Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Ուղեղային կենտրոնների էությունը և գործառույթները

Ուղեղային կենտրոնները,
որտեղ միավորվում են հասարակության ու պետության զարգացմամբ մտահոգ, համապատասխան գիտելիքներով և փորձով օժտված մարդիկ, այնպիսի կառույցներ են, որոնց շրջանակներում  տեղի է ունենում մի կողմից՝ ակադեմիական և փորձագիտական հանրությունների, մյուս կողմից` պետական իշխանության և տեղական ինքնակառավարման  մարմինների համագործակցությունը: Դրանք գիտության և  պրակտիկայի կապի մեխանիզմներ են, որոնց միջոցով կյանքի են կոչվում  որոշակի գաղափարներ, և կատարվում են առաջարկություններ հասարակական քաղաքական ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների և զարգացումների համատեքստում, ինքնատիպ հանգուցային կետեր են հասարակության բարեփոխման ուղղությամբ կատարվող սոցիալական գործընթացների  կառուցվածքում, որտեղ ներգրավված են այս կամ այն ոլորտի լավագույն  մասնագետները:
Ուղեղային կենտրոնները, բացի յուրօրինակ, նոր գաղափարների արտադրող  լինելուց, նպաստում են նաև ապագա և նախկին քաղաքական գործիչների,  պետական պաշտոնյաների և փորձագետների  մասնագիտական աճին ու ներգրավվածությանը (այսպես կոչված,  §պտտվող դռների¦  պրակտիկա), առաջարկում են ինտելեկտուալ հարթակներ բանավեճերի և տարբեր մակարդակի քննարկումների համար, բարձրացնում են քաղաքացիների  իրազեկության աստիճանը և օգնում պետական կառույցներին կարգավորել  Track II Diplomacy-ն` ոչ պաշտոնական դիվանագիտությունը` նպաստելով  տարաձայնությունների հաղթահարմանը, կարևոր հարցերի շուրջ ոչ պաշտոնական խորհրդատվությունների տրամադրմանը: 
Ինչպե՞ս կարելի է տարբերակել ուղեղային կենտրոնն այլ գիտահետազոտական կազմակերպություններից: Բնագավառի ուսումնասիրությամբ զբաղվող ամենահեղինակավոր մասնագետներից մեկը` Փոլ Դիքսոնը, այդ  հարցին պատասխանում է հետևյալ կերպ: Առաջին, տվյալ դեպքում չկան ոչ  խստորեն հաստատված ֆինանսական նպատակներ, ոչ էլ պարտադիր կառուցվածքային  պատկանելություն: Գործունեությունը կարող է իրականացվել  կամ հանուն շահույթի ստացման, կամ էլ չձգտելով նման նպատակի: Կենտրոնը  կարող է օգտվել կառավարության կամ որևէ այլ կառավարական  մարմնի աջակցությունից, կարող է բոլորովին չստանալ կառավարական  աջակցությունը կամ ստանալ մի շարք հաստատություններից` ներառյալ կառավարությունը:  Նա կարող է լինել կատարելապես անկախ կամ կապված  լինել ավելի խոշոր ընկերության, համալսարանի հետ: Այս ամենով հանդերձ,  ուղեղային կենտրոնը պետք է լինի անընդհատ գործող կազմակերպություն` ի տարբերություն հետազոտական հանձնաժողովի կամ ժամանակավոր խնդիր իրականացնող հատուկ խմբի: 
Երկրորդ, վճռորոշ ցուցանիշ է կազմակերպության կատարած դերը:
Ուղեղային կենտրոնի գլխավոր գործառույթը ոչ թե ավանդական՝ հիմնարար ու կիրառական  հետազոտությունների անցկացումն է (թեև և՛ մեկը, և՛ մյուսը սովորաբար կատարվում են այստեղ), այլ կապի հաստատումը մի կողմից՝ գիտելիքի ու իշխանության, գիտության ու տեխնիկայի, մյուս կողմից՝ հետաքրքրություն ներկայացնող լայն ոլորտների միջև: Այսպիսով՝ կարևորվում է նոր գիտելիքների տարածումը, այլ ոչ թե ստեղծումը: Գործունեության այդ տեսակի համար կիրառվում է ,քաղաքականության հետազոտությունե արտահայտությունը, այլ կերպ ասած` ուսումնասիրություններ, որոնց արդյունքներն են գաղափարները, վերլուծություններն ու այլընտրանքները, որոնցով շահագրգռված են նրանք, ովքեր քաղաքականություն են կերտում: Դա է էական տարբերությունն ավանդական գիտությունից ու գիտահետազոտական  ինստիտուտներից, որոնք, սովորաբար, ակադեմիական  գիտելիքներ են հաղորդում գիտնականներին ու հետազոտողների: Երրորդ, ուղեղային կենտրոնն օժտված է որոշակի բնորոշ գծերով:
Ուղղված լինելով գիտական մեթոդաբանությանը, մասնավորապես՝ գործողությունների  հետազոտությանը, դրա գործունեությունը չի սահմանափակվում  սոսկ գիտական թեմատիկայով: Հիմնախնդիրների բնույթի և կիրառվող  մոտեցումների շնորհիվ՝ ուղեղային կենտրոնների   գործունեությունն անխուսափելիորեն կրում է միջգիտակարգային բնույթ:
Լայն իրավասությունները և քաղաքականության սուբյեկտների վրա  ազդեցության հնարավորությունը նախանշում են ուղեղային կենտրոնների  չորրորդ տարբերակիչ առանձնահատկությունը. դրանք են որոշում գիտական  աշխարհի նշանակալի մասի գործունեության ուղղվածությունն ու նպատակները, առաջադրանքների բնույթը:
Ընդհանրացնելով կարելի է եզրակացնել, որ լավագույն ընդհանուր չափանիշները,  որոնցով ղեկավարվելով` կարելի է տարբերակել ուղեղային  կենտրոնները մյուս գիտահետազոտական կազմակերպություններից, գործունեության  ընդգրկումն ու ոլորտներն են, ինչպես նաև այն մարդիկ, որոնց  դրանք ծառայում են: Քաղցկեղի հետազոտությամբ զբաղվող կենտրոնը  կամ աստղադիտարանը գիտահետազոտական կազմակերպություններ են,  և, այնուամենայնիվ, դրանցից ոչ մեկն ուղեղային կենտրոն չէ: Մյուս կողմից՝  կառավարության առաջադրանքով քաղաքական կանխատեսումներ իրականացնող  կառույցը, գիտական նոր մեթոդներին առնչվող խորհրդատվություն  տրամադրող ֆիրման, ապագայի տեխնոլոգիաների կամ ժողովրդավարության  ուսումնասիրության նպատակով միավորված գիտնականների խումբը ուղեղային կենտրոններ են: 
Ի մի բերելով ուղեղային կենտրոնների ուսումնասիրությամբ զբաղվող վերլուծաբանների կարծիքներն այս կազմակերպությունների նպատակների մասին` առանձնացնենք հետևյալները.
-հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ հիմնարար հետազոտությունների   անցկացումը,
-որոշումների ընդունմանն անհրաժեշտ տեղեկատվության՝ որպես այլընտրանքային աղբյուր հանդես գալը,
-կառավարության պաշտոնյաներին ընթացիկ քաղաքական հիմնախնդիրների շուրջ խորհրդատվությունների ու երաշխավորությունների տրամադրումը,
- իշխանության մարմինների համար նորմատիվ փաստաթղթերի մշակումը,
-նոր գաղափարների վերարտադրումը և խնդիրների լուծման համար ոչ ստանդարտ տարբերակների առաջադրումը,
-կառավարության ծրագրերի անկախ գնահատականը,
-գաղափարների փոխանակումը հեշտացնող գործառույթը (սեմինարների,  աշխատանքային քննարկումների ժամանակ և այլն),
-նախկին քաղաքական գործիչների/պետական պաշտոնյաների համար  պահուստային աշխատավայրը,
-ԶԼՄ-ների համար քաղաքականության ու քաղաքական իրադարձությունների  վերաբերյալ փորձագիտական մեկնաբանությունը:
Բացի այդ, ուղեղային կենտրոնները կառավարությանն ապահովում են  բնակչության խնդիրների մասին անհրաժեշտ տեղեկատվությամբ, հանդես  են գալիս որպես միջնորդ իշխանության ու հասարակական կազմակերպությունների  միջև:
Վերլուծելով հետազոտական այս կառույցների` որպես հասարակական  երևույթի գործունեությունը, մասնագետներն առանձնացնում են դրանց հիմնական  հատկանիշները.
- հաստատությունը և դրա աշխատակազմը պետք է գործառեն մշտական հիմունքներով,
- պետք է մասնագիտացած լինեն հասարակական քաղաքականության  վերաբերյալ որոշումների, գաղափարների, երաշխավորությունների  (recommendations) մշակման, խորհրդատվական ծառայությունների  մատուցման, վերլուծությունների անցկացման ուղղությամբ,
- իբրև առաջնահերթ նպատակ՝ հետազոտությունները պետք է համաձայնեցված  լինեն որոշումների ընդունման համար պատասխանատու  անձանց պահանջներին,
- պետք է ծառայեն հանրության շահերին:
Ուղեղային կենտրոնների գործունեության հիմնական հարթակը, ինչպես  վերը նշեցինք, ակադեմիական հանրության և իշխանության կառույցների  միջև է: Ակադեմիաներում և համալսարաններում   գիտահետազոտական  աշխատանքը, ավանդաբար, ամփոփվում է տեսական ու մեթոդաբանական դիսկուրսներով, որոնք հաճախ բավական վերացական են լինում ու հեռու՝  քաղաքական առկա խնդիրներից: Պետական կառավարման մարմիններում  պաշտոնավարողները, սովորաբար, ծանրաբեռնված են ընթացիկ գործերով  և ժամանակ չունեն միջազգային հիմնախնդիրների մեթոդաբանական մշակման  համար: Ուղեղային կենտրոնները լրացնում են գաղափարների և գործողությունների   §աշխարհների¦ միջև առկա խզումը: 
Հետազոտական այս կենտրոնների գործառույթները բազմազան են և  կարող են շեշտադրվել` կախված որոշակի դեպքից: Ամենաընդհանուր ձևակերպմամբ,  այդ գործառույթներն են.
- Ինտելեկտուալ արտադրանքի մշակում. նոր գաղափարներ, գնահատականներ,  մոտեցումներ, հայացքներ, առաջնահերթություններ`  այն ամենը, ինչը կարող է հանգեցնել ոչ միայն օպտիմալ որոշումների  ընդունմանը, գործողությունների կատարմանը, այլև նոր աշխարհայացքի  ձևավորմանը:
§Պրոֆեսիոնալ թրեյնինգ¦. հետազոտական կառույցների աշխատանքը թույլ է տալիս ինչպես երկրի կառավարումից ժամանակավորապես հեռացած քաղաքական գործիչներին §դուրս չմնալ¦  գործընթացներից,  այնպես էլ ապագա պետական ծառայողներին, քաղաքական գործիչներին, մասնագետներին՝ կայանալ փորձագիտական  միջավայրում:
- Լուսավորչական գործառույթ. իրազեկելով հանրությանը՝ ուշադրություն  հրավիրել այս կամ այն խնդրի վրա:
- Ակտիվ քաղաքական դերակատարում. կազմակերպել երկխոսություններ բարդ խնդիրների վերաբերյալ, ապահովել միջնորդություն և  իրականացնել, այսպես կոչված, ոչ պաշտոնական դիվանագիտություն:
 
Սովորաբար, առանձնացվում են նաև ուղեղային կենտրոնների երեք  հիմնական գործառույթները` հետազոտական, կրթական և հաղորդակցային: 
Հետազոտական գործառույթի դեպքում թեմաները բազմազան են, վերաբերում են հասարակայնորեն նշանակալի հիմնախնդիրների (քաղաքական, տնտեսական, սոցիալական և այլն) լուծման որոնմանը: Այս գործառույթին են վերագրվում իշխանության մարմինների ընդունած որոշումների և  նախագծերի, տարբեր նորմատիվ ակտերի ու ծրագրերի փորձաքննությունը,  խորհրդատվական ծառայությունների մատուցումը:
Հետազոտության մեթոդների ընտրությունը պայմանավորվում է թեմայի  կամ հիմնախնդրի առանձնահատկություններով. առավել հաճախ օգտագործվող  մեթոդներից են սոցիոլոգիական հարցումները, համապատասխան  փորձագետների խորհրդատվությունը, համեմատական վերլուծությունը  (բյուջեին, օրենսդրությանը, ինստիտուտների գործունեությանը վերաբերող):
Արդյունքները ներկայացվում են հաշվետվություններով, որոնք հետագայում կարող են հանրայնացվել հոդվածների, գրքերի, համառոտ տեղեկագրերի միջոցով:
Կրթական գործառույթի դեպքում իրականացվում է ուսուցում միջոլորտային համագործակցության, նախագծային մշակույթի, հասարակական մասնակցության, ժողովրդավարական արժեքների և այլ թեմաներով: Ուսուցման ձևերից առավել հաճախ կիրառվում են կարճաժամկետ սեմինարները` ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ (կենտրոնների փորձագետների, քաղաքական գործիչների, պաշտոնյաների, լրագրողների մասնակցությամբ): Հաղորդակցային (միջնորդական) գործառույթի դեպքում ուղեղային կենտրոնը հանդես է գալիս որպես.
- միջնորդ՝ կառավարության և ակադեմիական/փորձագիտական հանրության, քաղաքական ընտրախավի (էլիտայի) ու քաղաքացիական հասարակության կառույցների և բնակչության միջև (հասարակական լսումների, փորձաքննության կազմակերպում, ինչը հասարակական մասնակցության, բնակչության խնդիրներն իշխանություններին հասցնելու առավել հեռանկարային ձևերն են),
- միջնորդ՝ ակադեմիական/փորձագիտական հանրության, գիտության և բիզնեսի միջև (հանդիպումների կազմակերպում, երկխոսության  մշակույթի ձևավորում, երևան եկած հիմնախնդիրների քննարկում և համատեղ մոտեցումների ու ծրագրերի մշակում),
- միջնորդ՝ ակադեմիական/փորձագիտական հանրության և ԶԼՄ-ների, գիտության և ԶԼՄ-ների միջև (գիտական հանրության և լրագրողների հանդիպումների կազմակերպում),
-փորձագետ՝ իշխանությունների քաղաքականության բարելավման համար` հաշվի առնելով ակադեմիական/փորձագիտական հանրության, բիզնես-կառույցների առաջարկությունները:
Ուղեղային կենտրոնների հաղորդակցային (միջնորդական) գործառույթի առանձնահատկությունները ներկայացված են գծապատկեր 1-ում:  
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ուսումնասիրության հաջորդ խնդիրը ուղեղային կենտրոնների դասակարգումն  է, որը բարդ է` ելնելով այս կազմակերպությունների ուղղվածությունից  ու ռազմավարությունների բազմազանությունից: Գոյություն ունեն  ուղեղային կենտրոնների դասակարգման բազմաթիվ եղանակներ:  Ըստ հետազոտվող թեմաների ընդգրկման` ուղեղային կենտրոնները լինում  են գլոբալ, ներպետական և նեղ մասնագիտացված, ըստ քաղաքական  կողմնորոշման` քաղաքականապես գաղափարայնացված և քաղաքականապես  անկախ: Հաշվի առնելով բազմաթիվ երկրներում վերջիններիս նշանակալի  ազդեցությունը հասարակական-քաղաքական, տնտեսական և այլ  գործընթացների վրա` դրանք հաճախ դասվում են §հինգերորդ իշխանության¦  շարքը` օրենսդիր, գործադիր, դատական իշխանություններից և ԶԼՄներից  հետո:
Պատմական առումով դասակարգելու դեպքում հաշվի են առնվում հետևյալ  չափանիշները. ձևավորման ժամանակահատված, խնդրակարգ (ըստ էության, սա կազմակերպության առաքելությունն է), գործողություններ և  կառավարության հետ փոխհարաբերությունների բնույթ: Ինչպես վերը նշեցինք,
պատմականորեն առանձնացվում է դրանց հինգ սերունդ.
1. ռազմական խնդիրների ուսումնասիրությամբ զբաղվող ուղեղային  կենտրոններ,
2. գլոբալ տեխնոլոգիական փոխադարձ կախվածությունից ծնված՝  ապագայի խնդիրներով զբաղվող ուղեղային կենտրոններ,
3. պաշտպանական նշանակության ուղեղային կենտրոններ,  
4. տեղայնորեն կողմնորոշված ուղեղային կենտրոններ (ուրբանիստիկայի  և տարածաշրջանային զարգացման ինստիտուտներ),
5. ցանցային վիրտուալ հանրություններ:
Գոյություն ունի նաև ուղեղային կենտրոնների դասակարգում` ըստ քաղաքական  դաշտում դրանց զբաղեցրած տեղի (օրինակ՝ Ամերիկայում առկա  են պահպանողական, կենտրոնամետ և առաջադիմական ուղեղային կենտրոններ):
Մեկ այլ դասակարգմամբ՝ ուղեղային կենտրոնները կարող են լինել. 
- ազատ շուկայի, դասական լիբերալիզմի և ազատական գաղափարախոսության կողմնակիցներ,
- պահպանողականներ,
- ընդհանրական քաղաքական կողմնորոշում ունեցողներ:
Մասնագիտական գրականության մեջ առավել տարածված է ամերիկացի  հետազոտողներ Էնդրյու Ռիչի (Andrew Rich) և Քենթ Ուիվերի (Kent  Weaver) դասակարգումն ըստ կազմակերպության նպատակների, արտադրանքի,  ֆինանսավորման աղբյուրների: Այս չափանիշների տեսանկյունից,  առանձնացվում է ուղեղային կենտրոնի չորս տեսակ.
- ակադեմիական (համալսարաններ՝ առանց ուսանողների),
- պայմանագրային,
- գաղափարայնացված,
- կուսակցապատկան:
Վերջին երկու տեսակը հաճախ ներկայացվում է որպես մեկ կատեգորիա:
Ակադեմիական ուղեղային կենտրոնների աշխատակիցները հիմնականում  համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմից են, որոնք  ունեն գիտական աստիճան: Նրանք մեծ նշանակություն են տալիս հասարակական  գիտություններում ընդունված՝ հետազոտությունների օբյեկտիվության ու լրիվության նորմերին, իսկ արդյունքները հրապարակում են գրքերում  ու հոդվածներում: Պայմանագրային գիտահետազոտական կենտրոններն  աշխատում են պետական հաստատությունների կամ մասնավոր ընկերությունների  պատվերներով: Այս կատեգորիայի կազմակերպությունները, հաշվի առնելով խնդիրների ծավալներն ու բարդությունը, հաճախ ստիպված  են լինում ներգրավելու հետազոտողների կոլեկտիվներ: Գաղափարայնացված  հետազոտական կենտրոնները գաղափարախոսական տարբեր ուղղվածության  կազմակերպություններ են, որոնք, որպես կանոն, ձգտում են արձագանքել  քաղաքական առաջնորդների ընթացիկ պահանջներին, ազդեցություն  գործել նրանց վրա: Դրանց արտադրանքը որոշակի հարցերի շուրջ  վերլուծական տեղեկագրերն են, որոնք նախապատրաստվում են ուրվագծի,  նախորդ ուսումնասիրությունների համադրության կամ մեկնաբանության  սկզբունքով:
Ուղեղային կենտրոնների տիպաբանությունն ու հիմնական առանձնահատկությունները բերված են աղյուսակ 2-ում: 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Այդ դասակարգումն առավելապես նկարագրում է իրավիճակն ԱՄՆ-ում  և արևմտյան քաղաքական մշակույթի հետևորդ մյուս երկրներում: Այդուհանդերձ,  աշխարհի բազմաթիվ պետություններում (այդ թվում` Հայաստանում)  իրավիճակը բոլորովին այլ է: Մյուս կողմից՝ նույնիսկ ԱՄՆ-ում գործող  ուղեղային կենտրոնների ճնշող մեծամասնությունը որևէ դասակարգման չի  ենթարկվում, ավելի ստույգ՝ այսօր ջնջվում են տարբերությունները դրանց  միջև: Օրինակ՝ ակադեմիական ուղեղային կենտրոնները թողարկում են համառոտ  վերլուծական տեղեկագրեր քաղաքական գործիչների համար, իսկ  գաղափարայնացված ուղեղային կենտրոններն իրենց հետազոտություններում  ներգրավում են ճանաչված գիտնականների: Բացի այդ, գոյություն  ունեն բազմաթիվ կազմակերպություններ, որոնք գրեթե չեն տարբերվում  դասական ուղեղային կենտրոններից (աղյուսակ 3):
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
4-րդ աղյուսակում արտացոլված են ուղեղային կենտրոնների գործունեության կառավարման առանցքային հատկությունները: 
Համաձայն Եվրոպայի և նախկին ԽՍՀՄ երկրների գործունեության ուրվագծի արդյունքների` համագործակցությունն ուղեղային կենտրոնների հանրության անդամների միջև թույլ է զարգացած կամ սահմանափակ է, գրեթե  բացակայում է տեղեկատվությունը հետազոտությունների թեմաների մասին, ինչպես նաև ուղեղային կենտրոնների միջև չի կատարվում աշխատանքի բաժանում:
Ուղեղային կենտրոնների համագործակցության հնարավոր ձևերն են (աղյուսակ 5).
ա. ցանցեր,
բ. ալյանսներ, կոալիցիաներ,
գ. գործընկերություններ, կոնսորցիումներ: 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ա. Ցանցեր: Ցանցերը քաղաքացիական հասարակության կառույցների  համագործակցության ճկուն ձևեր են` առանց աստիճանակարգային պատնեշների,  որոնք լայն տարածում են ստացել XX դարի վերջին և XXI դարի  սկզբին: Նվազագույն իրավական սահմանափակումները մեծացնում են գլոբալ  հասարակության և համաշխարհային տնտեսության մեջ ցանցերի հնարավորությունները:
Ցանցային կառավարման առանձնահատկություններից  մեկն այն է, որ անցում է կատարվում կենտրոնի գլխավոր դերից ծայրամասային  դերակատարների հավասար դերին: Ցանցերն ավելի ուժեղ են դարձնում
դրանց մասնակից կազմակերպություններից յուրաքանչյուրին:
Ընդհանուր առմամբ, ցանցային փորձագիտական գործունեության  առանցքային տարրերին են վերագրվում.
- առանցքային քաղաքական դերակատարների հետ հաղորդակցման  ,հարթակներիե ստեղծումը, ինչը համապատասխանում է գիտական  հանրությունների ձգտմանը` ձեռք բերելու առկա խնդիրների հասարակական  փորձագիտությանն անհրաժեշտ որակներ,
- պրակտիկ խնդիրների լուծմանն անհրաժեշտ գործիքակազմի ու մեթոդաբանության  մշակումը,
- գաղափարների ստեղծումն ու տարածումը, դրանց պաշտպանությունը  հանրային քննարկումների ընթացքում,
- սպասարկման (պայմանագրային) ծառայությունները՝ պետական  կամ բիզնես կառույցների պատվերներով,
- հասարակության կայուն զարգացմանը նպաստող երաշխավորությունների մշակումը:
Ցանցերի առանձնահատկություններն են.
- նպատակները ձևակերպված են ընդհանուր, ոչ որոշակի կերպով,
- տեղի է ունենում տեղեկատվության փոխանակում՝ որպես գործունեության  հիմնական տեսակ,
- գոյություն ունի ճկուն կապ մասնակիցների միջև, ընդ որում, բոլորը  փոխկապված են,
- կառավարումը թույլ է, բացակայում է ղեկավար մարմինը,
- ընդհանուր որոշումները պարտադիր չեն ցանցի անդամների համար,
- բացակայում է մասնակիցների հստակ շահույթը ռեսուրսների բաժանումից,
- մասնակիցների հանդիպումները կազմակերպվում են ըստ անհրաժեշտության:
 
բ. Ալյանսներ, կոալիցիաներ: Այս միավորումները ստեղծվում են որոշակի  հիմնախնդիրների լուծման համար: Դրանց հիմնական առանձնահատկություններն  են. 
- առկա են հստակ նպատակներ,
- ունեն ղեկավար. մասնակից կազմակերպություններից մեկը, որպես  կանոն, կոալիցիայի ստեղծման նախաձեռնողն է,
- որոշումների ընդունման գործընթացը հստակ է (կա ղեկավար մարմին, մշակված է ընթացակարգ),
- մշակված է նպատակներին հասնելու ընդհանուր ռազմավարությունը:
- Գործընկերություններ, կոնսորցիումներ: Այս միավորումները  ստեղծվում են որոշակի նախագծերի իրագործման համար, ինչն ենթադրում  է մասնակիցների շրջանում նման մշակույթի առկայություն. դա, իր հերթին,  նախանշում է հարաբերությունների աստիճանակարգային համակարգի  ներմուծում` իրավասությունների, պարտականությունների և պատասխանատվության  բաշխմամբ: Գործընկերությունների առանձնահատկություններն են.
- համագործակցությունը կայանում է ըստ նախագծերով որոշված  նպատակների,
- մասնակիցների միջև գործում են պայմանագրային փոխհարաբերություններ,
- մասնակիցների միջև աշխատանքն ու պատասխանատվությունը հստակ բաժանված են ըստ իշխանության ու ենթարկման հարաբերությունների,
- կառավարումը կատարվում է համակարգումով (կան ղեկավար մարմիններ և, ամենակարևորը, նախագծի իրագործման պատասխանատու՝  ղեկավար),
- ղեկավար մարմինները հաշվետու են գործընկերության մասնակիցների  առջև,
- գործընկերության գործողության ժամկետը պայմանավորվում է նախագծի  ժամկետով:
Այսպիսով՝ ուղեղային կենտրոնները յուրահատուկ կամուրջ են ակադեմիական  հանրության և որոշում ընդունողների միջև: Դրանք, ունենալով  նշանակալի ազդեցություն, իրավացիորեն համարվում են  §հինգերորդ իշխանություն¦:
Նման կառույցները միջնորդ են փորձագիտական հանրության, կառավարության, քաղաքական ընտրախավի, բիզնեսի, քաղաքացիական  հասարակության կառույցների ու բնակչության միջև: Հանրային  քաղաքականության գործընթացում հանդես գալով որպես ինտելեկտուալ  արտադրանք թողարկողներ և որոշումների ընդունմանն անհրաժեշտ տեղեկատվության  այլընտրանքային աղբյուրներ՝ նշանակալի հիմնախնդիրների  լուծման գործում դրանք շահագրգիռ կողմերին ապահովում են նոր գաղափարներով,  իրականացնում են հիմնարար հետազոտություններ, տրամադրվում  խորհրդատվական ծառայություններ: