Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Եվրասիական տնտեսական միության 5 տարին. Գաղափարից դեպի իրականություն

Մերի
ՀՈՎՍԵՓՅԱՆ
 
Օրբելի վերլուծական կենտրոնի հետազոտող փորձագետ է:
 
 
Հիմնաբառեր. ինտեգրում, ԵԱՏՄ, ընդհանուր  շուկաներ, տնտեսական ակտիվություն, վերազգային շահ, հետճգնաժամային քաղաքականություն
 
 
Եվրասիական տնտեսական միության գոյության առաջին 5 տարիները կարելի է համարել միասնական տնտեսական տարածք ստեղծելու համար մեկնարկային նախադրյալներ ապահովելու ժամանակահատված։ Ձևավորվել է կառույցի ինստիտուցիոնալ համակարգը, նախանշվել են համագործակցության հիմնական գերակայությունները, հստակեցվել ոլորտային համագործակցության ուղիները։ Հաջորդող տարիներին, սակայն, ակնկալվում է համագործակցության խորացում և շոշափելի տնտեսական արդյունքի գրանցում. արդյունք, որ դրականորեն կանդրադառնա Եվրասիական տնտեսական միության կազմում ապրող քաղաքացիների բարեկեցության մակարդակի վրա։ Հաշվի առնելով համաշխարհային տնտեսական պարբերաշրջանները և տնտեսական անկումներով պայմանավորված մարտահրավերները՝ ԵԱՏՄ շրջանակներում հետճգնաժամային միասնական քաղաքականության վարումն առավել քան օրակարգային է։
 
 
1990-ականների ճգնաժամից հետո, երբ փլուզվեց Խորհրդային Միությունը, շատ տեսաբաններ և քաղաքագետներ երևույթը բնորոշեցին որպես երկկենտրոն աշխարհի վերափոխում միակենտրոնի։ Թեև ավելի ուշ տեսաբանները սա համարեցին բազմակենտրոն աշխարհի սկիզբ, սակայն, քաղաքական առումով, ինչպես նաև տնտեսական քաղաքականության տեսանկյունից, ամբողջ աշխարհում վերջին տասնամյակներում մշտապես նկատելի է եղել ամերիկյան վեկտորի ազդեցությունը։ Միջազգային տնտեսական հարաբերությունների այս միաբևեռ կառուցվածքը հաճախ է հայտնվել տարբեր երկըրների տնտեսական քաղաքականության քննարկումների օրակարգում, բազմաթիվ են եղել փորձերը՝ ստեղծելու այնպիսի տնտեսական միություններ, որոնք, եթե անգամ հավասարազոր չեն լինի ամերիկյան մոդելին, ապա գոնե որոշակի հակակշիռ կստեղծեն դրա համար։
 
Այդօրինակ փորձերից մեկն էլ Եվրասիական տնտեսական միության հիմնադրումն էր, որի շուրջ ծավալված քննարկումները հակադիր և երբեմն իրարամերժ բազմաթիվ տեսակետներ էին պարունակում՝ չսահմանափակվելով միայն տեսաբանների մեկնաբանություններով։ Այսպես` Եվրասիական տնտեսական միության ստեղծման շուրջ բարձրաստիճան այրերից առաջինն իր տեսակետը ներկայացրել է ՌԴ այն ժամանակվա վարչապետ Վ. Պուտինը՝ ԵԱՏՄ-ն բնորոշելով որպես կամուրջ, որը Եվրոպան կկապի հեռանկարային և դինամիկ զարգացող ասիական աշխարհամասի հետ։ Ի պատասխան Վ. Պուտինի հրապարակման, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, լինելով Բելառուսի առաջնորդը դեռևս խորհըրդային ժամանակաշրջանից, նշել է, որ տնտեսական միությունը կոչված է դառնալու տարածաշրջանային կարևոր դերակատար, որը կօգնի հարաբերություններ հաստատել աշխարհի առաջատար տնտեսական կառույցների հետ, և այն կարևորվում է նաև կորսված հնարավորությունները վերականգնելու տեսանկյունից։ Դիրքորոշում հայտնելու հրապարակային այս «մրցավազքից» հետ չի մնացել նաև Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, որի ելույթը, ըստ էության, դարձել է եզրափակող՝ երկրների առաջնորդների հրապարակումների շարքում։ 2011 թ. հոկտեմբերին «Իզվեստիա» պարբերականում լույս տեսած՝ «Եվրասիական տնտեսական միություն. գաղափարից դեպի ապագայի պատմություն» վերնագրով հոդվածում Նազարբաևը ԵԱՏՄ ստեղծման ամենակարևոր դրդապատճառը համարել է Խորհրդային Միության փլուզումից հետո անդամ երկրների ապամիասնացումն աշխարհից և կարևորել համաշխարհային ինտեգրման գործընթացներում ոչ թե հետևորդի, այլ առաջնորդի կարգավիճակի ձեռքբերման գաղափարը: 2015 թ. հունվարի 2-ին Հայաստանը ևս միջազգային ինտեգրման վեկտորն ուղղեց դեպի եվրասիական տարածաշրջան։ Այս մոտեցումը ոչ միանշանակ ընդունեցին հանրության տարբեր շերտեր, և բազմաթիվ քննադատություններով ու իրարամերժ դիրքորոշումներով հագեցած քննարկումներ ծավալվեցին փորձագիտական շրջանակներում՝ հարցը մեկնաբանելով թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ անվտանգության և թե՛ տնտեսական շահերի տեսանկյունից։
Նման պատմական որոշումից անցել է արդեն 5 տարի, ինչը, իհարկե, հնարավորություն է տալիս ամփոփելու տվյալ ժամանակահատվածն ու հասկանալու, թե որքանով է հաջողվել իրականություն դարձնել միասնական տնտեսական տարածքի գաղափարը:
Կառույցի աշխատանքի վերաբերյալ գնահատականներ հնչեցնելու համար անհրաժեշտ է, նախևառաջ, հասկանալ՝ ինչ սկզբունքներով է դա աշխատում, ինչպես է կարգավորվում, և որն է դրա հիմնական նպատակը։ Այս հարցերին պատասխանելու նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան 2015 թ. մշակեց ԵԱՏՄ-2030 զարգացման ռազմավարությունը, որտեղ արձանագրված են Միության գործունեության հիմնական գերակայությունները: Հինգ տարիների ընթացքում ԵԱՏՄ ընդհանուր տնտեսական քաղաքականությունը բխել է հենց այդ ռազմավարությամբ ամրագրված սկըզբունքներից, իսկ թե որքանով են դրանք իրագործվել, կուսումնասիրենք ստորև:
Սակայն, հարկ է նշել, որ ԵՏՀ կոլեգիայի նոր նախագահը հանձն է առել մշակել հնգամյա արդիականացված ռազմավարություն՝ առավել թիրախային գերակայությունները մատնանշելու և ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու նպատակով։ Մաքսային միություն՝ առանց միասնական սակագնային ռեժիմի 2018 թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտավ ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքը՝ որպես միասնացման գործընթացի ամրապնդման և խորացման հիմք: Միության անդամ երկրների համար այժմ գործում են միասնական մաքսային դրույքաչափեր երրորդ երկրներից իրականացվող առևտրային գործառնությունների համար, իսկ Միության երկրներում մաքսատուրքերը զրոյացված են: Շնորհիվ մաքսային օրենսգրքի՝ ապրանքի թողարկման և շրջանառության ժամանակահատվածը կրճատվել է 6, իսկ մաքսային գրանցումը՝ 2 անգամ: Ընթացակարգային այս պարզեցումներից զատ, Հայաստանի տնտեսությունում, Մաքսային միությամբ պայմանավորված, էական դրական փոփոխություններ չեն արձանագրվել, քանի որ մինչ ՄՄ ստեղծումը՝ Հայաստանն այս երկրների հետ ԱՊՀ շըրջանակներում կնքել և հաջողությամբ իրացնում էր ազատ առևտրի վերաբերյալ պայմանագրեր։ Փոխարենը, ըստ ՄՕ-ի, բարձրացել են երրորդ երկրներից ներմուծվող մի շարք ապրանքների մաքսատուրքեր:
Մեր երկրի տնտեսության վրա մաքսատուրքերի բարձրացմամբ պայմանավորված բացասական ազդեցությունը հնարավորինս մեղմելու նպատակով Հայաստանը 5 տարուց ավելի անցումային ժամանակահատված էր վերցրել հիմնական սպառողական զամբյուղում ներառված՝ առավել կարևոր ապրանքների համար: Այդ ապրանքային խմբերի մի ստվար հատվածի անցումային ժամանակահատվածն արդեն իսկ 2020 թ. ավարտվել է, որի հետևանքով ապրանքների մաքսային և ակցիզային դրույքաչափերի փոփոխության ազդեցությունը, ըստ տարբեր գնահատականների, հայաստանյան գնաճի վրա կանդրադառնար 0.5-0.7 տոկոսային կետով։ Սակայն, նշենք, որ հայկական կողմին հաջողվել է հետաձգել 647 ապրանքների գծով միասնական մաքսային սակագների կիրառումը մինչև 2020 թ. վերջ, ինչը լրացուցիչ անցումային ժամանակահատված կտրամադրի նաև գործարարներին՝ ներմուծման շուկաներում վերադասավորումներ իրականացնելու, ապրանքային շուկաների աշխարհագրությունը փոփոխելու և այլ առումներով։
Ընդհանուր շուկաների ձևավորումը Այժմ ԵԱՏՄ-ն ընդհանուր շուկաների ձևավորման փուլում է, և այդ գաղափարի իրագործման համար կատարվում են որոշ հիմնարար քայլեր: Մասնավորապես՝ 
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ավարտել է ԵԱՏՄ դեղերի միասնական շուկայի ձևավորումը, որը պարբերաբար թարմացումների և կատարելագործման անհրաժեշտություն ունի։
2. Ստորագրվել են մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտների՝ «Գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին» և «Նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման մասին» որոշումները։ Մասնավորապես՝ գազի ընդհանուր շուկայի ձևավորումը ենթադրում է որոշ կառուցակարգերի փուլային կարգավորում: Ընդ որում, առաջին փուլում պետք է համաձայնեցվի միասնական գազատրանսպորտային միջոցների սահմանման կարգը, երկրորդ փուլում՝ որոշվի գազի բորսայական վաճառքի իրականացման կարգը, իսկ երրորդ փուլում՝ նոր միայն սահմանվի գազի ընդհանուր շուկայում վաճառքի միասնական կարգ ԵԱՏՄ երկրների համար։ Սակայն, հարկ է ընդգծել, որ գազի գնի հետ կապված առկա են ոչ միայն տնտեսական խնդիրներ և շահեր, այլև քաղաքական բաղադրիչ, ուստի այս հարցը հնարավոր լուծում կստանա միայն երկրների ամենաբարձր մակարդակով ընդհանուր համաձայնության հիման վրա։
3. Էլեկտրաէներգետիկայի ընդհանուր շուկայի ձևավորման գործընթացում հըստակեցվել է դրա գործարկման վերջնաժամկետը, որն է 2025 թ. հունվարի 1-ը։ Այս շուկայի ձևավորումը հնարավորություն կտա ձեռնարկատերերին ազատորեն ընտրելու էներգակիրներ, ինչը դրականորեն կանդրադառնա արտադրության
ինքնարժեքի վրա: Բացի դրանից, դա կամրապնդի ԵԱՏՄ երկրների էներգետիկ անվտանգությունը, կնպաստի էլեկտրաէներգիայի գների թափանցիկ ձևավորմանը և ԵԱՏՄ տնտեսությունների կայուն զարգացմանը:
4. ԵԱՏՄ շրջանակում արդեն 52 ծառայության ոլորտ գործում է միասնական շուկայի ձևաչափով. արժեքային առումով, սա Միության երկրներում ծառայությունների ընդհանուր ծավալի մոտավորապես 55%-ն է: Գործուն աշխատանքներ են կատարվում այդ ոլորտի մնացած ուղղությունների ընդլայնման նպատակով (գծապատկեր 1):
5. Նախատեսվում է ձևավորել նաև ընդհանուր ֆինանսական շուկա, որը թույլ կտա պայմաններ ստեղծել ԵԱՏՄ-ում ֆինանսական ծառայությունների մատուցման և կապիտալի ազատ տեղաշարժի առումներով, ապահովել ներդրողների և ֆինանսական ծառայությունների սպառողների արդյունավետ պաշտպանություն, ընդլայնել այդ ծառայությունների շարքն ու դրանց հասանելիությունն անդամ բոլոր երկրների քաղաքացիների համար:
Միաժամանակ, ԵԱՏՄ երկրների միասնական ջանքերով արդյունավետ լոգիստիկ հանգույցների կառուցմամբ, Միության տնտեսական ներուժի օգտագործմամբ և տարանցիկ ուղիների ավելացմամբ, տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման խոշոր ծրագրերի իրականացմամբ հնարավոր կլինի հասնել այն գաղափարին, որ եղել է Միության ստեղծման հիմքում։
Միության աշխարհագրության ընդլայնումը
Ընդհանուր շուկաների ձևավորման ընթացակարգերի ուսումնասիրությունը և դրանցից որոշներում քաղաքական բաղադրիչի առկայությունը ցույց են տալիս, որ ԵԱՏՄ-ում ազգային շուկաները վերազգային կանոններին ներդաշնակեցնելու առումով դեռևս միակամություն (կոնսենսուս) չի դրսևորվում, մինչդեռ դա առկա է երրորդ երկրների հետ համագործակցության խորացման համատեքստում։
Մասնավորապես՝ այս ընթացքում առևտրատնտեսական համագործակցության խորացման նպատակով կնքվել և արդեն ընթացքի մեջ են մի շարք համաձայնագրեր Վիետնամի (2015 թ. մայիսի 29), Սինգապուրի, Իրանի, Եգիպտոսի, Չինաստանի (2018 թ. մայիս), Մոլդովայի (ստացել է դիտորդի կարգավիճակ 2018 թ. մայիսի 14-ին) հետ: Մեզ համար առավել մեծ նշանակություն ունի ԵԱՏՄ-Իրան համագործակցության զարգացումը, որի խորացման ուղղությամբ Հայաստանն իր նախագահության տարում՝ 2019 թ., էական դերակատարում է ունեցել։ Դրանով պայմանավորված՝ ԵԱՏՄ երկրները Հայաստանն արդեն իսկ դիտարկում են որպես եվրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժի օգտագործման ուղի: ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին միջանկյալ համաձայնագիրը համարվում է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման առաջին փուլը և կնքվել է երեք տարի ժամկետով, որի ընթացքում կողմերը պետք է համաձայնության գան ազատ առևտրի գոտու մասին լիարժեք համաձայնագրի վերաբերյալ: Ի սկզբանե նախանշվել էր, որ ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը Հայաստանի համար լավ հնարավորություն է տարանցիկ կամուրջ դառնալու համար։ 2017 թ. դեկտեմբերին պաշտոնապես բացված Մեղրու ազատ տնտեսական գոտին գործարկելու պարագայում հնարավոր կլիներ հասնել ցանկալի արդյունքի, սակայն նախագծի վրա, ըստ էության, բացասաբար են ազդել Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները և Հայաստանի ներքին զարգացումները՝ կապված Ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) տարածքում առաջացած խնդիրների հետ:
5-ամյա տնտեսական զարգացումները Եվրասիական տնտեսական ինտեգրման համատեքստում Տնտեսական միության ձևավորումը զուգադիպեց 2014 թ. նավթի գների անկման, ինչպես նաև 2015 թ. Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետ. այս ամենը չէր կարող բացասական ազդեցություն չունենալ տնտեսական համագործակցության վրա՝ հաշվի առնելով նախ՝ Ռուսաստանի ունեցած դերը Միության կազմում, ապա նաև անդամ երկրների կախվածությունը հումքային ռեսուրսներից։ Արձանագրենք, որ ՀՀ-ն առաջատար դիրք է զբաղեցնում ԵԱՏՄ անդամ պետությունների շարքում մի շարք տնտեսական ցուցանիշների աճի տեմպերով, այդ թվում՝ ՀՆԱ աճ, մշակող արդյունաբերություն, զբոսաշրջություն և այլն: Ու թեպետ 2014-2016 թթ. Հայաստանի ՀՆԱ-ն դրսևորում էր չափավոր զսպվածություն, պայմանավորված համաշխարհային տնտեսության անկայունությամբ, այդուհանդերձ, գծապատկեր 2-ից պարզ է դառնում, որ Միության գոյության վերջին երեք տարում մեր երկիրը ՀՆԱ աճի դինամիկայով բացարձակ առաջատար է:
2019 թ. նախորդ տարվա համեմատ Միության համախառն ներքին արդյունքն ավելացել է 1.6%-ով։ Հասկանալի է, որ ՀՆԱ աճի տեմպերի դանդաղումն առավելապես պայմանավորված է ինչպես Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմամբ, այնպես էլ ԵԱՏՄ երկրներից արտահանվող հիմնական ապրանքների համաշխարհային գների նվազմամբ և ազգային արժույթների փոխարժեքների տատանումներով: ԵԱՏՄ կազմում 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով առաջատարը Ռուսաստանն է՝ 11,362 ԱՄՆ դոլար, սակայն վերջին 5 տարիներին այդ ցուցանիշը նվազել է 27%-ով, Ղազախստանում և Բելառուսում՝ ավելի քան 30%-ով, սակայն ՀՀ-ում և Ղրղզստանում աճել համապատասխանաբար՝ 10%-ով և 8%-ով:
Նույն ժամանակահատվածում ԵԱՏՄ երկրների արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը կազմել է 733,1 (ինչը 13 տոկոսով գերազանցել 2015 թ. ցուցանիշը), ապրանքների արտահանմանը՝ 459,3, ներմուծմանը՝ 273,7, իսկ Միության ներսում փոխադարձ առևտրի ծավալը՝ 61 (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցելով 0,2%-ով) մլրդ ԱՄՆ դոլար: Ընդ որում, դա ԵԱՏՄ արտաքին առևտրի ընդամենը 8,3 տոկոսն է: Հատկանշական է, որ թե՛ ներմուծման, թե՛ արտահանման պարագայում ԵԱՏՄ արտաքին առևտրում փոխադարձ գործառնություններն աճել են կառույցի ձևավորումից ի վեր։ Նկատենք, որ երրորդ երկրներից ապրանքների առևտրի ամենամեծ մասնաբաժինը պատկանում է չի նական (փոխադարձ առևտրի ընդհանուր ծավալի 16,8%-ը), գերմանական (8.7%), նիդեռլանդական (7,4%), իտալական (5,5%), թուրքական (3,9%), կորեական (3,8%) և ուկրաինական (3%) ապրանքներին:
ԵԱՏՄ-ին անդամակցելու ընթացքում ՀՀ-ից արտահանման ծավալը դեպի Միության երկրներ աճել է ավելի քան երկու անգամ: Բացի այդ, էական նշանակություն ունի պատրաստի արտադրանքի արտահանման նշանակալի աճը, որն իր մեջ պարունակում է ավելի բարձր ավելացված արժեք: ԵԱՏՄ-ին անդամակցության հինգ տարվա ընթացքում այս ցուցանիշն էապես բարելավվել է: Արդյունաբերական համագործակցության տեսանկյունից, Միությունն իր առջև նպատակ է դրել իրականացնելու ոչ միայն ներմուծման փոխարինման, այլև այս ոլորտում երրորդ երկրներ արտահանման խթանման քաղաքականություն: 2019 թ. ԵԱՏՄ երկրների շարքում վերամշակող արդյունաբերության ծավալների ամենամեծ աճ արձանագրվել է Հայաստանում՝ 7.6 տոկոս: Արդեն իսկ առկա են արդյունաբերական համագործակցության իրականացման մեկնարկային նախադրյալները, ինչպես նաև օրենսդրական հիմքը, ուստի առաջիկայում պետք է հետամուտ լինել դրա իրականացմանը:
Հարկ է նշել, որ երկրները սկսել են իրենց ուշադրությունը կենտրոնացնել արդյունաբերության զարգացման և այս ոլորտում համագործակցության խորացման վրա՝ տեխնոլոգիական շղթաների ստեղծմամբ: Օրինակ՝ 2018 թ. հայտարարվեց հայկական ձեռնարկություններից մեկի՝ «Գեոկոսմոսի»՝ ԵԱՏՄ եվրասիական տեխնոլոգիական հարթակի (UTP) տիեզերական և գեոտեղեկատվական տեխնոլոգիաների կոնսորցիումում ներառվելու մասին։ Բացի դրանից, հայկական կողմը ծրագրեր ունի Բելառուսի հետ արդյունաբերական համագործակցության զարգացման ուղղությամբ:
Չնայած Միության արձանագրած դրական զարգացումներին՝ այնուհանդերձ, կառույցի առջև դեռևս ծառացած են ներքին և արտաքին մի շարք մարտահրավերներ: Մասնավորապես՝ Միությունն ունի բազմաթիվ չկարգավորված հարցեր, որոնց շուրջ կողմերի միջև բանակցությունները ոչ միշտ են հարթ ընթանում: Որպես արտաքին անբարենպաստ գործոն, նախևառաջ, հարկ է առանձնացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները և դրանց հետևանքով որոշ ապրանքների տարանցման սահմանափակումներն ու խոչընդոտները: Փաստացի, Ռուսաստանի տնտեսական աճի հիմնական ոլորտն ու շարժիչ ուժը նավթի և գազի արդյունաբերությունն է, որի արտադրանքը ռուսական արտահանման կառուցվածքում տարեկան 50-80% է: Ընդ որում, պատժամիջոցների կիրառումն անմիջապես ազդում է արտաքին առևտրի ցուցանիշի վրա. եղել են նախադեպեր, երբ հայկական կողմն իր վրա զգացել է դրանց ուղղակի ազդեցությունը։ Այսպես՝ 2018 թ. ապրիլին ԱՄՆ–ը դադարեցրեց փայլաթիթեղի գնումը «Ռուսալ Արմենալ» ընկերությունից, քանի որ Օլեգ Դերիպասկայի դեմ կիրառվել էին պատժամիջոցներ։
Վերջին զարգացումները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ նավթի և այլ հումքային ապրանքների համաշխարհային
գների տատանումները նշանակալի ազդեցություն են ունենում Միության շուկայում շրջանառվող ապրանքների գների դինամիկայի և համապատասխանաբար՝ Միության անդամ երկրների փոխադարձ առևտրի վրա:
 
Ինչպես երևում է գծապատկեր 4-ից, փոխադարձ առևտրի և տրանսֆերտների ներհոսքը փոխկապակցվում (կոռելացվում) են նավթի համաշխարհային գների փոփոխությունների հետ, իսկ փոխադարձ առևտրի և արտահանման զգալի մասը հենց կազմում են էներգետիկ ապրանքները: Հաշվի առնելով համաշխարհային տընտեսական պարբերաշրջանները և տնտեսական անկումներով պայմանավորված մարտահրավերները՝ ԵԱՏՄ շրջանակում հետճգնաժամային միասնական քաղաքականության վարումն առավել քան օրակարգային է։ Հիմքում ունենալով այն հանգամանքը, որ ԵԱՏՄ երկրներն աշխարհում հայտնի են որպես հումք արտահանողներ, հումքային ապրանքների գների անկայունությամբ պայմանավորված, ճըգնաժամային իրավիճակներում միասնական քաղաքականությունը պետք է միտված լինի արտաքին և ներքին բոլոր ռիսկերի կանխարգելմանը: ԵՏՀ կանխատեսումների համաձայն՝ նավթի համաշխարհային գները 2020 թ. երրորդ եռամսյակից կսկսեն կայունանալ, իսկ 2021-2022 թթ.՝ բարձրանալ, ինչն անխուսափելիորեն կայունացնող և դրական ազդեցություն կունենա Միության բոլոր երկրների վրա, իհարկե, պայմանավորված նաև այն հանգամանքով, թե ինչ համամասնությամբ է տվյալ երկրի տնտեսության նավթային կախվածության աստիճանը։
Բացի արտաքին մարտահրավերներից, կառույցի ներսում առկա են մի շարք ներքին խոչընդոտներ։ Ու թեև իրականացվում են որոշակի քայլեր այդ խոչընդոտների վերացման ուղղությամբ, այդուհանդերձ, դեռ նկատելի առաջընթաց չի գրանցվում: Փոխադարձ առևտրի կառուցվածքում Ռուսաստանի գերակշռող դիրքերը շարունակվում են պահպանվել, և հենց դա է պատճառը, որ ԵԱՏՄ-ն հանրության շրջանակում երբեմն ընկալվում է որպես ՀՀ-ՌԴ համագործակցություն ապահովող  կառույց, քան 5 երկրի միավորում: Ասվածի ապացույցն է այն, որ Միության որոշ երկրներ - Ռուսաստան առևտրաշրջանառությունը միջինում 70% է, և հենց այս ուղղությամբ է, որ պետք է ակտիվացնել ջանքերը: Փոխադարձ ներդրումային ծրագրերի սղությունը նույնպես վկայում է կառույցում առկա անելիքների մասին:
Ակնհայտ է, որ ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի համար հիմնական ներդրողն ու խոշոր խաղացողը Ռուսաստանն է: ՀՀ տարածքում գործում են ավելի քան 1.3 հազար ռուսաստանյան ընկերություններ, իսկ ներդրումների ծավալը համարժեք է 4 միլիարդ ԱՄՆ դոլարին (ընդհանուր օտարերկրյա ներդրումների 40%-ը): Հայաստան մուտք գործող ուղղակի դրամական փոխանցումների 50-55%-ը նույնպես Ռուսաստանից է: Էներգակիրների նշանակալից մասը ստանում ենք Ռուսաստանից (գազի 90%-ը և միջուկային վառելիքի 100%-ը):
Քանի որ տնտեսական տարածքի ստեղծման հիմքում Միության երկրների քաղաքացիների բարեկեցության մակարդակի բարձրացման հարցն է, ապա, հասարակության տեսանկյունից, միասնացման հիմնական նպատակը մեկն է. ԵԱՏՄ երկրների քաղաքացիների կենսամակարդակի բարելավում, ինչին հնարավոր է հասնել թե՛ ծառայությունների հասանելիությամբ (ռոումինգ, համացանցային հասանելիություն, բաց երկնքի քաղաքականություն), թե՛ կրթական ու աշխատանքային նոր հորիզոնների զարգացմամբ և թե՛ գիտական համագործակցության խորացմամբ:
Ներկայում ջանքեր են գործադրվում աշխատանքային ռեսուրսների ազատ տեղաշարժի ուղղությամբ, սակայն այստեղ  էլ էական խոչընդոտներից են աշխատանքային տարիքի, կենսաթոշակի տեսակների և կենսաթոշակային համակարգերի տարբերությունները։ Սրանք միասնական աշխատաշուկա ունենալու առանցքային բաղադրիչներից են, որոնց անհամապատասխանությունների կարգավորումը հետաձգվում է: Անդրադառնալով այսօրինակ խնդիրներին՝ ԵՏՀ կոլեգիայի արդեն նախկին նախագահ Տիգրան Սարգսյանը, ԵԱՏՄ զարգացման ու աշխարհի հզորների հետ մրցակցությանը դիմանալու առումով, առաջին հերթին, մատնանշել էր ԵԱՏՄ կառավարման համակարգի արդիականացման անհրաժեշտությունը` որոշումների ընդունման, դիրքորոշումների համաձայնեցման արագությամբ պայմանավորված։
Ամփոփելով պետք է նշել, որ թեև այս 5 տարիների ընթացքում ԵԱՏՄ-ն ձևավորել է ինստիտուցիոնալ համակարգ, նախանշել համագործակցության հիմնական գերակայությունները, այդուհանդերձ, որոշումների կայացման բյուրոկրատական բնույթը, վերազգային շահի բացակայությունը և երկրների տնտեսական զարգացածության տարբերությունները էականորեն խոչընդոտում են Միության արագանցիկ աճը, ինչն իհարկե չի բխում մեր երկրի տնտեսական շահերից։ Միաժամանակ, ԵԱՏՄ երկրների միասնական ջանքերով արդյունավետ լոգիստիկ  հանգույցների կառուցմամբ, Միության տընտեսական ներուժի օգտագործմամբ և տարանցիկ ուղիների ավելացմամբ, տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման խոշոր ծրագրերի իրականացմամբ հնարավոր կլինի հասնել այն գաղափարին, որը եղել է Միության ստեղծման հիմքում։