմաբան, Արցախի մեծ զավակ Լեոյի «Հայոց պատմության» երրորդ հատորի երկրորդ գիրքը, որ ամբողջապես նվիրված է Արցախ-Ղարաբաղի պատմությանը: Հանրահայտ են նաև Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցի «Արցախ», Րաֆֆու «Խամսայի մելիքությունները», Երվանդ Լալայանի «Վարանդա» արժեքավոր աշխատությունները: Բայց դրանք գրվել են նախորդ դարի վերջերին: Այնուհանդերձ, մինչև 1988թ. ղարաբաղյան ազատագրական շարժումների սկիզբը, Հայաստանում, թեև դժվարությամբ, այնուամենայնիվ, հրատարակվեցին Բագրատ Ուլուբաբյանի «Խաչենի իշխանությունները X−XVI դա- րերում» (1975թ.), «Դրվագներ հայոց արևելից կողմանց պատմության» (1981թ.), «Գանձասար» (1982թ.) գրքերը: Լույս տեսան նաև տողերիս հեղինակի «Լեռնային Ղարաբաղ» (1990թ.), «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» (1997թ. արժանացել է ԼՂՀ Կառավարության Եղիշեի անվան մրցանակի), «Արցախ-Ղարաբաղ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» (2011թ.), այլ մենագրություններ` նվիրված անկախացած Արցախին: Քանի որ Ադրբեջանի տիրապետության տարիներին Լեռնային Ղարաբաղի, ցավոք, նաև Հայաստանի Հանրապետության դպրոցներում չեն դասավանդվել Արցախի աշխարհագրությունը, պատմությունը, չեն գրվել համապատասխան դասագրքեր, ապա մեր ներկա սերունդը շատ աղոտ պատկերացում ունի այդ հերոսական երկրամասի մասին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը 11,5 հազ. կմ2 է: Մակերևույթը տիպիկ լեռնային է: Ընդգրկում է Ղարաբաղի բարձրավանդակի արևելյան հատվածը և արևմուտքից թեքությամբ իջնելով դեպի արևելք` ձուլվում Կուր-Արաքսյան ընդարձակ հարթավայրի մեծ մասը կազմող Արցախի դաշտավայրին: Լեռնային Ղարաբաղի տարածքի` ծովի մակարդակից միջին բարձրությունը 1100 մ է (Հայաստանի Հանրապետության միջին բարձրությունն ավելի քան 1800 մ է): Ի տարբերություն Սյունիքի ու Հայաստանի Հանրապետության մյուս մասերում գտնվող լեռների (որոնք հիմնականում անտառազուրկ են), Արցախ-Ղարաբաղի լեռներն անտառածածկ են: Երկրաբանական առումով Արցախի տարածքն անբավարար է հետազոտված: Այն ծածկված է հրաբխային կոնաձև ու բրգաձև հիասքանչ լեռնակուտակումներով, որոնք պարունակում են երկրակեղևի բոլոր շերտերը: Հանրահայտ երկրաբաններ Հերման Աբիխի ու ֆրանսիացի Պիեռ Բոնեի ուսումնասիրություններում նշված է, որ Ղարաբաղի լեռնաշխարհում բազմատեսակ ապարների հետ մեծ տեղ են զբաղեցնում հրաբխային բազմերանգ տուֆերը: Ընդհանուր առմամբ, Արցախի երկրաբանական կառուցվածքը շատ ընդհանրություններ ունի Զանգեզուր-Դարալագյազի հետ: Արցախի կլիմայական պայմանները համեմատաբար մեղմ ու չափավոր են: Այստեղ օդի տարեկան միջին ջերմաստիճանը 10,50 C է (Հայաստանի Հանրապետությունում` 13,80 C): ԼՂՀ տարածքում երկարատև սառնամանիքներ հիմնականում չեն լինում: Ցածրադիր վայրերում բացարձակ նվազագույն ջերմաստիճանը հասնում է մինչև -160C-ի, բարձրլեռնային վայրերում` մինչև -230C-ի, բացարձակ առավելագույն ջերմաստիճանը հասնում է 400C-ի: Հայաստանի Հանրապետության տարածքում բացարձակ նվազագույն ջերմաստիճանը -460C է, բացարձակ առավելագույնը` 420C: Այս առումով, Լեռնային Ղարաբաղի բնական պայմանները բավական արդյունավետ են տնտեսության զարգացման համար, և եթե դրանք (ռելիեֆային, կլիմայական, հողային, հանքային, ջրային և այլ ռեսուրսներ) օգտագործվեն ժամանակակից գիտաարդյունաբերական մեթոդներով, ապա արդեն 25 տարվա անկախություն ունեցող հանրապետության տնտեսության ցուցանիշները շատ ավելի բարձր կարող են լինել: Իսկ դա նշանակում է նաև, որ ազերի թուրքերի դեմ մեր դիմակայությունը ոչ միայն ավելի հաստատուն կլինի, այլև հնարավորություն կունենանք թշնամու ազդեցության տակ մնացած տարածքները, բնակավայրերը վերադարձնել: Անտառներ կան ԼՂՀ բոլոր շրջաններում, բայց ավելի անտառաշատ է Մարտակերտի շրջանը, որին բաժին է ընկնում երկրի անտառային տարածքի 54%-ը, Ասկերանի շրջանին` 24%-ը, Հադրութի շրջանին` 16%-ը: Անտառների ընդհանուր տարածքը 533,2 հազ. հա է: ԼՂՀ նախալեռնային և լեռնային վայրերում զգալի տարածություններ են գրավում սևահողերը, անտառային վայրերում` մուգ դարչնագույն, պոդզոլային հողատեսակները, գետահովտային ցածրադիր մասերում` հզոր շերտերով նստվածքային հողերը, որոնք բնութագրվում են բարձր բերքատվությամբ: Այդ առումով հատկապես արժեքավոր են Թարթառ, Խաչեն, Կարկառ, Խոնաշեն, Իշխանագետ, Հագարու գետերի հարթավայրային ավազանների հողերը: Վերջին տվյալներով ԼՂՀ հողային ֆոնդը կազմում է 1145,8 հազ. հեկտար. գյուղատնտեսական նշանակության հողերը` 538,3 հազ. հեկտար, որից վարելահողերը` 148,8 հազ. հեկտար: ԼՂՀ տնտեսության համար, անկասկած, վճռական դեր են խաղում ջրային ռեսուրսները: Այստեղ մթնոլորտային տեղումները, միջին հաշվով, տարեկան կազմում են 580 մմ: Դա նշանակում է` ԼՂՀ տարածքում տարեկան գոյանում է ավելի քան 2530 մլն մ3 ջուր (ՀՀ տարածքում` 18 մլրդ մ3 ջուր): Այդ ծավալից 1390 մլն մ3-ը, այսինքն` 55%-ը գոլորշիանում է, իսկ մյուս մասը` 1140 մլն մ3-ը, առաջացնում է մակերեսային և ստորերկրյա հոսք: Փաստորեն, ԼՂՀ- ն, ՀՀ-ի ու Ադրբեջանի համեմատությամբ, մեկ շնչի և 12 կմ տարածքի հաշվով, ջրային ռեսուրսներով անհամեմատ ավելի լավ է ապահովված: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ԼՂՀ տարածքը բավական հարուստ է նաև մետաղային ու ոչ մետաղային բազմազան հումքատեսակներով, սակայն, ցավոք, ինչպես արդեն նշել ենք, այս տարածքը, երկրաբանական-հետախուզական առումով, անբավարար է հետազոտված: Հանքային վառելիքի տեսակներից հայտնաբերված են քարածխի պա- շարներ Մարտակերտի շրջանի Մաղավուզ, Նարեշտար, Քոլատակ, Մեծ շեն գյուղերի շրջանում: Մետաղային հանքային հանածոներից այստեղ հնուց հայտնաբերված են բազմամետաղների, հատկապես` ցինկի, կապարի, պղնձի, ոսկու, ծծմբային կոլչեդանի, երկաթի հանքավայրեր, երևակումներ: Այս առումով, հատկապես նշանավոր է Մարտակերտի շրջանը` Թարթառ և Խաչեն գետերի միջև ընկած տարածքը: Մասնավորապես` հանրահայտ է Մեհմանա գյուղի մոտ գտնվող բազմամետաղների հանքավայրը, որը համեմատաբար լավ է ուսումնասիրվել «Հայգունմետաղնախագիծ» ինստիտուտի կողմից դեռևս տասնամյակներ առաջ կազմված տեխնիկատնտեսական հիմնավորմամբ: Այդպիսի հանքանյութի երևակում է հայտնաբերված նաև Շահումյանի շրջանում (Բուզլուխից հարավ): Պղնձի ու այլ գունավոր մետաղների (այդ թվում` ոսկու) հանքախմբեր, երևակումներ, հանքավայրեր կան Դրմբոն, Գյուլաթաղ, Կուսապատ, Վանք, Ղազանչի, Լիսագոր, Զարդանաշեն, Մեծ թաղեր գյուղերի մոտ, ինչպես նաև Հաթերքից դեպի հյուսիս` Մռավ սարի լանջերին: ԼՂՀ տարածքը թշնամուց ազատագրելուց հետո բավական ժամանակ է, ինչ Դրմբոն գյուղի մոտ կառուցված լեռնահանքային խոշոր կոմբինատը պղինձ, ոսկի ու գունավոր այլ մետաղներ է արդյունահանում, հարստացնում, և հարստացված հումքը ուղարկվում է Ալավերդու պղնձաձուլական կոմբինատ` վերամշակելու, պատրաստի արտադրանք թողարկելու համար: Ծծմբային կոլչեդանի ու այլ մետաղների պաշարներ կան Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր, Վանք, Գյուլաթաղ, Կուսապատ գյուղերի մոտ: Արցախ-Ղարաբաղի տարածքը հարուստ է նաև ոչ մետաղային ռեսուրսներով, մասնավորապես` շատ են մարմարի, կրաքարի պաշարները: Առավել հանրահայտ է Ստեփանակերտից փոքր հեռավորության վրա գտնվող Հարավ գյուղի մոտ գտնվող մարմարի հանքավայրը, որտեղ մարմարի շերտի հզորությունը հասնում է հարյուրավոր մետրերի, ունի արդյունաբերական նշանակություն: Այս հանքավայրի մարմարը վարդագույն է, լայնորեն օգտագործվում է հատուկ շենքերի և հուշարձանների կառուցման համար: Մարտակերտի շրջանը հարուստ է տուֆի պաշարներով: Վարդագույն տուֆով Վանք գյուղի մոտ 13-րդ դարում կառուցվել է Գանձասարի վանքը, որն իր ճարտարապետական տեսքով շատ մեծ հետաքրքրություն է ներկայացնում, և ամեն օր այստեղ կարելի է տեսնել արտասահմանյան երկրներից ժամանած զբոսաշրջիկների: Առկա հողային, անտառային, ջրային, մետաղային, ոչ մետաղային ու մյուս բնական ռեսուրսների խնայողաբար, համալիր օգտագործման դեպքում ԼՂՀ տնտեսությունը կարող է զարգանալ և դառնալ արտաքին տնտեսական ակտիվ կապեր ունեցող հանրապետություն: 2014թ. տվյալներով ԼՂՀ համախառն ներքին արդյունքը կազմել է 188840,3 մլն դրամ: Ի դեպ, համեմատության համար նշենք, որ 2007թ. նշված ցուցանիշն ընդամենը 70791,0 մլն դրամ էր: Առայժմ ԼՂՀ համախառն ներքին արդյունքում որոշ չափով գերազանցում է գյուղատնտեսության արտադրանքը. 2014 թ. տվյալներով կազմում է 57314,6 մլն դրամ, իսկ արդյունաբերության տեսակարար կշիռը` 52046,8 մլն դրամ: Քանի որ արդյունաբերության խոշորագույն ճյուղը (լեռնահանքային արդյունաբերություն) անկախությունից հետո է սկսել զարգանալ, ուստի մոտակա տարիներին, մեր կարծիքով, ազատագրված Արցախը հիմնականում կունենա արդյունաբերական զարգացման ուղղություն: ԼՂՀ արդյունաբերության հիմնական կենտրոնը Ստեփանակերտն է, որտեղ, 2014թ. տվյալներով, համապատասխան արտադրանքի ծավալը կազմել է 25393,0 մլն դրամ, հաջորդը Մարտակերտի շրջանն է (լեռնահանքային արդյունաբերություն), որտեղ արտադրանքի ծավալը հասել է 15959,1 մլն դրամի: Լեռնահանքային արդյունաբերության արտադրանքից բացի ԼՂՀ-ում թողարկվում են սննդամթերքի, թեթև արդյունաբերության ապրանքների բազում տեսակներ, խմիչքներ, պահածոներ, ինչպես նաև գորգեր, կարպետներ, տեքստիլ արտադրանք, հագուստեղեն, կոշկեղեն, նաև մետաղե արտադրատեսակներ, էլեկտրասարքավորումներ, կահույքի, շինանյութի տեսակներ և այլն: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալում ԼՂՀ յոթ վարչական շրջաններից առաջին տեղը, 2014 թ. տվյալներով, զբաղեցնում է Ասկերանի շրջանը, որին բաժին է ընկնում ամբողջի 23,3%-ը, հաջորդը Քաշաթաղի շրջանն է` 21,3%, Մարտունու շրջանը` 19,7%, Մարտակերտի շրջա- նը` 15,2% և այլն: ԼՂՀ գյուղատնտեսության հիմնական արտադրատեսակներն են` հացահատիկ, կարտոֆիլ, բանջարեղեն, բոստանային և կերային մշակաբույսեր, պտուղներ, խաղող, թութ, կաթ, միս, ձու և այլն: Ղարաբաղյան թթի օղին իր որակական հատկանիշներով համաշխարհային շուկայում յուրահատուկ տեղ է գրավում: Այժմ ԼՂՀ խաղողի այգիների տարածքը 2017,2 հեկտար է, թթի այգիներինը` 868,5 հեկտար (նախկինում կրկնակի շատ էր), որից 616,5 հեկտարը Մարտունու շրջանում է: ԼՂՀ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը 23532 է (1914թ.), խոզերի գլխաքանակը` 12855, ոչխարներինը` 113089, թռչուններինը` 342614 (ի դեպ, 1960-ական թվականներին մանր եղջերավոր անասունների գլխաքանակը 275-300 հազ. էր): Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ԼՂՀ գյուղատնտեսության զարգացման նախապայմանները, Հայաստանի Հանրապետության համեմատությամբ, ավելի նպաստավոր են: Հետևաբար` այդ պայմանները գիտականորեն արդյունավետ օգտագործելու դեպքում ԼՂՀ-ն կարող է զգալի քանակությամբ գյուղատնտեսական արտադրանք արտահանել ոչ միայն մայր Հայաստան, այլև արտասահմանյան երկրներ: Մասնավորապես` Հայաստանի Հանրապետությունն իր հացահատիկի պահանջի 40-50%-ը ներմուծում է աշխարհի հեռավոր երկրներից: Մեր կարծիքով` ԼՂՀ սևահողային ընդարձակ տարածքները ժամանակակից գիտական մեթոդներով օգտագործելու դեպքում հնարավոր կլինի ՀՀ հացահատիկի պահանջի զգալի մասը բավարարել ԼՂՀ-ից: Վստահ ենք, որ, բոլոր առումներով, խիստ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության հետ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալ-տնտեսական միասնացման գործընթացի կատարելագործումն ու ընդլայնումը: Կարծում ենք` հույժ կարևոր է ուշադրությունը սևեռել ԼՂՀ տնտեսության գերակա ուղղություններում ինտեգրման խնդիրներին` հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ մենք, փաստորեն, Ադրբեջանի հետ դեռևս գտնվում ենք պատերազմական պայմաններում: Ինչպես արդեն նշվել է, ԼՂՀ տարածքում հայտնաբերվել են գունավոր մետաղների մի շարք հանքավայրեր: ԼՂՀ տնտեսության համար խոշոր նշանակություն կարող են ունենալ նաև Մարտակերտի շրջանի Մեհմանայի բազմամետաղների ու այլ գունավոր մետաղների հանքավայրերը: ԼՂՀ տարածքին շատ մոտ` ՀՀ-ում վաղուց գործում են հանքահարստացուցիչ հինգ խոշոր ձեռնարկություններ: Ըստ որում, հեռանկարում Սյունիքի մարզի լեռնամետալուրգիական ձեռնարկությունների համար լրացուցիչ հումքային բազա կարող են դառնալ Մարտակերտի շրջանի պղնձի, մոլիբդենի, բազմամետաղների, Հադրութի շրջանի պղնձի հանքավայրերի խմբերը: Դրանց օգտագործումը ՀՀ-ում վաղուց ձևավորված գունավոր մետալուր գիայի համալիրում նպատակահարմար է` պայմանավորված հանքահարստացուցիչ ֆաբրիկաների, պղնձաձուլական, մոլիբդենի խոշոր կոմբինատի, դրանց արտադրական փորձի, գիտական ու նախագծային համապատասխան կազմակերպությունների, որակյալ բանվորների և մասնագետների առկայությամբ: ՀՀ-ում ԼՂՀ տարածքի գունավոր մետաղների պաշարների օգտագործման փայլուն օրինակ է Դրմբոնի (Մարտակերտի շրջան) կոմբինատի շահագործումը, որտեղ արտադրված պղնձի ու գունավոր այլ մետաղների խտանյութը մշակվում է Ալավերդու պղնձաձուլական գործարանում: Նպատակահարմար կլինի ավելի խորացնել ԼՂՀ և ՀՀ լեռնահանքային արդյունաբերության ոլորտների այսպիսի միասնացումը` հետագայում ԼՂՀ-ում ապահովելով լրիվ կենսապարբերաշրջանով արտադրության կազմակերպումը: Մեքենաշինության, շինանյութերի, թեթև ու սննդի արդյունաբերության բնագավառներում ԼՂՀ զարգացման համար կարևորագույն նշանակություն կարող է ունենալ ՀՀ մեծ փորձի ու գիտագործնական հնարավորությունների օգտագործումը: Միասնացման մյուս ուղին ԼՂՀ-ում Հայաստանի մեքենաշինական, թեթև, սննդի արդյունաբերության առավել առաջատար, սակավ հումքատար ու էներգատար, բայց աշխատատար գործընթացներ ունեցող ձեռնարկությունների մասնաճյուղերի ստեղծումն է: ՀՀ պանրագործության կատարելագործված մեթոդները կարելի է արմատավորել ԼՂՀ-ում, որտեղ պանրի արտադրության համապատասխան նախապայմաններն անհամեմատ բարենպաստ են: ԼՂՀ կաթի արտադրության բազան թույլ կտա կազմակերպել պանրի այնպիսի հզոր արտադրություն, որն ապագայում հնարավորություն կստեղծի արտահանելու մինչև 10 հազ. տ բարձրորակ արտադրանք: Թեև հայկական երկու հանրապետությունների կրթական համակարգերը հիմնականում ինտեգրված են, սակայն խիստ անհրաժեշտ է նաև բուհական և գիտահետազոտական համակարգերի լիարժեք միասնացումը, որակյալ մասնագետների օգտագործումը: Այսպիսով` Լեռնային Ղարաբաղի 25-ամյա անկախացման ժամանակաշրջանում հայկական երկու հանրապետությունների տնտեսությունների ինտեգրման գործընթացը կշարունակվի նաև ապագայում: 
Օգտագործված գրականություն
 1. Մելքումյան Ս., Արցախ-Ղարաբաղ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, 2011: 
2.ՄելքումյանՍ., Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական և սոցիալական աշխարհագրություն, Եր., 2005: 
3. ԼՂՀ ԱՎԾ, ԼՂՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2014: